Լեռնակողի ծաղիկը / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Լենա--ԱնթառանյանԼենա Անթառանյանը խորհում է. «Քեզ զրկում են քեզնից, բայց ժպտում ես նորից»,- ու շարունակում է խոհաբուրել որպես լեռնակողին բացված ծաղիկ, որը խոստովանանք` աղոթք է` ինքն իրեն մաքրող, իրեն լուսավորող, ու նա, ճրագալույցի խորհրդով իմաստավորված, տարածվում, ալիք է տալիս` ժպիտով նրբահյուսված կյանքի ելևէջների մեջ:
Լենա Անթառանյանը իր նոր ժողովածուն վերնագրել է «Վերջին ժպիտ», բայց ժպիտը բարություն է, հետևապես բանաստեղծուհու անսահման բարությունը ժողովածուին հաղորդել է անվերջանալի ժպիտի քնքշանքը, որը վերածվելով բառ ու խոսքի` խաղաղեցնող բնույթ ունի լեռնային հովի հարազատ մեղմության պես:
Թող խոնարհվեմ մի քիչ,//Քեզ գուրգուրեմ մի քիչ,//Տխուր վշտի համար,//Ուրախ երգի համար,//Ոչ մի բանի համար…
Բանաստեղծուհին համոզված է, որ ճերմակ շուշանները. «այրվել գիտեն ճշմարտության համար», ու երբ կարդում ես «Վերջին ժպիտ» գիրքը, ընկալում ու հասկանում ես, թե որտեղից է հորդում քեզ ակամա ողողված ջերմությունը, որն ավելի քան անհրաժեշտ է մարդուն պաղ ու անհոգի մեր ժամանակներում: Բանաստեղծուհուն բնությունից տրված է հաշտարարի առաքելություն, և Լենա Անթառանյանը կյանքում, բնականաբար, պոեզիայում նույնպես միշտ հաշտության եզրեր է փնտրում ու համաձայն է անգամ խաբվելուն, եթե այն գեղեցիկն է:
Քամին առագաստով նավակները տարավ…//Թե ինձ դու խաբում ես, ծաղիկներով խաբիր,//Ժպիտներով, երգով և լռությամբ խաբիր :
Գրքում ցավը հակակշռվում է սիրով: Նույնիսկ «Ծերերը հոգեվարքի մեջ նորից են սիրահարվում»: Բանաստեղծուհու սերը կարոտ է, սերը հուշ է, սերը իր կենսա­գրությունն է:

Ինձ պահելու համար//Արմատներս շոյիր`//Տերևաթափ չզգամ,//Որ բողբոջեմ:
Լ. Անթառանյանի կենսառիթմը ժամանակի դավով օրորվող անմեղության պերճ օրորոցն է` թռչունների կտուցներից կախված, ուր ոգի են առնում անհայտ զինվորն ու նահատակը (Զրույց անհայտ զինվորի հուշարձանի առջև, 7 դեկտեմբերի 1988թ.), ուր թափուր կառամատույցներում անմեռ ոգիները բերում են.
Եվ ջերմություն, և լաց,//Ուրախություն, ժպիտ // Թաքուն տխրություններ`//անեկդոտով լցված,//բաց-բաց ուրախություն:
Ուր չկրկնվող տագնապներ կան, և թռիչքի տանող հուրը հավերժ է և մեկ է.
Արև…//Եթե մարես էլ,//Մոխիրդ բուռ առ բուռ//Ծածկելու է ինձ,//Եվ մնալու եմ//Անթեղված կրակ:
Լենա Անթառանյանի պոեզիան քնարական է, խոնարհ ու հեզ, անգամ ցավի ըմբոստության մեջ էլ կա մեծարանք ու խոնարհում կնոջ արժանապատվությանը, որով էլ հաստատում է իր տեսակի եսը: Խոսքս վկայող օրինակ է «Ձոն տղամարդկանց» բանաստեղծությունը: Բանաստեղծուհին հայ կին ու իր կողքին ուզում է տեսնել հայ տղամարդուն, իսկական տղամարդուն` ուժեղ, ամուր, պինդ, առնական: Այնինչ`
Տղամարդիկ հիմա պտույտի մեջ կանանց,//Փոքրիկ քորոցներով ամրացված են կյանքին,//Կարծես խաղ են միայն` հին երգերից պոկված,//Օրորվում են տխուր` կանաց թելերից կախված:
«Վերջին ժպիտ» գիրքը հայ ավանդախոհ, կրծքափակ շորերով կնոջ լիաբաց սրտի տրոփյունի արձագանքից ծնված ժպիտ է, որը հարուստ է արևի և կյանքի չափ ու լեռնակողի ծաղկի բուրմունքը ունի: «Վերջին ժպիտ»-ը Լենա Անթառանյանի բարին է, որ կա` պարզ ու անպաճույճ կաթնահունցով լցված խոսքից ցայտող լույսով, ինչն էլ անհատնում է բանաստեղծուհու մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.