ԵՐԵՎԵԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ռուբեն-ՄարուխյանԲաց նամակ
Ռուբեն Մարուխյանին՝
նոր գրքի ծննդյան առիթով

Թանկագին Ռուբեն.
Վաղուց առիթ էի փնտրում ի խորոց սրտի խոսք ասելու քո ստեղծագործական բազմափեղկ ու ինքնատիպ աշխարհի մասին, ուր փորձել էի «ճանապարհորդել» նաև շուրջ տասը տարի առաջ՝ «Սերունդների ճանապարհին հնչող «Կանաչ զանգը» խոհագրությամբ: Այն ժամանակ առիթը քո «Կանաչ զանգ» ժողովածուն էր և «Չիկարելիի արկածները» մանկական հեքիաթ-վիպակը: Բայց ինքնաբերաբար թե բնաբուխ զգացումով իմ անդրադարձում նաև անթաքույց կշտամբանք կար մեր քննադատական մտքի հանդեպ, որ վաղուց ի վեր պետք է նկատած լիներ քո երևելի ներկայությունը դարավերջի տասնամյակների ու նոր դարասկզբի գրական մթնոլորտում և ըստ ամենայնի խոսք ասվեր: Այնինչ այդ խոսքը սահմանափակվել է հպանցիկ գրախոսա­կանների շրջանակներում: Եվ «մեղավորը» նաև դու ես, իմ բարեկամ: Ավելի ճիշտ, քո գրողական-մարդկային տեսակը՝ հեռու թմբուկ-շեփորային ծնծղաներով իր անձի ու ստեղծած գրականության վրա արհեստականորեն ուշադրություն գրավելու ոմանց բնորոշ մոլուցքից:
Անցել է մի տասնամյակ մեր «ահազանգից», ու նորից գրական քննադատության «դաշտում»՝ հանիրավի չեն նկատում տարիների հետ զորացող քո ստեղծագործական քայլերը: Այդ ընթացքում 1969-ին հրատարակված «Ինչպես են ծաղկել ծառերը» առաջին գրքին իրար ետևից հաջորդել են «Մի տխրիր, հայրիկ», «Կանաչ զանգ», «Դար, ցտեսություն, բարև» արձակ ու չափածո ստեղծագործությունների ժողովածուները, «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակը (որ հրատարակվել է նաև ռուսերեն), «Բացվող վարագույրներ», «Այս զարմանալի, այս հրաշալի տիկնիկները», «Զրույցներ թատրոնի մասին» գեղարվեստավավերագրքերը, «Հեքիաթների տոնավաճառ» մանկական պիեսների ժողովածուն, ինչպես նաև տարաժանր այլ գործեր, որոնցից յուրաքանչյուրն առանձին և բոլորը միասին մեզ իրավունք են տալիս վստահորեն, առանց վերապահության, քեզ դասելու ժամանակակից հայ գրականության (այդ թվում՝ մանկապատանեկան) երևելի ներկայացուցիչների շարքում:
Քո գրականության կենարար զարկերակներից կուզեի առանձնացնել երկուսը՝ մարդու և բնության ներդաշնակության երազանք, ինչպես և արվեստի միջոցով մարդու մաքրագործման, նրան իր մարդկային բարձունքում տեսնելու գաղափարի շեշտա­դրում: Հիշո՞ւմ ես, «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակին անդրադարձ կատարելիս մեջբերել էի քո այս խոհը. «Մենք շատ ենք հեռացել բնությունից… Ուրբանիզացիան ավերել է մարդու հոգևոր աշխարհը, օտարացրել այն միջավայրից, որի ծնունդն է նա: Այն մարդը, որ հավատում է, թե ծաղիկը կարող է երգել, ծառը՝ խոսել, աղբյուրը՝ հառաչել, երբեք ձեռք չի բարձրացնի ոչ միայն ծառ ու ծաղկի, այլև մերձավորի վրա: Իմ խնդիրն է եղել ընթերցողի մեջ սերմանել հենց այս գաղափարները, մոտեցնել նրան բնությանը»: Եվ այդ խնդիրը քեզ բնորոշ խոհափիլիսոփայական բնաբուխ և ներհուն տարերքով երևակել ես ոչ միայն այդ հեքիաթ-վիպակում, որ եզակի գործ է մեր մանկապատանեկան արձակում, այլև տարբեր ժողովածուներում տեղ գտած բազմաթիվ պատումներում. մանկության ու պատանեկության վերհուշերի, անցյալի ու ներկայի զուգորդումների, ներքին խռովքի, ցավի ու տագնապի, ի վերջո, հուսո ու հավատի առկայծումներով սերունդների հայացքն ուղղում ես մնայուն արժեքների վրա՝ նրանց տոգորում հայրենի հողի հավերժության, նրա վրա բարի հետքեր թողնելու, բնաշխարհի գույներով ու ձայներով հոգևորը մաքուր պահելու, հարստացնելու ձգտումներով: Քո արձակի «միջուկը» հենց այդ ոգեղեն գաղափարների արտահայտությունն է և խորհրդանշում է սերունդների հոգևոր ու բարոյական արժեքների իմաստավորման ու պահպանման, մարդու ու երկրի ճանապարհի շարունակման ու հարատևման պատգամը` «կանաչ զանգի» հայրենախոս ղողանջներով, մարդու ու բնության ներդաշնակության երազանքը վերջապես իրականացած տեսնելու վեհ ցանկությամբ:
Քո գրականության մյուս կենարար զարկերակը մարդու և արվեստի փոխհարաբերության, տվյալ դեպքում՝ սերունդների հոգևոր աշխարհի վրա թատերարվեստի կախարդական ազդեցության շեշտադրումն է՝ այսպիսի ճշմարիտ խոհով. «Թատրոնը բարություն է բաժանում մարդկանց և ցույց է տալիս ճշմարիտ ապրելու ճանապարհը: Նա վեհացնում է մարդու հոգին, ներշնչում պայքարի ու հաղթանակի հավատ»: Թատրոնը քո անանց սերն է, մի հրաշալի աշխարհ, որ եղել և մնում է հայ մարդու հոգևոր կրթության անփոխարինելի միջոց: «Բացվող վարագույրի» կախարդանքով ես դու պարուրում մանուկ ու պատանի (և ոչ միայն) հանդիսատես-ընթերցողին, քո մի շարք ստեղծագործությունների թեման «վերցրել» ես ծանոթ ու հարազատ այդ աշխարհից, որին նվիրել ես կյանքի երկար տարիներ՝ որպես Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր:
Թատրոնի՝ այդ «ծեր», բայց միշտ երիտասարդ կախարդի մասին ինչպիսի՛ ոգևորությամբ, գրավիչ ու հետաքրքրաշարժ ոճական հյուսվածքով ես պատմում-ներկայացնում մանուկ ու նաև տարեց ընթերցողներին քո «Բացվող վարագույրներ», «Այս զարմանալի, այս հրաշալի տիկնիկները», «Զրույցներ թատրոնի մասին», «Հեքիաթների տոնավաճառ» գեղարվեստավավերագրքերում: Վկա նաև՝ վերջերս հրատարակված «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» ժողովածուն, որ նախորդ գրքերի առանձին ստեղծագործությունների ներառումով հանդերձ՝ մի նոր ու հետաքրքիր աշխարհ է բացում մեր առջև, իսկապես զարմանահրաշ մի աշխարհ, որտեղ ապրում են մեր մանկության հրաշալի բարեկամները՝ տիկնիկ-խաղալիքները, և որոնք ծիծաղելի ու բարի, ազնիվ «ոսկե հեքիաթներ են պատմում մարդկանց ու աշխարհի մասին»:
Ինքս էլ ահա բացում եմ այդ աշխարհը տանող դռները, ներս եմ մտնում և հայտնվում տիկնիկների իրոք զարմանահրաշ տոնավաճառում, և այլևս ան­հնարին է դուրս գալ այնտեղից: Դու, բարեկամս, այդ աշխարհում «ճանապարհորդելուց» առաջ նախաբան-խոսքում բացահայտում ես «թատրոն» երևույթի էությունը, նրա նշանակությունը մարդկության կյանքում, պատմում թատրոնի տեսակների՝ օպերայինի, բալետի, դրամատիկականի, կոմեդիայի, մնջախաղի, երգիծանքի, խամաճիկների, ամենից հանգամանորեն՝ տիկնիկայինի մասին: Իսկ հետո մեզ ես ներկայացնում թատրոնի «գլխավոր հերոսներին», նրանց, ովքեր ամեն ինչ անում են՝ մեզ պարուրելու այդ հրաշագործի իրական կախարդանքով՝ ռեժիսորից մինչև դերասան, երաժշտական, նկարչական ձևավորումներից մինչև բեմի հետ կապված հազար ու մի գաղտնիքների բացահայտում:
Իսկ հետո մենք հայտնվում ենք արդեն տիկնիկների կախարդական աշխարհում: Նախ ծանոթանում ենք նրանց «ծննդյան» պատմությանը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, ապա հենց իրենց՝ ժողովրդական տիկնիկ-հերոսներից մինչև թատրոններում ծնվող և ապրող, բեմերում «խաղացող» բազմալեզու ու բազմատեսակ տիկնիկներ, նրանց «կենդանացնող», «խոսեցնող» դերասաններից, ռեժիսորներից մինչև տիկնիկային թատրոնների մանուկ ու պատանի հանդիսատես: Եվ զարմանա­հրաշ այս աշխարհում մենք հանդիպում-ծանոթանում ենք հին դարերից հայտնի Նուրի հայկական տիկնիկի, ռուսական ժողովրդական տիկնիկ-հերոս Պետրուշկայի, «գերմանացի» Կաշպերի, «ֆրանսիացի» Պոլիշինելի, «անգլիացի միստր» Պանչի, «ռումինացի» Վասիլյաշի, իտալական փայտե տիկնիկ Պինոքիոյի (որին Ալեքսեյ Տոլստոյը իր «Ոսկե բանալի» հեքիաթ-վիպակում վերանվանել է Բուրատինո), այսպես նաև՝ էլի շատ երկրների երեխաների սիրելի տիկնիկ-հերոսների հետ, որոնց մասին դու պատմում ես հետաքրքիր, գրավիչ հյուսվածքով, յուրաքանչյուրը՝ ճանաչողական-ուսուցողական մի դաս բոլոր տարիքի ընթերցողների համար:
Գրքի մեկ այլ բաժին են կազմում աշխարհի մի շարք երկրների տիկնիկային հայտնի թատրոններին նվիրված զրույցները՝ ճապոնականից մինչև մոսկովյան-օբրազցովյան, մինչև մեր երեխաների հարազատ տունը՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն:
Ահա և հասանք քո գրքի «ճանապարհորդության» վերջին «կայարանը», ուր ներկայացված են քո դրամատուրգիական աստվածատուր շնորհի պտուղները՝ տիկնիկային թատրոնների համար ինչպես հեղինակային, այնպես էլ այլ հանրահայտ գրողների հեքիաթների հիման վրա գրված պիեսները՝ «Իսկական ընկերը», «Ամենից լավ տունը», «Շունն ու կատուն», «Երեք արջուկի հեքիաթը», «Անահիտ», «Տերն ու ծառան» և այլն: Դրանք տարբեր ժամանակներում բեմադրվել են ինչպես Երևանի, Գյումրիի, այնպես էլ այլ տիկնիկային թատրոններում:
Այս ժողովածուն վերստին հաստատա­գրում է այն ճշմարտությունը, որ դու, թանկագին Ռուբեն, մեկն ես ժամանակակից եզակի այն գրողներից, ով մնայուն հետագիծ է թողել հայ արձակի, հատկապես գեղարվեստավավերագրական և մանկական դրամատուրգիայի ժանրային ներկապնակում:
Նամակն ավարտելով՝ մաղթում եմ քեզ ստեղծագործական բեղուն ճանապարհի արգասավոր շարունակություն, ճանապարհ, որի կանգառներում մեզ սպասում են հետաքրքիր հանդիպումներ քո նոր գրքերի հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.