ԿԼԱՎԴԻՈՒՍԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՔՍՊԻՐԻ «ՀԱՄԼԵՏ»-ՈՒՄ ԵՎ ՆՐԱ ԿԵՐՊԱՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Արամ ԹՈՓՉՅԱՆ

Արամ Թոփչյան«Գրական թերթն» արդեն անդրադարձել է «Համլետ»-ի` Արամ Թոփչյանի նոր, դեռևս անտիպ թարգմանությանն ու այն ուղեկցող ուսումնասիրությանը: Ներկայացվող այս հատվածը Կլավդիուսի մենախոսությունն է և նրա կերպարի վերլուծությունը:

ԿԼԱՎԴԻՈՒՍ
Գարշ է մեղքս, և հասնում է հոտը երկինք,
Նրա վրա անեծքներից հնագույնն է.
Եղբայրասպա՜ն: Անկարող եմ աղոթք անել,
Թեպետ կամքիս չափ ուժեղ է ցանկությունս.
Զորեղ իղձս թույլ է զորեղ իմ հանցանքից:
Ինչպես երկու առաջադրանք ունեցող մարդ,
Չգիտեմ, թե որից սկսեմ, և երկուսն էլ
Զանց եմ առնում: Այս նզովյալ ձեռքը եթե
Կրկնակի ծածկված լիներ եղբոր արյամբ,
Մի՞թե բարի երկնքի մեջ չկա անձրև,
Որ լվալով` այն ձյան նման սպիտակեցներ:
Ի՞նչ է գութը, եթե մեղքին չընդդիմանա,
Եվ աղոթքում ի՞նչ կա բացի երկու ուժից.
Մեկն` արգելող, որ չընկնենք, մեկն էլ` ներող,
Երբ ընկած ենք: Հայացքդ վե՛ր. ոճիրն արդեն
Անցյալում է… Բայց ի՞նչ աղոթք կծառայի
Նպատակիս. «Ների՛ր զազիր սպանությո՞ւնս»:
Ո՛չ, չի լինի, քանզի ինձ են դեռ պատկանում
Պտուղները, հանուն որոնց ես սպանեցի`
Իմ թագը, իմ մեծությունը և թագուհին.
Մի՞թե ներվողն իր շորթածը պահպանում է:
Այս աշխարհի եղծ բարքերը թույլ են տալիս,
Որ հանցանքի կաշառող ձեռքն արդարության
Առաջն առնի, և հաճախ հենց պիղծ ավարն է
Օրենք գնում: Սակայն այդպես չէ վերևում.
Այնտեղ չկա խաբեություն, ամեն արարք
Երևում է իր էությամբ, և ստիպված ենք
Մեր մեղքերին դեմ հանդիման` ցուցմունքներ տալ
Դրանց մասին: Ուրեմն ի՞նչ, ի՞նչ է մնում.
Փորձե՞լ` զղջումն ինչ կարող է կամ չի կարող,
Իսկ եթե մեկն ընդունակ չէ՞ բնավ զղջալ:
Օ՜, խղճալի վիճակ, օ՜, կուրծք մահվան պես սև,
Հոգի՜, որ զուր ջանում ես դուրս գալ սոսնձից,
Բայց խրվում ես… Հրեշտակնե՛ր, փորձե՜ք օգնել,
Ծալվե՛ք, համառ ծնկնե՛ր, պողպատ ջղերով սի՛րտ,
Փափո՛ւկ եղիր նորածինի մկանի պես…
Դեռ ամեն բան ուղղելի է:
Շեքսպիրյան չարագործների շարքում առավել վառ ու կենդանի անհատականություններից մեկն է Կլավդիուսը: Զանազան իրավիճակներում նա ցուցաբերում է տարբեր հատկանիշներ, որոնց ամբողջացմամբ կերտվում է մի հույժ հետաքրքիր կերպար: Նրան մե՛րթ տեսնում ենք արքունիքի առաջ իր ճարտասանական ձիրքն ու խորամանկությունը ցույց տալիս, մե՛րթ խրատաբանելիս, մե՛րթ մարդկանց շողոքորթելիս ու սիրաշահելիս, մե՛րթ էլ անվարան նրանց ստորաքարշությունը շահագործելիս: Նա իր մահառիթ գործողություններում վճռական է, բայց նախընտրում է սպանել գաղտնի` թույնով կամ դավով: Սովորաբար, անգամ Լաերտի սպառնալից ապստամբության ժամանակ, անվրդով է, սակայն առանձին պահերի կարող է կորցնել ինքնատիրապետումը (օրինակ` «Գոնզագոյի սպանությունը» դիտելիս) կամ շփոթվել (օրինակ` երբ իմանում է Անգլիա մեկնած Համլետի անսպասելի վերադարձի մասին): Նա նույնիսկ ընդունակ է խղճի խայթ զգալու և ծնկի գալու` փորձելով Աստծուց թողություն հայցել, կամ Լաերտին խոստովանելու իր կաթոգին սերը Գերտրուդի հանդեպ: Այս ամենի շնորհիվ նրա կերպարը երբեմն անմիանշանակ է և անսպասելիորեն առաջացրել է որոշ երևելի գրականագետների համակրանքը:
Այդուհանդերձ, Կլավդիուսի բնավորության մի հատկանշական գիծ` խաբեբայությունը, որոշիչ է նրա վարքա­գծում: «Համլետ»-ի` Օքսֆորդի նոր հրատարակության խմբագիր Ջորջ Հիբբարդը, այս հանգամանքի վրա ուշա­դրություն հրավիրելով, երկի կոնֆլիկտը սրամտորեն հանգեցնում է կեղծիքի ու ճշմարտության միջև պայքարի: Առաջինի մարմնավորողը թագավորն է, իսկ երկրորդինը` Համլետըi: Եթե վերջինիս հատուկ է շիտակությունն ու ճշմարտության մշտական որոնումը, ապա Կլավդիուսի մեջ սուտն այնպես է բուն դրել, որ դարձել է նրա էության անբաժան մաս: Նույնիսկ ակնհայտորեն ստելիս թագավորն ինքը կարող է հավատալ իր ասածին: Նրա վերջին խոսքն է` «Բարեկամնե՜ր, օգնե՜ք, միայն վիրավոր եմ», մինչդեռ նա քաջ գիտի, որ խոցված է թունավոր սրով: Կլավդիուսը հարկադրված է ճշմարտությունը թաքցնել, դատապարտված է դրան: Անգամ այն պահին, երբ թագուհին ըմպելու է մահացու խմիչքը, նա ընդամենը ասում է` «Գերտրուդ, մի՛ խմիր», այլ ոչ թե` «Մի՛ խմիր, ըմպելիքը թունավոր է»: Նա կարող էր նաև գավաթը խլել կնոջ ձեռքից, ինչպես որ դա քիչ անց ուժերի մի վերջին լարումով անում է մեռնող Համլետը` Հորացիոյին թույլ չտալով խմիչքն ըմպել: Բայց ո՛չ. որքան էլ թագավորը շատ սիրի Գերտրուդին, նրա համար կնոջը փրկելուց ավելի կարևոր է ճշմարտության քողարկումը: Երբ Լաերտը նրան հարցնում է, թե ինչու Պոլոնիուսի սպանության համար Համլետին հրապարակավ չի դատել, Կլավդիուսը երկու պատճառ է բերում. առաջին` ինքը չի ուզել ցավ պատճառել որդուն անչափ սիրող մորը, և երկրորդ` նման դատը վտանգավոր կլիներ, քանի որ արքայազնը լայն ժողովրդականություն է վայելում: Այս պատճառները, նկատում է Հիբբարդը, անշուշտ, ունեն իրենց նշանակությունը, սակայն Համլետին չդատելու գլխավոր խոչընդոտը դարձյալ Կլավդիուսի վախն է` թե ճշմարտությունը կբացահայտվի, և ինքը կկորցնի այն ամենը, հանուն ինչի եղբայրասպան է դարձել:
Թագավորին լավ է բնութագրում առաջին ճառը, որ նա ասում է պալատական հանդիսության ժամանակ: Այն կառուցված է կուռ տրամաբանությամբ, պատճառա-հետևանքային սերտ կապերով, և մեզ առաջին հայացքից, երբ դեռ չենք հասցրել ըստ էության ընկալել նրա խոսքը, թվում է, թե տեսնում ենք մի իմաստուն ու իր երկրի հոգսերի վրա կենտրոնացած միապետի: Ակամա հիշում ենք Շեքսպիրի «Ռիչարդ III» ողբերգության սկզբում Գլոստերի դքսի հայտնի մենախոսությունը, որով նա փորձում է տրամաբանորեն «հիմնավորել» իր` ոճրագործ դառնալու անհրաժեշտությունը: Թեպետ Կլավդիուսը Գլոստերի պես չի հայտնում իր ծածուկ մտքերը, երկու չարագործների մտածողությունն ու իրենց արարքներն արդարացնելու մեթոդը նույնն է: Նրանք խոսում են «Թեև… սակայն… ուստի…» կարգի քերականական կառույցներով, ինչի նպատակն է նախ նշել մի անբարենպաստ հանգամանք, հետո դրա դեմ փաստարկ բերել ու եզրակացնել, թե իրենք ստիպված են գործել որոշակի ձևով: Կլավդիուսն իր ճառն այսպես է սկսում.

Մեր սիրելի Համլետ եղբոր մահվան հուշը
Թեև թարմ է, և վայելուչ կլիներ մեզ
Կսկիծ պահել մեր սրտերում, իսկ մեր ամբողջ
Պետությանը` վշտից կիտված մի հոնք դառնալ,
Սակայն խելքը պայքարում է բնության դեմ`
Ստիպելով, որ նրան հիշենք խոհեմ ցավով
Ու այդպիսով չմոռանանք ինքներս մեզ:
Ուստի և` մեր քրոջն, այժմ մեր թագուհուն`
Օգոստափառ ժառանգուհուն կռվող երկրի,
Այսպես ասենք` մի ընկճված զվարթությամբ,
Մեկ գոհունակ աչքով ու մեկ` արտասվալից,
Թաղմանն` ուրախ, հարսանիքին` սգո երգով,
Զուգակշիռ երջանկությամբ ու մորմոքով,
Մեզ կին դարձրինք:

Շեքսպիրը նրա խոսքում կիրառել է օքսիմորոն կոչվող լեզվական հնարանքը, երբ կողք կողքի օգտագործվում են հակադիր իմաստներով բառեր («ընկճված զվարթությամբ», «թաղմանն` ուրախ, հարսանիքին` սգո երգով»): Դա լավագույնս ընդգծում է թագավորի խոսքի երկիմաստությունն ու ցույց տալիս, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես երևում է: Մենք դեռևս ուրվականից չենք լսել սպանության մասին, բայց, Կլավդիուսի մտքի ընթացքին ուշադիր հետևելով, վատ կանխազգացում ենք ունենում: Պարզ է, որ մեր առջև շողոմ ու կեղծավոր, եթե ոչ` հանցագործ մեկն է: Ինչպե՞ս կարող է ցավը խոհեմ լինել կամ երջանկությունն` ընկճված, և ո՞վ է թաղմանը երգում ուրախ, իսկ հարսանիքին` սգո երգեր: Եղբոր մահվամբ իրո՛ք վշտացած մարդն այսպես չէր խոսի և չէր շտապի կնության առնել նրա այրիին` դա արդարացնելով ճոռոմ սոփեստաբանությամբ:
Կլավդիուսը նման է այն մարգարիտին, որ նա գցում է արքայազնի համար նախատեսված գավաթի մեջ. արտաքուստ` գրավիչ, իրականում` մահացու թույն: Այդ գրավչության առհավատչյան ամենևին համակրելի տեսքը չէ: Եթե Համլետին հավատանք, նա հիշեցնում է սատիրի կամ «վարակված հասկի», և մեկն է, ում վրա մարդիկ նախկինում «դեմք էին ծռում»: Սակայն Կլավդիուսն ընդունակ է շատերին իր կողմը գրավել ժպտերեսությամբ, քաղցր լեզվով ու հնարամտությամբ, ինչպես կասեր դժբախտ ուրվականը` «խելքի կախարդանքով, նենգ շնորհքով»: Հենց այսպես էր նա հմայել Գերտրուդին (թերևս մի պահի, երբ նրա ամուսինը գնացել էր «սահնակավոր լեհերի» կամ Նորվեգիայի արքայի դեմ մարտնչելու) և նույն կերպ է իզուր ջանում Համլետի սիրտն էլ շահել: Նրա խաբուսիկ, երկդիմի բնույթն ակնհայտ է նաև նշանավոր «աղոթքի տեսարանում»: «Գոնզագոյի սպանության» բեմադրության ահավոր տպավորության տակ Կլավդիուսը մի պահ սարսափում է իր քստմնելի արարքի գիտակցությունից ու հասկանում, որ իր` ինչպես եղբայրասպան Կայենի գլխին կախված է «հնագույն անեծքը»: Թվում է` նա պիտի խորապես զղջա ու ապաշխարի, բայց մեր այդ ակնկալիքն իսկույն կասկածի է ենթարկվում.

Անկարող եմ աղոթք անել,
Թեև կամքիս չափ ուժեղ է ցանկությունս.
Զորեղ իղձս թույլ է զորեղ իմ հանցանքից:

Եվ չնայած մենախոսությունը շարունակվելու է, ու Կլավդիուսը դեռևս հակասական զգացումներ է ունենալու, այս տողերն արդեն հուշում են, որ վերջում նրա ծնկաչոք աղոթքի փորձը կանխավ ձախողված է: Արդարև, ապաշխարանքի իղձը, որքան էլ այն զորավոր լինի, զիջելու է զորավոր մեղքին, և Կլավդիուսը մնալու է նույն հետևողական մեղսագործը:
Ընդ սմին պետք է շեշտել, որ աղոթքից քիչ առաջ նա ծրագրել է երկրորդ ոճիրը` Համլետին մահապատժի ուղարկելը, քանզի Ռոզենկրանցին ու Գիլդենշտեռնին հրամայում է պատրաստվել ճամփորդության.

Պատրա՛ստ եղեք,
Ես կուղարկեմ կարգադրությունն անմիջապես,
Եվ նա ձեզ հետ կգա Անգլիա:

Այդ «կարգադրությունն» Անգլիայի թագավորին ուղղված նամակն է` Համլետի մահվան հրահանգը: Դրա մասին թագավորն իր աղոթքում չի էլ խոսում, կարծես եղբորորդուն սպանելու դավը բնավ հանցանք չէ:
Այսպիսին է Կլավդիուսը` շեքսպիրյան մի խոշոր ու լիարյուն չարագործ: Թեև նա օժտված է որոշ մարդկային հատկանիշներով և նույնիսկ ընդունակ` ոմանց մեջ կարեկցանք ու համակրանք առաջացնելու, դա բավարար չէ, որ «սատիրը» (ինչպես նրան անվանում է Համլետը) դառնա ողբերգական կերպար:

_______________________________________
1. Հիբբարդն ընդհանուր առմամբ իրավացի է, սակայն Համլետն էլ լիովին զերծ չէ ստից: Նա Լաերտին ճիշտ չի ասում, որ Պոլոնիուսին սպանել է իր խելագարության պատճառով: Նրա խենթ ձևանալը նույնպես կեղծիք է, թեկուզ և` արդար նպատակով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.