Հայի Հայը / Դավիթ Գասպարյան

Դավիթ-Գասպարյան.«Հայը», «Հայն ու Հայը» ծանոթ են մեզ:
Բայց կա նաև Հայի Հայը:
Հայ մարդը Հայ մարդու հանդիպելիս, որտեղ էլ լինի, հայրենիքում թե սփյուռքում, տանը թե դրսում, եկեղեցում թե շուկայում, սրճարանում թե փողոցում, հատկապես որևէ դպրոցում կամ խմբագրատանը, առաջին ու վերջին խոսքը լինում է Հայրենիքի մասին: Իրարից այնպես են լուրեր հարցնում, կարծես ուր որ է կորցնելու են ծանր հիվանդ մի թանկ հարազատի: «Ինչ կա, չկա»,- հարցնում են մեկը մյուսին, և բացվում է զրույցի կծիկը: Խոսում են ու խոսում, և խոսքի ամփոփումը գրեթե միշտ նույնն է. «Չէ՜, այս երկիրը երկիր չի՜ դառնա»: Այսինքն` ծանր հիվանդը չի ապաքինվի, ուրեմն… չեմ ուզում ամենավատ բառն օգտագործել… ուրեմն մի կերպ գոյատևում է:
Եվ այսպես Մովսես Խորենացու «Ողբ»-ից մինչև 1915 թվական, մինչև… անկախության 20-ամյակ: Հայը և Հայի Հայը տարբեր են: Ամեն մի Հայ չէ, որ անձնականը կարող է ենթարկել ազգայինին: Հայաստանը միշտ էլ մնացել է այն Հայերի հույսին, ովքեր գիտակցաբար պաշտպանել են ազգային արժեքները` մայրենի լեզուն, Արարատի պատիվը, պատմության մոխիրներից փորձել են գտնել ժողովրդին բոցավառող անթեղված կրակը: Ահա այստեղից էլ ոչ թե սոսկ Հայը, ով, պայմաններից դրդված, կարող է հեռանալ ազգային արժեքներից և մտնել ուրիշների ստեղծած ապահով արժեքների մեջ, այլ Հայի Հայը` ավելի խորացած, ավելի պատասխանատու իր ազգային արժեքների հանդեպ և ճակատագրին ընդառաջ: Հայը կհեռանա իր հայրենիքից, լեզվից, պատմությունից, մեկ սերունդի կյանքի տևողությամբ կդառնա հեռակա հայրենասեր, հետո կընտելանա նոր պայմաններին, կխոսի ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն… կվերածվի տվյալ երկրի ժրաջան քաղաքացու և, ի վերջո, կամաչի հիշել, որ ինքը ծագումով Հայ է: Մինչդեռ Հայի Հայը կտոկա, որովհետև նրա տեղը իր Հայրենիքում է, նրա նպատակը լիարժեք Հայն է:
Հայից մինչև Հայի Հայը ընկած ճանապարհին, որը ոչ թե տարածություն չափող կիլոմետրերով է հաշվվում, այլ գիտակցական խորությամբ, մենք որակապես պետք է փոխվենք, այսինքն` ճշտվենք, շտկվենք, ուղղվենք… Ամբողջ միջնադարում մեր մատենագիրները նույն էին աղաղակում, մենք հեռացել ենք ճշմարիտ ճանապարհից` դրանով էլ պայմանավորված են մեզ պատուհասած աղետները: Աղետները ազգային ողբերգություններն էին, որոնց դառնակսկիծ գույժը մեզ էին հասցնում իրենց ժողովրդի ցավից ճենճերացող և այդ ցավը պատմություն դարձնող պատմագիրներն ու ժամանակագիրները` բոլորն անխտիր, անուն առ անուն, մատյան առ մատյան….
Մենք շեղվեցինք ճշմարտությունից, կորցրեցինք բնական հավասարակշռությունը, թեքվեցինք և, ինչպես սյուն, տապալվեցինք, փշուր-փշուր եղանք: Հեռացանք ինքներս մեզանից, դարձանք ուրիշ: Մեր ընկած տեսակը սկսեցինք չսիրել, սկսեցինք մենք մեր անկյալ վիճակից խորշել և հեռանա՛լ ու հեռանա՛լ ինքներս մեզանից: Մտանք ուրիշի, անգամ թշնամու ապահով պետության, գործող լեզվի, մինչևիսկ հավատի մեջ, օտարացանք, երբեմն դարձանք նաև մեր տեսակին թշնամի:
Մեր ազգային անկումը դարձավ Հայի մեր կերպարի խաթարման պատճառ, ձևախեղման նախադրյալ, և մեր ազգակիցների զավակներն ապահովություն և արժանապատվություն որոնելու հեռանկարով հեռացան Արարատից: Հեռացա՛ն, հեռացա՛ն և դեռ հեռանում են: Մենք, որ քանկապես պիտի աճեինք ու շատանայինք մեր հայրենիքում, չաճեցինք ու չշատացանք, որովհետև կանաչ ոստը ծիլ էր տալիս ուրիշի դաշտերում` ծաղիկն ու պտուղը թողնելով այնտեղ: Մենք մեր սերունդներին տվեցինք ուրիշներին, դարձանք ամառվա ցամաքող գետ:
Եվ այսպես` դարե՛ր շարունակ: Բյուզանդիայի հայահալած քաղաքականությունից սկսած, որ Հայոց արքայատոհմերն ու նախարարական տները կտրում էր հայրենի հողից և վերաբնակեցնում իր երկրի արևելյան տարածքներում, մինչև թաթար մոնղոլներ, մինչև թուրքեր, ովքեր եկան, եկան ու նստեցին մեր հողերի վրա, տարան մեր աղջիկներին, կերան մեր հացը և ամեն ինչ ավարտեցին 1915 թվականի ցեղասպանությամբ ու Հայոց Հայրենիքի բռնագրավումով:
Որպեսզի այսուհետ մեր երկրում աճենք քանակապես, որպես ժողովուրդ պետք է որակապես փոխվենք` ճշտվենք: Որակապես ճշտված, ճշմարիտ Հայի կողքին կկանգնի մյուս արժանավոր Հայը, և ոչ թե ամոթից կհեռանա: Այսպես, աստիճանաբար որակը կդառնա քանակ, հակառակ դեպքում քանակը այլևս չի դառնա գլխաքանակ: Իսկ դրա համար այսօր առանց հապաղելու մեզ անհրաժեշտ է ստեղծել ազգային առողջացման ծրագիր: Մեր փրկության միջուկը առողջ հանրային և ազգային կառույց ձևավորելն է: Տապալված սյունը միմիայն այդ ճանապարհով կարելի է ոտքի կանգնեցնել:
Այս երազանքը հեշտ չէ իրականացնել, որովհետև համաշխարհայնացման գործընթացներն օրըստօրե փոխում են մարդու մտավոր կշիռն ապահովող արժեքային համակարգերը: Արժեքային համակարգ է կայացած պետությունը, հաղորդակցության լայն շրջանակ ունեցող լեզուն, ժողովրդավարության ճիշտ սկզբունքներով կառուցված հանրությունը, բարձր մշակույթը, օրենքի անխտրականությունը, մարդու ապահովության ու վստահության երաշխիքը, մասնագիտական պահանջարկ ունեցող կրթությունը, որակյալ և մատչելի բժշկությունը, աշխատանքը, վարձատրությունը, կենցաղը, խնամքը…
Արժեքային այս համակարգը ձևավորում է հասուն հանրույթ, որի մեջ էլ ստեղծվում է մարդկային արժեքը` մարդը ինչ է, թե ոչինչ: Մարդկային լիակատար արժեքները ձևավորվում են միմիայն պետական, հանրային, ընկերային, մշակութային, անձնային հասուն միջավայրերում: Ահա այդպիսի միջավայրերում անձնային պահանջներն իրականացնելու նպատակով մարդիկ հեռանում են իրենց կայանալու հնարավորությունները կասեցնող, սահմանափակող, խոչընդոտող հայրենիքներից: Իրենց չկայացած պետություններից գնում են դեպի ապահովություն:
Փրկվում է անձը, հերթական կորուստն է կրում ազգը:
Ահա այստեղ է փոքր ժողովուրդների չկայացածության շարունակական կախվածությունը, ինչը համարժեք է ողբերգության: Զարգացած երկրները կասեցնում են զարգանալ փորձող երկրներին` նրանց ոչ թե արտադրողի, այլ սև շուկայի կարգավիճակով դատապարտելով հավիտենական հետամնացության:
Ի՞նչ է կատարվում Հայ ժողովրդի հետ: Ժողովրդավարությունը, անկախությունը և անգամ Արցախի ազատագրումը ի՞նչ տվեցին նրան:
Հայությունը ոչ միայն չհամախմբվեց իր Հայրենիքում, այլև, ըստ պաշտոնական վիճակագրության, միայն 1991-2001 թվականներին Հայաստանից հեռացավ մեկ միլիոն հարյուր հազարից ավելի մարդ: Այդ ընթացքը շարունակվեց նաև հաջորդ տասնամյակին` նույն աղետալի արագությամբ:
Խորհրդային վերջին տարիներին Հայաստանը և Ղազախստանը ունեին երեք միլիոնից ավելի բնակչություն: 2011 թվականին Հայաստանում (Արցախի ու Ջավախքի հետ մեկտեղ) առաջին դասարան սովորելու է դիմել 37. 000 երեխա, Ղազախստանում` 260 000: Այս թվերն ինքնին ամեն ինչ ասում են, մանրամասնելու անհրաժեշտություն չկա: Հայաստանի առկա բնակչության իրական թիվը այդպես էլ մեզանից գաղտնի է պահվում, անգամ նախորդ մարդահամարի տվյալները անհայտ մնացին: Իսկ Ղազախստանի բնակչությունը մոտենում է վեց միլիոնի: Անկախության սեպտեմբերին` 1991-ին, առաջին դասարան էր հաճախում շուրջ 70 000 աշակերտ, այսօր` 20 տարի անց, դրա կեսն է: 1991 թվականին «Այբբենարան» դասագիրքը տպագրվել է 69 000 օրինակ, 2011-ին` 37 000: Անկախության առաջին տարին դպրոցական էր ավելի քան` 600 000 աշակերտ, իսկ այսօր շրջանառվում է
380 000-ը:
Ապարանի Մուլքի գյուղում ժամանակին եղել է երեք առաջին դասարան, այսօր առաջին դասարան է հաճախում երեք աշակերտ: Այս ողբալի պատկերն ամենուր է:
Հայաստանը աղետալիորեն դատարկվում է:
Արտաշատցի զինվորական է: Ծառայում է ռուսական սահմանապահ զորամասում: Տղային կրթության է տվել ռուս զինվորականների երեխաների համար նախատեսված ռուսական դպրոցում: Տղան ավարտել է դպրոցը և հայերեն գրել, կարդալ չգիտի: Հայերեն տառերը չի ճանաչում: Հայրը շարունակում է` շուտով կավարտեմ ծառայությունս, ընտանիքով կտեղափոխվենք Ռուսաստան:

Հայը հարմարավետություն սիրող է, նկարագրով հարմարվող-համակերպվող է, ինչն էլ նրան մղում է ապահովություն որոնելու Հայրենիքից դուրս: Հայը չունի արևելյան ժողովուրդներին բնորոշ ազգային և կրոնական մոլեռանդությունը, ավելի անձնապաշտ է, քան հրապարակային սխրանքի պատրաստ: Ինչպես մարդը հանկարծ շոգում է մտքի սնանկությունից, այդպես էլ ազգը նվաղում է նվիրումի անպատրաստ որդիների խեղճությունից: Դուրսեցիներն ու ներսինները այնքան նսեմացրեցին պարզ Հայ մարդուն, որ նա անգամ իր մարդկային իրավունքների պաշտպանության համար ոտքի չի կանգնում, էլ ուր մնաց թե ընդվզի, բողոքի, կռվի: Դարձել է չափազանց զգուշավոր, վախկոտ ու հանդուրժող: Հակառակ դեպքում մեկ կիլոգրամը շուկայում նրա աչքի առջև չէր դառնա 800 գրամ, չէր երթևեկի ամոթալի պայմաններում` շնչահեղձ լինելու չափ իրար վրա լցված ուղևորներ, երաժշտություն կոչված խժալուր աղմուկի և իրար ետևից ծխող վարորդի կշտամբանքների ուղեկցությամբ: Դիմակայության ոգին շատ թույլ է: Հանկարծ փորձի որևէ ձևով առարկել կամ օրինական մի բան պահանջել` ծեսը սկսում է ինքնաստորացումից` է՜լ կյանքի՛դ մեռնեմ, է՜լ հոգո՛ւդ մեռնեմ, է՜լ ցա՛վդ տանեմ, է՜լ ախպե՛ր ջան… Ահա այս պայմաններում է, որ ճանապարհային ավտոտեսուչը դառնում է լկտիության մարմնացում, պետական պաշտոնյան` անօրինական գործարքների հմուտ վարպետ, դրամաշորթությունը` կենսակերպ: Հապա մի դրանց ֆասոնին նայեք: Եվ չկա մեկը, որ զայրույթից ձեռքը խփի սեղանին ու ասի` այս ի՞նչ եք անում, այս ո՞ւր հասանք:
Էլի հույսը Հայի Հայի վրա է: Նրա՜, ով կընդվզի, բայց կմնա մեն-մենակ. բոլորը մտքով նրա կողմնակիցն են, բայց հրապարակավ չեն պաշտպանի, ինչու վատամարդ դառնան: Հայն իր Հայրենիքում այնքան է ստորացվել ու բարոյական կաշկանդումների ենթարկվել հայրենի իշխանությունների կողմից, որ իր համար կենսակերպ է դարձել «Լռությունը ոսկի է» զգուշավոր իմաստությունը:
Իսկ եթե մի գեղեցիկ օր էլ Հայի Հայը հոգնի ինքն իրենից և կողքին կանգնած Հային ու երեկվա ու այսօրվա սփյուռքահայերին ասի` էլ չե՜մ ուզում հերոս լինել, էլ չե՜մ ուզում այս երկրի ժամապահը լինել, էլ չե՜մ ուզում հայրենասիրության բարոյական դասեր տալ, եկեք ինքնե՜րդ տեր կանգնեք Երկիր Նաիրիի դրսի ու ներսի սահմաններին, ի՞նչ պետք է անեն, ի՞նչ պետք է ասեն նրան… Երբեմն լինում է նաև այդպես, և Հայի Հայը պարզապես դառնում է Հայ, որպեսզի կարճ ժամանակ հետո դառնա սփյուռքահայ, որի վերջնական արդարացումը հեռակա հայրենասիրությունն է:
Այո՜, Հայությունն այդպես էլ չի համախմբվում իր Հայրենիքում: Ասել, թե Հայը չի սիրում իր Հայրենիքը` պատճառաբանություն չէ: Այս զարհուրելի տեղաշարժի դրդապատճառներն այլ տեղ են, որ տեսանելիորեն արտահայտվում են սոցիալական և բարոյական ոլորտներում` գործազրկություն, չնչին աշխատավարձ, վայրենի բարոյական միջավայր, մարդկային արժանապատվությունը վիրավորող բարքեր: Ազգային գոյավիճակի այս համընդհանուր թշվառությունից յուրաքանչյուր ոք ելք է որոնում` ով ինչպես կարող է: Մե՜կը քաղաքական ապաստան է խնդրում, մյո՜ւսը հոգին է ծախում որևէ աղանդի, երրո՜րդը մեկնում է արտագնա, բայց անվերադարձ աշխատանքի` իր հետ տանելով նաև ընտանիքը, չորրո՜րդը իբր ընտանիքի միավորման պատրվակով ճեղքում է շղթան…
Հայ մարդը իր ներկա ու վաղվա օրը չի կապում Հայոց Հայրենիքի հետ: Անգամ ազգային նկարագրի ու մայրենի լեզվի կորուստի հաշվին պատրաստ է փրկել իր մեջ թաքնված մարդ արարածին, ով այս դեպքում նրա համար ազգություն չի ճանաչում:
Եվ այսպես դարեր շարունակ հայոց արյունը տարածվել ու նստվածք է տվել աշխարհում: Թուրքը, ադրբեջանցին, վրացին, քուրդը, արաբը, իմանալով, որ իրենց տատը Հայ է, գաղտնի են պահում, ամաչում են հանրորեն ընդունել և միայն նեղ շրջանակներում են խոստովանում: Այդպիսի փաստերը շատ-շատ են: Ի՞նչ է, մի՞թե այդքան ամոթ է Հայկական ծագում ունենալը կամ Հայ լինելը:
Պարտություններ շատ ենք կրել, շատ ենք տրորվել, մեզ ստորացրել են և վիրավորել են մեր ազգային արժանապատվությունը: Իսկ այդպիսիներին չեն սիրում, չեն ընդունում, արհամարհում են և հերթական անգամ նսեմացնում:
Եվ այսպես…
Եվ այսպես, երբ Հայերը հեռանում են Հայրենիքից, մնում է հարազատների ու ծննդավայրի կարոտը:
Երբ կարոտը կամաց-կամաց ցնդում է Արարատի գագաթին իջած մշուշի նման, մնում է մայրենի լեզուն:
Երբ օտար աշխարհում անգամ ընտանիքում մայրենի լեզուն տեղը զիջում է տվյալ երկրի լեզվին, մնում է հավատը:
Երբ կորցնում են հավատը, մնում է ազգային ոգին:
Երբ կորցնում են ազգային ոգին, մնում է ազգային հիշողությունը:
Երբ կորցնում են ազգային հիշողությունը, մնում է ավանդույթը և սովորույթը:
Երբ կորցնում են ավանդույթն ու սովորույթը, մնում է հեռավոր մի ազդակ, որ նրանց երբեմն-երբեմն հիշեցնում է իրենց ծագումնաբանությունը:
Երբ Հայերը կորցնում են իրենց ծագումնաբանական հիշողությունը, մնում են նախնիներից ժառանգություն մնացած ինչ-ինչ իրեր և պատմություններ, ինչը և առիթից առիթ ցանկություն է առաջացնում հանրագիտարաններում որոնելու «Հայաստան» բառահոդվածը, իսկ քարտեզի վրա գտնելու Հայաստանի տեղը:
Իսկ երբ Հայերը դադարում են կարոտել, երբ հեռանում են մայրենի լեզվից, հավատից, ազգային ոգուց, ազգային հիշողությունից, ավանդույթից ու սովորույթից, մոռանում իրենց ծագումնաբանությունը և քարտեզի վրա դժվարությամբ են գտնում Արարատի տեղը, նրանք այլևս Հայեր չեն… Վաղո՛ւց արդեն Հայեր չեն…
Բայց սա ամենևին էլ վերջը չէ:
Որքան էլ Հայը դառնա ռուս, ամերիկացի, անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, հույն, թուրք, քուրդ, վրացի, այնուամենայնիվ խորքի խորունկ մի շերտում հիշում է իր Հայկական ծագման առասպելը: Այդպես Նոյյան տապանն իջավ Արարատից, ու շարունակվեց մարդկային քաղաքակրթությունը: Հայաստանն այսօր դարձել է Նոյյան տապանի պես մի բան, որտեղից հեռանում են Արարատի որդիները: Եվ այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի դարձել ուժեղ, զարգացած և ժամանակակից երկիր: Առո՜ղջ երկիր:
Այդ հույսն ու հավատը իր մեջ պահում է ոչ թե Հայը, ով ենթակա է ամեն տեսակի ազգակործան գայթակղությունների, այլ` Հայի Հայը, ով, հակառակ պատմության հողմերի ու փոթորիկների, շարունակում է իր արմատները մխրճած պահել այս դժվար, այս չափազա՛նց դժվար, բայց առասպելական ու երանելի հողի մեջ…
1-10. 09. 2011

Մեկ մեկնաբանություն

  1. «Հայը` Հայ Է հա՛ »

    *
    Հնում Հայը
    Հին Հայ էր հա,
    Հա` հայ – հայ էր հնում
    Հին Հայը հա…

    *
    Հետո էլ Հա,
    Հայը էլի` հա՛
    Հայ – հայ էր
    Հետո է լ հա`
    Հայը հա։

    *
    Հիմա` Հայը
    Հիմիկվա Հայ Է հա՜,
    Համ էլ հա հայ – հայ Է
    Հիմիկվա հայը.
    Հիմա՝ հա։

    *
    Հենց հիմա էլ Է
    Հայը` Հա՛յ հա՜
    Համ էլ, հա՛յ – հա՛յ Է
    Հայը՝ հենց
    Հիմա` հա։

    *
    Հետագայում էլ Է
    Հայը հա Հայ,
    Հա հա՛յ – հա՛յ
    Հայ է համարվելու՝ հա,
    Հետագայի` Հայը հա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.