ՆԱՄԱԿՆԵՐ ԳՐԵՔ ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆԵՐԻՆ / Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Վազգեն-ՍարգսյանՈւնկերիս մեջ Վազգենի վարար ծիծաղն է, որ անվավեր է դարձնում իրենից բացի ամեն ինչ:
1999 թ. հոկտեմբերի 28-ին արդեն հայտնի էր հոկտեմբերի 27-ի մասին այն ամենը, ինչ հայտնի մնաց մինչև հիմա: Ավելին չեղավ, և դա բոլորիս երկրորդ աններելի պարտությունն է:
Առաջինը նրանց սպանությունն էր, որ հնարավոր դարձավ եթե նույնիսկ դրսի թելադրանքով, բայց ներսում:
Երրորդը շոկն է, որ հաղթահարված չէ մինչև հիմա, 1999-ի հետևանքները մենք ապրում ենք ամեն օր` պետականության ճակատագրում, պետության ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, մեր անձնական կյանքում:
Մենք կարող էինք ապրել բոլորովին այլ երկրում ու այլ կյանքով: Մենք դեռ 14 տարի առաջ աստանդականի ցուպը կարող էինք կոտրել ու տանը մնալ` աշխատանք ունենալով: Եվ բաց սահման կարող էինք ունենալ: Եվ Լեռնային Ղարաբաղի հարցն էլ կարող էր լուծված լինել` մադրիդյան սկզբունքներին չհասած ու հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների մեջ չխրված-մնացած: Եվ մեր թվաքանակն էլ չորս միլիոնին հասած չլիներ, մատույցներում կլիներ:
Պատմությունը թեական խոնարհում չունի, իրականությունը` նույնպես: Բայց պատմությունը նաև ընդհանրապես չի խոնարհվում իր տարատեսակ աղավաղումների առաջ, որոնք եղել ու մնում են սուտ` ինչ հանդերձներ էլ կրեն:
20-րդ դարավերջը ամենաճակատագրական ժամանակն էր Հայաստանի երրորդ հանրապետության համար: Առաջին հայացքից թվում էր` ամեն ինչ լավ է ու լավ է լինելու, 1994-ին Ադրբեջանի հետ զինադադար էր կնքվել, ու խաղաղությունը հնարավորություն էր տալու տնտեսության մասին մտածելու: Խաղաղ ժամանակների տնտեսության: Խաղաղ ժամանակների քաղաքականության: Ներքին: Արտաքին: Պետության ողնաշարում ինչ-որ ող էր խախտվել, և սկսվող ճանապարհները ավելի հաճախ փակուղի, քան մայրուղի էին տանում: 1999-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի հաղթանակը նոր իրավիճակ էր ստեղծել: Բացահայտ էր, որ Հայաստանը դուրս է գալիս ներքաղաքական ճգնաժամից, ու դժվար-դժվար, բայց փոխվում է կյանքը:
Մեծ քաղաքականություն 1998-ին վերադարձած Կարեն Դեմիրճյանի ներկայությունը քաղաքական կյանքում վստահության ու հավասարակշռության վիճակ էր բերում` նախորդների ու հաջորդների միջև նա կամուրջ էր, որի վրա կնքվում են բոլոր դաշնագրերը: Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը խորհրդարանական կյանքի նոր որակ էր, երբ օրենսդիրը օրենսդիր էր, գործադիրը` գործադիր, և իշխանության երկու ճյուղերը ոչ թե անհաշտ ամուսիններ էին, որտեղ յուրաքանչյուրը իր հավակնություններն է ուզում հաստատել, այլ` համերաշխ ծնողներ, որ մտածում էին զավակների խաղաղ ու բարեկեցիկ կյանքի մասին:
1999-ի հունիսից հոկտեմբեր վարչապետ Վազգեն Սարգսյանը նախ սկսեց երկրի ունեցվածքի գույքագրումից, ընդամենը մեկ ամսում նա ունեցավ ամփոփ պատկեր և արդեն հուլիսից քաղաքական որոշումներ ընդունվեցին «Նաիրիտի» ու «Կանազի» վերագործարկման մասին, մեծ արդյունաբերության վերակենդանացման, ամբողջ հանրապետության տարածքում տարիներով փակ արդյունաբերական ձեռնարկությունները գործարկելու և աշխատատեղերի ստեղծման համար: Վարչապետ Վազգեն Սարգսյանը 1999 թ. նոյեմբերի 1-ին Ազգային ժողով էր ներկայացնելու 2000-ի պետական բյուջեի նախագիծը, որի ուղերձը 25 էջ էր և, փաստորեն, Հայաստանի 2000-2030 թթ. զարգացման ծրագիրն էր: ԱՄՆ պաշտոնական այցից հետո երկիր էր վերադարձել վարչապետ, ում Վաշինգտոնում ընդունել էին իբրև ապագա նախագահի, և բանակցությունների արդյունքները շատ ավելին էին, քան սպասելիքները: Արևմուտքը Հայաստանին լիարժեք գործընկեր էր դիտում և պատրաստ էր տնտեսության վերականգնման ու բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ ներդրումներն անել:
Հոկտեմբերի 28-ին ամեն ինչ ավարտված էր: Գնդակահարված էին ոչ միայն օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարները, այլև Հայաստանի երրորդ հանրապետության հեռանկարը: Երկրում միանգամից ու հանգամանալից հաստատվեց վախի, շանտաժի ու անհանդուրժողականության մթնոլորտ, որտեղ այլևս անդարձ հուղարկավորվեց հավատը, սպասումը, հույսը, բազմակուսակցական համակարգի ձևավորումը, ժողովրդավարությունը բովանդակազրկվեց ու ձևականորեն հաստատվեց այն հիմունքներով, ինչ հիմունքերով մի քանի տասնամյակ կոմունիզմ էր կառուցվում: Մեծ արդյունաբերության վերագործարկման ծրագրերը հանգեցին էլիտար շինարարության և սպասարկման ոլորտի մեծ ծրագրերի: Քայլ առ քայլ, նույնիսկ երկնիշ տնտեսական աճի ցուցանիշների պարագայում Հայաստանից հեռացավ բնակչության գրեթե կեսը: Իսկ պետությունը իրեն անպատասխանատու էր զգում նրանց առաջ` նախ արտագաղթողների տրանսֆերտների հաշվին ապրում էին մնացողները, հետո` բնականորեն կրճատվում էր բողոքողների ու ընդվզման ընդունակների ճգնաժամային զանգվածը: Շահեկան էր բոլորեքյան: Վախի, անվստահության, կասկածների ու թշնամանքի մթնոլորտը ավելի խորացրեց դատավարությունը, որ ի հայտ բերեց ոչ այնքան հայ իրավական համակարգի չկայացածությունը, որքան քաղաքական, որովհետև հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը չէր ո՛չ դատաքննության, ո՛չ դատավարության նպատակը, այլ ընդամենը կատարողների դատապարտումը: Ու մենք մնացինք մեղավոր ոչ միայն նրանց առաջ, այլև հանցակից ու հանցավոր դարձանք չբացահայտված ոճրագործության, որի զոհերն էինք միաժամանակ` զոհվածների հետ: Որովհետև չկարողացանք տեր լինել անտեր մնացած տանը, չկարողացանք հաղթահարել վախը, որովհետև նոր տիրոջ որոնումներում դավաճանությունն ու ուրացումը դարձան օրինաչափ ու սպասելի, համարյա արդարացված: Այդպես հոկտեմբերի 27-ի կրակոցները շարունակվեցին ու հնչում են հիմա էլ ժամանակ առ ժամանակ` վկայելով, որ այդ էջը փակված չէ:
Անցած տասնամյակում և՛ իրադարձությունների, և՛ Ազգային ժողովում ահաբեկչության հետևանքով զոհված պետական ու քաղաքական գործիչների անձը ու ապրած կյանքը վերագնահատելու, որքան էլ ցավալի ու անհավատալի է, վարկաբեկելու բազում փորձեր եղան, տևական ժամանակ ընդհանրապես նրանց անունը Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունից ջնջելու քաղաքականություն էր վարվում, ամեն ինչ վերագրվում էր բոլորովին այլ մարդկանց, ու նրանք էլ համաձայն էին իրենց չարածներին տեր լինելուն: Ավելին, հանձնառու ու ջանադիր էին այդ գործում: Անպատիժ: Որ վկայում է արժեհամակարգի հիմքում ոչ թե ճշմարտությունը, այլ պատեհապաշտությունը չափանիշ ունենալու գերակայությունը: Եվ ինչպես մեր դարավոր պատմության ընթացքում, այս դեպքում էլ մենք մեր անելիքը բարդեցինք մեր ժառանգների ուսերին` նրանց թողնելով ոճրագործության բացահայտումը և ճշմարիտ, անկողմնակալ ու իրական գնահատականը 27-ի զոհերի անձի ու գործի: Հուսանք, որ մեր թուլությունը մեր սերնդով էլ կավարտվի, ու մեզնից հետո եկողները կլինեն ավելի ուժեղ ու ավելի համառ: Եվ գուցե իսկապես 21-րդ դարը հասցնի մերը լինել:

Հ.Գ.
Ունկերիս մեջ զրնգում է Վազգենի վարար ծիծաղը, և դա արդեն հիշողության ձայնը չէ միայն: Հիշողության ձայնը թելադրում է բազում բառեր, որ, միևնույն է, չեն գրվելու, որովհետև ամեն ինչ չէ, որ հասու է բառերին: Սպարապետ ու վարչապետ լինելը ճակատագիր չէր, բայց ճակատագիր էր գրող լինելը: Վազգեն Սարգսյանին ամեն ինչի համար պակասեց ժամանակը` նա չհասցրեց ապրել ու չհասցրեց գրել իր բառերը հայրենիքի համար, որ մնում է մանրամասն սիրելու, ու` չսիրված, չհասկացված, չգրված: Դեռ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.