Ցավակցական խոսքեր, հեռագրեր

Հանուն Աստծո
Հայաստանի գրողների միության հարգարժան անդամներ
Խոր ցավով տեղեկացա Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան մասին: Այդ անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցում եմ ձեզ և մտավորական հասարակությանը և Բարձրյալ Տիրոջից հայցում հանգուցյալի հոգուն հավիտենական հանգստություն:
Իրանի Իսլամական Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Մոհամմադ ՌԵԻՍԻ


Հայաստանի գրողների միության վարչությանը, անդամներին և Անանյան ընտանիքի սգակիր անդամներին.
Սիրելի քույրեր և եղբայրներ, վրացահայության համար մեծ վիշտ է անվանի հայորդի, եղբայրական Վրաստանի լավ բարեկամ, թբիլիսահայության և ջավախքահայության աջակից, բարի մարդու և լուսամիտ մտավորականի անդառնալի կորուստը:
Դառնորեն սգում ենք, քանի որ շատ երազանքներ ու տեսիլքներ մնացին անավարտ: Ափսոսում ենք, որ սիրելի Լևոնին չենք տեսնելու աղայանական օրերին` Բոլնիս-Խաչենում, սայաթնովյան Վարդատոնին` Թբիլիսիում, ջիվանական տոնահանդեսին` Կարզախում, տերյանական պոեզիայի օրերին` Գանձայում, Հավասու աշուղական դաշտահանդեսին` Այազմայում և…
Անգնահատելի է Լևոն Անանյանի ներդրումը նաև հայ-վրացական գրական երկխոսության ոլորտում. տասնյակ գրքեր թարգմանվեցին հայերենից վրացերեն և հակառակը, վրաց ստեղծագործողներից շատերը Լևոնի միջոցով բարեկամացան Հայաստանին ու Արցախին, վիրահայ անվանի ստեղծագործողներ դարձան հայ Գրողների միության անդամներ…
Երախտագետ թբիլիսահայությունն իր ավարտին կհասցնի Լևոն Անանյանի կողմից սկսված Մեծն Թումանյանի տան ամբողջական ձեռքբերման և «Վերնատան» վերահաստատման սուրբ գործը:
Տխուր է և դառնացած մեր հոգին: Սակայն Լևոն Անանյանի անկորնչելի գործերը, մարդկային անկեղծ շփումները, բարի ժպիտը մշտապես ուղեկցելու են մեզ մեր աղոթքներում և բոլոր օրերում` Բոլնիս-Խաչենից մինչև Գանձա ու Հեշտիա:
Ի խորոց սրտի աղոթում ենք սիրելի Լևոն Անանյանի հոգու խաղաղության ու փրկության համար: Թող մեր հայրերի Աստված լույսերի մեջ բարի հրեշտակներով բարձրացնի նրա հոգին երկինք ու միավորի հայոց մեծաց հոգիներին, և թող Սուրբ Հոգին մխիթարի ամենքիս ու Անանյան ընտանիքի անդամներին, փարատի վիշտը և թագադրի բոլոր սրտերում հույսը հոգու անմահության և Քրիստոսով փրկության:

Գերաշնորհ Տեր Վազգեն
եպիսկոպոս Միրզախանյան
Հայ Առաքելական Ուղղափառ
Սուրբ Եկեղեցու
Վիրահայոց թեմի առաջնորդ

Հայաստանի գրողների միություն
Խոր վշտով տեղեկացա անվանի մտավորական ու հանրային գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանի մահվան մասին:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, իր ընտանիքի անդամներին և հարազատներին:
Հարգանքներով` Մեհրան ՇԻՐԱՎԱՆԴ
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը և անձամբ նախագահ Աշոտ Գրիգորյանը ցավակցում են ՀՀ գրողների միության նախագահ, անվանի գրող, հասարակական գործիչ Լևոն Անանյանի մահվան առթիվ նրա ընտանիքին և մերձավորներին ու համարում, որ այս կորուստն անվերականգնելի է ողջ հայության համար: Լևոն Անանյանին բոլորը ճանաչում են որպես 70-ականների երիտասարդության համար պայծառ գործընկեր:
Շատերն են հիշում, որ 1987 թվականին էկոլոգիական շարժման հիմքը հանդիսացավ «Գարուն» ամսագրի «Մթնոլորտային ահազանգ» եռաշարը, որը պատրաստվել էր այն ժամանակվա «Գարունի» գլխավոր խմբագրի տեղակալ Լևոն Անանյանի կողմից, և այդ նյութերի վրա Անանյանը էկոլոգիայի առաջին մասնագետներից Աշոտ Գրիգորյանի հետ պատմության մեջ առաջին անգամ կազմակերպել էր մամլո ասուլիս Կինոյի տանը (1987թ., մայիս 16) և Ժուռնալիստերի տանը (1987թ., հունիս 16)՝ Երևանի մթնոլորտի աղտոտվածության, քիմիական արդյունաբերության արտանետումների նվազեցման և ատոմակայանի ռադիոակտիվ թափոնների վերաբերյալ:
Ահա այս մամլո ասուլիսների արդյունքում ծնվեց, ձևավորվեց և զարգացավ էկոլոգիական շարժումը, որը կարճ ժամանակում վերածվեց արցախյան շարժման և ազգային- ազատագրական պայքարի: Երբեք չի կարելի մոռանալ, թե ի սկզբանե ինչ քաջություն ցուցաբերեց Լևոն Անանյանն այդ շարժման ձևավորման հարցում և ինչպիսի համեստությամբ նա մնաց ստվերում՝ բացարձակ առանց անձնական ակնկալիքների, ընդամենը հանուն ժողովրդի բարօրության իր նվիրումով: Մինչ այսօր Լևոնն ազնվության և արդարության ազատամարտիկ մնաց՝ ապացուցելով իր սկզբունքային նվիրվածությունը հայ մշակույթին, հայ ժողովրդին և ընդհանրապես մարդկության բարձրագույն արժեքներին: Լևոն Անանյանն անհատականություն էր, և նրա կորուստը, անկասկած, անվերականգնելի է:
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն


Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Լևոնի բոլոր հարազատներին: Շատ ցավալի է:
Հարգանոք` Աննա Մարիա
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱԹԹԱԱՐ, Հոլանդիա


Ես հանդիպեցի Լևոնին մի քանի տարի առաջ: Անմոռանալի պահեր էին: Թվում է, դեռ երեկ էր ու հավերժ պիտի լիներ: Մենք շատ հարցեր քննարկեցինք: Երջանիկ էինք մեր հանդիպմամբ ու այն զգացողությամբ, որ պոեզիան ու գրականությունը սահմաններ չունեն. ամենուր արևոտ օրվա էր նման:
Հաճելի էր նրա էներգիան, ջերմությունը և նրա սիրալիր վերաբերմունքը: Ցավալի է, որ նա այդքան շուտ հեռացավ. այնքա՜ն շատ բան կարող էր անել: Ցավակցում եմ նրա ընտանիքին և Հայաստանի գրողների միությանը: Աստված խաղաղություն պարգևի նրան:
Մարիուս ՉԵԼԱՐՈՒ, գրող, Ռումինիա


Դժվար է հավատալ: Չեմ ուզում հավատալ: Անասելի ցավ է: Ցտեսություն, ընկե՛րս:
Փիթեր ՍՈՒՐՅԱՆ, Նյու Յորք, ԱՄՆ


Սիրելի հայաստանյան ընկերներ,
Ես ցնցված եմ Լևոնի մահվամբ ու շատ տխուր: Մի շաբաթվա ընթացքում, երբ մենք միասին էինք Հայաստանում, ես ճանաչեցի ու սիրեցի նրան:
Նա անչափ ուրախ, սիրալիր, կենսախինդ, էներգիայով լեցուն, մեծ խանդավառության ու հումորի զգացողության տեր անձնավորություն էր:
Թող հավերժ լինի նրա հիշատակը:
Իմացե՜ք, որ ես ձեզ հետ եմ այս տխուր օրերին:
Յաիր ԱՈՒՐՈՆ, գրող, պատմաբան, Իսրայել

Սիրելի բարեկամներ,
Խորապես ցավում եմ այս տխուր լուրի առիթով: Անկեղծ ցավակցություններս ձեզ բոլորիդ և Լևոնի ընտանիքին:
Նենսի ԳՐԻԳՈՐՅԱՆ, Նյու Յորք, ԱՄՆ


Բոթն առնելով` անչափ վշտացա: Մեզ հիացնում էր Լևոնի անսպառ եռանդը, վիթխարի նվիրվածությունն ու վեհանձնությունը: Սգում եմ և հիշելու եմ նրան խորին հարգանքով ու սիրով:
Ալան ՈՒԱՅԹՀՈՐՆ, Քինգսթըն, Կանադա


Խորապես ցնցված և վշտացած եմ Լևոնի մահվան կապակցությամբ: Այս տարվա ապրիլին առաջին անգամ հանդիպեցինք, և նա իմ հիշողության մեջ մնալու է որպես չափազանց ջերմ, հումորաշատ ու վեհանձն անձնավորություն:
Իմ սերն ու ցավակցությունները նրա ընտանիքին, ընկերներին ու գրչակիցներին:
Մարսելա ՓՈԼԵՅՆ, Ավստրալիա


Ի՜նչ ցավալի լուր… Մեր ցավակցությունները նրա ընտանիքին, բարի կամեցողներին ու ընկերներին:
Աստված հոգին լուսավորի…
Խորին ափսոսանքով`
Մերի ԿԱՆԴԱԼՅԱՆ-ԱՍԼԱՆՅԱՆ,
Հակոբ Ջեք ԱՍԼԱՆՅԱՆ, Օքլենդ, ԱՄՆ

ՀԵՌԱՆԱԼՈՎ` ԲՈԼՈՐԻՆ ՊԱՏԳԱՄ ԹՈՂԵՑ. «ԲԱՐՈՒԹՅԱՆ
ՍԵՐՄԵՐ ՑԱՆԵՔ, ՉԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ Է»

Ամեն ինչ անավարտ մնաց. սկսած գրական գործը, հրապարակախոսական հոդվածը. մրցույթներին ներկայացված գործերի ընտրությունը. Հայաստանի և Սփյուռքի գրողների նոր ստեղծագործությունների շնորհանդեսները, ամեն ինչ ընդհատվեց. անսպասելի դաժան, անընկալելի, անբացատրելի, անհասկանալի…
Անժամանակ հեռացավ մեր ընկերը, գործընկերը, ստեղծագործական մեր բոլոր միությունների շարժիչ ուժը, մարտնչողը:
Մենք դա գիտեինք. գիտեինք նաև նրա կենդանության օրոք, պարզապես այսօր չենք էլ պատկերացնում, որ այլևս մեզ հետ չէ Լևոն Անանյանը, ով այնքան արիաբար, նաև հումորով էր վերաբերվում չարակամներին, ամայացած հոգով ապրողներին ու մի անգամ հեգնախառն ժպիտով ասաց. «Բարության սերմեր ցանեք, չարությունը վատ խորհրդատու է»:
Մենք կշարունակենք կատարել քո պատգամը, մեր անմոռանալի ընկեր:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ՝
Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք նշանավոր մտավորական, ազգային ու հանրային գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ վաղաժամ մահվան մասին… Անհավատալի է, անըմբռնելի, անընդունելի… Կյանքով ու եռանդով լի, միշտ շարժման մեջ, միշտ նախաձեռնող Լևոն Անանյանի մահը որոտ է անամպ երկնքում… Լևոն Անանյանը գրող ու հրապարակագիր լինելուց զատ, նաև թատրոնի մարդ էր, թատրոնի մասին գրված մի քանի տասնյակ խոր ու իմաստավոր հոդվածների հեղինակ, ժամանակին աշակերտել էր նշանավոր թատերագետ Լուիզա Սամվելյանին… Հիմա, ցավի ու կորստի այս պահին, միայն ու միայն նրա ընտանիքին ու բոլորիս համբերություն ենք կամենում, քանզի համակերպումը դժվար է: Մեր մշակույթը, գրական կյանքը կորցրեցին խոշոր անհատականության, ճշմարիտ մտավորականի… Մենք բոլորս կորցրեցինք լավ ընկերոջ, լավ բարեկամի, կորցրեցինք ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻՆ… Խոնարհում ենք մեր գլուխները…
Թատերական գործիչների միության նախագահ՝
Հակոբ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Ծանր է անցյալով խոսել այնպիսի մարդու և մշակութային գործչի մասին, որպիսին էր Լևոն Անանյանը:
Մեր ժողովուրդը նման դեպքերում ասում է. «Նա մեռնելու մարդ չէր»: Այո՛, Լևոնը ապրելու և գործելու բազում ճանապարհներ դեռ ուներ անցնելու, չնայած, որ նրա գրական և հասարակական ոլորտի ձեռքբերումները նշանակալից են և անմոռաց:
Մեզ համար նա վստահելի և սիրված գործընկեր էր, մարդ, ով մեր ծանր ու հեղհեղուկ օրերում ծառայեց մե՛կ նպատակի` հայ գրականության և հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: Լևոն Անանյանը ստեղծագործական միությունների մասին օրենսդրության ստեղծման, առհասարակ պետության և հասարակության կյանքում ստեղծագործական միությունների դերի բարձրացման անխոնջ ջատագովներից էր. նրա գործն իր շարունակողին է սպասելու:
Գրող, հրապարակախոս և գործիչ Լևոն Անանյանը անվերապահորեն թողեց վառ հետագիծ, թողեց հիմնարար գործեր: Անմոռանալի են երկրի համար բավականին ծանր ժամանակներում «Ապոլոն» հրատարակչության հիմնադրամը, «Գարուն» ամսագրի ավանդույթների պահպանումը, ի վերջո` Հայաստանի գրողների միության լիարժեք գործունեությունը:
Եվ նրա տեղը մնաց թափուր:
Բարի ճանապարհ, սիրելի Լևոն:
Հայաստանի նկարիչների միության նախագահ՝
Կարեն ԱՂԱՄՅԱՆ

Դժվար է պատկերացնել, որ կյանքից հեռացել է մեր լավ ընկեր, ազնվագույն մարդ, իսկական հայրենասեր՝ մեր սիրելի Լևոնը:
Չեմ կարող չհիշել, որ երբ մենք՝ միությունների նախագահներս, հավաքվում էինք որևէ հարց լուծելու համար, ամենադժվար պարտականություները նա վերցնում էր իր վրա:
Դեռ կյանքի օրոք նա իր ուրույն տեղն է զբաղեցրել թե՛ ստեղծագործական և թե՛ հասարակական կյանքում:
Նրա անզուգական և վառ հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ՝
Ռուբեն ԳԵՎՈՐԳՅԱՆՑ

Անժամանակ, հանկարծակի ու անողոք մահը տարավ մեր սիրելի ընկերոջը: Չկա այլևս անհանգիստ, պրպտող, հասնող ու պայքարող մեր ընկերը:
Ականջիս մեջ է մեր վերջին խոսակցության պատառիկը. «Գյուղում եմ, մայրիկիս շատ էի կարոտել, կգամ, կհանդիպենք, կպայմանավորվենք»:
Տեսնես ինչքան ծրագրեր կիսատ մնացին, ինչքան անկատար ստեղծագործություններ, չգրված տողեր… Իր գրական գործին և Միությանը նվիրված էր մի առանձին սիրով ու տառապանքով: Իր տոկունության մեջ էլ չափազանց փխրուն էր: Մենք դեռ շատ կփնտրենք նրան Երևանի որևէ փողոցում, մեր հեռավոր ու մոտիկ գյուղերում, արտերկրի հայկական համայնքների դպրոցներից մեկում ու, ավաղ, չենք գտնի: Դժվար է մխիթարական խոսքեր գտնել: Մխիթարականը մեր սիրելի ընկերոջ` Լևոն Անանյանի թողած գործերն են և նրա բարի հիշատակը, որը միշտ մեզ հետ կլինի:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ՝
Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆ

Երբ մարդը աշխարհ է գալիս`
ավելանում է աշխարհի վրա,
Իսկ երբ մարդը գնում է աշխարհից`
պակասում է քեզանից…
Ու իջնում է ծանր մի լռություն. –
հոգնում ու լռում են երազները…
Բոլոր այն պահերին, երբ մենք մի քանի հոգով` ճարտարապետ ու նկարիչ, ժուռնալիստ ու երաժիշտ, թատրոն ու կինո հավաքվում էինք իր մոտ միասնաբար մտորելու և փորձելու մեր ապրել-չապրելու անելիք-պատասխանը գտնել, ես մշտապես տեսնում-զգում էի, թե ինչպես է Լևոնը վառվում հաջորդ վայրկյանով, թե ինչպես է նա իր անելիքով լցված ու լծված հաջորդ վայրկյանին: Դու իր հետ մտքով դեռ խոսում ես այստեղ, իսկ նա արդեն մտորում է ու գիտի, թե իր հաջորդող քայլերը ինչպես պիտի կազմակերպի: Որ հասցնի, որ լինի…
Այս ո՞ւր ես շտապում, ա՛յ եղբայր… Չէ՞ որ այնքան բաներ ունենք դեռ միասին անելու և դրանով լցնելու մեր հաջորդ գոյավայրկյանը: Թեկուզ նաև, ոչինչ, միասնաբար չհաջողելու…
Կյանքը մեզ տրված է կյանքին դիմանալու համար: Իսկ դու չդիմացար, ուրեմն:
Շշկռվել ու մոլորվել է մեր բոլորիս հաջորդ վայրկյանը…
ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ՝
Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Ձեզ հետ միասին սգում ենք հայտնի հայ գրող, գրականության խոշոր կազմակերպիչ Լևոն Անանյանի մահը:
«Նաշ սովրեմեննիկ» ամսագրի գլխավոր խմբագիր՝
Ստ. ԿՈՒՆՅԱԵՎ

Ցնցված եմ սարսափելի լուրից: Ասում են՝ անփոխարինելիներ չկան: Կան… Հավերժ հիշատակ նրան և շնորհակալություն:
Սեդա ՎԵՐՄԻՇԵՎԱ

Խորապես վշտացած ենք Լևոն Անանյանի՝ մեծ մարդու, հայտնի գրողի ու հասարակական գործչի մահվամբ: Ուկրաինայի գրողների ազգային միության և անձամբ իմ կողմից հայտնում եմ իմ ցավակցությունը Լևոն Անանյանի՝ մեծատառով մարդու հանկարծահաս մահվան կապակցությամբ: Հայաստանի հանրահայտ գրողի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:
Սերգեյ ԳՐԱԲԱՐ, Ուկրաինա

Հարգելի ընկերներ, հայ գրողներ
Ես չեմ հավատում, որ այլևս մեզ հետ չէ մեր սիրելի Լևոն Անանյանը: Մենք լավ բարեկամներ դարձանք, երբ ես եկա Երևան: Ընդունեք իմ խորին ցավակցությունը: Հաղորդեք ցավակցությունս նրա ընտանիքին: Նա հավերժ կապրի մեր սրտերում: Թող հողը թեթև լինի նրա վրա:
Ատո ԽԱՆԴԱՄ
ԱՊՀ ու մերձբալթյան երկրների թարգմանիչների ու հրատարակիչների համաժողովի համանախագահ

ՀԳՄ նախագահութեան ու վարչութեան յարգարժան անդամներուն եւ բոլոր հայ գրողներուն,
Գրչի վշտահար եղբայրներ եւ քոյրեր,
Սրտի խոր յուզումով իմացանք Հայաստանի Գրողներու Միութեան աւելի քան տասնամեայ ժրաջան նախագահին, հայ գիր ու մշակոյթի անխոնջ գործիչին, խիզախ հրապարակախօսին, հրաշալի արձակագիրին, բարեշնորհ թարգմանիչին, մեծ հայուն եւ նոյնքան մեծավաստակ իրաւ մարդուն` ԼԵՒՈՆ ԱՆԱՆԵԱՆ անուն բացառիկ երեւոյթին վաղաժամ մահուան գոյժը:
Պարզապէս շանթահարուած ենք: Անդարմանելի է կորուստը: Մահուան մռայլ ու նենգ ամպերը պատած են ո՜չ միայն մեր սրտերը, այլեւ` իւրաքանչիւր լիբանանահայ գրողի ողջ էութիւնը: Հայ գիր ու մշակոյթի անձնուրաց ծառայ ու պատարագիչ, ճշմարտութեան, արդարութեան, գեղեցիկին ու բարիին յաղթաձայն շեփորահար, վերանկախացեալ Հայաստանի Հանրապետութեան ու հայ ժողովուրդի տագնապներով, հարցերով, բայց մանաւանդ երազներով օրն ի բուն փոթորկող, ծրագրող ու պայքարող ամբողջական հայուն եւ եզակի մարդուն վաղաժամ մահով հայ ժողովուրդը կորսնցուց մեր ժամանակներու իր արժանաւորագոյն զաւակներէն մին: Բազմաշնորհ ու բազմավաստակ աւանդապահ մը` որ դարերէ ժառանգուած հայկեան անպարտելի ոգին, մեր ազգային դարաւոր աւանդներն ու սրբութիւնները, հայ հողապաշտ մշակին մշտաբորբոք աշխատասիրութիւնն ու հաւատարմութիւնը, գրչի եւ զէնքի մեր հին ու նոր նահատակներուն ուխտն ու կտակը եւ նորածին մանուկներուն պայծառ հրճուանքն ու երազները իր անցաւոր մարմնին մէջ ծիածանելով` եղաւ արդարատենչ հայ ժողովուրդի արժանաւոր դեսպան, անկեղծ զինուոր ու զօրավար եւ հայ ոգիի մարմնացեալ ներշնչարան:
«Ես ուխտաւորն եմ
մեր սուրբ հաւատի,
Տիրոջ տաճարն եմ
պահում անառիկ,
Մեսրոպի զօրքն եմ
ես տանում մարտի,
Որ մեր մայրենին
յաւե՛րժ բարբառի»
երգած մեր տարաբախտ գրչեղբօր գործն ու ուխտը, անկասկած, իր գործակից գրչեղբայրները պիտի շարունակեն վերանորոգ նոյն հաւատքով, միեւնոյն ու յաւելեալ նուիրումով եւ ա՜լ աւելի նպատակասլաց վճռականութեամբ: Եւ ասիկա պիտի ըլլայ Լեւոն Անանեանի յետ մահու յաղթանակը:
Բիւր յարգանք իր յաւերժաձայն վաստակին եւ անմեռ յիշատակին:

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹԻՒՆ

Անվանի մտավորական ու հանրային գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ իրենց խորին ցավակցությունն են հայտնում մշակույթի վաստակավոր գործչի ծննդավայր Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցի ուսուցիչներն ու սաները: «Լևոն Անանյանը Կողբի Գեղարվեստի դպրոցի բարեկամն էր` մեր մտերիմ ընկերը: Նա պարբերաբար ներկա է գտնվել դպրոցի կազմակերպած միջոցառումներին, օժանդակել դպրոցի զարգացմանը՝ մշտապես ոգևորելով մեր սաներին: Պարոն Անանյանի հրավերով դպրոց են այցելել բազմաթիվ մեծանուն գրողներ և ասմունքողներ: Դպրոցի վերջին հանդիպումը նրա հետ կայացավ 2013 թ. օգոստոսի 17-ին ամենամյա «Պլենար 2013» սիմպոզիումի շրջանակում: Այս տարի նրա շնորհիվ մեր սաները ծանոթացան և հետաքրքիր զրույց ունեցան հրեա պատմաբան Յաիր Աուրոնի հետ: Մեծ է նաև Լևոն Անանյանի ներդրումը գյուղի մշակութային, հասարակական կյանքի զարգացման գործում,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց դպրոցի ուսուցչուհի Աննա Նասիբյանը:

ՆԱ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ…

Բոթը ցնցող էր. Լևոն Անանյանը չկա…
Ո՞վ է ասում` չկա…
Նա, ով և՛ բանաստեղծ էր, և՛ արձակագիր, ով հրապարակագիր էր ու հրապարակախոս, ով թարգմանիչ էր և լավի, բարու թարգման ու ջատագով, ով գրական մի ամբողջ աշխարհի տաղանդավոր կազմակերպիչն էր ու ղեկավարը, գրական մեկնաբանն ու բարի քննադատը, ով Արդար էր ու արդարի պաշտպան, վերջապես, ով Մա՜րդ էր, Մտավորական ճշմարիտ և արժանապատիվ` չի կարող չլինել…
Նա եկավ, զարմացրեց ու, ավա՜ղ, հեռացավ, այս անգամ արդար չլինելով հենց ինքն ի՛ր հանդեպ…
Այս անգամ, այո, արդար չեղար, Լևոն ջան, բայց դու կմնաս, միշտ կմնաս, ախպե՛ր ջան, միշտը, համընդհանուրը. սգում եմ ու վշտակցում բոլոր սգակիրներին:
Ջեմմա ԱՆԱՆՅԱՆ

ԱՆԱՆԵԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԵՒ ԳՐՈՂՆԵՐՈՒ
ՄԻՈՒԹԵԱՆ

Սիրելիներ,
Գրողներու Միութեան նախագահ Լեւոն Անանեանի անակնկալ մահը ցնցեց «ԲԱԳԻՆ»ի ընտանիքը: Աշխատասէր եւ լայնախոհ մտաւորական մը կը բաժնուի մեզմէ, եւ որպէս այդպիսին դեռ երկար ժամանակ դատարկութիւն մը պիտի զգանք: Ապահովաբար իր մասին շատեր պիտի գրեն, հանգամանաւոր եւ իրեն մօտիկ անձեր: Կը հաւատար ազգի մէկութեան եւ մշակոյթի էականութեան: Այդ խոր համոզումով է որ Սփիւռքի հայ գրողները դարձուց Գրողներու միութեան լիիրաւ անդամ: Երեւանեան եւ լիբանանեան հանդիպումներէն պիտի մնան դրական տպաւորութիւններ: Լեւոն Անանեան համակրելի անձնաւորութիւն էր անոր համար, որ գիտէր վստահութիւն ներշնչել, գնահատել եւ իր հանգամանքը չօգտագործել, ինչ որ մտածումներու ծաղկումին կը նպաստէր: Իր նամակը, ուղղուած թուրք բարեկամին, յանձնառու եւ խիզախ մտաւորականի իմաստութիւն է, ուղղուած ոչ միայն թուրք գրողին, նաեւ ընդհանրապէս մարդուն, հայուն: Մեր օրերուն ահագնացած արտագաղթ-հայրենալքման մասին մտածողին տագնապը այնքա՛ն դիպուկ եւ պատկերազարդ կերպով կ’արտայայտուի իր տողերուն մէջ. «Բայց երկիրը բնակարան չէ, որ ուզած պահին փոխես կամ փոխանակես»: Ազնիւ հայու խօսք, այսօրուան եւ վաղուան համար… Լեւոն Անանեան նոյն գրողին կ’ըսէ նաեւ. «Յանուն նրանց, ովքեր գալու են Պատմութեան բեռն ու Ապագայի մարտահրաւէրները ժառանգելու մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով»: Այս արդէն կտակն է ազգին եւ մշակոյթին ծառայած Լեւոն Անանեանի, որպէսզի մեր վաղը ըլլայ աւելի լուսաւոր, եթէ ժամանակակիցներս եւ գալիք սերունդները գիտնան պահել նոյն ոգին: «ԲԱԳԻՆ»ի խմբագրութիւնը եւ շրջանակը կը միանան ազգային սուգին եւ կը պահեն իր պատգամը:
Յ. ՊԱԼԵԱՆ
«ԲԱԳԻՆ»ի խմբագիր, Լիբանան

Հայաստանի Գրողների Միութեան վարչութեան եւ
Հայ գրողների ընտանիքի բոլոր անդամներին,
Սրտի մեծ ցաւով իմացանք վաստակաշատ մտաւորական, գրող, հաս. գործիչ, երկարամեայ գրողների Միութեան նախագահ Լեւոն Անանեանի անժամանակ մահուան տխուր լուրը:
Գալիֆորնիայի հայ գրողները եւ նրա ընկերներն ու բարեկամները ցնցուած են այդ լուրից: Մեր խոր ցաւակցութիւններն ենք յայտնում Լեւոն Անանեանի ընտանիքին, բարեկամներին. համբերութիւն, իր յիշատակը եւ գործը պայծառ պահենք մեր սրտերում:

Լոս Անճելըս, Գալիֆորնիահայ Գրողների Միութեան
վարչութեան կողմից՝ Գէորգ ՔՐԻՍՏԻՆԵԱՆ,
Յովսէփ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ, Պօղոս ԳՈՒԲԵԼԵԱՆ,
Ագնես ԳԷՈՐԳԵԱՆ, Արաքս ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

ԼԵՎՈՆԸ ՋՐԱՂԱՑՊԱՆ ՉԷՐ, ՋՐԱՂԱՑ ԷՐ

Տեսանող էր` Տիրոջ զարմանալի զգացողությամբ: Ցավքաշ էր. դիմացինդ մարդ է` հենց դու ես: Դու քեզ ձեռք մեկնիր` ցավդ կիսում եմ: Ամենուր` ցավ մարդու համար: Երկիրը երկիր է դառնում, երբ զգում ես երկրիդ ցավը: Հենց երկրիդ մեկնիր ձեռքդ: Հողվոր ես, գրող ես, ուսուցիչ ես, պետական պաշտոնյա` մեկ օրում հմուտ մաճկալի նման յոթ օրավար գործ արա: Հավատ արթնացրու նախ քո մեջ: Քո ներսում նույնպես շատ բան է տրորվել, բայց մի ասա` վատ է , գեշ է, ամեն ինչ կորած է: Իմ ու քո չկա: Սա քո երկիրն է, քո ժողովուրդն է` պիտի փրկել, չկա` ստեղծիր: Սա քո տունն է` դարձրու փեթակ` մեղվափեթակ, անո՛ւշ գվվոցով: Շնաճանճերը, բոռերը գործ չունեն: «Իրատես դե ֆակտոյի» աշխատակցուհի Կարինե Ռաֆայելյանի հետ հարցազրույցում ցավով ու հավատով շեշտել է. «…իմ ամբողջ հոգսն ու ցավը մարդկային հոգու անապատացման դեմ պայքարելն է»: Լևոն Անանյանի ամբողջ կյանքը պայքար էր: Նա ավելի շատ նման էր ջրաղացպանի: Նա ջրաղաց էր` մաքուր աղունով: Նա թույլ չտվեց, որ մարդու հավատի աղունը վերջանա, քարը քարին ուտի, ու նա` գարունականը, Հայաստանի գրողների մեր տունը ավելի բացեց հենց սփյուռքահայ գրողների առջև: Հեռու-մոտիկ երկրներում բարեկամներ էր որոնում, նրանց Հայաստան էր նվիրում: Տարիների ազնիվ տքնանք, հոգս, ցավ ու անպայման հավատ:
Անընդհատ շարժման մեջ էր: Թևավորված էր գործ անում: Հոգնություն չուներ: Զարմանալի եռանդ: Աշխարհի գրողների հետ գործ ուներ: Հասցնում էր ամեն ինչ անել հոգուտ Հայ գրի, Հայ ժողովրդի:
…Գնա, Լևոն ջան, գնա, Կողբում ծնված տղա: Հետդ Երևան բերեցիր քո Կողբի գրաբարոտ բարբառը, բերեցիր զարմանալի աշխատասիրություն, բերեցիր քո Սալքարի, քո Խլագոմի, քո Զիկատարի հեքիաթական գեղեցկությունը և …«Ես էնքա՛ն բան եմ տեսել, էնքա՛ն աղբ ու աղետ կա մեր կյանքում, որ միշտ ձգտում եմ գոնե փոքրիկ մի նշույլ, աննշան մի շող մատնանշել, որը կարող է ջերմացնել, դառնալ մի լավ բանի սկիզբ, որ չհուսահատվես, անձնատուր չլինես: Ես էդ խրամատում եմ»: Դու զանգահար էիր, հարեհաս էիր, դու ամեն գործի քո բանաստեղծն էիր: Ճգնավորի նման աշխատեցիր, հեռուն մոտիկ դարձրիր և կարողացար գրել քո կանչը` «Նամակ թուրք գրողին»: Դու էն հրամանատարը եղար, որ իրեն զինվոր ճանաչեց ու մարդուն ու լեզուն ձուլեց իրար: Ընկար թռիչքի պահին: Դու սովորեցրիր դիմանալ հավատալու ցավին: Կողբի անտառներում այսօր մի աղբյուր է ծնվում, որ պիտի կոչվի Լևոնի աղբյուր:
Խոնարհումս արդար վաստակիդ, գիր ու գրականության տեր ու մշակ սիրելի Լևոն:

ՀՐԱՉՕ

ՄԱՃԿԱԼՆ ՈՒ ԻՐ ԱԿՈՍԸ

Երբեք ժամանակ չուներ: Իր գործերն ինքն էր կրկնապատկում: Նույնիսկ` եռապատկում: Որովհետև նախաձեռնող էր, գաղափարներով ու ծրագրերով լի, իսկ հետաքրքիր մտահղացումներին արձանագրում էր առանց հապաղելու և ոգևորված լծվում գործի: Իր կյանքի բանաձևը Շարժումն էր, իսկ միակ անծանոթ բառը` «հանգիստ»:
Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր քայլում. միշտ արագ, հենց նոր՝ պարսատիկից արձակված, Գրողների տան միջանցքները լինեին թե փողոց: Ապրում էր նույնքան արագ և այդպես արագ էլ հեռացավ:
«Լի կյանքը երկար է,-ասում է հռովմեացի իմաստունը,- նույնիսկ եթե կարճ է»: Այս բառերը սովորական մխիթարություն չհամարենք` իր վաստակն իր ապրածից ավելին է: Գարունական ժամանակների մասին այդ ժամանակի ընկերները կասեն, իսկ վերջին 12 տարիները, որոնք վառելանյութի պես ծախսեց Գրողների միությունում, մեր գրական կյանքը դրեցին օր անգամ չդադարող եռուզեռի մեջ` թափ, մասշտաբ ու բազմազանություն հաղորդելով այդ կյանքին, վերակենդանացնելով հին ու արդեն մոռացված թվացող ավանդույթները և դրանց նորերն ավելացնելով:
Մաճկալի զավակ էր Լևոնը: Ու հիմա արդեն պարզ է, որ հենց այդ բնախոսությամբ էլ ապրեց: Մաճկալի ձեռքերո՛վ բռնեց մեր գրական անդաստանի արորը: Մաճկալի տքնությա՛մբ հերկեց: Մաճկալի հպարտությամբ էլ ուրախացավ բերքով…
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԷՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՈՂ ՏԵՍԱԿԻՑ ԷՐ

Հայտնի ճշմարտություն է` մարդիկ, թերևս նախախնամության բերմամբ, երկու տեսակի են լինում` խափանող և ստեղծող: Լևոն Անանյանն իր էությամբ ստեղծող տեսակից էր, որովհետև ինչի էլ ձեռք էր զարնում, մի ծիլ էր ծլարձակում` լիներ դա գրական գործ թե գրական գործի կազմակերպում: Սիրտ ու հոգի էր դնում իր բոլոր նախաձեռնությունների մեջ, դրա համար էլ պարզապես չէր հասկանում կողքից անտարբեր դիտողների կամ չարակամների գոյությունը:
Օրեր առաջ հիշեց ժամանակին իր 50-ամյակի առթիվ «Գրական թերթ»-ում տպագրած իմ խոսքը, ասաց՝ թղթերիս մեջ չեմ գտնում այդ համարը: Հաջորդ օրը բերեցի, կարդաց ու գոհունակ ժպիտով ասաց` «Ուզում էի իմանալ անցած այս տարիների ընթացքում այդ մաքուր կերպարից մի բան մնացե՞լ է: Եվ ուրախ եմ, որ չեմ փոխվել, մնացել եմ նույն Լևոնը, ինչ որ առաջ»:
Իսկ ես հիշում եմ մեր երիտասարդ տարիները` ու «Գարուն»-ի Լևոն Անանյանին լրագրողական մեր խմբի մեջ, որ 80-ական թվականների վերջերին բառիս բուն իմաստով ոտնատակ էր տալիս ամբողջ Հայաստանը` ավելի մոտիկից ու խորքով ժողովրդի կյանքին, հոգսերին ու խնդիրներին ծանոթանալու ջանասիրությամբ: Անդադար որոնելու, պեղելու և գտնելու այդ եռանդը հետագա ավելի դժվարին ժամանակներում անգամ չլքեց Լևոնին: «Գարուն»-ը, նրա շնորհիվ, ոչ միայն պահպանեց իր գոյությունը, այլև շարունակեց սուր ու արդիական հրապարակագրության, գրական նոր սերնդի քայլերը սատարելու ավանդույթները: Լևոնի անունը այսօր արդեն անբաժան է «Գարուն»-ի «Ապոլոն» հրատարակչությունից, որը բնագրից կատարված թարգմանություններով հայ ընթերցողի սեփականությունը դարձրեց համաշխարհային շատ մեծությունների` Նիցշեի, Կաֆկայի, Հեսսեի, Էլիոթի և ուրիշների, մինչ այդ գրեթե անծանոթ արժեքները: Այնուհետև, տասներկու տարի ղեկավարելով Հայաստանի գրողների միությունը, նա հիմնեց, ստեղծեց ու ընթացք տվեց մի շարք հիմնարար նախաձեռնությունների` ուղղված հայ գրականության միասնական դաշտի կազմավորմանը, իրական բովանդակություն հաղորդելով «մեկ ազգ – մեկ մշակույթ» կարգախոսին:
Այսօր մեր գրական ընտանիքի պարտքն է նույն ջանասիրությամբ շարունակել այն բոլոր ծրագրերը, որ իսկական նվիրյալի եռանդով նախաձեռնել ու առաջ էր տանում Լևոն Անանյանը:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Աշխատում էինք «Գարուն» ամսագրի խմբագրությունում, ջահել էինք, Լևոնն այն ժամանակ մորուք էր պահում և ինձ թվում էր 19-րդ դարից է եկել, հայ արվեստի ու լրագրության մշակներից է: Միշտ լրջախոհ, մերթ ընդ մերթ ժլատ ժպտացող և անվերջ վազքի մեջ:
Զարմանալի է, որ այդ անդուլ վազքը շարունակվեց նաև Գրողների միության նախագահ աշխատելու ընթացքում և ո՞վ ինքն իրեն չի հարցրել. որտեղի՞ց այս մարդու մեջ այդքան ջանք, սատար լինելու կամք, անվերջ նոր նախաձեռնությունների ու իրագործումների կարողություն:
Նաև հասցնում էր գրել հոդվածներ, ելույթներ: Ամեն տեղ հայտնվում էր ու արագ հեռանում, մի ուրիշ տեղ լինելու նպատակով:
Գրողների միությունը զգաց նրա մտքի ու սրտի անմնացորդ այրման ջերմությունը և չզգաց, թե ինչպես հանկարծ մոմի պես հանգչեց: Այդպես ապրում և մարում են ժամանակի մեջ չտեղավորվող մեր հրաշալի մշակները:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ


Այնքա՜ն էի վախենում դրանից: Անկեղծ ցավակցություններս սիրելի Լևոնի ընտանիքին և բոլորիդ:
Արամ ԱՐՔՈՒՆ, Ռիչմոնդ, ԱՄՆ


Սգում եմ ցավալի մահը քանքարավոր մտավորական, գրող, հրապարակագիր, մշակույթի և հասարակական վաստակավոր, անխոնջ գործիչ, Հայաստանի Գրողների Միության Նախագահ Լևոն Անանյանի: Վշտակցում եմ նրա հարազատներին:
Գրիշ ԴԱՎԹՅԱՆ, ԱՄՆ

ԿԷՍ ՄՆԱՑԱԾ ՃԱՄԲԻՆ…

Այնքան կեանքով լեցուն էր, անհանգիստ, յախուռն, կրակոտ, երբեմն նաեւ` անհաւասարակշիռ: Դա գալիս էր նրա սկզբունքներից, դա գալիս էր գրականութեան նրա ըմբռնումից: Նա մարտնչում էր հաստատուն, նա ապրում էր գրական այն աշխարհում, որ տրուած էր իրեն Աստծուց: Միայն այդ ճանապարհով նա շարունակեց Վարդգէս Պետրոսեանի գործը «Գարուն» ամսագրում, որի խմբագիրն էր, նրա համբաւի ու օրէնսդիր բարձր մակարդակի երաշխաւորը:
Նա այդպիսին եղաւ նաեւ դարասկզբի առաջին իսկ տարուց, երբ ստանձնեց Հայաստանի Գրողների Միութեան Վարչութեան Նախագահի պաշտօնը: Նոր դար, նոր երկիր, հին աւանդոյթներ, նոր ուղղութիւն: Սա նոր ճանապարհ էր, որ իր առաջնորդութեամբ մենք անցանք վերջին 12 տարիների ընթացքին: Հիմա մենք պարտաւոր ենք այդ վերելք տանող ճանապարհի թելը չկորցնել: Մենք պիտի շարունակենք ապրել այն հաւատով, որ նա քայլում է մեզ հետ, եւ քայլում է առջեւից:
Հայաստանի Գրողների Միութեան բոլոր նախագահներն էլ միշտ խօսել էին հայրենիքի եւ Սփիւռքի գրամշակութային մերձեցման ու անհրաժեշտութեան մասին: Բայց հենց Լեւոն Անանեանն էր, որ կատարեց երկու նուիրաբերական քայլեր. նախ` ջնջեց կարծրատիպերը արեւմտահայ եւ արեւելահայ սահմանների միջեւ, եւ աւելի, քան որեւէ մէկը մօտեցրեց Սփիւռքը Հայաստանին, բերեց նոյն շահը, նոյն տեսլականը: Դա ամենօրեայ պայքար էր` շատ յաճախ անտես «կողմնակի անձանց» աչքին:
Լեւոն Անանեանը նոր օրակարգ մտցրեց հայ գրողների գեղարուեստական մտածողութեան աւազանում: Այն նա ձեւակերպեց հայ եւ օտարագիր գրողների համաժողովների ժամանակ. ազգային ինքնութիւնը գեղարուեստական մտածողութեան առաջադիր նախապայման է, որտեղ էլ որ դու գտնուելիս լինես:
Յիրաւի, նորարարական էր Լեւոն Անանեանի գրական քաղաքականութեան ընթացքը: Յաճախ «շուրջինները» պարզապէս չէին հասցնում նրա պահանջներին, նրա երեւակայութեանը, նրա սկզբունքայնութեանը հետեւել. ետ էին մնում: Արտաքնապէս թւում էր, թէ նա «ժողովասէր» է: Իրականում ցանկանում էր համախմբուածութիւն, առողջ ուժերի համախմբում:
Իսկ ինչպէ՞ս էր փոխուել Գրողների Տան ներքին բովանդակութիւնը: Երբեմն շաբաթուայ մէջ 4-5 հանդիպում, շնորհանդէս, յոբելեանների նշում, բանավէճեր: Երբեմն մի օրուայ մէջ նա հասցնում էր ելոյթ ունենալ Կամերային Երաժշտության Տանը, Գրողների Միութիւնում, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում, Բաբաջանեան սրահում, Թէքէեան Մշակութային Միութիւնում, Ե. Չարենցի անուան Գրականութեան եւ Արուեստի Թանգարանում, Ազգային Գրադարանում եւ այլուր: Եւ նրա փոքր-ինչ խռպոտ խօսքը դիւթում էր, կողմնորոշում էր, սակայն միշտ վճռորոշ էր:
Նա մեր օրերի Արշակ Չօպանեանն էր, որի մասին պահպանուել է Նշան Պէշիկթաշլեանի հրաշալի դիմապատկերը, թէ ինչպէս էր օրուայ ժամերի քանակը 24-ից վերածում 72-ի:
Այդ այսօր մեզ է միայն թւում, թէ նա կարճ ապրեց: Վախճանուեց 67-ի սահմանին չհասած: Իրականում նրա ապրած տարիները ուրիշ չափում ունեն: Ուրիշ էր նրա լիցքի խտութիւնը, Չարենցի բառերով` մեծ էր «նշանի ահագնութիւնը»:
Սիրելի՛ Լեւոն, հիմա ինչպէ՞ս հասնենք քո ետեւից:

Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ

ԼՈՒՅՍ ՏԱԼՈՎ ՍՊԱՌՎԵՑ…

Լևոն Անանյանը մշտապես եղել է իմ հիացմունքի արժանի մտավորականը: Մարդասիրությունը նրա մշտական ուղեկիցն էր: Նա Հայաստանի գրողների միությունը գլխավորեց մեր երկրի համար շատ դժվար ժամանակներում. Գրողների միությունն այլևս չէր ստանում պետական աջակցություն: Նա նոր կյանք պարգևեց միությանը` նրա բոլոր անդամների նկատմամբ պահպանելով աննկարագրելի հոգատարություն: Մեծ հայրենասեր էր և շատ լավ էր հասկանում, թե ինչ դեր ունի Գրողների միությունը ազգային ոգին պահպանելու կենսական գործում: Բարձրաճաշակ էր, տաղանդավոր, գեղեցիկ և նրբազգաց: Երբեք չեմ մոռանա, թե արցախյան պատերազմի անլույս ու ցուրտ օրերին ինչպես էր թողարկում «Գարուն» ամսագրի բարձրարժեք համարները. նրա աշխատասենյակում մեկ աստիճան ջերմություն էր: Զարմանալի ձևով հասցնում էր լինել ամենուր, կամենում տեղյակ լինել ամեն ինչից: Հայ գրականության բազմաթիվ թարգմանական գրքերով այսօրվա գրողներին ներկայացրեց աշխարհին: Ձեռնարկ, որի կարիքը մշտապես կա և լինելու է: Լևոն Անանյանը արժեք էր ոչ միայն հայ գրականության և ՀԳՄ-ի համար, այլև հայ ժողովրդի: Ինչ-որ առումով նրան կարելի է համեմատել Մ. Գորկու Դանկոյի հետ, որն իր սրտի լույսով ճանապարհ էր բացում: Խոնարհվում եմ նրա կատարած գործի և նրա հիշատակի առջև: Նրան երբեք հնարավոր չէ մոռանալ: Նա միշտ ապրելու է իրեն սիրողների և գնահատողների սրտերում:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ՈՒՆԿՆԴՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿՏԱԿԻՆ

Այն աշխատասենյակը, ուր 12 տարի աշխատեց Լևոն Անանյանը, շա՜տ տարիներ առաջ ունեցել է մի տեր, որը մեր ժողովրդի հոգում այնպիսի մի կանթեղ է վառել, որ երբեք չի մարի… Եվ Լևոն Անանյանը մտել է այդ կաճառը այն գիտակցությամբ, որ պիտի վառ պահի այդ ջահը:
Որ մռայլում հեծծողներիս բաշխեր լույս:
Եվ այդ կաճառում 12 տարի շարունակ աշխատեց մի մարդ, որ տարվա բոլոր օրերը ապրեց ոչ իր, այլ մերձավորի ու կարիքավորի համար, ոչ հանուն իր փառքի, այլ հայ գրականության զարգացման ու հարատևման, ոչ հանուն սեփական բարեկեցության, այլև հանուն մեր գրական ընտանիքի ապահովման, ամրապնդման, պարզապես արժանավայել գոյատևման: Նա օգնում էր և սատար կանգնում անգամ այն մարդկանց, որոնք հիվանդագին մոլեգնությամբ պայքարում էին իր դեմ, քանզի գիտեր.
Սիրել, ներել և՛ թշնամուն, և՛ չարին,
Լինել ծըլին, փոշուն, որդին ողորմած
Ու սերմանել միշտ ճշմարիտն ու բարին:
Նա չուներ հանգիստ, քուն, դադար, սուրում էր այս կյանքում ասուպի պես լույս տալով ու բարի հետք թողնելով: Նրա համար Գրողների միության տարածքը չէր սահմանափակվում Բաղրամյան 3-ով, այլ շարունակվում էր ողջ Հայաստանով, ողջ հայաշունչ Սփյուռքով. որ ոչ մի տաղանդավոր ձեռագիր անտիպ չմնա, որ ոչ մի գրողի անտեղի չվիրավորեն, չստորացնեն. նա պաշտպան էր բոլորին, բացի իրենից.
Խարազանեց ամեն սուտը ու վատը,
Լացեց ամեն տառապողի լացի հետ,
Կյանքով կոփեց ազատության Լույս-դարը…
Նրա դուռը բախում էին գիշեր թե ցերեկ, և, ինչպես լինում է այս աշխարհում, ավելի հաճախ բախում էին վշտի ու կարիքի, նեղության ու օրհասի ժամին: Եվ այդ դուռը բաց էր, քանզի գիտեին, որ իրենց ցավը կգտնի կարեկցանք.
Եղավ համեստ, անխոնջ, ծառա ամենքին,
Եվ մշակեց անդաստանը բոլորի,
Եղբորից շա՜տ սիրեց խեղճին, տնանկին…
Հին, անորսալի, ազնվական գեներ էին եկել, կուտակվել պատմական Գուգարքի լեռներում ծվարած Կողբում ծնունդ առած հայորդու մեջ: Այդ գեների մեջ հին, մոռացված պատգամներ կային, որ նա ի զորու եղավ վառ պահել մեր «նյութամոլ ու կեղծավոր» դարի մեջ, և պատգամներն այդ լսելի եղան, փոխանցվեցին հենց իր գրական ընտանիքին: Եվ այրվելով նա յուրաքանչյուրիս մի պատառիկ թողեց իր հրակեզ սրտից.
Եվ այրվեց հուր վերքերով մեզ վրա,
Որ մռայլում հեծծողներիս բաշխեր լույս…

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Միստիկ, անհավատալի է Լևոն Անանյանի այսքան երկար անշարժությունն ու լռությունը: Միշտ շտապում էր, միշտ անհանգիստ էր, այն զգացողությունն էր, որ մշտապես ինչ-որ բան չի հասցնում կամ չի հասցնելու, մի Լևոն Անանյանը քիչ էր թվում, միանգամից մի քանի Անանյաններ էին անհրաժեշտ` միաժամանակ մի քանի տեղում ներկա լինելու համար: Եվ հիմա այս դավադիր, թերևս վտանգավոր և դավաճան անշարժությունն ու լռությունը: Մի տեսակ վիրավորական է, թե այդ ամենն ինչի համար էր, եթե, միևնույն է, ուշանալու էր, չէր հասցնելու: Նրա ոչ միայն մարմինը, միտքն էլ էր անընդհատ շարժման ու աշխատանքի մեջ: Նրա մտքի արգասիքն էր «Գիրք նվիրելու օր» հայտարարելը, որ համահայաստանյան ընդգրկում ունեցավ, սփյուռքահայ գրողներին մի հարկի տակ հավաքելը, օտարագիր հայ գրողներին հայրենի արմատներին վերադարձնելու գործընթացը, երիտասարդ ստեղծագործողների համաժողովները և էլի ինչքան իրականացված ծրագրեր ու մտահղացումներ… Եվ ինչքանը կիսատ մնաց: Հավատում էր, որ գրական երկխոսությունների միջոցով հնարավոր է ոչ միայն մշակութային, այլև քաղաքական հաջողություններ արձանագրել: Ոգևորվում էր, երբ արձագանքներ էին լինում բազմաթիվ լեզուներով հրատարակած իր «Նամակ թուրք գործընկերոջս» հրապարակման առիթով: Ընդհանրապես նրա կյանքը մտահղացումներով բեռնված գերարագընթաց ճեպընթաց էր հիշեցնում: Նրա մահն էլ էր արագընթաց, չնայած նրա մտահղացումների մեջ տեղ չուներ, որովհետև ստեղծող, օգնող, օժանդակող ռասայից էր: Թվում է նրա հետմահու կյանքն էլ է արագընթաց լինելու ու այնտեղ էլ անընդհատ շտապելու է, միայն թե հիմա՞ ուր:

Սամվել ԿՈՍՅԱՆ

Ներշնչանքը
Լևոն Անանյանին

Նա գալիս է սահուն, որպես ուրուր,
Զույգ թևերը տված ամռան հովին,
Նա պրկե՜լ է վաղուց մագիլն իր սուր,
Նա սահո՜ւմ է կրկին – աչքը` հողին:

Այդպես լո՛ւյսն է բացվում, և ծաղիկը,
Այդպես խոհն է ելնում էությունից,
Այդպես փո՛ւշն է հասնում, ու տարիքը,
Առավո՛տն է հառնում մթությունից:
Նա որսորդ է սրտի – մերձենում է հոգո՜ւն,
Եվ իր առջև բաց են պատուհաններ ու դո՛ւռ,
Ի՛ր հայացքն է` սուզված ամեն
անկյուն ու բույն,
Հնչյուննե՜ր է կորզում խորհուրդներից իմ լուռ:

Եվ լսվում են օդում հառաչանք ու աղերս,
Եվ ցնծության խոսքե՛ր գերբնական,
Եվ ընդերքից, այդպես, երկրի երես –
Խոյանում է ոգին – քերթողական:

Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ
2009 թ.

Թանկագին գրչեղբայրներ եւ բարեկամներ,
Սրտի խորունկ կսկիծով իմացանք դառնաթախիծ եւ վաղաժամ կորուստը Հայաստանի գրողներու միութեան բազմամեայ գործունեայ նախագահ, «Գարուն» ամսագրի երբեմնի երկարամեայ գլխաւոր խմբագիր եւ հանրաճանաչ գրող-հրապարակախօս Լեւոն Անանեանի:
Մեծ է կորուստը համայն հայ գրականութեան, հայրենիքի եւ արտերկրի ամբողջ տարածքին: Իր անժամանակ մեկնումով հայ գրողներս կը կորսնցնենք ոչ միայն նախագահը ՀԳՄ-ի, այլեւ` հոգածու եւ մշտարթուն հայր մը` նուիրուած իր ընտանիքին բոլոր անդամներուն:
Այս տխուր առիթով հաճեցէք ընդունիլ մեր խորազգած վշտակցութիւնը հանգուցեալին սեփական ընտանիքի անդամներուն, հարազատներուն, ՀԳՄ-ի նախագահութեան, վարչութեան եւ անձնակազմի բոլոր անդամներուն, նաեւ Սփիւռք:
Գիտաուսումնական կեդրոնի տնօրէնութեան` խնդրելով իրենցմէ որ թարգմանը հանդիսանան մեր վշտակցական զգացումներուն առ որ անկ է:
Լեւոն Անանեան իր ամբողջանուէր ծառայութեամբ կը մարմնաւորէր բարոյական անսպառ նուիրումը, ուժն ու կորովը` հանդէպ իր պարտականութիւններուն: Վարձքդ կատար` սիրելի Լեւոն:
Հաւերժ լոյս եւ խաղաղութիւն հոգիիդ:
Հիշատակդ միշտ պայծառ պիտի մնայ մեր մէջ:

Եղբայրաբար` քո Արամ ՍԵՓԵԹՃԵԱՆ

«ԳԱՐՈՒՆԻ» ՄԻ ՍՅՈՒՆԸ

Վարդգես Պետրոսյանի հիմնած «Գարուն» ամսագիրը Անժիկ Հակոբյանի խմբագրման տարիներին մի ուրիշ շնչառության մեջ էր,- ես կարծում եմ, որ լրագրողականության և հրապարակախոսության տեսակետից դրանք ամսագրի լավագույն տարիներին էին: Թեև ամսագրի վրա մշտապես զգալի էր պետրոսյանական լրագրության մտածողության ազդեցությունը, բայց կային մարդիկ, ովքեր իրենց ուրիշ ոճն էին ստեղծել. Մարգո Ղուկասյանը սկսել էր Վ. Պետրոսյանի ժամանակ, բայց ինքն իրենով լրագրողական դպրոց էր, Լևոն Անանյանը «Գարուն» էր եկել նրանից հետո և աշխատաոճի և գրելաոճի միանգամայն այլ տեմպ ուներ: Ես ուզում եմ ազնիվ լինել և ասել, որ Լևոն Անանյանը ամսագրի գութանի մաճը բռնածներից ամենաեռանդունը և ամենաչարքաշն էր: Առանձնապես մեծ էր նրա դերը այն պահին, երբ ամսագիրը սկսեց նկարազարդել Վիգեն Թադևոսյանը. դա «Գարունի» համար նոր ոճ և շրջան էր, Լևոնը այդ ժամանակ պատասխանատու քարտուղարն էր, և, բնականաբար, այդ շրջանի մտահղացումների իրականացման ողջ ծանրությունը ընկնում էր նրա վրա: Ես հիշում եմ Լևոնի խանդավառ, նկարչին սատարող կեցվածքը,- և դա էր, որ ապահովեց «Գարունի» այդ շրջանը, ինչը, այո, շատ բանով նրանից էր կախված: Հետո, երբ արդեն նա ինքն էր խմբագրում «Գարունը», ծանր ժամանակաշրջան էր, բայց նա կարողացավ պահել ամսագիրը: Եթե երբևէ գրվի,- չի կարող չգրվել,- «Գարուն» ամսագրի պատմությունը, Լևոն Անանյանին հատուկ գլուխ պետք է նվիրվի…
Իմ հիշողության մեջ նա կմնա իբրև ժրաջան, աշխատասեր, առավոտից երեկո բանող մարդ: Այս ամենին գումարեք իր ընտանիքի հանդեպ վիթխարի սերն ու պատասխանատվությունը – երբեմն թվում էր, թե մեջտեղից երկու կես կլինի, բայց չէ` արագությունը պարզապես նրա բնույթն էր: Ի դեպ, նա արագ էլ մտածում էր: Ես կատակով նրան ասում էի. «Հո դու Տեր Վռազը չե՞ս»: Այդ արագության մեջ էլ նա մնաց: Այդ ոճին նա չդավաճանեց նաև գնալիս…

Հակոբ ՄՈՎՍԵՍ

ԱՓՍՈ՜Ս, ՀԱԶԱ՜Ր ԱՓՍՈՍ

Մեր գրական մեծ ընտանիքից պակասեց ամենավառ լույսը, ամենահուսատու հավատն ու լույսը:
Լևոն Անանյանը բոլորիս համար խորհրդատու ընկեր էր, ոչ միայն նախագահ: Նրա աշխատասենյակի դուռը բաց էր ամեն գրողի, սովորական քաղաքացու համար: Նա շռայլորեն բարություն էր բաժանում մարդկանց, հասնում էր բոլորին: Ծնունդ լիներ, գրքի շնորհանդես թե գրական որևէ հանդիսություն, օրական մի քանի անգամ սրտի խոսք էր ասում, քաջալերում, գնահատում ամեն մի գրողի, արվեստագետի վաստակն ու արժանիքը: Աստված դաժան եղավ նրա հանդեպ, բազում ծրագրեր ու հղացումներ մնացին անավարտ: Լևոն Անանյանը մեզ պատգամեց` մարդի՛կ, բարի եղեք միմյանց հանդեպ, հիշաչար մի եղեք, կյանքից ոչինչ չեք տանելու, այս անցավոր աշխարհում մտածեք միայն լավ գործ, լավ անուն թողնելու մասին: Մնաս բարով, մեր սիրելի ընկեր, բարձր մտավորական, մեծատառով Մարդ: Մենք երկար, շատ երկար պիտի զգանք քո բացակայությունը, քո խորհուրդն ու կարիքը: Անդառնալի կորուստ: Ափսո՜ս, հազա՜ր ափսոս:

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԻՄԱ ԶՈՐԱՎԻԳ ԿԼԻՆԻ… ՎԵՐԵՎԻՑ

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի անձնակազմը և գրական հիմնադրամը խորին վիշտ ապրեցին` Լևոն Անանյանի մահվան բոթը լսելով: Ընդամենը օրեր հետո «Ս. Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ պիտի գումարեր` բանաստեղծուհու 95-ամյա հոբելյանի առթիվ, նիստի կիզակետում, ինչպես միշտ, պիտի լիներ ինքը` Գրողների միության նախագահը, բայց, ավա՜ղ, շաբաթն ուրբաթից շուտ եկավ…
Ս. Կապուտիկյանի և Լ. Անանյանի գրական մտերմությունը սկսվել էր վաղուց: Դեռ 1992-ից, երբ «Գարուն» ամսագրին կից Անանյանը հիմնեց «Ապոլոն» հրատարակչությունը և սկսեց տպագրել հայ ընթերցողի համար փնտրված գործեր, բանաստեղծուհին անմիջապես նկատեց իր կրտսեր գրչընկերոջ կազմակերպչական ձիրքն ու գրական ճաշակը, ուշադրությամբ սկսեց հետևել կարևոր այդ ձեռնարկին և ամեն առիթով խրախուսել նրան: Անանյանի հանդարտությունը, մտավորականի ճշմարիտ կեցվածքը, երիտասարդների հանդեպ ունեցած հոգատարությունը Կապուտիկյանին մեծ հույսեր ներշնչեցին, և 2001-ին գրողների միության նախագահ ընտրելիս բանաստեղծուհին առանց վարանելու հայ գրական ընտանիքի ղեկը վստահեց նրան:
Փոթորկաշատ մեր ժամանակներում Լևոն Անանյանը իր նավը վարեց հմուտ նավավարի իմացությամբ: Նա կարողացավ դիմակայել շատ վայրիվերումների` անելով հնարավորը` գրողների մեծ համայնքը ոչ միայն պահպանելու, այլև կարևոր հանգրվանների հասցնելու համար:
Հատկապես վերջին շրջանում նա ձեռք զարկեց մեծ «ուղևորությունների»: Մեր նոր գրողների ստեղծագործությունների տարածման ու հանրահռչակման համար նա գնաց «Ապոլոնի» հակադարձ ճանապարհով, այսինքն` հայ գրողներին սկսեց հրատարակել եվրոպական լեզուներով: Մեծ համարձակություն էր պետք այդպիսի մասշտաբային գործ ձեռնարկելու համար, բայց նա չվախեցավ աշխատանքի ծանրությունից: Նա ուրույն դաշտ ստեղծեց նաև սփյուռքահայ գրողների համար, գումարեց համագումարներ, բազմաթիվ անգամ անձամբ եղավ Սփյուռքում, հորդորեց ու խրախուսեց գրչակիցներին ավելի եռանդուն ստեղծագործել, սերտացնել կապը հայրենիքի հետ: Աշխատանքն, ինչ խոսք, իր լույսը տվեց, նոր հունտեր երևացին մեր գրական անդաստանում, բայց, ավա՜ղ, այս աշնան բերքաքաղին նա մասնակից չեղավ:
Անանյան-գրագետի, սիրող մարդու և խորը մտավորականի հոգին այլևս երկնքում է: Նա հիմա վերից կհսկի իր ցանած հունտերին: Բանաստեղծուհու տագնապոտ հոգուն միացած` հիմա նա էլ հեռվից կնայի գրողական մեր աշխարհի ելևէջոտ ճանապարհին և իր անչար ժպիտով դարձյալ զորավիգ կլինի բոլորիս…
Խորին կսկիծով`
Արմենուհի ԴԵՄԻՐՃՅԱՆ
Ռաֆլետա ՀԱՋՅԱՆ

Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի աշխատակազմը խոր վշտով ցավակցում է ՀԳՄ նախագահ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լևոն Անանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի աշխատակազմ

Հայաստանի գրողների միությանը
Հարգելի գործընկերներ,
Անտանելի տխուր է հավատալ, որ չկա Լևոն Անանյանը:
Հեռացավ մեծահոգի մարդը, հրաշալի գործընկերը, ընկերը, անհատականությունը, տաղանդավոր հրապարակախոսը, թարգմանիչը, ղեկավարը… Ինչպե՞ս գտնել բառեր` արտահայտելու ողջ ցավը, որ համակել է մեզ բոլորիս. մեծ է կորստյան ցավը:
Ընդունեք մեր խորին ցավակցությունը: Սգում ենք ձեզ հետ միասին:
«Ռուսական ակումբ», միջազգային
կրթամշակութային միություն, Վրաստան


Հարգելի գործընկերներ,
Այսօր իմացա պարոն Անանյանի մահվան մասին: Աստված ինձ հնարավորություն ընձեռեց ծանոթանալ նրա հետ, իմանալ նրան իբրև մարդու, գրողի, հասարակական գործչի: Ուժեղ, բաց, իմաստուն ու հաստատակամ անձնավորություն էր: Պայծառ, տաղանդավոր հոգին հեռացավ մեզանից դեպի Աստված:
Ընդունեք իմ ու մեր կազմակերպության ափսոսանքն ու խորին ցավակցությունը մարդ, գրող, քաղաքացի Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ:
Հավերժ հիշատակ:
Լարիսա ՊՐԱՇԿԻՎՍԿԱՅԱ
բանաստեղծուհի, Միջազգային
ստեղծագործական «Арт-цалон Фелисион»-ի ղեկավար, ՌԴ


Հարգելի ընկերներ, հայ գրողներ
Խոր վշտով իմացանք Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց մշակույթի վաստակավոր գործչին, հրապարակախոսին, թարգմանչին, պարզապես բարի ու լավ մարդուն, ընկերոջը:
Այս կապակցությամբ հայտնում եմ իմ խորին ցավակցությունը ողջ հայ ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին:
Հարգանոք` Մ. ՄԱՇԱԼՈՎ
Հայաստանում Թուրքմենստանի
ժամանակավոր հավատարմատար

One thought on “Ցավակցական խոսքեր, հեռագրեր

  1. Լեւոն Անանյանի երկրային բացակայությունից հետո երեկ առաջին անգամ ոտք դրեցի միության շենք. զգացողությունս ճշգրիտ այն էր, ինչ ապրել եմ հարազի կորստից հետո նրա տան շեմն անցնելիս…
    Մի տեսակ էներգետիկ դաշտ կա, որ մարդու ողջության օրոք առկա է նրա մշտական կեցության տարածքներում, անկախ նրանից՝ այդ պահին մարդն այդտեղ ներկա է, թե՝ ոչ… Ու երբ մարդը հեռանում է՝ կարծեմ հենց այդ դաշտերն են ճեղքվում:
    Մեր հիշողությունը չէ՞, որ երկրային գոյաչափի մեզ հատկացված ընթացքի մեջ ողջության պես պիտի կրի հեռացող թանկ մարդկանց սրբությունները… Ես աղոթում եմ Լեւոն Անանյանի հոգու պայծառության համար…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.