Բանաստեղծություններ / Վլադիմիր ՍԻԼԿԻՆ

Վլադիմիր ՍիլկինԾնվել է 1954 թ.: ՌԴ պետական մրցանակի դափնեկիր է, արվեստի վաստակավոր գործիչ: Հեղինակել է շուրջ 35 գիրք:
Խորունկ մտքեր, վառ ու խոսուն պատկերներ, երաժշտականություն,- ահա նրա պոեզիային բնորոշ հատկանիշները:

Բանաստեղծը յուրացրել, իր մեջ է ներառել 19-20-րդ դարերի հայրենական պոեզիայի լավագույն ավանդույթները, որ հրաշալիորեն դրսևոր­վում են իր փոքր հայրենիքին, հայրենի անկրկնելի բնությանը նվիրված ստեղծագործություններում, սիրային քնարական տողերում:

 

ԱՂԱՎՆԻՆ
Ջրափոսից ջուր է խմում աղավնին,
Տաք մի անկյուն չունի ձմռան
այս ցրտում:
Հավանաբար երկրի վրա մեր այս հին
Ինչ-որ բանի համար պետք է
նա Աստծուն:

Ողջ աշխարհում միայն
նրան է հայտնի
Այն, ինչից դեռ մարդիկ բան չեն հասկանում,
Թևակիցների դեմ բողոք նա չունի
Ու իր բախտից երբևէ չի տրտնջում:

Ճախրում անվերջ,
սավառնում է թևաբաց
Ու լռելուց ամենևին չի հոգնում,
Չի փնովում, դատապարտում
նա մարդկանց,
Դեռ ավելին՝ ճանաչո՛ւմ է, հասկանո՛ւմ:

Ի վիճակի չէ չարանալ նա կարծես,
Թեև խփում է արցունքը աչքերին.
Սովորական թռչուն է, չէ՞,
սակայն տե՛ս՝
Համբերության դա՛ս է
տալիս բոլորին:

ԿՐՏՍԵՐ ՔՈՒՅՐՍ
Քրոջս էլ նոր տիկնիկներ պետք չեն.
Մե՜ծ է իմ կրտսեր քույրիկը արդեն:

Հայելու առաջ շուտ-շուտ է կանգնում:
Իսկ մայրս նայում, ժպտում է թաքուն:

Երեկվա անմեղ տղեկներն հիմա
Կորցնում են իրենց հայացքից նրա:

Հարևանի մեր տղան, դեռ փոքրիկ,
Հրճվում է նրա շորով մոդայիկ:

Իսկ տատիկն անձայն զննում է նրան
Ու ետևից խաչ հանում անպայման.

– Թե ո՞ւր է էդպես զուգվել-զարդարվել:
Չի համարձակվում, սակայն,
ձայն հանել:

Դե, նման հարցերն էլ ավելորդ են.
Մե՜ծ է իմ կրտսեր քույրիկը արդեն:

ԱՌԱՎՈՏ 98/12/
Լուռ ծխում է
գետնախորշը վարդագույն,
Խոժոռ ամպերը ջրերն են ծակծկում,
Ամեն կողմից, ասես անվերջ, անդադրում
Ամրությունն են այս բնության փորձարկում:

Խոտը դառնում է բաժինը գերանդու,
Ինչ պատահի՝ կլլում է գայլաձուկը,
Թփերի տակ, օտար աչքից
միշտ հեռու,
Ցողերի մեջ այրվում է զատիկը:

Գետը ցրտում կարկամել է, համրացել,
Նա էլ մարդկանց պես խեղճ,
անզոր է հիմա.
Հավանաբար, հաստատ գիտի,
որ ինքն էլ
Պիտի մի օր այս աշխարհից վերանա:

Ո՛չ մի կռիվ, մարտի
որոտ աշխարհում,
Լռությամբ է արշալույսը պարուրված,
Սակայն թվում է, թե անդորրն
այս անհուն
Պատերազմի տագնապով է համակված:

ԺԱՄԿԵՏՆԵՐ
Փուչիկն արևի՝ զբոսայգուն է
Կապված ոսկեղեն, նրբին մի շողով,
Երկնին են հպվում ձիգ կեչիները,
Քամիներն արձակ՝
շնչում տաք հևքով:

Ամեն բան իր հերթն ու ժամկետն ունի,
Սահմանված է մայր բնության գրկում,
Ու հենց այնպես չէ, որ կեչիների
Մաշկի տակ քաղցր ավիշն է երգում:

Ձկները գետում խաղում են, խայտում,
Բադն իր էգին է կանչում սիրակեզ,
Մեկն իր կյանքն այնպես
շուտ է ավարտում,
Մեկն այդպես էլ չի
ապրում պարզապես:

ԿԱՑԻՆԸ 95/12/
Զարկում է կացինն ու համառորեն ճյուղերը հատում:
Մթնում է անտառն ու սկսվում մի անձրև մանրամաղ:
Ասես մի խախուտ սայլի վրայից սայլվորը գոռում,
Ահ է ներշնչում ամբողջ անտառին խավարում այդ մառ:

Ծառերին պղինձն է արդեն անցած հարյուրամյակի,
Դարերի փոշին կա տերևների վրա այսօրվա:
Դժվար թե կանխես կացնի ընթացքը զարկով մտրակի,
Քանի վեճերում ամենազորը դեռ մնում է նա:

Թե՛ արյուն ու ցավ, թե՛ կնոջ անեծք կա նրա վրա,
Վերջին ճիչը կա, կա ժլատ, թաքուն արցունքը դահճի:
Աշունն ալ կարմիր շրջազգեստով անցնում է ահա`
Ասես տենդահար սարսափներից հին ժամանակների:

Իսկ կացնին ի՞նչ կա: Տիրապետում է գործին հմտորեն,
Երբ, որտեղ, ինչպես պիտի հարվածի- գիտի՛ նախապես:
Մեջտեղ մի՛ ընկիր, կացինը արագ ու վարպետորեն
Կքերթի, մի լավ մաշկահան կանի քեզ վայրկենապես:

Անտառում անդուլ տքնելը նոր բան չէ նրա համար,
Այդպիսի բախտ է, ըստ երևույթին, նրան վիճակված:
Անտառը դողում ու պարանոցն է մատուցում խոնարհ,
Ոնց մի դար առաջ, ինչպես հենց երեկ` լույսը չբացված:

 

Թարգմանությունը՝ Լևոն Բլբուլյանի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.