ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՇՏԵԼԻ ՀՆԱԳԵՏՆ ՈՒ ՍԱՅԱԹՆՈՎԱԳԵՏԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

hasratyan

Նվիրվում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մորուս Հասրաթյանի ծննդյան 110-ամյակին

Իմ սիրելի դասախոսներից մեկն է եղել Մորուս Հասրաթյանը, ում մասին լսել եմ դեռ երեխա ժամանակ պապիցս ու ծնողներիցս, ովքեր նրա մասին խոսում էին ջերմությամբ ու պատկառանքով` որպես մի արտասավոր մարդու: Հետո ընդունվեցի Խ. Աբովյանի անվան ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, դարձա նրա ուսանողը, հիացա նրա ազնվական կեցվածքով և միայն իրեն բնորոշ ինքնատիպությամբ ու առինքնելու կարողությամբ: Մորուս Հասրաթյանը մեր կուրսում կարդացել է երկու առարկա` հին աշխարհի պատմություն և համաշխարհային արվեստի պատմու­թյուն: Նրա դասերից ոչ ոք չէր բացակայում, թեպետ երբեք ներկա-բացակա չէր անում. նրա դասախոսություններին ուսանողները սպասում էին, որովհետև դասախոսի խոսքն ուներ կախարդանքի ուժ: Նա այնպես էր խոսում փարավոնների, Տրոյական պատերազմի, Համուրաբիի օրենքների, Հոմերոսի ու հունական դիցաբանության մասին, որ թվում էր, թե դու այդ ամենը տեսնում ես քո աչքով, նույն ձևով տեսանելի էին դառնում անտիկ աշխարհի առասպելական զորահրամանատարները` Հուլիոս Կեսարն ու Կարթագենի տիրակալ Հաննիբալը: Երբեք «երկու» գնահատական չէր նշանակում քննական թերթիկում: Մի քանի տարի անց, երբ ասպիրանտ էի, խնդրեցի բացատրել, թե ինչո՞ւ անբավարար չի դնում որևէ ուսանողի: Բացատրեց, որ ուսանողը թոշակով է ապրում, և իրեն երբեք թույլ չի տվել զրկել ուսանողին նյութական միջոցից:

Մորուս Հասրաթյանը ուսանողության աչքին արդարության, բազմագիտակության, ազնվության ու հայրենասիրության չափանիշ էր, նա ուսուցիչ էր, ում հավատում էին անվերապահորեն: Հարուստ կենսագրություն ուներ: Սովորել էր Լենինգրադում, եղել Հայաստանի ԳԱԱ առաջին նախագահ Հովսեփ Օրբելու ասպիրանտը, շփվել էր Նիկողայոս Մառի հետ, իր մեջ կրում էր նրանց պատգամները. պատահական չէ, որ 1963-ին ընտրվեց Հայաստանի ազգային ակադեմիայի թղթակից անդամ և ստացավ Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը: Վարել է շատ կարևոր պաշտոններ, 1937-ին եղել է Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, հետո` Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ գիտության գծով պրոռեկտոր, 1964-1975 թթ.` Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն, իսկ 1965-1966 թթ.` գրեթե երկու տարի, տարբեր առարկաներ է դասավանդել Բեյրութի Հայկազյան քոլեջում:
Մորուս Հասրաթյանը խստապահանջ էր իր իսկ անձի նկատմամբ: Համոզված էր, որ գիտնականը պետք է նորություն բերի իր բնագավառում, ուստի չէր ընդունում բոլոր նրանց, ովքեր կրկնում էին ուրիշների գրածները: Առաջնակարգ սայաթնովագետ էր, և այս փաստն ընդունված է միջազգային հայագիտության մեջ, որի լավագույն առհավատ­չյան Չառլզ Դաուսեթի «Սայաթ-Նովա» ստվարածավալ գրքում անգլիացի սայաթնովագետի բազում գնահատականներն են` տրված Մ. Հասրաթյանի կատարածին:
Մորուս Հասրաթյանն իր մտապաշարում կրում էր հայ էթնոսի անցած պատմական ուղին` քարե դարաշրջանից մինչև իր օրերը: Նա Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակի» հնագետն էր, որի միտքը սլանում էր դեպի անցած դարերի արժեքները:
Ուսանողների մեջ ջանում էր պատվաստել առողջ հայրենասիրություն. նրա կարծիքով հայրենիքի ամեն մի հուշարձան հայը պետք է պաշտպանի աչքի լույսի պես և միշտ մտածի ազգային արժանապատվության մասին: Նրա խոսքն ու գործը ներդաշնակ էին: Այդպես էր ապրում, և իր օրինակը վարակիչ էր: Չէր սիրում տգետ ու շփացած մարդկանց: Նրա համար մեծագույն ցավ էր 1915-ի հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված չլինելը:
Մորուս Հասրաթյանը խորհրդային տարիների մտավորական էր ու գործիչ, սակայն երբեք տուրք չի տվել իր ժամանակի գաղափարական պահանջներին, իր գրվածքներում, ելույթներում հավատարիմ է մնացել միայն ազգային շահերին, գիտության շահերին: Որպես «ազգայնական» մի քանի տարի բռնադատվել է և տառապել բանտում ու ազատվել գրեթե հրաշքով` 1940-ին: Բացի Սայաթ-Նովայի խաղերը ներկայացնող գրքերից, որոնք հմտորեն կազմել, խմբագրել ու ծանոթագրել է, հետագայի հետազոտողների համար թողել է երկու կարևոր գրքեր` «Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ» (Եր., 1985), «Հոդվածների ժողովածու» (Եր., 1995):
Համաշխարհային արվեստի պատմություն դասավանդելիս Մ. Հասրաթյանը ուշադրություն էր դարձնում իտալական Վերածննդին, ծանոթացնում Իսպանիայի ու Նիդեռլանդների նկարչական դպրոցներին: Խոսում էր նաև հայ եկեղեցաշինու­թյան, հատկապես Անիի Մայր տաճարի մասին, հիշեցնում, որ նրա կրկնօրինակը կա Գյումրիում:
Շատ երկար կարելի է գրել այդ լուսավոր մարդու և մեծ հայենասերի մասին, ով խստորեն զգուշացնում էր. «Անտարակույս, մարդու ամենամեծ հանցանքը, անմոռանալի և աններելի ոճիրը հայրենիքին և ժողովրդին դավաճանելն է կամ նեղ օրերին լքելը» («Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ», էջ 72):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.