Անի ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Անի ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՇԻՆ ԻՄ ԱՆԱՐՎԵՍՏ

Խախտեմ լռությունն այս
Եվ խենթանամ սիրուց անընդգրկուն…
Երևանյան տապից, ուր
ձանձրույթն է կաթում
թմրած մայթափերին,
Թափառող մտքերից,
որ լողում են օդում`
ձևաչափը փնտրող,
Բառափոշի դարձած միջավայրում:

ՈՐՊԵՍ ԴԻՏՈՐԴ`
ՆՈՐԱՎԱՆՔԻ ՃԱՄՓԻՆ
Ես անցա այս ուղին, որ ձեզ ասեմ հիմա`
Հեշտ չի լինելու,
Որպես դիտորդ չանցա` հույժ կարևոր դեմքով,
Ասենք ինչպես այստեղ, եվրոպացի դիտորդ,
Որ հուշում է մեզ` մեր ազատ կամքի մասին,-
Հրմշտոցով անցա ժամանակի միջով,
Մեկ հպվելով, ասես, մեկ բախվելով,
Զգեստապատառ անցա փշե պսակներով,
Ե՛վ թևաթափ խոնարհ, և՛ գլխիկոր:
Ես անցա այս ուղին, որպես անխազ մարմին,
Թափանցիկ ու անես,
Ինձ ոտնակոխ դրած մամռոտ շիրմաքարին,
Ասես անթարթ մի բիբ` կլանելով իմ մեջ
Ժամանակը ապրած, որ չեմ տեսել երբեք:
Նորավանքի ճամփին:
Որպես դիտորդ չեկա` ասենք հեռուների,
Ասողիկի նման կամ պատմիչի,
Սուրհանդակի վարգով, հևատրոփ եկա,
Որ շշնջամ հիմա`
Հեշտ չի լինելու:

ԻՆՁԱՆԻՑ ԴՈՒՐՍ
Ո՞ւմ խնայեցիր, Հա՛յր իմ,
ո՞ւմ փոխարեն խաչեցիր:
Ինչո՞ւ էր թվում շնորհներ պիտի տեղան երկնքից,
փոխարենը քարեր համբարձվեն վեր,
քարեր, որոնց շնչառությունն անգամ ցավն է,
և որոնք սիրում են անշարժության մեջ սիրել:
Լռություն… թե ձայնակերպումը մարմին է ինքնին,
և ընթացքն է ինձնից դուրս` անհերքելի,
ու ես չգիտեմ ինչպես վարվել լռության հետ,
մարմին լռության…
Հունցվում է հոգիս` վերափոխելով ձևակերպումը,
ձևախեղումը, որ չեմ ճանաչում,
և ասես, իմը չէ,
իմը չէր:
Որքան ճամփա կա, Քեզ հասնելու, Հա՛յր իմ,
իսկ ես, գուցե, արդեն հոգնել եմ:
Մտարարումներիդ մեջ հոգնությունս նույնպես գրանցիր:

ԱՆՇԱՐԺԱՑԱԾ ՔԱՐԻՆ
Ինչպե՞ս վարվեմ, ասա,-
Շրջվեմ
և քեզ թողնեմ ճամփին:
Բայց մրմուռ է ներսս, որ մամուռ է ասես
կապտականաչ տոնի:
Կապտականաչ մամուռ, որ մորմոքն է երկնի,
անշարժացած քարին`
կապտականաչ տոնի:
Ասա, ինչպե՞ս վարվեմ,
երբ չեմ տեսնում քեզ հետ,
շրջանկար դեմքն իմ հիշողության պատին,
երբ տաճարն է հոգուս առանց սյունաշարի,
և ամայի…
քամիները ծածկագույրն են տանում:
Թող ես լինեմ դաժան
անանձնական սիրուս տիրույթներում,
որտեղ չկան դեմքեր,
և բոլորս ենք, սակայն, զոհասեղաններին,
հանուն վերին մտքի,
հանուն ճշմարտության
կապտականաչ տոնի…
և թող ոք ոչ չասի, որ ճշտել է գույնը մամուռների,
թող ոչ ոք ինձ չասի,
թող ոչ ոք ինձ չասի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.