ՄԱՐԻԱ-ԱՆԽԵԼՍ ԱՆԳԼԱԴԱ. ԽՈՍՔՆ ԸՆԴԴԵՄ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ

imatge-de-mangels-angladaՄԱՐԻԱ-ԱՆԽԵԼՍ ԱՆԳԼԱԴԱ.
ԽՈՍՔՆ ԸՆԴԴԵՄ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ

Ժամանակակից կատալոնական գրականության դասական Մարիա-Անխելս Անգլադան ծնվել է Վիկում (Բարսելոնայի նահանգ), 1930թվին: 1961-ին տեղափոխվել է Ֆիգերաս, որտեղ ապրել է մինչև իր մահը` 1999թ.:
Նրա ստեղծագործական գործունեությունը ներառում է տարբեր ժանրեր. արձակ (պատմվածք, վեպ, ակնարկ) և պոեզիա: Ինչպես հիշատակում է Ֆրանսեսկ Ֆոգետը Անգլադայի մասին գրած «Հիշողության վայելքը» կենսագրականում, նա իրեն համարում էր «վիպագիր բանաստեղծ»: Թարգմանվել է իսպաներեն, իտալերեն, անգլերեն, գալիսիերեն և պորտուգալերեն: Անհնար է անտեսել նրա թարգմանությունները, որոնք ներկայացնում են դասական հեղինակների՝ իտալական պոեզիան և Դանիել Վարուժանի մի անթոլոգիա:
Մարիա-Անխելս Անգլադայի առաջին շփումը հայ մշակույթին առնչվում է Հրանտ Նազարյանցի պոեմներին, երբ մոտավորապես 1970թ. նա կարդաց դրանք` Ռեուսի ընթերցանության կենտրոնի 1921 թվականի ամսագրում, Ալֆոնս Մասերասի թարգմանությամբ: Անգլադայի մտավորական հետաքրքրասիրությունը, արդարության խոր զգացումը և հակումը հիշողության հանդեպ (իզուր չէ Ֆրանսեսկ Ֆոգետը այդպես վերնագրել նրա կենսագրությունը) հանգեցրին հետաքրքրվելու հայ գրականությամբ և խորացնելու իր գիտելիքները մեր ժողովրդի մասին: Այսպիսով նա, հիմնականում Վահե Գոդելի թարգմանությամբ, կարողացավ ֆրանսերենով ընթերցել հայ բանաստեղծներից մի քանիսին:
«Արամի հուշատետրը» (1997 թ.) պատմում է 20-րդ դարի սկզբին մի հայ ընտանիքի ոդիսականի մասին, երբ հայ բնակչությունը բնաջնջման զոհ դարձավ թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված ցեղասպանությամբ: Ինչպես հոլոքոստի թեման արծարծող «Աուստերլիցի ջութակում», Մարիա-Անխելս Անգլադան «Արամի հուշատետրում» ևս դրսևորում է իր ունակությունը՝ ներկայացնելով համազգային ողբերգությունը` զուգակցելով ամենօրյա գոյատևման համար պայքարող և իր արմատները կորցնել չցանկացող մի ժողովրդի կամքի հետ:

ՄԱՐԻԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր

ՄԱՐԻԱ-ԱՆԽԵԼՍ ԱՆԳԼԱԴԱ

ԱՐԱՄԻ ՀՈՒՇԱՏԵՏՐԸ
(Հատված համանուն վեպից)

 

Ծով՝ ստորջրյա մարջանորսության դուրս գալուց առաջ Արամն ինձ տվեց իր հուշատետրը, որի էջերում նկարագրել էր մեր ընտանիքի ոդիսականը, ինչպես նաև իր նոր ծանոթությունների մանրամասները:
– Մամա,- ասաց,- ես այլևս գրելու ժամանակ չեմ ունենա: Եթե ուզում ես, ինքդ կշարունակես:
Երիտասարդները սովորություն ունեն իրենց թաքուն օրագրերը պահելու, բայց իմ ու որդուս միջև, մանավանդ այժմ, ի՞նչ գաղտնիք կարող է լինել: Մեզնից արդեն ամեն ինչ խլել են, միմյանցից բացի մենք ոչինչ չունենք:
Ես կարդացի այն ամենը, ինչ Արամս գրել էր Հունաստանում, ապա նաև «Սամոս» նավում, ու մտածեցի, որ, այո՛, պիտի շարունակել, չի կարելի թույլ տալ, որ անցյալը կորչի, վերանա: Մարդիկ չափազանց մոռացկոտ են ուրիշների դժբախտության նկատմամբ: Իհարկե, ես չեմ կարող տղայիս պես լավ գրել, վաղուց ձեռքս գրիչ չեմ վերցրել, ամեն դեպքում կաշխատեմ շարունակել: Ինձ թվում է՝ եթե Տերը կամենա, ու ծովից ողջ-առողջ վերադառնա, ինքը կշարունակի գրառել մեր պատմությունը:
Ինձ տպավորեց Արամի խելամտությունը, իր՝ մեկ օրում հասունանալու խոստովանությունը: Խոսքն այն օրվա մասին է, երբ գաղթի ճանապարհին հոգեվարք մոր ձեռքերից վերցրեց, գիրկն առավ նորածնին: Այնուամենայնիվ, ինձ թվում է՝ նա սկսել էր ձևավորվել անհամեմատ վաղ, երբ մենք «վիա դոլորոզայով»՝ տառապանքի ու վըշտի ճանապարհով, Արևելյան Հայաստան էինք գաղթում: Դրա վկայությունն է թեկուզ այն, որ չնայած երկու գառան մսի տհալ ունեինք, հենց սկզբից չափավորեցինք կերակրաբաժինները, ու նա իրեն հասանելիքից երբեք ավելին չուզեց, քաղցից չբողոքեց: Եվ եթե մենք ճանապարհին երկար ժամանակ աղբյուրի չէինք հանդիպում, հանդիպելու բախտ ունենալու դեպքում էլ նախ հնարավոր բոլոր ամաններն էինք լցնում, ցույց չէր տալիս, որ ծարավից տոչորվում է:
Շատերը Վանից դուրս էին եկել առանց պաշարի, բայց մենք նրանց չէինք կարողանում օգնել, մեր ունեցածը մեզ հազիվ էր բավականացնում: Գաղթի վերջին օրերին տեսնում էինք, թե ինչպես են տարագիրները մեր շուրջը, բառացիորեն ճանճի նման ցած թափվում, բայց կանգ չէինք առնում, որովհետև լսում էինք թուրք ասպատակների ձիերի սմբակների դոփյունն ու ելուզակների հարայհրոցը: Նրանք շտապում էին, որ կտրեն մեր նահանջի ճանապարհը, բոլորիս կոտորեն: Թշնամին չէր կշտանում հայի արյունից: Գիշերային կարճ դադարներին մտածում էի նաև, որ եթե ես ու Արամս Վան ուխտ գնացած չլինեինք, բոլորի հետ Սև ծովի ջրերում խեղդամահ կլինեինք: Այո, Աստծուն տված խոստումս փրկեց Արամի ու իմ կյանքը: Ես այլ կերպ չէի կարող վարվել, նրա թոքատապը մեզ խուճապի էր մատնել: Ճիշտ է, ես ուխտ էի արել, ուխտս անպայման պիտի կատարեի, բայց ճիշտ է նաև այն, որ ամուսինս՝ Վահեն առանց դժվարության մեզ թույլ տվեց մեկնել: Նա վստահ էր, որ Վանի լեռների, անտառների օդը օգտակար կլինի Արամի համար:
Ո՛չ ամուսինս, ո՛չ ես, մտքներովս անգամ չէինք կարող անցկացնել, որ արհավիրքն այդքան մոտ է, այդքան անսպասելի է ներխուժելու մեր տները, Թուրքիայի բոլոր հայերը՝ Սև ծովի ափերից մինչև Կիլիկիա, սպանդի զոհ են դառնալու: Մենք մոռացել էինք 1909 թվականի ջարդերը, իրոք մոռացել էինք, որովհետև հրաժեշտի պահին վերջին բառը, որ արտաբերեց Վահեն՝ «վարդենին» էր:
Նա չափազանց շատ էր սիրում Հայաստանը, անընդհատ կրկնում էր, որ ուզում է Մուսա լեռ գնալ, միանալ ապստամբներին, կռվելով մեռնել: Չգիտեմ էլ՝ կատարե՞լ է իր որոշումը, նրա մահվան մասին աղոտ կանխազգացումներ ունեմ:
Իսկ իմ աղջնակնե՞րը՝ Սոֆին, Յանան՝ մեր ծաղիկներն ու գանձերը, նրանց ճերմակ ու տաք մաշկը, այնքան գեղեցիկ աչքերը…
Ծննդյան օրվանից ի վեր տատը Սոֆիից չէր բաժանվել, առաջինն էր նկատել, թե ինչպես է թոռնուհու անդրանիկ ատամը ծակում վարդագույն լինդը: Ուստի և, ըստ մեր ավանդական սովորության, նրան վիճակվեց պատրաստել այն անուշեղենները, որոնք հյուրասիրելու էինք առաջիկա կիրակի առաջին ատամը շնորհավորելու հրավիրված ազգականներին:
Տատիկի ուրախությունն այնքան մեծ էր, որ երբ մյուս դստերս՝ Յանայի առաջին ատամը ծլեց, նախ ես նկատեցի, բայց չտեսնել ձևացրի, որպեսզի այդ հայտնությամբ նույնպես երջանկանա: Ընտանեկան նման փոքրիկ տոները ես հաճախ եմ հիշում, մանավանդ, երբ անդրադառնում եմ, որ իմ սիրելի բալիկների շրթունքները մեկընդմիշտ փակված են: Նույնիսկ չեմ մոռանում, թե ինչպես մայրս ասաց.
– Մայրի՛կ, իմ տեսողությունը քոնից լավն է: Յանայի առաջին ատամն էլ է բուսել:
Ու դարձյալ ատամնահատիկի արարողության նախապատրաստությունը վիճակվեց նրան:
Նա՛ կարեց դստրիկներիս սպիտակեղենը և նույնիսկ կնունքի շրջազգեստը, որի ժանյակներն իր ձեռքերով ասեղնագործեց: Մենք մեր երեք զավակներին էլ հասցրինք մկրտել: Ինչպե՜ս չգրեմ՝ թշնամին չխնայեց ո՛չ մեր ծերերին, ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, անգամ ծծկերներին՝ բոլորին նավերը լցրեց, սառնասրտորեն Սև ծովը թափեց:
Մենք այդ մասին Էջմիածին հասնելուց քիչ անց, Կարմիր Խաչի ու ամերիկյան նպաստամատույցի միջոցով իմացանք: Տարիներ շարունակ ես նրանց կորուստը գիշերներն էի ողբում, որ Արամին էլ չլացացնեմ: Երբ դեռևս Աթենքում էինք, մի գիշեր տարեց մի կին մոտեցավ ու հարցրեց.
– Ինչո՞ւ ես լալիս, Մայրի՛կ:
– Փոքրիկներիս ու մայրիկիս համար…
Ու պատմեցի, թե ինչպես են նահատակվել:
– Դու չպետք է այդքան հուզվես,- համարյա խիստ ասաց պառավը,- քո աղջիկները շատ փոքր են եղել, երևի իսկույն հոգիներն ավանդել են:
– Ի՞նչ ես ուզում ասել:
– Իմ թոռնիկները տասնվեց և տասնյոթ տարեկան էին: Տղաս մեզնից հեռու՝ Բիթլիսում էր ապրում:
– Նրա՞նք ինչ եղան:
– Թուրքերը, Աստված տա պատիժները, տղամարդկանց մորթել, գեղեցիկ կանանց ու աղջիկներին առևանգել, բռնաբարել, ոմանց նույնիսկ վաճառել են: Իմ թոռնուհիները չափազանց գեղեցիկ էին, ո՜վ գիտե՝ որտե՞ղ, ո՞ր թուրքի հարճն են: Ահա թե ինչու եմ ասում, որ քոնոնց համար այդքան քեզ չտանջես:
Ե՛ս ախր գիտեմ, թե որտեղ են թաղված իմ աղջնակները: Մակընթացությունը նրանց մարմինները լողափին գտնվող իտալական վանքի պարսպի տակ է քշել, հույն կանայք ալիքների՝ իրենց հանձնած բոլոր նահատակներին հավաքել, հողին են հանձնել: Աստված օրհնի այդ կանանց:

*
Այս բոլոր փորձություններից հետո, ինչ խոսք, հեշտ է հետ նայել ու հարցնել.
– Ինչպե՞ս չեք զգացել վերահաս աղետը, ինչպե՞ս եք մոռացել Ադանայի կոտորածը:
Երբ կյանքն ընթանում է սովորական հունով, տարվում ես առտնին առօրյայով, տեսնում ես, թե ինչպես է արեգակը ջերմացնում ծովը, ճանապարհները, քո սիրելի անձանց, վատ կանխազգացում չես ունենում: Եթե անգամ ունեցել են՝ ապա շատ քչերը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ թուրքերի դաժանությունը վայրագության կարող է հասնել: Ոչ ոք: Մարսելում հաստատվելուց հետո, երբ մենք՝ բիթլիսցի, վանեցի, մուսալեռցի, ինչպես նաև ֆրանսիական նավերով Սիրիայից փրկված հայերս, պատարագից հետո հավաքվում էինք եկեղեցու գավիթում, անցյալի մանրամասները վերհիշելիս խոստովանում էինք, որ անհնար էր նման համազգային բնաջնջում երևակայելը: Անհավատալի էր, ահավոր, ինչպես այն մահակները, որ թուրք ջարդարարները մխրճել են մեր տղամարդկանց որովայնները: Ի՜նչ իմանամ, որ Վահեիս հետ էլ նույն կերպ չեն վարվել: Աստվա՛ծ իմ:
Նկատում եմ նաև, որ մեր ընդհանուր հուշատետրում Արամը գաղթի առանձին դրվագների է անդրադարձել, հիշողությամբ շաղկապել: Ու փորձել է մոռացության մատնել Արևելյան Հայաստանում՝ Էջմիածնում ու Երևանում մեր անցկացրած տարիները, որոնք տաժանելի էին հատկապես տարիքով դեռևս մանուկ տղայիս, մանկությունից զրկված հազարավոր տղաների համար…
Ես, ընդհակառակը, ամեն մանրամասնը հիշում եմ: Նույնիսկ եթե ցանկանում եմ ուղեղիս ամենախորունկ ծալքերում անթեղել որոշ դիպվածներ, որտեղ մոռացված իրադարձություններն են անթեղվում, չեմ կարողանում: Օրինակ Տրապիզոնի՝ հեռվում մնացած երջանիկ տարիները, որոնք կորած զարդատուփի փայլփլուն գոհարներ են թվում: Բայց ես ոչինչ մոռանալ չեմ ուզում: Ոչ էլ՝ ներել: Չնայած չեմ կարող նկարագրել գաղթի տառապանքներն ու մեր Էջմիածին հասնելը: Ուղղակի չեմ կարող: Վահեն, իր պաշտած Դանթեն՝ կարող էին: Աթենքում, ապա նաև Մարսելում իմացանք, որ մեզնից անհամեմատ մեծ թվով հայեր քայլել են դեպի անապատ, դեպի ստույգ մահը: Նրանց իրենց իսկ դահիճներն են առաջնորդել, և ոչ թե ինչպես մեզ՝ փրկարար բանակի զինվորները: Եթե ճանապարհին առվակ կամ աղբյուր էինք տեսնում, ինչքան ուզեինք կարող էինք ջուր խմել, գիշերները ծածկվել ձորձերով՝ դրա համար մեզ ոչ ոք չէր գանակոծում: Դրան հակառակ՝ անապատ բռնագաղթողներին թույլ չեն տվել ջուր խմել, աղբյուրների մոտ կանգ առնել, ինչ-որ բան ուտել, աղջիկներին փախցրել են ու լլկել, նրանց, ովքեր քարավանից հետ են մնացել, մահակներով, հրացանի խզակոթերով բրածեծ են արել:
Այսպես թե այնպես, մեր փոքր ընտանիքի վեց հոգուց հինգը փրկվեց: Ավելացնեմ նաև նորածնին, ում Արամը հոգեվարք մոր ձեռքերից վերցրեց: Մենք կարողացանք նրան պահպանել, գաղթի ամբողջ ճանապարհին տղաս գրկից չիջեցրեց: Էջմիածին՝ Ամենայն հայոց հայրապետի աթոռանիստը հասնելուն պես մենք հենց գետնին, հողերի վրա պառկեցինք, փոքր-ինչ հանգըստացանք, հետո նորածնին իմ զարմիկի դստեր հետ, որը ջերմություն ուներ, քութեշով էր վարակվել, դաշտային հիվանդանոց տարանք: Մենք նրանց այնտեղ էլ թողեցինք, բուժքույրերի խնամքին հանձնեցինք: Ի՜նչ անեինք՝ ոչ միայն սնունդ, դեղորայք, մեր գլխին նույնիսկ տանիք չունեինք: Երկուսին էլ այլևս չտեսանք: Թող Տիրամայրը՝ հուսահատվածների միակ հույսը, նրանց իր սուրբ հովանու տակ վերցնի…
Գաղթի վերջին օրերը լեռներում, հատկապես մեր ձիերը գողանալուց հետո, ամենածանրը եղան: Զարմուհիս՝ Իրինան, երբ այդքան մոտ էր մեր վերջնական նպատակը՝ մահացավ, դժվար է ասել՝ ուժասպա՞ռ եղավ, թե՞ սիրտը դավաճանեց: Հաստատ կարելի է ասել միայն, որ նա էլ թուրքերի զոհը դարձավ: Իրինան արմատավորված էր իր բնօրրանում՝ այն ծառի նման, որը տեղաշարժելիս չորանում է: Նա կառչած էր իր հողին, նրա ծնողները հանգչում էին Վանի գերեզմանոցում, նրա աշխարհը իր տունն էր, այգին, ճաշասենյակի պատուհանից երևացող մրգատու ծառերը: Ինձ թվում է, որ զարմուհիս սկսեց մահանալ գաղթի նախօրեին, երբ ամուսինը, որպեսզի թուրքերն ու քրդերը չտիրանան, գոմի դռները բացեց, դուրս քշեց անասուններին: Նույնը կարելի է այն պահի մասին ասել, երբ հայացքից անհետացան որդու և դըստեր ծնվելու կապակցությամբ իր ձեռքով տնկած ծառերը, որոնց ատաղձով նրանց համար մի օր տուն պիտի կառուցեր: Այդ տունն այլևս չի լինի, երբեք չի լինի,- երևի մտածել է նա՝ մի վերջին հայացք նետելով որդու՝ Գաբրիելի համար տնկած սաղարթախիտ ծառերի, նորածին դստեր համար տնկած դալար շիվերի վրա, որոնք, անտարակույս հիշեցրել էին նրանց ծնունդը: Իրինայի հոգին ու մարմինը համակած հիվանդության պատճառը հենց դա էր՝ հարազատ աշխարհի կորուստը, որն ստեղծվել էր իր ու իր նախնիների տքնանքով՝ տնամերձ այգին, ընտանի կենդանիները՝ ոչխարները, որոնք բուրդ էին տալիս, որ ինքը մանում էր իր ձեռքերով, դադար չունեցող ձեռքերով ու նաև՝ կարագ էր հարում, հաց թխում, օրորում որդու հին, փայտե օրորոցը:
Չէր կարելի ասել, որ այդ ամենի կորուստը ծանր չէր տղամարդկանց՝ Գրիգորի ու Գաբրիելի համար, բայց նրանք ավելի տոկուն էին: Գաբրիելը ո՛չ իրենց տան մասին էր մտածում, ո՛չ հողի, վերջիվերջո երեխա էր, ամենից շատ ցավում էր շնից բաժանվելու համար: Ո՛չ մեծ շան, որ հոտն էր հսկում, այլ՝ փոքրիկի: Տղան մինչև անգամ թաքցրել էր, որ հետը բերեր, բայց հայրը վերջին պահին նկատել էր.
– Ճանապարհը երկար է, չենք կարողանա հետներս տանել, իջեցրու գրկիցդ, թող գնա, ուր ուզում է:
Գաբրիելն իջեցրեց, բայց շունը խցկվեց գաղթականների քարավանն ու ցատկեց մեր սայլը: Գրիգորն ասում էր, որ միևնույնն է, ավելի ուշ ստիպված են լինելու սպանել, կերակրել չեն կարող: Այդ լսելով, տղան, որ լուսաշողի նման շարժուն էր, վազեց դեպի զինվորները: Նրանք խղճացին շնիկին, նույնիսկ յուրօրինակ համարեցին ու որոշեցին դարձնել իրենց զորամասի թալիսմանը: Շատ հնարավոր է, որ փրկվել է, բայց փխրուն Իրինան չդիմացավ: Բարեբախտաբար մենք կարողացանք նրան թաղել, քանի որ այդ ժամանակ անցնում էինք ժայռերի ու քարաբեկորների միջով: Ուրիշ դիակներ, հարյուրներով լքված մնացին ճամփեզրին, թռչուններին կեր դարձան:
Մենք երկար չմնացինք Էջմիածնում: Քաղաքը չափազանց փոքր էր այդքան գաղթականների համար, չնայած դեռևս Իգդիրից մեր արևելահայ հայրենակիցները մեզ ընդունելու համար սնունդ ու հագուստ էին պատրաստել: Հատկապես մենք՝ վանեցիներս, ուժասպառ էինք եղել, որովհետև կտրել էինք Պարսկաստանը: Ես հետո պիտի իմանայի, որ մեր քարավանը հիսուն հազար հոգուց ավելի է եղել, իսկ Աբաղայի դաշտում, որտեղ Անդրանիկը, Դրոն մի ռուս գեներալի օգնությամբ մեզ իրենց զորամիավորումների պաշտպանության տակ վերցրին, Արևելահայաստան հասցրին, կրկնակին ենք եղել: Հասկանալի է, չնայած կաթողիկոսի, բժիշկների ու գաղթականների օգնության կոմիտեի ջանքերին, այդքան տարագրի համար հնարավոր չէր հաց, տանիք գտնել: Բարեբախտաբար, ինչպես մեզ տեղեկացրին, օգնություններ են հասցրել նաև Թիֆլիսի, Բաքվի, Մոսկվայի հայկական կոմիտեները: Բայց այդ կազմակերպություններն էլ համաճարակի վտանգը կանխելու համար նախ և առաջ սատարում էին հիվանդներին ու որբերին:
Մենք այլևս պաշար չունեինք, չափազանց տկարացել էինք: Երեխաներն այնքան էին հյուծվել, որ քրքրված հագուստների արանքից երևում էին կողոսկրերը: Մենք սնվում էինք արմտիքով, դաշտերի խոտաբույսերով, թթվաշ մրգերով, որ Գրիգորը գըտնում էր մոտակա այգիներում ու անտառներում: Ի՜նչ էր լինելու մեր վերջը, ես սկսել էի հուսահատվել՝ մեր շուրջը այնքան հիվանդներ ու դիակներ կային: Բոլոր մեռելները հողին հանձնելու համար նույնիսկ հարկ եղավ գերեզմանոցը ընդարձակել: Մեռելաթաղները դիակները դարսում էին համայնական գերեզմանափոսերում, համաճարակի վախից վրաները չհանգած կիր լցնում: Շաբաթվա վերջին բոլոր հանգուցյալների համար հոգեհանգստի կարգ էր կատարվում: Ամերիկյան նպաստամատույցից ես իմացա, որ այդ օրերին, միայն Էջմիածնում, ամեն օր մի քանի հարյուր գաղթական է մահացել: Արհավիրքների տպավորությունների, քաղցի պատճառով գիշերներ էին լինում, որ աչք չէի փակում: Այդ մղձավանջներն ինձ երկար ուղեկցեցին, հաճախ երազում էլ էի տեսնում երկար, հոգնատանջ գաղթը, սրտի խփոցով վեր թռչում: Օրվա ընթացքում փորձում էի այդ ամենը չհիշել, անընդհատ մտածում էի Վահեի, աղջնակներիս ու մայրիկի մասին, բայց գիշերները աչքիս առջևից սահում էին ճամփեզրին ընկած դիակները: Երազում տեսնում էի նաև մեզ հետապնդող քրդական հրոսակախմբերը, ուզում էի փախչել, բայց ոտքերս ինձ չէին ենթարկվում:
Մի գիշեր, կես քուն-կես արթուն, վերապրեցի այն իրադարձությունը, որ տեղի էր ունեցել իրականում: Գաղթի ճանապարհին Իրինան ու ես վանեցի մի կնոջ օգնեցինք ծննդաբերել: Իրինան, ինչ խոսք, ավելի հմուտ էր, գիտակ մանկաբարձության նրբություններին, առաջին անգամը չէր երեխա ընդունում: Այդ ժամանակ դեռ մեր ձիերը չէին գողացել, մենք այդ հղի կնոջը, որը ոտքով հազիվ էր առաջ շարժվում, մերթընդմերթ կանգնում էր, տնքում, մեր սայլը նստեցրինք: Դադարի մասին, իհարկե, խոսք չէր կարող լինել, մեզ անընդհատ հետապնդում էին, այդ պատճառով հենց ընթացքի ժամանակ էլ ծննդաբերեց: Սայլը անընդհատ ցնցվում էր, ուստի արնահոսությունը դժվարանում էինք ընդհատել, բայց Իրինային ի վերջո հաջողվեց: Ինձ թվում է՝ երեխայի ծնվելը, լաց լինելը երազում մի քանի անգամ եմ տեսել և դրա պատճառը գիտեմ:
Ճանապարհին մեր վիճակը հետզհետե ծանրանում, մթերքն սպառվում էր: Ահա թե ինչու չէինք կարող մեր մայրացած հյուրին մեր ուզած ձևով՝ ուշադրությամբ ու հոգատարությամբ վերաբերվել. արդեն երեք երեխա ունեինք, նրանց հոգսը պիտի հոգայինք: Մենք միայն երկու օր կարողացանք հյուրընկալել, երրորդ օրը մորը մի քանի լավաշ տվինք, ձեռքի ջրամանը կաթ լցրինք, որն առանց բառեր արտաբերելու էլ հրաժեշտ էր նշանակում… Ահա թե ինչու ես անընդհատ տեսնում էի նրանց երազում, մինչև մի օր նկատեցի Էջմիածնի հացի հերթում: Երկուսն էլ ողջ-առողջ էին: Դրանից հետո այդ մղձավանջային երազն այլևս չտեսա…
Թարգմանությունը՝
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.