Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

* * *

Երկի՜ր իմ, հողագո՛ւնդ,
Որքա՜ն են
նման քեզ
զավակներդ բազմազգի,
Որքա՜ն ես
նման մեզ,
մա՜յր£
…Քո վերքերն էլ,
որ բաց հրաբուխներդ են,
Մերի պես չե՜ն փակվում,
Մխում են հա՜ր…

* * *
Այսօր ձյուն եկավ Արարատն ի վար,
Փաթաթվեց նրա մաքուր փեշերին,
Գրկեց չորացած ծաղկին ու փշին,
Շոյեց գագաթի թագը լուսափառ,
Հանդարտիկ նստեց արահետներին,
Որ տանում են վեր ու բերում են վար,
Եվ մոր ձեռքի պես` սփոփող, մեղմող,
Փարվեց նրա խոր ու ծարավ վերքին,
Որ սի՜րտն է գերյալ…

ԹԱՄԱՐ ԹԱԳՈՒՀՈՒ ԹԱՂՈՒՄԸ
Ի վերջո. մի տեղ թաղեցին նրան…
Մայր հողը նրան նույնպես գիրկն առավ,
Թամար թագուհու թաղման սև օրը
Պալատից ելան տաս ոսկե դագաղ…
Տա՜սը դագաղներ ճախր արին օդում,
Ոսկե մթամած սֆինքսների պես,
Որպեսզի քիչ անց ննջեին հողում,
Ննջեին առմիշտ, հավիտենապես£
Նրանցից ո՞րն էր պահում թագուհուն,
Ինչպես որ խեցին` մարգարիտն իր թանկ,
Նրանցից ո՞րն էր Թամարի համար
Դառնալու լռած, անլեզվակ մի զանգ£
Եվ Ժամանակն իր ավազը փռեց,
Այդ ցավն էլ անցավ նրա կոկորդով,
…Թամար թագուհին աստղի շող դառած
Որոնո՜ւմ է դեռ շիրիմ ապահով…

ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Կրիան` ներսում իր պատյանի,
Թույնը օձի` խորքում պահված,
Հազա՜ր գազան ու հարամի,
Հազա՜ր տեսակ գող, շառլատան…
Եկան, եկան, եկան, եկան
Ու բազմեցին սուտ գահերին,
Մահերի հետ` սերտ հարևան…
Գահերը` սո՜ւտ, Մահն` Իրակա՛ն£

* * *
Օվկիանոսների գոռոզությանը
հաղթած նավե՜րն էլ
հատակն իջան,
ջրերը լռեցին£
Երազանքի՛, հույսի՛, հավատի՛
զանգերը ղողանջող
պապանձվեցին, հանգան…
Որտեղի՜ց որտեղ հայտնված
մուրացիկը գլխաբաց
քրքջաց լիասիրտ.
–Ե՛ս, ե՛ս եմ արքան,
ասում էի, չէ՞, որ կգա՛մ£

ՄԱՐԳԱՐԻՏԸ
Եվ օրերիս առջև ես ելնում եմ ահա,
Կորա՜ծ մի մարգարիտ` դալկափայլով իմ պերճ,
Ե՛վ խաղաղ եմ հիմա, և՛ պայծառ եմ հիմա,
Հիմա դժվա՜ր է ինձ խորքից հանել£

Ջրասույզներ ճարպիկ փորձ արեցին այնքան,
Եկան ու ետ դարձան, խեցիս ինձ պահպանեց,
Մինչ իր գահին բազմած սպասո՜ւմ էր արքան,
Սպասում էր` մարգարի՜տը հանեն£

Եվ ժամանակն անցավ, հետո տխրեց արքան,
Մարգարիտը չկար, սակայն քարեր կային,
Բո՜ւռ-բուռ քարեր կային` հակինթ ու ադամանդ,
Շափյուղաներ, տոպազ ու մեղեսիկ£

Առավ քարերն արքան, նայեց նրանց տխուր,
Իր մարգարիտն ո՞ւր է, ծերությունն է գալիս,
Իր կրծքի տակ հազար փակ կարոտ է լալիս,
Իր մարգարիտն ո՞ւր է, օրն է իրիկնանում£

…Եվ օրերիս առջև ես ելնում եմ էլի,
Լռա՜ծ մի մարգարիտ` ծովի հեռո՜ւ խորքում,
Իմ սեգ արքան հանգավ` անունս իր շուրթին,
Եվ խեցիս ինձ արդեն գերեզման է դառնում…

ՍԱԹԵ ՈՒԼՈՒՆՔՆԵՐ
Այս ուլունքնե՜րը
Դարերի միջով գլորվել, եկել
Ու հասել են ինձ.
Եվ ձեռքս եմ առնում
Սրբության նման.
Դու, սաթե արցունք,
Պատմի՛ր ինձ անցած ժամանակներից,
Եվ Կլեոպատրա թագուհու մասին.
Իրա՞վ է, որ նա
Սաթե ուլունք էր փշրում
գինու մեջ,
Նոր միայն` ըմպում£
Եվ որ այս երկու քարերը փոքրիկ`
կլորիկ-ողորկ,
…Աչքե՛րն են նրան խայթող
այն օձի՛…

* * *
Չկա՛ լռություն
առանց խոսքերի,
Եվ խոսքեր չկան
առանց լռության,
Ի վերջո, կարծես
Նո՛ւյն բանն է, նո՛ւյնը.
…Լռե՜ս, թե խոսե՜ս…
Ծիծաղե՜ս, թե լա՜ս…

ՋՐԱՀԵՂՁԻ ԴԻՆ
Ի՜նչ ասես չկա ծովի հատակում,
Խորտակված նավեր ու գանձեր անգին,
Բայց այդ ամենի վրա բարձրանում,
Լո՜ւյս է ճառագում ջրահեղձի դին…

Թեկուզ ծվատված գիշատիչներից,
Հալումաշ եղած ջրերի լափից,
Ծովի հատակում, իբրև մունջ աստված,
Իր խոսքն է ասում ջրահեղձի դին…

Իսկ Խոսքը մեծ` աղոթք է քանզի,
Իսկ Խոսքը… Ծո՜վն է այս համատարած,
Եվ ալյաց խորքում իբրև մարգարիտ
Բազմապատկվո՜ւմ է Աստծո դեմքը թաց…

* * *
Ինձ ա՛յս բաժին ընկավ
այս աշխարհից,
մոխրոտ օրեր
խարույկի թեժ խաղից…
Մոխրոտ օրեր
վառված հացի պես` տա՛ք,
Մոխրոտ օրեր
անհատակ,
անհատակ…

* * *
Քեզ օրերին տվի, որ է՛լ առնեն- տանե՜ն,
Օրերի ոսկեցոլ իմ ուռկանից հանեն£

Հանեն, դու ձուկ չէի՜ր, այլ կակղամորթ մի բութ,
Տա՛ր քսակդ քեզ հետ և հաշիվներդ մութ…

Քեզ օրերին տվի՜, և, փա՜ռք Աստծո, տարա՛ն,
Ափսոս, հոգուս վրա մնաց դա՛ռը խարան…

* * *
Երախտապա՜րտ եմ ես թռչուններին՝
Իմ պատուհանի մոտով են անցնում,
Ի՜նչ թեթևաշունչ նազում են օդում,
Երախտապա՜րտ եմ ես թռչուններին…

Դիպչում են թեթև` փռված լվացքին,
Հույսի կանաչած հատիկ են փնտրում,
Երախտապա՜րտ եմ ես թռչուններին…
Նրանք մեր Հոգու դռներն են բացում…

* * *
…Ձեռնափա՜յտս էլ եկավ.
Շո՞ւտ էր, թե՞ ուշ,
Եկավ հավատարի՛մ, անդրդվելի՛
Իբրև հարազատի ձեռք և ուս,
Եկավ` շնո՜րհն իմ
Ճակատագրի…

* * *
Կարծես թե շատ բան չեմ ուզում,
Կարծես թե չեմ ուզում ոչինչ,
…Առաջվա՜ նման քայլեի, Տե՛ր իմ,
Ուրիշ ոչինչ…

* * *
Էլի վերքս բացվեց,
էլի՛ ցավեց հոգիս,
Էլի նստեցի ես`
ձեռքս վրան,
Վե՛րք իմ, քո՛ւյր իմ, ցա՛վ իմ,
Մանո՜ւկ իմ սխրալի,
Ների՛ր ինձ, սիրելի՛ս,
Ների՛ր, որ կամ…

Քո հողն եմ ես, և դու՝
Ծաղիկն իմ վիրավոր,
Ների՛ր, հող իմ, ների՛ր,
Լավը չեղա,
Կարմիր զատի՜կ պիտի
Նստեր ծաղկաթերթիդ,
Մինչ արյուն է կաթում
Սրսուռ և ալ…

* * *
Ազնիվ մի ծիլ եմ տեսնում ահա
Նուրբ կանաչ` գույնով գարնանային,
Վերադարձրո՛ւ ինձ, բարի Աստված,
Այս ծիլի հանգույն Հո՜ւյս կրկին£

Գարո՛ւն է էլի, ո՜րերորդ, է՜,
Գարո՛ւն է` շքեղ ու ծաղկազարդ,
Վերադարձրո՛ւ ինձ, բարի Աստված,
Ծլել-ծաղկելու շնորհս թանկ…

Վերակերտի՜ր ինձ, ինչպես էի՛,
Առաջվա նման` լուսաշառա՛չ,
Որ աղեղի պես կորվեմ էլի՛,
Եվ նետ-երազս սուրա առաջ…

* * *
Ես Մահվան հետ տվի-առա` նա էլ Կյանքի պես է,
Աղ ու հացի, խինդ ու լացի, այգաբացի պես է£

Մա՛հն էլ ունի բարի ու չար, Մահն էլ ունի երազ,
Մահն էլ գիտի վրեժ լուծել հին ու նորի համար£

Եվ դեռ աղո՜թք ունի Մահը, որ միայն ի՛նքն ունի,
Այնպե՛ս ապրիր. բացվի քո դեմ մոխրոտ դուռն Անհունի…

* * *
Թող ծա՜նր լինի, բայց Կյա՛նքն է սա,
Տիեզերական միակ բարին,
Հարազատ ոտքդ քեզ ուրացավ,
Մինչ ձեռնափայտն է հավատարիմ…

Մինչ ձեռնափա՜յտը հավատարիմ
Փոխարինում է չեղած բազկաց,
Մի՛ մոռանա, որ փայտից է նա,
Եվ որ սերում է ազնի՛վ ծառից…

* * *
Տե՛ս, դժվար օր, ինձ էլ եկար դու այցի,
Իրոք, ինչո՞ւ Չարն ինձ պիտի շրջանցի,
Նոր հասկացա իմաստնությունը Ցավի,
Իմը դարձավ «թեթև» վիշտը օտարի…
Այսպես նորից Հյուլե դարձա թթխմոր,
Որ Հայր-Աստված արարի ինձ նորից-նոր…

* * *
Պրոմեթևսին էլ ճանաչեցիր,
Դժվար իր կյանքը` տանջանքի ծե՛ս,
Իր տառապանքը ճաշակեցիր.
Մեռնելը հեշտ չէ ծնվելու պես…

Դու Պրոմեթևսին ճանաչեցի՛ր.
Իր խորունկ հոգին ու Սերը մեծ,
Նման էր կացնով հատված Ծառի,
Եվ իմաստնացար դու նրա պես…

Մեկ մեկնաբանություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.