ՀԵՆԶԵԼ-ԳՐԵՏԵԼ

ԱնուշԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Այնտեղ, որտեղ ծնվել եմ, ձմեռները ցուրտ ու հիասքանչ էին: Կարմրած մանկական թուշիկներ, ցրտից խոնավացած ու գրեթե սառցե-սպիտակ, փառակալած թարթիչներ, մայրիկի զգուշավորության արդյունքում ցրտի դեմ պայքարելու աշխարհի բոլոր տեսակի տաք հագուստները, որոնց միջից միայն աչուկներս էին բաց, ու որոնցով մյուս բոլոր զգայարանների փոխարեն էլ ագահորեն կլանում էի նույնիսկ տաք ձեռնոցների միջից կտրող ցուրտ ձմեռը:
Ձյուն, լիքը, ամենուրեք ձյուն, ճռճռան, անվերջանալի, երևի հարյուր մետր ձյուն` այդպես էի մտածում, քանի որ մինչև ծնկներս խրվում էի դրա մեջ ու հնարավոր չէր դուրս պրծնել: Ամբողջովին քրտնմխած, ոգևորությունից ջուր դարձած ու ընդհատվող շնչառությամբ փորձում էի հաղթահարել աշխարհի ամենահաճելի խոչընդոտը, բայց միևնույն է, հնարավոր չէր լինում, մինչև մայրիկն ու հայրիկը չօգնեին: Ու մեկ էլ` նրանց հայացքների փոխանակումը, որ օրվա տարբեր պահերի տարբեր պատճառներով էր պատահում, չգիտեմ` ինչ էր նշանակում: Նրանք իրար նայում էին խորհրդավոր, մի տեսակ կիսաժպիտ ու բերկրալից, ասենք` երբ ինձ օգնում էին ձյունից դուրս պրծնել, կամ երբ մի որևէ միամիտ ու դրանով իսկ հիասքանչ բան էի հարցնում: Նրանց այդ հայացքում ասես երկար-երկար նախադասություններ կային, որոնք լսելու կարիք չունեի, բայց մանկական գիտակցությունս խաղաղվում էր, հոգիս ջերմանում էր, ու էլ ոչինչ հարկավոր չէր:
Իսկ Նոր տարին….արժեր երկար քուն մտնել ու արթնանալ Նոր տարվա շեմին, դիմանալու համար այն անհամբեր սպասմանը, որ այդ տոնին էր հատուկ միայն: Մեր Ամանորները լցված էին ինձ հասակակից իմ բազմաթիվ զարմիկներով ու զարմուհիներով, որոնց սիրում էի Նոր տարվա չափ:
Խստաշունչ սառնամանիքից հետո որևէ մեկիս տաքուկ ու լի բնակարանն է: Մեր բոլորի տներում էլ տոնածառեր կան` նույնքան տարբեր, որքան մենք էինք, որոնց տարբեր լինելը, չգիտես ինչու, միշտ կապում էի մեր տարբեր լինելու հետ: Բոլոր տոնածառերը չէ, որ ինձ դուր էին գալիս, բոլորս էլ մտովի մրցում էինք, ու իմ մայրիկի զարդարածը միշտ առաջին տեղում էր: Բոլոր տներում էլ լի ու լի սեղաններ կային, որտեղ եթե նույնիսկ նույն ուտեստները կային, ապա դրանց համերը նույնքան տարբեր էին, որքան մեր տոնածառերը, այնքան տարբեր, որքան մենք` երեխաներս իրարից: Ու բոլորիս տներում էլ մայրիկներ ու հայրիկներ կային` իմ մորաքույրերն ու քեռիները, ովքեր թեև բոլորն էլ բարի էին և ուրախ, բայց այնքան տարբեր էին իրարից, որքան նրանց ջերմ տները, լիառատ սեղանները, տոնածառերն ու դրանց գունագեղ լույսերը: Ես նրանց բոլորին սիրում էի անսահման, հենց գուցե այն բանի համար, որ այդքան տարբեր էին մայրիկիցս ու ինձ խորհելու երկար ու ձիգ օրեր էին պարգևում` մանկական լրջախոհ փիլիսոփայությամբ լեցուն: Մի հատկություն, որ միայն ես ունեի իմ բազմաթիվ քույրերից ու եղբայրներից, ովքեր ինձ առանձնակի ջերմությամբ էին սիրում, գուցե այն պատճառով հենց, որ հասկանում էին, որ ես, այնուամենայնիվ, տարբեր եմ բոլորից:
Մի բան կար, որ ընդհանուր էր մեր բոլոր Նոր տարիներում` տոնածառի շուրջ անմիջապես նախաձեռնվող շուրջպարը, որի գլխավոր դերերում, որքան էլ որ տարօրինակ է, ոչ թե մենք` երեխաներս, այլ մայրս էր` իր երեք քույրերով: Երգացանկն էլ նույնն էր` «Տոնածառ ջան, տոնածառ», «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես», «Նոր տարի է, Նոր տարի» և այլն, և այլն: Այդ երգերը բարձր ու ցնծուն ձայնով ամեն Նոր տարի հնչեցնում էին մայրս ու մորաքույրերս, մենք էլ ձայնակցում էինք նրանց` ով ինչպես կարող էր: Զարմուհիներիցս ոմանք լավ էին երգում, մյուսները` սարսափելի, ու ես միշտ բարձր էի երգում, որ ծածկեմ նրանց սխալները: Ուրախությունը, որ մայրիկները կազմակերպում էին մեզ համար, աստիճանաբար դառնում էր տարերային, անվերահսկելի ու ավելի մեծ հաճույք ու երանություն էր պատճառում մորս ու նրա` իր պես ուրախ քույրերին, քան մեզ: Տղամարդիկ սիրում էին այդ պահերին բարի հեգնանքով կատակել իրենց մանկացած կանանց մասին` ասելով, որ քույրերը թեև իսկապես հրաշալի կանայք են, բայց չափից ավելի աղմկոտ են տղամարդկանց տանելի լինելու համար:
Բայց Նոր տարին առանձնահատուկ էր անցնում հենց մեր տանը, գուցե այն պատճառով, որ մեր տունը լայն ու ընդարձակ էր, կամ էլ, որ ծնողներս հաճախ էին արտերկրից մի որևէ ամանորյա նորություն բերում: Մայրս մանկան պես սիրում էր այս տոնը ու մեզանից էլ ոգևորված` չզարդարված ան­կյուն չէր թողնում տանը: Օրեր առաջ սկսվող ձևավորումը լուրջ ու պատասխանատու աշխատանք էր մորս ու մեծ քրոջս համար, որտեղ ես հիմնականում գաղափարներ տվողն էի, իսկ նրանք` իրականացնողները` իբրև տան մեծեր: Գունագեղ մոմեր, կարմիր շողշողուն զանգակներ, սառցե շղթաներ, ամեն ինչ ամենուր գեղեցիկ էր ու տոն ազդարարող: Վերջում ես անպայման տոնածառի ամենաերևացող մասում կախում էի Հենզել-Գրետելին: Իմ առաջին տոնածառի խաղալիքը, որ մայրս կախել էր ծառից այն տարի, երբ ես ծնվել էի: Կլոր, կարմրած թուշիկներով ու իրար փարված երեխաներ` կապուտաչ տղա ու աղջիկ, որոնցից երջանկություն էր տարածվում: Խաղալիքն այդպես ես էի անվանել` նրանց տալով իմ ամենասիրելի հեքիաթի հերոսների անունները: Նրանք ինձ համար տոնի խորհրդանիշն էին:
Այս ամենը ջերմանում էր մորս լիաթոք ծիծաղով, հորս առատաձեռնությամբ, մեծ քրոջս խոհարարական տաղանդով, փոքրիկ քրոջս մանկական զվարճալի հեռատեսությամբ` կերակուրները չշռայլելու մասին, ու եղբորս վայելքով, որ տան ամենափոքրիկն էր: Տոնի սկիզբը ծնողներիս անխոս հայացքների փոխանակումն էր, որ ամեն ինչ տեղն էր գցում, հուշում, որ միասին ենք բոլորով, ու դեռ այնքան հրաշքներ են սպասվում առաջիկա օրերին: Ամանորը մեր տանն ապրում էր ամենաերկարը, մինչև փոքրիկ եղբորս ծննդյան օրը` հունվարի երեսունմեկը: Մենք դժկամությամբ էինք հրաժեշտ տալիս նրան, բայց պարտավոր էինք, այլապես ինչի՞ն պետք է սրտատրոփ սպասեինք մինչև մյուս տարի: Ու ես սրդողելով Հենզել-Գրետելին էին տեղավորում բամբակներով պատված թղթե տուփի մեջ ու տասն անգամ ստուգում էի, որ հանկարծ մի տեղից տուփը չբացվեր: Երջանկությունը փայփայել է պետք:
Տարիներ անց, երբ արդեն մեծ էինք, սովորության ուժով դեռ շարունակում էինք հաստատված օրացույցի կարգով այցելել միմյանց: Մենք` արդեն օրիորդներ դարձած զարմուհիներով, կատակում էինք մեր մայրիկների մասին, ովքեր, կյանքի բերումով, ավելի ու ավելի հազվադեպ էին սկսել հանդիպել: Միայն այդ միակ տոնին, երբ բոլորով վերջապես իրար տեսնում էին, փորձում էին իրար հետ լիցքաթափվել ու ավանդույթի համաձայն` պտտվել տոնածառի շուրջ: Նրանք երգում էին գրեթե բղավելով, հաճախ իրար չլսելով կամ խառնելով խոսքերը, երբեմն իրար կոպիտ ընդհատելով ու անպայման նեղանալով միմյանցից: Մենք` իրարից տարբեր զարմուհիներով, գնալով ավելի ու ավելի տարբեր էինք դառնում. չկար մեզանից գոնե երկուսը, որ նույն հասակը կամ մազերի նույն գույնն ունենար, իսկ ճաշակի ու նախասիրությունների մասին խոսելն իսկ ավելորդ էր: Գնալով ծերացող մեր մայրերը մեծ ջանքեր էին թափում` չկորցնելու համար Ամանորի երբեմնի անհոգ ու երջանիկ երեկոների հուշը: Փորձում էին պահպանել շուրջպարի կեսկատակ-կեսլուրջ ավանդույթը, որը միշտ ավարտվում էր ընդհարումով ու քույրերից մեկի նեղացածությամբ: Մեկը մեկից բարձր երգելու կամ երգի բառերը խառնելու առիթը պատրվակ էր դառնում ավելի լուրջ թեմաների: Ի վերջո նրանց վիրավորանքն այնտեղ էր հասնում, որ սլանում էին մինչև մանկություն, այնտեղից վաղ վիրավորանքի այնպիսի բացահայտումներ անում, որոնք թաքցրել էին քառասուն, հիսուն, վաթսուն տարի:
Մեր եղբայրները հաճախ չէին մասնակցում ընտանեկան հավաքույթներին. նրանք իրենց անձնական կյանքն ունեին, իրենց հետաքրքրություններն ու զբաղվածությունը, որոնք, պարզվում է, ավելի կարևոր էին ընտանիքից: Մենք քույրիկներով փորձում էինք ապարդյուն ծիծաղել իրար կատակների վրա, ընդհանուր թեմաներ գտնել, որոնք այլևս չկային, ու զգում էինք, որ պարտավորություն է դարձել տոներին իրար հաճախելը: Մեր սրտերում գաղտնի քեն էր կուտակվում այն մորաքրոջ հանդեպ, ով անզգուշորեն կոպտել էր մեր մայրիկին, ոմանք մանկության տոնածառի ավելի մեծ կամ ավելի փոքր լինելու ոխն էին սրտերում պահել, մյուսներն էլ գաղտնի չարանում էին, որ մեզանից ոմանց հայրերն այդ երեկո ներկա չէին, քանի որ արտագնա աշխատանքի էին վաղուց, և ուրախությունն էլ ուրախություն չէր առանց քույրերի մասին նրանց կեսկոպիտ, կեսքնքուշ կատակների: Հիմա այստեղ մնացած մեկ-երկու հայրերը ձանձրանում էին պատշգամբում ծխելով ու թաքուն երազում էին այն պահի մասին, երբ քույրերն իրենց վեճերը ավարտելով կցրվեին իրենց տներով` ոչնչից մեծ աղմուկ սարքած: Միակ բանը, որ անփոփոխ էր, դա մեր տան ջերմությունն էր, ծնողներիս բարությունն ու ճենապակյա Հենզել-Գրետելը, որ դեռ չէր կոտրվել:
Այն ժամանակ, երբ մենք փոքր էինք, չկոտրվող խաղալիքներ չկային: Տոնածառի խաղալիքներն ապակուց էին, զանգերն էլ: Բոլորիս համար ուրախությունից զատ գաղտնի մտահոգություն կար` տան փոքրիկները չկոտրեն հանկարծ խաղալիքները: Դրանցից յուրաքանչյուրը մեծ խնամքով, ուշադրության լարումով մեր ծնողներն էին բերել Մոսկվայից կամ Լենինգրադից: Բայց չկար այդպիսի մի տարի, որ որևէ մեկի մեղքով այդքան ճանապարհ հաղթահարած այդ հրաշալիքներից գոնե մի հատ չկոտրվեր` կա՛մ շուրջպարի ժամանակ, կա՛մ տոների վերջում դրանք հավաքելիս, կա՛մ ձմեռ պապի նվերները տոնածառի տակից ոգևորությամբ հանելու պահին: Ամեն կոտրվող խաղալիքի հետ ասես երազներս էին փշրվում, փլվում էին մոլորակներ, երկրաշարժեր էին լինում, ջրհեղեղներ, սրտի մրմուռ, խոր ափսոսանք, հեքիաթի կորուստ: Ամեն տարվա կոտրվող խաղալիքի հետ մեր մայրերի տոնական երգերից որևէ մեկն էր մոռացվում, հաջորդ տարի մեկի ընտանիքից որևէ անդամ էր հեռանում, որևէ տոնական ուտեստ կորցնում էր իր համը: Մի տարի նույնիսկ Ձմեռ Պապի պատրանքը չքացավ` իր հետ տանելով հավատի մի մեծ բաժին, որ այնքան կարևոր էր: Դրանից հետո աստիճանաբար պակասեց ջերմությունը, անդունդ առաջացավ մեր հոգիների միջև, մինչև որ մի տարի այլևս չհավաքվեցինք իրար տներում: Մեկ-երկու ձևական այց տեղի ունեցավ առանց տոնական տրամադրության: Դա այն տարի էր, երբ ապակուց վերջին կարմիր գունդն ընկավ ծառից` հազար փշուր լինելով` երբեմնի մեծ ու ջերմ գերդաստանի բազմաթիվ անդամներին իր փշուրների հետ շաղ տալով աշխարհի տարբեր ծայրեր:
Հիմա տոնածառի խաղալիքները չկոտրվող են, անտարբեր սրտիս բաբախյունին, սին ու թեթև: Երբեմն դրանք կարելի է գնել արդեն ծառին միաձուլված, և ոչ միայն դրանք` լույսերն էլ, փայլերն էլ, նվերիկի դատարկ դեկորատիվ տուփերն ու ժապավեններն էլ հետը: Ամեն ինչ ավելի շքեղ է գուցե ու ավելի հնարամիտ, չկան այն միամիտ կոնֆետներն ու մեր ձեռքերով պատրաստված թղթե փաթիլները` ծառից կախ: Ծառի ճյուղերը ծանրաբեռնված են ասես, բայց դատարկ են, թեթև, ու մեղեդիներն էլ արդեն մայրիկների կողմից կատարվելու կարիք չունեն: Ռոբոտանման ձմեռ պապի միջից հնչող ձայնագրությունն անգլերենով ուզածդ պահին կարող է հարյուր անգամ անսխալ կրկնել նույն ամանորյա մեղեդին, որը այնքան տարբեր է իմ մանկության մեղեդիներից, որքան տարբեր էինք մենք ու մեր Նոր տարիները, որ անդառնալիորեն հեռացան մեր կողմերից:
Հիմա իմ հայրենի քաղաքում այլևս այդքան ձյուն չի գալիս, ու ցուրտն էլ ավելի տանելի է, խանութներն ավելի առատ են հաստատ, ու ինչ ուզես կգտնես այնտեղ: Բայց ո՛չ մի անկյունում, ո՛չ մի տաղավարում ու ո՛չ մի տոնավաճառում չկան իրար փարված Հենզելն ու Գրետելը` կարմրաթուշիկ ու կապուտաչ տղան ու աղջիկը, որոնք ճենապակյա էին ու փխրուն, ու որոնցից երջանկություն էր տարածվում մի ժամանակ: Ու այս էլ որերորդ տարին ես սրդողանքով բամբակեպատ տուփից հանում եմ իմ ճենապակյա Հենզել-Գրետելին, ու թեև այն շատ տարբեր է իմ ժամանակակից տոնածառի պլաստմասսայե խաղալիքներից, բայց ինձ համար ամենաթանկն է մնում… այն պատճառով գուցե, որ միմիայն ես ունեմ դրանից ամբողջ աշխարհում:

3 մեկնաբանություններ

  1. գեղեցիկ, եթերային, նոստալգիկ ու հուզիչ… հրաշալի էր Անուշ ջան: Շնորհակալ եմ էն գեղեցիկ հուշերի համար, որ արթնացրեցիր քո պատմությամբ:

  2. Միայն չհասկացա, թե ինչու էր հեղինակը սրդողանքով հանում կամ դնում տուփի մեջ խաղալիքը:Ինչու՞ բարկանալով կամ վիրավորված լինելով:

  3. Իսկապես, չգիտեմ տաիներն են, թե հարազատների ու ջերմությոն հետ կապված հարցերը, բայց էլ մանկության էն հեքիաթը էլ չկա ամանօրին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.