ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Մի մասունք դասականի անսպառ գանձարանից

ԴեմիրճյանԵ. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում հայտնաբերել ենք մինչ օրս անտիպ մնացած ձեռագիր` բաղկացած 24 մատիտագիր թերթիկներից, որոնցում մեծ դասականն իր դատողություններն է շարադրել Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ, անդրադարձել նաև իր հայրենի Ջավախքի կարգավիճակին առնչվող մտահոգու­թյանը:
Ձեռագիրը մշակվել է 1972 թ. և, բնականաբար, չի արժանացել տպագրվելու բախտին, թեև այդ տարիներին ընթացքի մեջ էին Դեմիրճյանի գրական ժառանգության տասնչորսհատորյա ակադեմիական հրատարակության աշխատանքները: Չտպագրվելու պատճառը հստակ է. այդ բովանդակությամբ նյութի հրապարակման մասին մտածելն անգամ այն օրերին կհամարվեր հակախորհրդային, հակապետական հանցագործություն` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Որոշ փաստերի համադրումից եզրակացնում ենք, որ այս նյութը գրվել է 1954 թվականին:
Բացի ընդհանուր շարադրանքից, ձեռագրում կան նաև առանձին գրառում-պատառիկներ, որոնք արված են կա՛մ լուսանցքներում, կա՛մ ձեռագիր թերթերի դարձերեսին, կա՛մ մանր կտրատված թերթիկների վրա:
Ձեռագիրն ամբողջությամբ պատրաստել ենք հրատարակության: Շուտով այն լույս կընծայի «ԳԱԹ» հրատարակչությունը:
Ներկայացնում ենք առանձին հատվածներ նորահայտ ձեռա­գրից: Դեմիրճյանը որոշ բառեր, մտքեր ընդգծել է ձեռագրում: Թե՛ տպագրվելիք գրքում, թե՛ ստորև ներկայացված հատվածներում մենք ևս զատորոշել ենք այդ հատվածները` առավել արտահայտիչ դարձնելու համար իր իսկ վերաբերմունքն արծարծվող խնդիրների նկատմամբ:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ

ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ  ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Եվ ի՞նչ են ներկայացնում Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում. երիտասարդությունը չի կարող բարձրագույն կրթություն ստանալ իր մայրենի լեզվով. ուրեմն և չի կարող Ադրբեջանում մասնակցել որակյալ աշխատանքի՝ իր իսկ բուն մարզում: Ղարաբաղի ժողովուրդը մնում է կիսակիրթ. գյուղացին հետ է մնում: Նա պետք է ադրբեջանականանա, որ կարողանա ապրել և զարգանալ: Ուրեմն ասիմիլիացիա՜… և այն էլ ինչպիսի՜…
Ղարաբաղը և Նախիջևանը Թյուրքիայի ագրեսիայի սիմվոլներն են Արևելքի նկատմամբ. նրա պլացդարմը:

***

Թերևս հարկ կա սահմանավորելո՞ւ հայերի պահանջը: Սահմանավորվել էին իրենց ներկա սահմանում, բայց ինչո՞ւ փորձեցին և սկսեցին հայերի թիվը պակասեցնել: Ես վստահ եմ, որ ինչքան էլ հայերը սեղմվեն, չի դադարելու ճնշումը, չի դրվելու սահման նրանց «սահմանավորման»: Նրանց կճնշեն մինչև բնաջնջում: Հայերը պետք չեն մուսաֆաթական, մենշևիկյան, ինչպես նաև թյուրքական որևէ պլանի, այլ խանգարում են նրանց՝ իբրև ռուսական հենասյուն, և նրանք կռվում են ոչ «հայերի» դեմ, այլ «ռուսների» դեմ Անդրկովկասում:
Ավելի ուժեղ հենասյուն կստեղծվեր Ղարաբաղի, Նախիջևանի և Հայաստանի միացումից. այսինքն՝ ավելի ուժեղ հենա­սյուն կստեղծվեր ռուսական օրիենտացիայի համար Անդրկովկասում: Չէ՞ որ այն ժամանակ, երբ ռուս զորքերը հեռացան Անդրկովկասից (1918թ.), Բաքուն, Ղարաբաղը և Նախիջևանը (ժողովուրդը) պաշտպանեցին ռուսական օրիենտացիան, որով և մեծապես օգնեցին ռուսական ռևոլյուցիային (բոլշևիկներին, «ռուսներին»): Եվ եթե այն ժամանակ, այն պայմաններում դա կարողացան, ուրեմն որքա՛ն կարող են ներկա պայմաններում, երբ Անդրկովկասում ավելի ուժեղացել է հայ, վրացի և ադրբեջանցի բուն ժողովուրդների համակրանքը դեպի ռուս ժողովուրդը:
1918-21-ի դեպքերի ծավալը չէ, որ մեծ է: Չնչին է այն խոշոր դեպքերի համեմատությամբ, որ տեղի ունեցան Ռուսաստանում: Նրանք ծավալուն են իրենց քաղաքական (ներքին և արտաքին) նշանակությամբ: Դրանք համակովկասյան ծավալ ունեցան: Այդտեղ գործում էին անգլո-տաճկական ագրեսիան և ինտերվենցիան, որ նպատակ ունեին գրավել Կովկասը, համեստ դեպքում՝ Անդրկովկասը: Դրա զոհը եղավ (և կլինի ավելի չարաբախտորեն) հայ ժողովուրդը, որը միայնակ կանգնեց տաճկական զորքերի դեմ Էրզրումից մինչև Բաքու:
Ի՞նչ պետք է եզրակացնել սրանից: Ի՞նչ անել: Պետք է սրանից եզրակացնել, որ խնդիրը մեր շահագրգռությունը չէ, որ շահագրգռությունը, խնդիրը միայն հայկական չէ, այլ Միության շահա­գրգռությունն է Անդրկովկասում: Այդ շահագրգռությունը, որ թվում է, թե իրոք մերն է, ստացվել է պատմականորեն: (Ռուսական օրիենտացիա, տաճկական թշնամություն: Կարելի է ավելացնել՝ վրացական և ադրբեջանական թշնամություն):
Իհարկե, առանձին ուսումնասիրության հարց է, թե իրո՞ք գոյություն ունի այս վրացական և ադրբեջանական թշնամությունը՝ ընդդեմ հայերի, և ովքե՞ր են դրա կրողները: Ժողովուրդնե՞րը, թե՞ դրանց ինտելիգենցիան (քաղաքական ինտելիգենցիան): Սա կարևոր է, բայց ավելի կարևորն այն է, թե որքա՞ն վճռական դեր կարող է խաղալ դրանցից այս կամ այն խավը: Անդրկովկասը ռազմաքաղաքական «աքացիների» վայր է: Անդրկովկասն անգլո-տաճկական քաղաքական և ռազմական ագրեսիայի վայր է: Անդրկովկասը մի անգամ` 1918-ին, բաժանվել է Ռուսաստանից: Անդրկովկասում երեք քաղաքական բուրժուական կուսակցու­թյուններ՝ մենշևիկյան, մուսաֆաթական և դաշնակցական, Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի (Եվրոպայի) օրիենտացիա են ունեցել: Անդրկովկասում երեք ժողովուրդներ քաղաքական (տարբեր թեև) հաշիվներ են ունեցել Տաճկաստանի (իմա՝ Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի) հետ: Կապեր և կոնֆլիկտներ են առաջացել Տաճկաստանի, Անգլիայի, Ռուսաստանի հետ: Հայերը կռիվներ են վարել տաճիկների դեմ: Վրացիները և ադրբեջանցիները կապեր են հաստատել Տաճկաստանի հետ: Այնպես որ, «կուսական» վայր չէ Անդրկովկասը, անգամ՝ Կովկասը:
Սրա հիման վրա կարող ենք դեռ ավելի առաջ գնալ մեր անալիզի մեջ: Այսինքն՝ փաստ է, որ վերջին հարյուր տարվա մեջ միայն հայերն են, որ տաճիկների դեմ կռվել են` Զեյթունից, Սասունից, Էրզրումից սկսած, մինչև Բաքու: Իսկ 17-րդ դարից սկսած՝ հատուկ կռիվներ են ունեցել հայերը տաճիկների դեմ Զանգեզուրում և Ղարաբաղում: Եթե պատմությունը հանգիստ թողնե՞նք՝ իբրև «վաղեմություն», որ կարելի է «մոռանալ», իբրև մի «տեսական» ֆակտոր՝ նոր, կենդանի հարաբերությունների ֆակտորի դիմաց և, ուրեմն, անարժեք կատեգորիաներ՝ 1915-ի Հայկական Ջարդը, Աքսորը, կռիվները՝ Էրզրումից մինչև Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսա և ապա Ղարաբաղ, Բաքվի պատերի տակ վեց ամիս տևող կռիվները: Այս ամենը հայտածելով այն ֆակտորի կողքին, որ ո՛չ վրացիները և ո՛չ ադրբեջանցիները տաճիկների հետ այս հարյուր տարվա ընթացքում ընդհարում չեն ունեցել, ավելացնենք և այն ֆակտորը, որ Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդներից միայն հայերն են, որ ռուսական նախկին կայսրության մեջ ապրում էին երկու պետության մեջ, իսկ վրացիները և ադրբեջանցիները՝ միայն մի պետության մեջ, որ միայն հայերն էին, որ տաճիկների հետ արյան պատմություն ունեին, իսկ վրացի և ադրբեջանցի ազնվականությունը` բարեկամական կապեր: Այս բոլորը բացահայտ ցույց են տալիս, որ Անդրկովկասի ժողովուրդները՝ իրար կողքի, Տաճկաստանի դեմ կանգնած են հիմնավորապես տարբեր դիրքավորման մեջ: Նրանց կենդանի պատմությունը իրար վերաբերմամբ հակառակ ուղղություն է ունեցել մինչև 1920-21 թիվը: Այս թվերին Անդրկովկասը մտավ այս րոպեի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների Միության սիստեմի մեջ, որով և երեք ժողովուրդներն իրենց պատմությամբ մտան այնպիսի մի բոլորովին նոր վիճակի մեջ, որ պետք է վերջանային այդ երեքի պատմությունները:
Վերջացա՞ն, թե՞ շարունակվեցին:

***

Հենց 18 թվից անգլիացիները, մուսաֆաթիստները համառորեն Նախիջևանն ու Ղարաբաղը գցում էին Ադրբեջանի սիստեմի մեջ: Նրանք ստեղծեցին մի պահի ասած «պատմական տրադիցիա», հոգեբանության և վաղեմության նման մի բան, որի վրա պնդելով՝ ամրացրին այն կարծիքը, որ այս երկրամասերը Ադրբեջանինը պիտի լինեն և մնան Ադրբեջանի սիստեմի մեջ: Դրան ավելացրին նաև վախը և լռությունը այս հարցերը շարժողների դեմ:
Լենինականում և Ախալքալաքում երևաց այն խաբեբայությունը, որով Քեմալական Թյուրքիան վարում էր սովետների հանդեպ իր վարքագիծը: Չեկիստ (անունը մոռացել եմ) գրում է հուշեր իր՝ Լենինականում եղած ժամանակի, դեպքերի մասին (գտնել նրան): Պատերազմի մեջ երևաց, թե ինչ բարեկամ է Թյուրքիան մեզ համար. նույնը և՝ ներկայում:

***

(Թյուրքիայի «կոնստիտուցիոնալ» օրիենտացիան, վիճակը է մշտական պայքար Ռուսաստանի դեմ):
Նոր ֆակտորներ Սովետական Հայաստանում՝ գաղութահայությունը և նոր հայրենազրկությունը: Հարկավոր է զրկել դաշնակցությանն այս հարցին մասնակցելու հնարավորությունից, որով և կարող է սնվել նա: Սա մեր Սովետական Սոցիալիստական Միության ներքին հարցն է, որ ոչ ոքի չենք զիջի: Սովետական հայրենասիրությունը ամենահաստատ և կազմակերպիչ ուժն է մեր պետության: Ահա դրան էին խփում… նացիոնալիզմի զրպարտանքով
Նկատելի է, որ Թիֆլիսը ճնշեց և խեղդեց բոլշևիկների ելույթներն ու ապստամբության փորձը, իսկ Բաքուն` չկարողացավ: (Թիֆլիսը՝ մենշևիկները, Բաքուն՝ մուսաֆաթիստները):
«Կարողանալու», «չկարողանալու» փաստերը ես դնում եմ խիստ կարևորությամբ: Դա ճակատա­գրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար 1918-20 թվերին և խիստ կարևորություն է ներկայացնում նաև այժմ… քանի որ բոլշևիզմի ներկայությունն ու բացակայությունը Անդրկովկասում ունեցավ և ունի ճակատա­գրական նշանակություն հայ ժողովրդի համար: Դա ուներ և ունի նշանակություն Անդրկովկասի մնացած երկու ժողովուրդների համար ևս: Դա ճիշտ է՝ միայն որոշակի սահմաններում, մինչդեռ հայ ժողովրդի համար՝ բացառիկ, վերին աստիճանի արտակարգ: Ամենևին մտադիր չլինելով տենդենցիոզ ու անճիշտ գաղափար կազմել տալ վրացի ու ադրբեջանցի ժողովուրդների՝ դեպի բոլշևիզմը տածած համակրանքի հարցում` ես հարուցում եմ ժողովուրդների օրիենտացիայի ուժի կարողության հարցը: Որքա՞ն կարող էին և կարողացան ադրբեջանական և վրացական ժողովուրդները պահել բոլշևիզմը Անդրկովկասում, երբ ռուսական զորքն ամբողջովին անցավ Կովկասյան լեռնաշղթայի այն կողմը:
Ես նայում եմ մերկ փաստին: Նրանք չկարողացան, թեև, ասենք, կամեցան (այսինքն՝ նրանց մեջ եղած բոլշևիկները և բոլշևիկացած տարրերը):
Հայ ժողովուրդը միայն կամեցավ և որոշ չափով կարողացավ: Կարողացավ՝ Բաքվում: Բաքվում կազմելով զգալի ուժ՝ կարողացավ, ռուս (թուլացած) բոլշևիկների և ադրբեջանական (նույնպես թույլ) բոլշևիկների գլուխ անցած, պաշտպանել Բաքուն տաճիկների հարձակումից վեց ամիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.