ԵՍ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՍԵՐՆԴԻՑ ԵՄ / Մարինե Պետրոսյան

Ես երկրաշարժի սերնդից եմ: Գյումրիի երկրաշարժը նկատի չունեմ, գրական երկրաշարժի մասին եմ ասում` մեր սերունդը երկրաշարժի սերունդն ա: Երկրաշարժը եկավ ու քանդեց գրականության ամբողջ շենքը: Ընդ որում, դա մեկ հարվածով երկրաշարժ չէր, տարիներ տևած պերմանենտ երկրաշարժ էր, որից հետո ոչ մի բան տեղում չմնաց: Գրականության շենքի բնակիչների մի մասը թողեց հեռացավ` լքելով գրականությունը, մի մասը տեղից չշարժվեց ու մնաց փլատակների տակ, իսկ մի փոքր մասն էլ, որի մեջ, անհամեստորեն ասեմ, կարծում եմ` կամ նաև ես, դուրս եկավ փլվող շենքից, բայց չլքեց գրականությունը, ուղղակի սովորեց ապրել բաց երկնքի տակ` ամեն ինչ դարձնելով գրականության տարածք:
Ինչո՞ւ եմ ես էս ամեն ինչը պատ­մում: Ինձ առաջարկեցին գրել երի­տասարդների գրականության մա­սին, ու ես ուզում եմ գրել նրա մասին, ինչն ինձ անհանգստացնում ա երիտասարդների մեջ: Ինձ երիտասարդների մեջ անհանգստացնում ա տեղի ունեցած երկրաշարժի գիտակցության բացակայությունը: Առաջին հայացքից կարող ա թվալ, թե դա լավ ա` նորերը եկել են, հինը չեն տեսել ու չեն կարոտում, նոր պայմանները ընդունում են որպես հիմք ու դրանից էլ ելնում են. ընթերցողը քիչ ա` ուրեմն քիչ ա, գրականությունը հայաստանցիների մեծ մասի համար արդեն կարևոր չի` ուրեմն կարևոր չի, լուրջ հարցեր բարձրացնող քննադատու­թյուն չկա` ուրեմն չկա: Ինչ որ կա` էս ա: Նոր գրողներ, փառք աստծո, շատ կան, իրար կարդում են, հավաքվում են` իրար գրածների մասին մի քիչ խոսում են, Գրեթերթը կա, Գրանիշը կա, Գրողների միությունը կա, Ծաղկաձորը կա: Չես մեռնի` ապրել լինում ա: Ու Ճգնաժամի զգացողություն չկա: Երկրաշարժը, որի մասին խոսում էի, հենց Ճգնաժամն էր:
Ամբողջ խնդիրն էն ա, որ գրականությունն էսօր ճգնաժամի մեջ ա ամբողջ աշխարհում: Դա սկզբից էնքան էլ պարզ չէր: Երբ որ Սովետական Միությունը փուլ եկավ, թվում էր` ընդամենը սովետական գրականության շենքն ա փուլ գալիս` իրա բոլոր համապատասխան կառույցներով` քննադատությամբ, պարբերականներով, գնահատման ու հանրայնացման համակարգով, ընթերցողով: Բայց երբ որ փոշին նստեց, անկախ Հայաստանը իրականություն դարձավ, սահմանները բացվեցին ու գրողներս սկսեցինք նայել մեր շուրջը, ամենից առաջ` Եվրոպա, քանի որ հայ գրականությանն ամենամոտը հենց եվրոպական համակարգն ա ու հայ գրականությունը տրամաբանական կլիներ որ հենց էդ համակարգի մասը դառնար: Ու հենց էդ ժամանակ էլ պարզվեց` Եվրոպայում էլ ա գրականության ճգնաժամ: Իհարկե, Եվրոպայում ճգնաժամը էն սրությունը չունի, ինչ որ Հայաստանում, քանի որ Եվրոպայում ոչ մի բան հանկարծակի փուլ չի եկել, գրականության ենթակառուցվածքները պահպանվել են և անկումը եղել ա աստիճանական ու համեմատաբար անցավ: Ու քանի որ գրականության ենթակառուցվածքները` քննադատություն, մամուլ, հրատարակչություններ, փառատոներ, Եվրոպայում պահպանվել են, էնտեղ հստակ ու ակնհայտ ա, որ ճգնաժամը վերաբերում ա ոչ թե դրանց, այլ գրականության բուն միջուկին` գրականության նշանակալիությանը, մարդու կյանքում գրականության տեղին: Այսինքն, հարցը` ինչի՞ համար ա գրականությունը, ճգնաժամի ժամանակ նոր սրությամբ ա հառնում և պետք ա լինում դրան նորից պատասխան գտնել: Ընդ որում, ինչքան սուր ա ճգնաժամը, էնքան մեծ ա հավանականությունը, որ գրողը, բախվելով անելանելիության պատին, անսպասելի ելքեր գտնի ու նոր ճանապարհներ` գրականության համար ընդհանրապես: Էդ իմաստով` ճգնաժամը դաժան, բայց պտղաբեր իրողություն ա: Ու հենց էդ պատճառով` ես ուրախ եմ, որ պատկանում եմ երկրաշարժի ու ճգնաժամի սերնդին: Բայց ճգնաժամն, իհարկե, առանձին մեկ սերնդի մենաշնորհը չի: Ճգնաժամը նրանն ա, ով կարողանում ա նայել իրա աչքերին և փնտրում ա խիզախ պատասխաններ:

7 մեկնաբանություններ

  1. Ինչ երկրաշարժ, ինչ բան, հաճախ գրականության մեջ երկրաշարժ է լինում որոշ գրողների տափակաբանություններց, որոնք որպես գրականության նմուշ ընդունելը խելացնորություն է: Օրինակ…հոդվածագրին հավանաբար պարզ դարձավ ինչի մասին է խոսքը:

  2. Ներեցեք, իսկ Գրական թերթի համար նորմա՞լ է «կարողանում ա, ասում ա, տանում ա» ձեւերը օգտագործելը։

    • Այսպիսի պարադոքս ինձ թվում է ոչ մի ազգում չկա` ողջ ազգը խոսում ա ա-ով և ողջ ազգը գրում է է-ով, ժամանակն է որ ինչ-որ ընդհանուր միջին գտնվի:

  3. Ընթերցող-ի հետ համամիտ եմ:Մարինե, ինչի՞ համար եք ձև բռնել՝ միլիոններից տարբերվելու համար: <>-ով գրելս ո՞րն է:Նորամուծություն չէ , ու հաստատ գիտեմ ոչ մեկի դուրն էլ չի գալիս:Քո գործն է, բայց <>, այո՛, պատիվ չի բերում:

  4. Ես մնում եմ իմ նույն համոզմունքին որ Գրական թերթի ընթերցողն ամենուր նույն գորշ զանգվածն ա, նորարարություններից ու նոր գրականությունից հեռու:

  5. Տարօրինակ ու անսովոր գրել դեռ չի նշանակում արժեքավոր գործ գրել: Աճպարարությունը գրականության տեղ մի՛ ծախեք: Հիմարի տեղ մի՛ դրեք ընթերցողներին, ովքեր պակասում են և բնականաբար դեռ ավելի պիտի պակասեն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.