ՄԻ ԳՐՔԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Վահան Թոթովենց, «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

«Լևիկ ջան, ստացա նամակդ, կարո՞ղ ես երևակայել, թե ինչքան եմ հրճվել կարդալով քո առաջին նամակը: Բանաստեղծ Դանիել Վարուժանը ասում է իր դստրիկին. «Քո մազի մի թելը բավական է, որ ինձ կապի այս աշխարհին»: Ինչ լավ է ասել մեծ բանաստեղծը: Այո, բավական է քո մեկ մազը, որ ինձ կապի այս աշխարհին: Մաման գրում է, որ ծովը շատ ես հավանել: Տեսնու՞մ ես՝ ծովը քո աչքերի պես կապույտ է, քո աչքերի կապույտը ծովից է, ծովի պես խորն է»: Այս տողերով է սկսվում Լևոն որդուն հասցեագրած Վահան Թոթովենցի 1931 թվականի հուլիսի 25-ի նամակը:
«Մի առավոտ տեսնում եմ ծովը: Ու՞ր է ծովը և ու՞ր է երկինքը: Սահմանագծերը գտել են իրար: Ծովը… հիշեցի հպարտությամբ, որ հայրս ինձ կանչում էր «իմ ծովաչվի տղաս»: Իսկ այս տողերը Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակից են:
Որդիների նկատմամբ հայրական խորունկ սիրո այս բանաստեղծական արտահայտությունները, կարծեմ թե, մեկնաբանությունների կարիք չունեն…
Վահան Թոթովենցի ստեղծագործական կենսագրությունը 30-ական թվականներին հարստացավ բարձրարժեք երկերով, որոնցից «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը դարձավ նրա գլուխգործոցը: Անկեղծ, գրավիչ հուզականությամբ, անհուն սիրով, անափ կարոտով, թախծի ու տխրության շնչով գրված այս վիպակը հեղինակի մանկության ու պատանեկության, ընտանիքի, հարազատների, հայրենի Մեզիրեի պատմությունն է: Բայց այդ պատմությունը գրվեց այն ժամանակ, երբ այլևս անցյալ էին թե՛ այդ հարազատները և թե՛ այդ քաղաքը, ու մնացել էին միայն կարոտը, կարոտը մարդկային ջերմ, պարզ բայցև խոր ու ուժեղ զգացմունքների, կարոտը անհետացած քաղաքի նկատմամբ ու Եղեռնի տնքացող ու մղկտացող ցավը…
Գիրքը ջերմ ընդունելության արժանացավ, հրատարակվեց նաև ռուսերեն, սակայն ամեն ինչ այնքան հարթ չի եղել, ինչպես կարելի է կարծել: Ասվածի վկայությունն են կնոջը՝ Լուսիկին ուղղված 1934 թվականի նամակները, որ ներկայացնում ենք:

Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ շատ սիրելի ու հավատարիմ ընկերոջը՝ կնոջը, կարող էր գրել Թոթովենցն իր հուզախառը վրդովմունքի, անհանգստությունների ու ինչ-որ ներքին վատ կանխազգացումների մասին: «Լուսիկս,- գրում է Թոթովենցը 1934 թվականի հունվարի 2-ի նամակում, Մոսկվայում գտնվող կնոջը. երեկ, տարվա առաջին օրը, առավոտյան ուզում էի քեզ երկար նամակ գրել, բայց մի ոտս շատ նեղ էր: Այսօր էլ լավ չէ: Որոշել էի քեզ չգրել առայժմ, բայց մտածեցի գրեմ, ավելի լավ կլինի, և բուն խնդիրը հասկանալով՝ ավելի հոգածո կլինես: Թերթում հայտարարվեց իմ գրքի մասին, որ «լույս տեսավ և վաճառվում է», բայց առավոտյան կանուխ բռնագրավեցին գիրքը, տարան պահեստը, կնքեցին: Այդ անողն էր Գառնիկ Ղազարյանը: Տեսնու՞մ ես, թե ինչ օրեր ենք ապրում: Չոփուրյանը կանչել էր այդ լրբին և բացատրել, որ իր առաջարկած հատվածը տպված է նախապես թե՛ «Նոր ուղի»-ում և թե՛ ռուսերեն գրքում: Այդ չի բավել, նոր հատվածներ գտավ: Գնացի Ներսիկի մոտ, Ներսիկը անմիջապես ծանոթացավ և գրեց Չոփուրյանին՝ առանց տատանվելու վաճառքի հանել գիրքը: Չոփուրյանը կարգադրեց անմիջապես խանութ տանել, Գառնիկ Ղազարյանը Ռայկոմի միջոցով (Արիսյան) էլի կասեցնել տվեց, և հիմա հանձնաժողով է կազմված գիրքը քննելու: Էդվարդը զանգահարեց Խանջյանին, Խանջյանը հանդիպում է տվել վաղը ժամը 6-ին: Տեսնենք ինչ դուրս կգա:
Ահա դրությունն այսպես է:
Քեզ սա գրում եմ, որ անպայման այդ Զուևին և Կիրպոտինին տեսնես և ռուսերեն թարգմանության պահանջագիրը վերցնես: Կիրպոտինին հարցրու նաև իմ «Նոր Բյուզանդիոնի» համար:
Ասացի, որ եթե այդ գիրքը չարտոնվի, Բագուզի 3-րդ հատորը չեմ գրի:
Լևիկը լավ է, արդեն արձակուրդ է, տունն է:
Գնալուցդ հետո շատ լավ էի զգում, բայց չքնելը և ջղայնանալը նորից լեզուս դառնացրին: Բոլորն էլ հույս ունեին, որ գիրքս բաց կթողնին, ո՞վ է իմանում, թե ի՞նչ կպատահի, որովհետև գրքի բաց չթողնելը, կամ եղած առարկությունը կարող է ուրիշ հարց հետապնդել, սա միայն պատրվակ է, իսկ եթե պատրվակ լինի, էլ ի՞նչ կապ կարող է ունենալ գրքի բովանդակության հետ: Ոչ մի տրամաբանություն չի կարող լինել:
Ես և Լևիկը կարոտագին համբույր ենք բերել: Վահան Թոթովենց

8 հունվարի, 1934թ.
Լուսիկս, ջանիկս
Այսօր ստացա երկրորդ նամակդ Մոսկվայից և հանկարծ գլխի ընկա, որ Գերցենի փողոցը գրում եմ Կերցենա: Ինձ թվում է, որ քանի Պետկոնսերվատորիա կա, նամակներս կարող են հասնել: Էհ, չգիտենալը բարդ բան չէ, շատ պարզ բան է, չես գիտեր և վերջացավ…
Այնուամենայնիվ ես ամփոփ գրեմ, թե ի՞նչ եմ գրել նախորդ նամակներովս.
Զուև անունով մեկը եկել էր Թիֆլիս, գալու էր Երևան և պայմանագրեր կնքելու հայ գրողների հետ, թարգմանության համար, այդ մարդը Երևան չհասավ, որովհետև ինչ-որ հեռագրով կանչել էին, վերադարձավ Մոսկվա: Այդ մարդը խոստացել էր պայմանագրեր ուղարկել Մոսկվայից, բայց մինչև հիմա չստացվեց, նրա ցուցակում առաջին հերթին եղել եմ ես, նա եկել էր կազմկոմիտեի կողմից և «Սովետսկայա լիտերատուրա» հրատարակչությունից: Շատ եմ խնդրում քեզ՝ դու գնաս կազմկոմիտե, տեսնես Կիրպոտինին և խոսես պայմանագրի մասին և հաջողացնես վերցնել, երևի Կիրպոտինը քեզ կուղարկի Զուևի մոտ և այլն:
Հիմա ինչո՞ւ եմ ասում այս բանը արա, որովհետև իմ գիրքը՝ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» բռնեցին և բաց չեն թողնում, Կենտկոմում կազմված է հանձնաժողով գիրքը քննելու, հազար ու մի ենթադրություններ կան, կարող են թողնել, կարող են չթողնել, կարևոր է, սակայն, որ ռուսերենի թարգմանելու պայմանագրերը ունենամ ես:
Թարգմանիչը պետք է լինի Սերգեյ Այվազյանը և նկարիչը՝ Հակոբ Կոջոյանը, եթե իմ պայմանագիրը տան՝ կտան:
Նաև հարց տուր Կիրպոտինին, թե ի՞նչ եղավ «Նոր Բյուզանդիոնի»-ի խնդիրը, տպվո՞ւմ է, թե՞ ոչ: Աշխատիր այդ ամենի համար էլ ավանս վերցնել:
Նախորդ նամակումս գրել էի, որ եթե Գրեբներին տեսնես, իմ կողմից ցավակցություն հայտնիր նրան Լունաչարսկու մահվան առիթով, Գրեբները նրա ամենամոտ մարդկանցից մեկն էր: Շնորհակալություն հայտնիր նաև իմ կողմից՝ քեզ ցուցաբերած բարեկամության համար:
Մի մոռանար մի բան, եթե իմ գիրքը պիտի թարգմանվի թԼղխ-ի գծով, և եթե թարգմանիչ առաջարկեն Կարա-Մուրզային, որին էլ իմ գիրքը տվել է Հարո Ստեփանյանը, համաձայնիր և միայն Կոջոյանի պայմանագրերը բեր:
Մենք շատ լավ ենք: Համբուրում եմ քեզ կարոտագին, քո՝ Վահան

10 հունվարի, 1934թ.
Լուսիկս
Երեկ իրիկուն կանչել էին Կենտկոմից: Գրքի խնդիրը այսպես որոշվեց. հանել գըլխատման պատկերը և թույլ տալ: Մի թերթ կտրեցին հանեցին, ես նստեցի և մի քիչ ավելացրի, որ պատկերի տեղը բռնի: Այսօր կուսհամագումարն է, աշխատում են երեկոյան 200 օրինակ գոնե հասցնել համագումարի կիոսկին վաճառելու: Կենտկոմից գնացի Էդվարդի մոտ, եկա տուն և ստացա քո հեռագիրը գրքի մասին: Պատասխանեցի գիշերը, որ «թույլ տվեցին»: Բայց ես չհասկացա, թե ինչո՞ւ ես հեռագրել: Կասկածում եմ, որ գնացիր իմ ասած տեղերը, և նրանք ասացին, որ Հայաստանում արգելված է: Ես լսեցի, որ այդ Հեոդյուկ Գառնիկը ասել է, որ պիտի գրի Մոսկվա, որ չթարգմանեն: Վերջապես սպասում եմ նամակիդ, իմանալու համար, թե ինչ եղավ: Այս գրքի խնդիրը կարգադրվեց Խանջյանի միջոցով, բայց Էդվարդի եղբայրական ջանքերով: Մի առավելությունն էլ այն էր, որ Խանջյանը կարգադրել է Էդվարդին ինձ հնարավորություն տալ մեծ վեպը գրելու: Շուտով պետք է պայմանագիր կնքենք:
Մենք շատ լավ ենք: Լևիկը և ես համբուրում ենք քեզ և Սուսաննային: Վաղը նորից կը գրեմ: Քո՝ Վահան

1937թվին Թոթովենցն ընդամենը քառասուներեք տարեկան էր ու դեռ շատ ասելիք ուներ հայ գրականության մեջ, բայց չհասցրեց, իսկ չհասցրեց, որովհետև 1937-ը նրա կենսագրության վերջին տարեթիվն էր:
Չարաբաստիկ այս տարեթիվը մինչև օրս էլ մութ ու անհայտ էջեր շատ ունի, որոնց լուսաբանմանը մեծապես կարող են նպաստել Հայաստանի ազգային արխիվի վավերագրերը, որոնք վաղուց ապագաղտնիացված են:

ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.