Բեմի հեռացող նահապետ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սոս Սարգսյան - 32000թ. լրացավ Սոս Սարգսյանի 70-ամյակը:
Խմբագիր Վրեժ Ոսկանյանը խնդրեց այդ մասին գրել «Նոր Նախիջևան» թերթում: Գրեցի.
«Կուզենայի նստած լինել Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, հրավիրատոմսը ձեռքիս, ու թաքուն հայացք ձգելով նրան՝ կարդայի. «Դուք հրավիրված եք Սոս Սարգսյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարությանը»…
Իմաստունի միտքը թախիծի տանն է: Թախծիդ անունը միայն հավերժական արժեքներից է միահյուսված` Հող, Հայրենիք, Երկիր Նաիրի, Հայաստան աշխարհ: Էրգիր չտեսած արարատացավ հայդ, որ Ձորի Միրոյի ցավն առած` երկիրդ եղար, եղար սասունցի ու էրզրումցի, եղար Նահապետ, եղար խոսքի ու խոհի վարպետ: Եվ քո հոգին ներառած կերպարներդ դարձան հողի վրա ամուր կանգնած քանդակներ, ինչպես աղբյուրները` 40 աղբյուրները Ուստա Մկրտչի: Եվ թվում է, թե քո աչքերի մեջ խաղացած բոլոր կերպարներիդ աչքերից մի կայծ, մի շող վեհության խորհուրդ ու խորություն է մնացել: Ես քեզ կյանքում ժպտալիս չեմ տեսել, տեսել եմ արծվային հայացքդ վեր ու մրահոն ճակատդ ձգված և միշտ վախվորած բարևել եմ ու անցել զգույշ: Մետաղահնչուն ձայնդ հպարտություն է ներշնչել, երբ շարքային հերոսներիդ ողբերգության բողոքն առ աստված ես հղել ու ծառայել իբրև Կորիոլան ու Ջոն արքա, իբրև աշխարհի ծուլության վրա քրքջացող մի մարգարե: Եվ նկարիդ անգամ նայելիս թվում է, թե իմաստուն թախծիդ տակ թաքնված մի հոմերական քրքիջ զսպել ես խորախորհուրդ լռությամբ: Քողն այդ այն վարագույրն է, որ բաժանում ու միացնում է մեծերին այս աշխարհից ու այս աշխարհի հետ: Այդ քողը մագաղաթից է ու թթենու մետաքսից, որդան կարմրից է ու մանրանկարչության մատյանների ծաղկագրերից:
Մարդ-Մատենադարան: Մի՞թե քաղցրախոս Եղիշեն այդպես չէր պատմում, մի՞թե Խորենացին չէր հաստատում քո երկաթագիր լռությամբ, մի՞թե Դավիթ Անհաղթը այդպես չէր կասկածում: Իսկ Նարեկացին երևելի ու աստվածախանդ քեզ է պատգամել. «Պատճառ որդու հայրու­թյամբ, այլ ոչ նախադաս լինելով»: Իսկ դու մեծ ես ու փոքր, ինչպես բոլոր մեծերը…
Շնորհավոր 70-ամյակդ, սիրելի՛ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ, հաջորդ անգամ կհանդիպենք 100-ամյակիդ իրիկնահացին»:
Գալիս էի Երևան, թերթի այդ համարը ինձ հետ վերցրի: Մտա նրա աշխատասենյակը Թատերական ինստիտուտում: Նա ուշադիր «քննեց» թերթը, կարդաց հոդվածը և.
– Լավ ես գրել, հիմա ուզեմ-չուզեմ` պիտի ապրեմ 100 տարի:
Երբ ճանապարհում էր ինձ, ձեռքը մեկնեց ու ասաց.
– Լավ պահիր քեզ, կհանդիպենք 100-ամյակիս իրիկնահացին…
Ավա՜ղ, չեղավ իր խոսքի տերը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.