«ՏԱԳՆԱՊՆԵՐ» ԳՐՔԻՑ 

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

***
Մակերեսն ինչքան առօրեական է և սոսկալի –
նույնքան սոսկալի է խորքը, երբ խորանում ես,–
խորքը, ուր հտպիտներ են խաղում՝ չարությամբ լի,
խորքը, ուր դևերն են ճչում քո անծանոթ անունը
և շեփորում քեզ աղետ, հիվանդություն ու մահ,
և դու պատռել ես ուզում երազիդ բամբակը –
որ վերադառնաս կյանք, մանկության բակը,–
բայց պարզվում է, որ հե՛նց կյանքի մեջ ես հիմա:

***
Ես նորից եմ ասում – եթե դու «բանաստեղծ» ես,
ապա ես՝ բանաստեղծ չե՛մ, հազար անգամ՝ չե՛մ,
ես գիտեմ, որ գրգռում եմ թույլ գրչիդ ծերը –
և դու էլ ուզում ես Դավթի նման թռչել,–
երկու թևով թռչել – թերթի երկու էջում,
դե, ուրեմն՝ թռի՛ր, իմ բանաստերջ ագռավ,
բայց իմացիր՝ եթե տողը թռավ –
արյո՜ւն պիտի ոթի, այլ ոչ թե՝ ջուր:

***
…Երազ տեսա. ինձ՝ մի ականապատ դաշտում,
և այդ դաշտի անունը՝ Մայր Հայաստան էր,
ես փնտրում էի ճիշտ ճանապարհը դեպ տուն,
ճանապարհը, որ ինձ ապահով տեղ տաներ,–
ուզում էի դուրս պրծնել դաշտից ականապատ,
որը հսկում էին ռուս և հայ սպաներ…
– Իսկ ազերի թուրքը շինում էր իր պատը,
և ինձ իմ երազում ուզում էր սպանել:

***
…Ու ես երազ տեսա, սոսկալի՜ երա՛զ:
– Մի մարագի մեջ ծեր, կին ու մանուկ
լցրած՝ վառում էին երեք ասկյար,
իսկ գյուղի տերտերն աղոթք էր անում,
և հրի միջից կարկառում Աստծուն
վառվող ձեռքերը, որ իրեն երկինք հանի:
– Եվ մի ո՜ղջ գյուղ իջել էր ծունր,
և խնդրում էր՝ ետքից իրե՛ն էլ տանի:
………………………………………..

***
Ես ինչպե՞ս կուլ տամ եղեռնի ամոթը,
որին, ուզում ենք՝ աշխարհն էլ սատարի,
ես ինչպե՞ս շնչեմ անմեղ արյան հոտը,
որ չի մակարդվում այս էլ հարյուր տարի,
ինչպե՞ս մոռանամ միլիոնների քոչը,
որը քշում էր արնախում խուժանը…
– Ե՞րբ պիտի գա արդար հատուցման ժամը,
բայց գործո՛վ՝ քանզի չի՜ ազդում էլ կոչը:

***
Դավաճանված դաշտեր, դավաճանված լեռներ,
դավաճանված հողեր, դավաճանված Էրգիր.
– մի չար բժժանքի մեջ դուք կարծես թե մեռել,
և մնում եք կարծես մի հպումին ձեռքի,–
որ արթնանաք ձեր խոր լեթարգիական քնից,
և հազարագոչգոչ, և խժալուր ձայն տաք,
և արյունը կրկին խաղա մարմնում ձեր տաք…
– Բայց չկա ձեռն մարդկան, և չկա ձեռն երկնի:

***
Վանա կատու, մեռավ ծննդավայրն քո Վան,
և ուզես էլ՝ չես գտնի ճամփան դեպի տուն,
– այնտեղ քրդի շունն է հաչացող հայվանը,
և գորշ գայլն է այնտեղ ոռնում, Վանա կատու,
մեռավ քո տեսակը, շանթումն ուրարտական
երկգույն քո աչքերի,– ու էլ չի աշխատում
գող մուկ բռնելու քո բնազդը կատվական,
և դու էլ մնացիր հայու միֆ – Վանա կատու:

***
Երբ ես ասում եմ՝ լլկված ծեր ու մանուկ,
երբ ես ասում եմ՝ բռնաբարված երկիր,
– որ Հայրենիք են ոմանք անվանում,
իսկ ես հորջում եմ՝ գերեզմանոց երգի,–
դու ինձ ասում ես՝ չե՜մ ուզում լսել
քո այդ բառերը՝ կոպիտ, սոսկալի,–
ես ուզում եմ երգ, ես ուզում եմ սեր –
պոե՜զիա եմ ուզում, իսկ դու՝ կյանքն ես տալիս:

***
Ներիր, իմ ընթերցող, որ չըկարողացա շոյել
իմ բիրտ տողերով – քո նուրբ ականջը,
և պատռեցի ունկիդ կուսաթաղանթը,
և քո աչքում հագա զոլավոր շորեր,
և ինքնասպան դարձա ես քո աչքում –
անուղղելի՛ և վերջնականապե՛ս,–
բայց թույլ տուր՝ հիմար մի հարց տամ քեզ.
– Ե՞ս եմ ինքնասպանը, թե՞ դու՝ քո պատրանքում:

***
Ա՛խ, եթե կյանքս ետ բերեի իմ այն,
և դառնայի ջահել, բայց՝ այսօրվա խելքով
(անհնարի՜ն երազ – հնարավոր միայն
հոգիդ սատանային ծախելու ելքով),–
կծախեի՜ հոգիս, արև՛ըս վկա,
որ անեի չարած իմ սերերը բոլոր,
որ գործեի չարած իմ մեղքերը բոլոր…
– Բայց ոչ հոգի մնաց, ոչ էլ՝ առնողը կա:

***
Ինձ մորթել ես ուզում, գիտեմ,
Բե՜ր, դանակդ սրեմ…–
ՄԻ ՀԻՆ ՍԻՐԵՐԳ

Եթե Աստված ասեր՝ ընտրիր երեքը,
ես մոմ կվառեի նախ կնոջ համար,
ով ծնունդ առավ իմ կողից թեք,
և տեղը նրա՝ դատարկ է մինչ հիմա,
և երկրորդ մոմը՝ կնոջ համար հլու,
ով լռում է, զի՝ սիրե՜լ գիտե միայն,
– և երրորդ մոմը՝ հանուն կնոջն այն,
ով կառնի՛ դանակն իմ ձեռքից՝ սրելու:

***
Շատ մի՛ հուզվիր, տղաս:
Պոեզիան ինձ այնքան հետաքրքիր չէ,
որքան հետաքրքիր էր իմ ջահել օրերին.–
ես գրում եմ, որպեսզի ծանր մտքերն ինձ չքրքրեն,
և մեկ էլ՝ ապացուցելու համար,
որ դա անում եմ լավ բոլորից
և, այդպիսով՝ հագուրդ եմ տալիս իմ մրցակցող եսին,
որը չի՜ կարող հանդուրժել իր կողքին գրող ևըս մեկին:
– Բայց ձանձրացել եմ արդեն՝ անմրցակից ու անմեկին,
և անցնելու եմ շուտով արձակի ու պիեսի:

***
(Ars poetica)
Ձեռառնոցին էլ – պոեզիա է,
եթե հումոր ունի բանաստեղծը,– և ընթերցողը,
եթե սուր խոսքը – բանաստեղծի լեզվի վրա է,
եթե այդ խոսքը – դիպուկ հանգով զնգացող է,
բայց սուր խոսքը – դեռևս պոեզիա չէ՛ լրիվ,
ձեռառնոցի՜ է,– և մնում է ձեռառնոցի՛,
որը նետում ես – նման փայլուն ձեռնոցի,
և բացում ձեռքը – թրթռացող, շնչող, համբուրելի՛:

***
Հիմա պիտի ասեմ. պոեզիայի խորը՝ ո՞րն է:
– Պոեզիան պիտի լինի արտիստիկ, որ թեթև թռչի:
Բայց «իմ ցավը խորն է, շատ խորն է»,
իսկ դժոխքում – հնարավոր չէ չուն թռչունի,
կայրի թևերը – հատկապես յոթերորդ պարունակում,
որտեղ տոչորվում են բոլոր հերձվածողները…
– Եվ որտեղ կայրվեն ծանր հոգուս թևերը,
որ այնքա՛ն, այնքա՛ն մեղքեր է պարունակում:

***
Բայց սա էլ, իհարկե՝ խաղ է մի մեծ…
– Պոետը, իհարկե՝ մեղսավոր չէ ավելի,
քան սուրբ Ավգուստին Երանելին,
ով ասում էր՝ կրում եմ իմ դիակը իմ մեջ,
իսկ բանաստեղծը՝ կյա՜նքն է կրում իր մեջ,
ու եթե մեղքեր է գործում անթվելի –
ապա չունի՛ գոնե մի մեղք անքավելի,–
զի՝ թեթև՜ է մեղքը պոետի մուսայամե՛րձ:
***
Ինձ ասում է իմ բարեկամը խելոք.
– Դու քո գլխին մի քյալագ կբերես՝
այդպես խոսելով, այդպես գրելով, այդպես ապրելով:
– Ինչպե՞ս,– հարցնում եմ ես,– ինձ կասե՞ս:
– Դու ի՜նքդ լավ գիտես: Հակառակվելով
հասարակական կարծիքին – պոեզիայում թե կյանքում,
բացահայտ անելով այն, ինչ ուրիշն անում է թաքուն:
– Բայց ես ուզում եմ ապրել՝ մարդո՛ւ պես լոկ:

***
Այդպե՛ս է: Պիտի զոհվես կամ քյալագի գաս,
որ ճահճաբնակ այս ամբոխը ծփա, ցնցվի,
ծուլ լինի տեղից, հայու հավար գցի,
թե՝ մեռա՛վ, գնա՜ց մեր ազգի ապագան,
– և այս սֆինքս երկրում՝ ներփակ ու անքնին,
որտեղ խաղաղ, անշառ նա մուկ էր տշում –
կկազմակերպի թաղման ոսկե աշուն,–
իսկ հետո… դի՜նջ կտրվի ձմռան քնին:

***
Բիբլիական իմ ազգ, բիբլիական երկիր,
որ ապրում ես դարեր – փակված լեռներիդ մեջ,
– հողըդ դեռ պահում է ուրարտական հերկի,
նավասարդյան բերքի մնացորդացն իր մեջ,–
բիբլիաբառ երկիր՝ բիբլիաբար քնած,
որ Սուրբ Գրքի նման՝ ժամին ես արթնանում,
որ նայես շուրջդ, թե՝ ո՞վ կար, ո՞վ մնաց…
– Եվ փակվում ես նորից քարե քո պատյանում:

***
Ելնում է գեհենի կրակների հրից
տերը մեր օրերի – դժոխքի սատանան,
և ընդունում է սիրով բոլորին –
ովքեր ուզում են ուզածն ըստանալ,–
և տեսնում եմ ես այդ երկար հերթում
բանաստեղծին և բանաստերջին մեկտեղ:
– Երկրորդը՝ ձի՜րք է խնդրում մի պճեղ,
իսկ առաջինը – փո՛ղ է աղերսում:

***
Երկար է հերթը սատանայի դռանը:
– Աստծու դռանն էլ հերթ չկա այսպես:
Զի Աստծու հերթը – ակն ընդ ական է,
իսկ սատանայի հերթը – անտես,
– բայց սատանայի գրասենյակում
գրանցվում են և ուզածն ըստանում,
և տեղը թողնում հոգի և անուն…
մարդիկ, որ Մավրից դառնում են Յագո:

***
Աստծուն հռչակեցինք սատանա: Մեր նոր կարգում
սատանային նորից հռչակում ենք` Աստված:
Մեկ կյանքի ընթացքում՝ մի քանիսն ենք ապրում,
բայց չենք ապրում միակ կյանքը – վերուստ տրված:
Չենք հավատում հիմա սատանային թե Աստծուն,
քանզի փոխվում են նրանք տեղով անընդհատ…
– Իսկ մոլորված հայը՝ իր անհավատ
գլուխը պահելու մասին է լոկ մտածում:

***
Մի օր, երևի՝ քո ետքից էլ կասեն.
– Նայե՛ք, այս մարդը դժոխքից է դարձել,–
ինչպես ֆլորենտացի կանայք են ասել –
մատնացույց անելով Դանթեին ծեր…
Բայց ԱՅԴ ԲԱՌԸ նրանք ասել են խոնարհումով,
այլ ո՜չ թե՝ ինչպես կանայք դատավոր,
որ այպանում են քեզ՝ մեղադրանք տալով…
– Եվ շարունակում նույն մեղադրական հունով:

***
Ո՛չ, ե՜ս չեմ ընտրել դժոխքն ինձ բնակավայր:
– Դժոխքն է ինձ ընտրել բնակիչ մի վայրի,
որը մենք հորջում ենք՝ հայի Հայրենիք,
իսկ իրականում – մի վայրի Ավարայր,
որտեղ հայը կռվում է ոչ թե պարսկի
կամ բազում հին ու նոր թշնամյաց դեմ…
– Հայն այստեղ կռիվս է տալիս ինքն իր դեմ,
և իր վրա՜ փորձում – ուժը յուր բազկի՛:

***
Դժոխքն ու դրախտը հանդիպեցրեց իրար
աստվածային Դանթեն: Բայց արանքում
քավարանը դրեց – մեղմելու համար
այդ հանդիպումի բոմբյունը երկնքում…
Մենք քավարան չունենք: Եվ հանդիպումից
դժոխք-դրախտի՝ դրախտն է տուժում,–
և դժոխքը մեր հոգիներն է խուժում –
և ցնցվում է երկիրն այդ խոր բոմբյունից:

***
Դժոխքում ապրողը չպիտի բողոքի…
– Երեսպաշտություն է դժոխքում բողոքելը:
Դժոխքում ապրողը պիտի ողոքի
սատանայի սիրտը – նայած տեղը
և ժամանակը՝ ի՛նչ են թելադըրում,
և գործողությունն ապա պիտ հետևի –
եռամիասնության պսա՜կը երևելի,–
և կբացվեն Դևպետ քաղաքի դրունք:

***
Մազի և մեզի անալիզները ցույց են տալիս,
որ այս մարդը պոեզիայի հետ ոչ մի կապ չունի,
– մինչդեռ՝ կապ ունի տափակ, տաղտկալի
բառագիջության հետ արքունի,–
և ի՛նչ դողդոջով էլ մոտենա գրակալին,
և տողիկներ ծռտի՝ ի՛նչ երկյուղածությամբ –
մեկ է՝ իշու փալա՜նն է իրեն թա՛մք.–
մազի և մեզի անալիզներն են ցույց տալիս:

***
(Նախընտրական)
Ասա՝ ինչ ուզում է ժողովուրդը լսել,
բայց արա լրիվ հակառակը.
– խոստացիր լավ կյանք, արդարություն ու սեր,
բայց դժոխք դարձրու մարդկանց կյանքը,
հայտարարիր, որ սուրբ ես, հայ քրիստոնյա,
բայց իրար խառնիր Աստված ու ալլահ,
ով էշ՝ դու փալան: Եվ դարձիր մեծ պաշտոնյա,
և թող փրկի՜ քեզ քո ալլահը: Մաշալլա՛հ:

***
Ի՞նչ եք խոստանում, քաղաքական մկներ,
որ առնետից փախչում՝ կատվի ճանկն եք ընկնում,
Հայաստան երկիրըս շատ էժան գնել –
շատ թանկ եք հիմա ծախում քաղքենուն,–
և նույն քաղքենուց – ձայն եք փախցընում,
և նորից թողնում լավ կյանքի հույսին…
– Եվ սուտ լացում եք նրա ուսին,
և կնոջը նրա՝ ձեր շոռ աչքը գցում:

***
Փորի յուղն իրեն խեղդում է,
և խոսում է նա խռռալով,
գլուխը լխկած դդում է,
բայց էլի չի ընկնում հալով,
և չի հագենում իր փողից,
և հափռելով չի հագենում…
– Եվ դեպի սև հողն է գնում,
բայց հարկ է դնում նույն հողին:

***
Ես մարդ չեմ, այլ – հարկատու,
ես հայ չեմ, այլ – հայտատու,
և իմ տողերն եմ հատում
և իմ իրավունքը հայտում,–
այդ պատճառով է ինձ ատում
գլխիս դատավորը` կատու,
– բայց դեռևս չի գլխատում,
քանզի շորթում է կենաց տուրք:

***
Կեսգիշերից հետո – քունս տանում է:
Բայց երբ փակում եմ աչքերս – փախչում է:
Այսպես շարունակ: Հիշում եմ անուններ,
մտքումս թվեր եմ գցում, հաշվում եմ –
ոչինչ չի օգնում: Տարիքից է, գուցե,–
կամ՝ մարմինս է փոխվում դեպի ծերություն,
– թողնելով ինձ մտքեր և հոգսերի թույն,
և պահելով հոգիս ջահել – որպես ցեց:

***
Իրական չարն ու երեսպաշտ բարին
մեր կյանքը շուռ են տվել գլխիվայր.
– երեսպաշտ բարին փնտրում է հարիֆ,
իրական չարը – թաքուն մի վայր,
որտեղ կարող է նա թափել արյուն
և հայտարարել, թե՝ ազնի՜վ է շատ…
– Թեև պարտվո՜ւմ է բարուն երեսպաշտ,
բայց անկեղծությամբ՝ հաղթո՛ւմ է բարուն:

***
Ես ճանապարհը բացողներից եղա,
և իմ բացած ճամփով գնացին ուրիշները,
– և բանաստեղծ դառան, և քննադատ եղան,
և բաց թողեցին վրաս իրենց շները,–
և դարձան տողիս, բառիս գողերը,
և իմ մետաֆորը տարան բարոյաբանտ:
– Բայց մի՞թե լինում է այդպիսի բան:
– Լինո՛ւմ է, տղաս,– և եղե՛լ է:

***
– Ինչի՛ց եք խոսում, լավի՜ մունետիկներ:
– Բարո՞ւց, գեղեցկի՞ց, վեհ ու վսեմի՞ց…
Ձեր գինը՝ առատ լափն ու գինու տիկն է,
մինչ կանգնած ենք մենք կործանումի սեմին:
Մեր ամբողջ օրն անցնում է թաղումներում,
և թաղում ենք ոչ թե մարմին, այլ՝ հոգի…
– Բայց չի՜ հասնում կուշտին իմ ձայնն անոթի:
– Թաղվա՛ծ է կուշտը խոշոր շահումներում:

***
Ես մեղադրյալ չեղա, չեղա դատավոր,
չեղա պետական մեղադրող՝ դատախազ,
բայց ամենը, ինչ տեսա օրավուր –
օրավուր քաշեց իմ սրտին մի խազ,–
և եթե եղա – եղա լոկ վկա,
և վկայեցի իմ տողերում կյանքը…
– Որ վայելեց վերը հիշված տականքը,
իսկ վարում՝ ինձ դրեց կյանքի ընթերակա:

***
Երուսաղեմ, Երուսաղեմ,–
ինչո՞ւ ծաղրեցիր քո մարգարեին,
և չհավատացիր, և անգոսնեցիր, և հալածեցիր նրան,
և դասեցիր նրան դասում խելագարների,
և ծիծաղեցիր նրա սոսկալի խոսքերի վրա,
և քամահրեցիր նրա խոսքերում քո կործանումը ահեղ,
և չտեսար կարմիր պատժանիվի ահագնացող թափը…
– Եվ նա իր գլխին հող ու մոխիր թափեց,
և ողբաց քո վախճանը հեծեծագին,–
Երուսաղեմ, Երուսաղեմ:

***
Հանճարեղ ու հավերժական Քաջ Նազար,
ես չեմ ասում՝ ուրկի՞ց եկար, ո՞րդիան.–
դու մեկը չես, դու հազար ես, բյուր հազար,
բայց հավերժ չէր կողակիցդ՝ Ուստիան:–
Ուստիաններն ո՞ւր են չքվել բոշբերան,
որ քեզ քշեն քաղաքական հարթակից:
– Հիմա նրանք լեզուն դրել են փակի,
և խժռում են «քաջիդ» թալանը բերած:

***
Գրիր՝ ինչ սիրտդ ուզում է,
քաջ խաղա և կամ Քաջ Նազար,
կտրիր քարվան կամ խեղճի վիզը,
մին զարկով ջարդիր հազար,–
ո՜չ մեկի տանձին դա պետք չէ,
և՝ թքա՛ծ ունեն քեզ վրա…
– Քանզի զբաղված են նրանք
սուրբ գործով՝ առնել ու փախչել:

***
Մի ոտքիս վրա եմ կանգնած,
– մյուս ոտքիս տակ՝ հանքն է,
որ տարածվում է կամաց,
և շուտով չի թողնի կանգնել
նույնիսկ մի մատիս վրա,–
և ինձ մնում է համբարձվել –
հողը թողնելով նրան,
ով իմ Հայաստանն է վարձել:

***
Իմ Հայաստանը կախված է մազից…
– Կամ ազերի թուրքն է կտրում ինձ գազից,
կամ վրացին է փակում Փոթին ամռանը,
կամ ռուսն է շինում Վերին Լարսը ձմռանը,
կամ օսմանլի թուրքը չի բացում սահմանը –
և ինձ բարեկամ է մնում ֆարս Ահմադը,–
որ շհարում բանձրիկ շենք է նեջադում,
իսկ եթե գլխիդ փլվեց՝ քեզ է ջարդում:

***
Տե՛ր, այնպես արա,
որ ընդերքի շերտերը գեհենական
հաստատ ու անշարժ նստեն իրար վրա,
և չմնանք մենք անհենարան,–
և թաղանթը բարակ, որ գետին ենք ասում –
չպատռվի հանկարծ մեր ոտքերի տակ…
– Ա՜յս է խնդրանքը միակ՝
քո ծառա Դավթից պարտասուն:
***
Հողը բառերով չեն պահում:
– Հողը բահելով են պահում,
հողը հերկելով են պահում,
հողը սերմելով են պահում,
հողը ջրելով են պահում,
հողը բրելով են պահում,
հողը կառչելով են պահում,–
մեջը հանգչելո՜վ են պահո՛ւմ:

***
Հողից խռովել-գնացել է,
կարծես թե՝ հողը մեղավոր է,
որ ինքը մոլախոտ ծնվել է,
մոլախոտ ապրել իր փուչ օրը,
իսկ հիմա՝ իր հողը թողել է,
որ հողն ուրիշի զարդարի,–
ու երբ փուչ ապրելը դադարի –
գա մտնի չսիրած իր հողը:

***
Դու, որ վատ խոսքեր չխնայեցիր –
ես քեզնից լա՜վ գիտեմ իմ երկրի վատը,–
որովհետև որ կողմը նայեցի՝
տեսա, որ վատը ավելի շատ է,
– բայց դու, որ դառել ես վատի բլբուլ
և իմ վատը իմ աչքն ես կոխում –
և Ամերիկան սեպում ռահաթ-լոխում,–
ո՞վ ես դու. քամուց քշված սարի սմբո՛ւլ:

***
Ե՜ս պիտի ասեմ այս երկրի մասին
զայրույթի, ցավի խենթ խոսքերը այս,
և չհիշեմ ո՛չ Ազատն Մասիս,
և ո՛չ կամուրջներ խորտակող Արաքս,
– զի կիսված են դեռ Մասիս ու Արաքս,
և ապրում եմ ես իմ կիսված երկրում –
և տառապանքի երգեր եմ երկնում,–
և դառնում Մասսի պես կիսված մի ասք:

***
Ա՛խ, ոսկեվոր դաշտեր – ցորենհասկով լեցուն,
ա՛խ, անտառներ կանաչ, լեռներ կապտամշուշ,
ա՛խ, օրհնության երգեր – բաշխված ամենեցուն,
մտքեր փիլիսոփա – ա՛խ, արդեն ո՛ւշ է, ո՛ւշ.
– բռնել է մարդը յուր կործանումի ճամփան,
և մեր ոսկի դաշտը – վառված խանձի գույնով,
և մեր խոսքի վաշտը – գերված խանդի թույնով,
և չի՜ փրկի արդեն – մեզ մտքի զո՛րքն անգամ:

***
Ի՞նչ արեցիր դու, փիլիսոփա՛յ,
որ հայում էիր ականադետ,
թե՝ ե՛րբ է մեռնում մարդը սոված –
մինչ սովե՞լը, թե՞ սովելուց ետք,–
ի՞նչ արեցիր դու՝ քո ողջ կյանքում
ձեռներդ թափ տալով՝ ման գալով,
բառդ կուլ տալով թքիդ գոլով…
– Բառիդ վրա՜ եմ ահա թքո՛ւմ:

***
Vae victis!
Վա՜յ հաղթվածներին, փա՜ռք ընկածներին:
– Այս կռվից հետո՝ այսպես պիտի ասենք:
Իսկ հաղթողների՞ն… Ո՜հ, թող ինձ ների
հաղթության աստված – հաղթողների սև
փաղանգը փառքի արժանի չէ սակայն,
ահա այդ փաղանգը – օլիգարխ ու մաֆիոզ,
քաղաքական պոռնիկ, մանր գողուբոզ,–
որոնց տենչն է միակ՝ գրվել պալատակա՛ն:

***
Հայ ժողովուրդը չի սխալվում երբեք,
անգամ՝ երբ սխալվում է, իսկ սխալվում է նա
շատ հաճախ,– հետո երգում խրոխտ երգեր,
որ հետևանքը յուր սխալի – չեզոքանա,
որ թեթևանա յուր պարտության դառնությունը,
և դեռ ավելին՝ հաղթության մե՜ղր դառնա,–
և ժամանակներում վայրիվերո, խառնակ –
քսի գլխիկին և պահի՛ յուր առնությունը:

***
Ուրիշ էլ ի՞նչ անեմ:– Կրա՞կ կուլ տամ,
հանուն ճշմարտության – ձեռքով առնե՞տ բռնեմ,
ջրի վրա քայլե՞մ, հոգիս հանեմ ու տա՞մ,
լայները ձեզ թողած – ընկնեմ ճամփե՞քը նեղ:
Ես այդ արեցի, ու – շա՛տն էլ արեցի,
ոսկեղենիկ լեզվով – երկնեցի տողեր,
ոսկեղենիկ տողով – երգեցի տաղեր…
– Բայց, պարզվում է, որ՝ չոլո՛ւմ երգեցի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.