ԱՆԴՐԵԱՍ ԹԱՄԵԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿԸ / Արթուր ՇՆԻՑԼԵՐ

Արթուր ՇնիցլերԱյլևս չեմ կարող ապրել: Որքան ապրեմ, այնքան մարդիկ ծաղրելու են ինձ, և ոչ ոք չի ընդունելու ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունն այն է, որ կինս ինձ չի դավաճանել. երդվում եմ այն ամենով, ինչ սուրբ է ինձ համար, և երդումս կնքում եմ մահովս: Այս բարդ, հանելուկային թեմայի վերաբերյալ շատ գրքերում էլ եմ կարդացել, և եթե կան մարդիկ, որոնք կասկածում են ինքնին փաստին, ապա կան նաև դրանց լրջորեն վերաբերվող գիտնականներ, որ համոզված են. և ես հիմա կբերեմ օրինակներ, որոնք յուրաքանչյուր ուղղամիտ մարդ անառարկելի կհամարի: Այսպես, Մալեբրանխեն պատմում է, թե ինչպես մի կին սուրբ Պիուսի պայծառակերպության տոնին, ինքնամոռաց, հմայված, այնքան է նայում նրա նկարին, որ դրանից հետո ունեցած որդին նմանվում է սրբին. ընդհանուր տեսքը հիշեցնում է ծերունու հոգնած կեցվածքը, բազուկները խաչված են լինում կրծքին, աչքերը` ուղիղ երկնքին հառված, և դեռ ուսի վրա էլ խալի տեսքով պատկերված է լինում ցած իջած գլխարկը: Եթե որևէ մեկին այս պատմությունը, համոզիչ չի թվում, չնայած վկայի հեղինակությանը, որ հայտնի փիլիսոփա Կարտեզիուսի հետևորդն է, ապա նրան թերևս Մարտին Լյութերը երաշխիք լինի: Նույն ինքը` Լյութերը (այս մասին կարելի է կարդալ նրա ելույթներում) ճանաչել է Վիտենբերգում ապրող մի մարդու, որը գլխի տեղում միայն գանգոսկր է ունեցել. հայտնի է, որ այդ տարաբախտ մարդու մայրը հղի ժամանակ սաստիկ վախեցած է լինում դիակից: Մի ուրիշ պատմություն, որն ինձ խիստ հավանական է թվում, որին կասկածելու լուրջ պատճառ չկա, ուսումնասիրված է Հելիոդորի «Libri aethiopicorum»-ում: Ըստ այս ականավոր հեղինակի` Պերզինա թագուհին տասնամյա անպտուղ ամուսնու­թյունից հետո ամուսնու` Հաբեշստանի թագավոր Հիդասպեսի համար սպիտակամորթ դուստր է ծնում, որին ծնունդից անմիջապես հետո գցում է` երկյուղելով ամուսնու միանգամայն բնական զայրույթից: Բայց նա երեխայի վրա մի գոտի է կապում, որի վրա գրած է լինում այդ ճակատագրական իրողության պատճառը. թագավորական պալատի այգում, որտեղ թագուհին վայելել էր իր սևամորթ ամուսնու սերը, դրված են եղել հունական աստվածների և աստվածուհիների մարմարե հիասքանչ արձանները, որոնց Պերզինան հառել է իր զմայլված հայացքը: Ոգու զորությունն ավելի հեռուն է գնում, և միայն սնահավատներն ու անուսում մարդիկ չեն, որ ընկրկում են այդ երևույթի առջև, ինչպես վկայում է 1637 թ-ին Ֆրանսիայում տեղի ունեցած հետևյալ պատմությունը: Մի կին ամուսնու չորսամյա բացակայությունից հետո որդի է ունենում. նա երդվում է, որ երազի մեջ համապատասխան ամիսներ առաջ կրքոտ գրկախառնում է ունեցել ամուսնու հետ` ասես իրական սեր վայելելով: Մոնպելիեի բժիշկներն ու մանկաբարձները երդումով հաստատել են, որ երևույթը միանգամայն բնական է, և Հավրի դատարանը երեխային շնորհել է լեգիտիմ ծնունդի բոլոր իրավունքները: Համբերգի «Բնության առեղծվածներում» ներկայացվում է պատմություն մի կնոջ մասին, որն առյուծի գլխով երեխա է ծնել` հղիության յոթերորդ ամսում ամուսնու և մոր հետ առյուծ վարժեցնողի ելույթը դիտելուց հետո: Հետագայում կարդացի ևս մի պատմություն (տե՛ս` Լիմբյոկ, «Կանանց հղանալու մասին», Բազել, 1846, էջ 19), որ մի երեխա ծնվել է` այտին այրվածքի մեծ խալ, որովհետև մայրը ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ տեսել է դիմացի տան հրդեհվելը: Այդ գրքում ուրիշ, ավելի զարմանահրաշ դեպքեր էլ են նկարագրվում: Այս տողերը գրելիս գիրքը սեղանիս վրա է, թերթելով այն` գտնում եմ գիտականորեն հիմնավորված շատ համոզիչ պատմություններ, որոնցից մեկը նույնքան հավաստի է, որքան իմ պատմությունը, ավելի ճիշտ` պատմությունն իմ հրաշալի կնոջ, որն ինձ հավատարիմ է, և դա նույնքան ստույգ է, որքան այն, որ ես այս պահին կենդանի եմ: Արդյոք կարո՞ղ ես ներել ինձ, սիրելի՛ կինս, որ պատրաստվում եմ վերջ տալու կյանքիս: Դու պետք է կարողանաս ինձ ներել: Միայն քո սերն է ինձ ստիպում հեռանալ կյանքից, որովհետև չեմ կարող թույլ տալ, որ մարդիկ չարախնդան, ծիծաղեն քեզ վրա… և ինձ: Դե, վերջապես կկտրեն իրենց ծիծաղը, վերջապես կհասկանան, ինչպես ես կարողացա հասկանալ: Դուք, մարդիկ, դուք` նամակս գտնողներ, իմացեք` մինչ ես գրում եմ այս տողերը, նա կողքի սենյակում քնած է, քնած է անբասիր խիղճ ունեցող մարդու անվրդով քնով. և նրա երեխան, մեր երեխան, որը դեռ տասնչորս օրական է, խաղաղ քնած է նրա կողքին դրված օրորոցում: Տնից դուրս գալուց առաջ նրանց մոտ կգնամ, կհամբուրեմ կնոջս ու երեխայիս ճակատը, ես նրանց չեմ արթնացնի: Այսպես մանրամասնորեն գրում եմ, մարդի՛կ, որ չկարծեք, թե խելագար եմ… ո՛չ, ամեն ինչ լավ մտածված է, և ես կատարելապես հանգիստ եմ: Նամակը գրելուց հետո դուրս կգամ տնից, խորը գիշերվա դատարկ փողոցներով կանցնեմ, կգնամ այն ճանապարհով, որով մեր ամուսնության առաջին տարիներին հաճախ եմ անցել կնոջս հետ, կհասնեմ Դորնբախ, կգնամ ավելի հեռու, մինչև անտառ: Այո՛, ամեն ինչ լավ մտածված է, ես լիովին գիտակցում եմ իմ քայլերը: Բանն այս է. ես` Անդրեաս Թամեերս, ավստրիական դրամատան ծառայող, երեսունչորս տարեկան, բնակությանս վայրը` Հերնալզյան մայրուղի, թ.64, չորս տարի է` ամուսնացած եմ: Մինչև իմ կինը դառնալը յոթ տարի ճանաչել եմ կնոջս. նա մերժեց իր երկու երկրպագուներին, որովհետև ինձ էր սիրում, որովհետև սպասում էր ինձ: Մի կոմիսարի` 1800 գուլդեն ունեցվածքով, և բժշկագիտության մի շատ երիտասարդ թեկնածուի` Տրիրից, որը սեփականատիրոջ իրավունքներով ապրում էր նրա ծնողների տանը: Նկատի ունեցեք` մերժել է իմ պատճառով, թեև ես ո՛չ հարուստ էի, ո՛չ գեղեցիկ, և մեր հարսանիքը տարիներ շարունակ ձգձգվում էր: Այսքանից հետո մի՞թե կարելի է մտածել, թե այսպիսի կինը կարող է դավաճանել, նա, որ յոթ տարի համբերությամբ սպասում էր ինձ: Մարդիկ` հիմար, մարդիկ` ողորմելի… նրանք չեն կարող մեր հոգու մեջ նայել, տեսնել այն, ինչ կուզեի արտահայտել, նրանք չարախինդ են, չափազանց միանման: Բայց հիմա բոլորը կհամրանան, կլռեն…այո՛, հիմա բոլորը կասեն` մենք անարդար վարվեցինք, մենք հավատում ենք, որ քո կինը հավատարիմ է, և ամենևին էլ կարիք չկար, որ քեզ զոհեիր: Իսկ ես գիտեմ, որ սա անհրաժեշտ էր. որքան ապրեի, շարունակ ծաղրելու էիք ինձ, դուք` բոլորդ: Միայն մեկ մարդ կա` ազնիվ և բարի. դա ծերուկ դոկտոր Վալտեր Բրաուներն է… Այո՛…Նա հենց սկզբից էլ ասաց այս մասին, մինչ ինձ ներս կտաներ, ասաց. «Սիրելի՛ Թամեեր, մի՛ վախեցեք և զուր տեղը մի՛ հուզեք ձեզ ու ձեր կնոջը: Այդպիսի բաներ հիմա շատ հաճախ են պատահում: Վաղը ես ձեզ համար մի գիրք կբերեմ` Լիմբյոկի գիրքը, և այլ գրքեր` արտասովոր հղիությունների մասին»: Այդ գրքերը հիմա դրված են իմ առջև. հապա ինչպե՞ս. և ես խոնարհաբար խնդրում եմ յուրայիններիս` այս պատվարժան մարդուն վերադարձվեն իր գրքերը երախտագիտությանս հետ միասին: Ուրիշ կիսատ թողած գործ չունեմ: Շիրմաքարս վաղուց պատրաստ է, պատճառ չունեմ այն փոխելու, քանզի կինս ինձ չի դավաճանել, և երեխան, որ նա ծնել է, իմ երեխան է: Իսկ թե ինչու նրա մաշկն այսպիսի տարօրինակ գույն ունի, ես դա շատ պարզ կբացատրեմ: Միայն չարակամությունն ու տգիտությունը կարող են այս բացատրությունն անտեսել, և համարձակվում եմ պնդել, որ եթե մարդիկ չարամիտ ու հիմար չլինեին, ապա ես կկարողանայի ապրել, քանզի բոլորը կընդունեին ճշմարտությունը: Իսկ այսպես ոչ ոք չի ուզում հասկանալ, նրանք ծաղրուծանակի են ենթարկում ինձ, ծիծաղում են ինձ վրա: Անգամ պարոն Գուստավ Ռենգելհոֆերը` կնոջս մորեղբայրը, որին ես մշտապես մեծ ուշադրության եմ արժանացրել, երեխային տեսնելուց հետո աչքերը խիստ վիրավորական ձևով կկոցեց… Եվ սեփական մայրս… Նա ձեռքս ուրիշ կերպ սեղմեց, ասես ընդունելիս լինեի նրա ցավակցու­թյունը: Եվ գրասենյակի գործընկերներս փսփսացին, երբ ներս մտա: Իսկ դռնապանը, որի երեխաներին ծննդյան տոնի առթիվ իմ հին, փչացած ժամացույցը նվիրեցի, պատյանը, ամեն դեպքում, կարող էր որպես խաղալիք ծառայել, նա էլ անցած օրը, երբ կողքով անցնում էի, քթի տակ խնդմնդաց. մեր խոհարարը նույնպես դեմքն այնպես շողացրեց, ասես հարբած լիներ, իսկ նպարավաճառը անկյունադարձին հետևիցս նայեց` երկու թե երեք անգամ, վերջին անգամ էլ դռան մեջ կանգնել-մնացել, ասում էր մի տարիքով կնոջ`սա նա է: Ահա մի ապացույց ևս անիմաստ շշուկների կայծակնային տարածման. կան մարդիկ, որոնց չեմ ճանաչում, բայց նրանք էլ են տեղյակ: Չգիտեմ` որտեղից: Նախանցյալ օրը հանրակառքով տուն էի գնում, լսեցի` հետևում երեք տարեց կին էին խոսում, պարզ լսեցի ազգանունս. քարացա-մնացի հարթակին կանգնած: Ահա թե ինչու ձեզ ձայն եմ տալիս (դիտավորյալ եմ գործածում այս արտահայտությունը, չէ որ սրանք գրավոր բացատրություններ են), ես հարցնում եմ ձեզ լսելի ձայնով. «Ի՞նչ անեմ, մարդի՛կ: Ուրիշ ի՞նչ է մնում ինձ անելու: Չէ՞ որ ամեն մեկին չեմ կարող ասել` կարդացեք Համբերգի «Բնության առեղծվածները» և Լիմբյոկի գլխավոր աշխատությունը` «Կանանց հղանալու մասին»: Ես չեմ կարող ծունկի իջնել նրանց առջև և պաղատել` այդքան դաժան մի՛ եղեք, մարդի՛կ, հավատացե՛ք, կինս ինձ միշտ հավատարիմ է եղել»: Նա հաղորդվել է, երբ ամռանը քրոջ հետ հայտնվել է կենդանաբանական այգուց ներքև, ուր այդ օտարներն իրենց ճամբարն ունեին` այդ չարաբաստիկ սևերը: Երդվում եմ, որ նա հաղորդվել է: Բանն այսպես է եղել. այդ օրը ես ծնողներիս մոտ էի, դրանից մի քանի օր առաջ էլ: Հայրս հիվանդ էր, շատ հիվանդ, որպեսզի հավատաք, իմացե՛ք, դրանից մի քանի շաբաթ հետո մահացավ: Բայց սա կապ չունի: Ուրեմն այսպես` Աննան մենակ էր: Երբ վերադարձա, նրան գտա անկողնում. իսկ ինչպե՞ս պիտի լիներ… ապրումներից… կարոտից… ես ինչ գիտեմ` ինչից, բերանքսիվայր պառկած էր: Ես ընդամենը երեք օր էի հեռու եղել նրանից: Այդքան շատ էր սիրում ինձ կինս: Ես նստել էի նրա անկողնու մոտ, և նա պատմում էր, թե ինչպես է անցկացրել այդ օրերը: Առանց իմ հարցնելու, նա ամեն ինչ պատմեց: Նույնությամբ ներկայացնում եմ նրա պատմածը հանգամանքներից բխող անհրաժեշտ ճշգրտությամբ: Երկուշաբթի մինչև կեսօր նա տանն է լինում: Բայց կեսօրից հետո Ֆրիցիի հետ (այդպես են անվանում նրա չամուսնացած քրոջը. իսկական անունը Ֆրիդերիկե է) դուրս են գալիս քաղաք`գնումների: Ֆրիցին նշանված է մի շատ լավ մարդու հետ, որը Գերմանիայում բարձր դիրքի տեր է, հենց Բրեմենում` մի խոշոր առևտրական կենտրոնում, և Ֆրիցին պետք է շուտով մեկնի նրա մոտ, որ ամուսնանան… Բայց նորից շեղվեցի… Ես լավ գիտեմ: Երեքշաբթի կինս ողջ օրն անցկացնում է տանը, որովհետև անձրև է լինում: Գյուղում էլ` ծնողներիս մոտ, այդ օրը, հիշում եմ, անձրև էր գալիս: Հետո գալիս է չորեքշաբթին: Այդ օրը իմ կինն ու նրա քույրը երեկոյան կողմ գնում են կենդանաբանական այգի, ուր նեգրերն իրենց ճամբարն էին խփել: Ասեմ, որ ես էլ եմ նրանց տեսել, մի քանի ամիս առաջ, երբ Ռուդոլֆ Բիտների հետ գնացել էինք զբոսնելու, նրա ու նրա կնոջ հետ: Աննան կտրականապես հրաժարվեց մեզ հետ գալ. այն չորեքշաբթիից հետո սևամորթ որևէ մեկը տհաճ է նրան: Նա ինձ ասաց, որ երբեք սևամորթներից այդպիսի զգացողություն չէր ունեցել, ինչպես այն երեկո, երբ միայնակ հայտնվել էր նեգրերի մեջ: Միայնակ, քանի որ Ֆրիցին հանկարծակի անհետացել էր: Հնարավոր չէ այս փաստը կոծկել: Իհարկե չեմ ուզում Ֆրիցիի մասին որևէ բան ասել, որովհետև սա իմ վերջին նամակն է: Բայց այստեղ, ինձ թվում է, տեղին է նրա մասին լուրջ կարծիք հայտնել` չվիրավորելով նրա փեսացուին. նա` որպես կարգին մարդ, իհարկե, շատ դժբախտ կզգա իրեն: Բայց, ցավոք, փաստն այն է, որ այն երեկո… պարոն…բայց ինչո՞ւ որևէ անուն տալ…մի խոսքով, այն պարոնի հետ, որին ես շատ լավ եմ ճանաչում, և որի մոտ իմ այս աղաղակը լավագույն զգացումներ չի առաջացնի, քանզի ամուսնացած է, Ֆրիցին անհետանում է այն իրիկուն, և իմ խեղճ կինը հանկարծ մնում է մենակ: Մառախլապատ երեկո էր, ինչպես երբեմն լինում է ուշ ամռան օրերին: Ես, օրինակ, երեկոյան երբեք, առանց վրայից մի բան հագնելու, չեմ դուրս գա Պրատեր: Գիտեմ, որ այնտեղ իրիկունները հաճախ թանձր մառախուղ է իջնում հովիտների վրա, ուր առկայծում են լույսերը:…Ահա այդպիսի երեկո է լինում այն չորեքշաբթի, և հանկարծ Ֆրիցին անհետանում է, ու իմ Աննան մնում է մենակ, բոլորովին մենակ… Ո՞վ չի հասկանում, որ այդպիսի հանգամանքներում նա սոսկալի վախենալու էր այդ վիթխարի մարդուց` բոցկլտացող աչքերով, փրչոտ, սև մորուքով… Երկու ժամ շարունակ Աննան սպասում է Ֆրիցիին` հուսալով, թե նա ուր որ է գալու է, բայց արդեն դարպասը փակելու ժամանակն է լինում, և կինս դուրս է գալիս: Բանն այսպես է եղել: Այս ամենն ինձ պատմել է Աննան, վաղ առավոտյան, երբ, ինչպես արդեն ասել եմ, նստել էի նրա մահճակալի մոտ: Նա փաթաթվել էր պարանոցիս և դողում էր, աչքերը մթնած էին, ես էլ սկսեցի վախենալ, ընդ որում` այդ օրը դեռ չգիտեի այն, ինչ հետո իմացա, բնավ չգիտեի: Եթե իմանայի, որ նա կրծքի տակ կրում է իմ երեխային, երբեք և ոչ մի դեպքում չէի թույլ տա, որ Ֆրիցիի հետ այդպիսի մշուշապատ երեկոյով Պրատեր գնար և իրեն հազար ու մի վտանգի ենթարկեր: Չէ՞ որ այդ վիճակում գտնվող կնոջ համար ամեն ինչ էլ կարող է վտանգավոր լինել… Ինչ խոսք, եթե Ֆրիցին չկորչեր, կինս երբեք այդ սոսկալի սարսափը չէր ապրի: Իսկ դա մեծ դժբախտություն էր, որ նա մենակ է եղել և դողացել է Ֆրիցիի համար…Դե, բայց հիմա ամեն ինչ անցել է, և այս բոլորը գրեցի, որովհետև ինձ համար կարևոր է, որ ամեն ինչ պարզ դառնա: Եթե ես դա չանեի, ո՞վ գիտի, մարդիկ իրենց ողորմելիության մեջ չէի՞ն ասի. «Նա իրեն սպանեց, որովհետև կինը դավաճանել էր նրան… Ո՛չ, մարդի՛կ, նորից եմ ասում, կինս հավատարիմ է մնացել ինձ, և երեխան, որ նա ծնել է, իմ երեխան է. ինձ մահվան մղեցիք դուք, միայն դուք, դուք բոլորդ, որ թշվառամիտ ու չարախինդ եք`հավատալու և հասկանալու համար: Եվ որքան ավելի ինքներդ ձեզ ասեք ու փորձեք երևույթը ձեզ համար գիտականորեն բացատրել… ես գիտեմ…այնքան ավելի եք ծանակելու ու ծիծաղելու…եթե ոչ երեսիս, ապա հետևիցս, կամ ասելու եք. «Թամեյերը խենթ է»: Դե, իսկ հիմա կհավատաք, հարգելինե՛րս, որ մեռնում եմ` հանուն իմ համոզմունքի, հանուն ճշմարտության և ամենից առաջ` հանուն կնոջս պատվի: Քանի որ, գիտեմ, երբ մեռած լինեմ, դուք իմ կնոջը չեք ծաղրի և չեք ծիծաղի ինձ վրա: Արդեն կընդունեք, որ լինում են նաև այսպիսի բաներ, ինչպես Համբերգը, Հելիոդորը, Մալեբրանխեն, Վելզենբուրգը, Պրոյսը, Լիմբրյոկը և ուրիշներն են վկայում: Դու նույնպես, սիրելի՛ մայր, անշուշտ չես սեղմի ձեռքս` ասես կարեկցելով ինձ: Եվ կնոջիցս էլ ներողություն կխնդրես, ես դա գիտեմ: Դե, կարծես թե այլևս ասելու բան չունեմ: Ժամը մեկն է: Բարի գիշեր, սիրելինե՛րս: Գնամ ննջարան, մի անգամ էլ համբուրեմ կնոջս ու երեխայիս…վերջին անգամ… ու …հեռանամ: Ապրեցեք առողջ:

Գերմաներենից թարգմանեց Ամալյա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.