Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

Ղուկաս ՍիրունյանՓոքրիկ պատմություն ձիերի կյանքից

Ձին վրնջաց լեռան ստորոտից
և կատարը ձգվեց առ երկինք`
մինչև այնտեղ, ուր վրնջոցի հնչյունները հասան`
կապույտ անորոշությունը երկնքի:

Քարափի տակ քնած ձիատերը արթնացավ,
միզեց, լվացվեց,
հեծավ ձին, գնաց դեպի
հովտում փռված գյուղերի անորոշությունը:

Ձին վարգում էր թեթև
Համակերպության սանձը ծամելով
Դեպի ձիու անորոշությունը:

***

Ասում եմ` մարդ թողնի այս բոլոր
գործ ու մործերը, կարթն առնի գնա
Արաքս ձկնորսության:
Կարթը ջուրը նետես
բռնես մի ոսկե ձկնիկ:
Ոսկե ձկնիկը թպրտա, թպրտա ձեռքերիդ մեջ,
խնդրի` բաց թողնել իրեն`
երեք ցանկության դիմաց:
Մտածես, մտածես երկար-բարակ,
չգիտեմ` առաջին մի հարմար ցանկություն:
Անցնես երկրորդին,
մտածես, մտածես` երկրորդն էլ չգտնես,
անցնես երրորդին…
Այս ժամանակ, ինչպես սիրտս է վկայում,
մինչ ես մտածում եմ` կատուն կտանի
ոսկե ձկնիկը…
Ասում եմ` մարդ թողնի այս բոլոր
գործ ու մործերը, գնա մի տեղ ձկնորսության,
որտեղ կատու չլինի:

Հայրենիքս

Դու վերևում ես, պատի վրա մարմարե,
ես ներքևում եմ, փշերի մեջ…
Դու պարզում ես ինձ օրս`
վժժացող մի բարուր,
ես վերցնում եմ զգուշորեն,
որ չգցեմ,
ու գրկած մնում եմ մոլոր.
ու չգիտեմ` ի՞նչ անեմ այդ անցանկալի հրեշիկը:
Առավոտյան դու պարզում ես նորը`
վերևից, պատի վրայից մարմարե…
Ես վերցնում եմ
ու շարում փշերի մեջ
զգուշորեն,
իմ ու քո զավակներն են նրանք,
որոնց գլուխների շուրջ
դանդաղ հյուսվում են փշե պսակներ…

Այս քաղաքում

Այս քաղաքում մի քնքուշ դուռ կար ինձ համար,
հեռանալուս համար էր-
Այս քաղաքում մի քնքուշ սիրտ կար ինձ համար,
իմ փշրելու համար էր նա:

Այս քաղաքում մի պոետ կար ու մի մահ,
Իրար օգնելու համար էին նրանք:

***

Սարվորները անցան և նրանց փեշերին կպած
կոծոծների հետ գնաց ամառը:

Անցավ հնձի ու հևքի ժամանակը, և ուզում ես կարծել,
որ արտույտների երգը տխրության մասին է:

Սևանը պաղ է` օտար տղամարդու գրկի պես-
աղջիկները նետվում են ափ – գնալու ժամն է…

Ինչ որ եղավ, թողնենք թավ մացառների տակ-
մեր պատճառով նրանք դարձան կանաչ կավատներ…

խնձորները նոր բացվող կրծքերի պես լցվում են հյութով…
Էհ, ամառը թող անցնի… դեռ աշունը կա, աշո˜ւնը…

***

Ուջանի պարտեզիս էլեկտրալարին
նստել էր մի տխուր ծիծեռնակ, և ես երգեցի՝ ասացի.
– Ծիծեռնակ, այդքան փոքր սիրտ ունես
և այսքան մեծ աշխարհ դիմացդ, մտածում ես`
ինչպես տեղավորես` դրա համա՞ր ես տխուր:

Այդքան փոքր թևեր ունես
և այսքան խորունկ երկինք շուրջդ, մտածում ես`
ինչպե՞ս պիտի կտրես, անցնես, դրա համա՞ր ես տխուր:
Ծիծեռնակը երգեց` ասաց.
– Այսքան մեծ աշխարհը դրել եմ փոքր սրտիս մեջ,
Այսքան փոքր թևերով կտրել-անցել եմ խորունկ երկինքը-
դրա համար եմ տխուր:

Ահ, երանի

Հայրս դուրս եկավ այգուց՝
թևերով գրկած դեղձերի կույտը,
կանգնեց շվարած` չգիտեր ո՛ւր դատարկել
ու մնաց այդպես կանգնած`
մինչև իր օրերի վերջը:

Ճիշտ իր նման կանգնել եմ ահա գրկած թևերով
ոչ թե դեղձերի կույտը, այլ իմ օրերը անցած-գնացած
ու չկա մեկը, ում առաջ լցնեմ…

Երանի դեղձեր լինեին` հորս աճեցրածի նման,
կտայի մեկնումեկի,
կուտեր,
մի բան կհասկանար:

***

Ո՞ւմն է այս օդը, որ ես շնչում եմ`
գրասենյակներում թանձրացած ավիշ,
Ո՞ւմն է օրը` լավատեսության լաթ,
աղավնու փափկությամբ փաթաթված աչքերիս…

Ո՞ւմն է այս ջուրը, որ հեղվում է շուրթերիս,
ու չի հասնում այնտեղ, ուր ծարավս է:
Ո՞ւմն է այս ձեռքը, որ հունցում է ձանձրույթ
ու լցնում շուրջս գոլ քուլաներով:

Ո՞ւմն է այս անհանգստությունը, որ
քրքջում է վրաս, այս սերը, որ կամաց սահում է
բարձիս վրայից` ինձ թողած երազում փակված.
– չարթնանաս,- ասում է,- չարթնանաս:
Ո՞ւմն է այս մահը, որ իջնում է վրաս
ոսկեհուր վարսերով կին` իրենով
ծածկած աշխարհն ինձանից
– չարթնանաս,- ասում է,- չարթնանաս:
Օ՛, այս կյանքը, որ ես ապրեցի
ծննդյանս օրից մինչ այս պահը երեկոյի
մի ճիգ էր ընդամենը` քնի մեջ չարթնացող,
որ մի կողքից շուռ գամ մյուս կողքի:

***

Բլուրի
վրա` բլուր,
ծաղկի վրա` ծաղիկ,
Գառան վրա` գայլ, գայլի վրա` արճիճ,
ինչպես Բաբելոնյան աշտարակ
բարձրանում է լեռը
տափարակից վեր,
այնքան ժամանակ,
քանի դեռ սրանք հասկանում են իրար…
Ամենավերում վրա է տալիս սառնամանիքը,
ճանապարհը փակում դեպի Աստված,
մեջտեղ են գալիս հանկարծ
օտար լեզուներ` անհաշտության ըմբոստ նշաններ
և լեռը քանդվում է, իջնում է ցած`
բլուրը բլուրից, ծաղիկը ծաղկից,
գառը գայլից, գայլը արճիճից…

Բարձրացողների հրճվանքի քաոսում
և ընկնողների ողբի մեջ տիեզերական
մեկ անգամ ևս չիմացվեց գինը բարձրանալու
և ոչ էլ գինը անկման…

Փլուզման ժամանակը

Երբ գալիս է փլուզման ժամանակը,
գամերը ետ են քաշվում կամովին, գերանի մեջ խենթորեն
մեկը մնում է անշարժ:
Վերևը դառնում է ներքև վայրկենաբար
իսկ մեկը մնում է
երերուն կամ կիսականգ:
մթագնում են մտքերը խավարի խուժումից
լավատեսության ծաղիկները պռճոկում է քամին,
մեկը սակայն մնում է ամայուտում սրտի:
Եվ այդ ժամանակ Աստված ասում է իր հրեշտակին,
– Նայիր, տես, եթե այդ երկրում
մնացել է մի գամ գերանի մեջ անշարժ,
եթե մի սյուն մնացել է երերուն կամ կիսականգ,
եթե լավատեսության գեթ մի ծաղիկ մնացել է
սրտի ամայուտում,
ես կվերցնեմ փլուզման ժամանակը:

Մարդը

Նստած է գիշերվա անդունդում,
ձանձրույթի ծանր լավան
հասել է արդեն կոկորդին…
Ոչ ոք չկա շուրջը
հիշատակների դատարկ խեցիներից բացի
և մեկ էլ` կավից` լցված իր առաջ
ամբողջովին խոնավ`
լացի ու ծիծաղի արցունքից:
Նա ամբողջովին հույսը կտրած
երբևէ մեկի հայտնվելուց, կավը
շաղում ու ծեփում է ըստ պատկերի յուրում:
Որպեսզի գոնե մեկնումեկը
լինի առջևը նստած`
թեկուզ իր լացին ծիծաղ ասի
և ծիծաղին` լաց:

Լքված օր

Դուրս եկա պարտեզից` կիրակիս կորցրած,
մտա սրճարան, սուրճը փրփուր էր անհաճո,
անցա մայթերով, որոնք ձգված պարաններ էին
և ես ճոճվում էի` ընկնող լարախաղացի նման…
Չորսբոլոր ոստիկաններ են, պատերի տակ
խախտված օրենքներ են`
նետված տոպրակների տեսքով,
մի բանվոր ջարդեց գարեջրի շիշը ու անորոշ նայում էր
վազող շիթին, ինչպես միզողն իր հորդ մեզին:
Շրջվեցի հաջորդ փողոց, աղավնիների երամը
թռավ, մխրճվեց մայրամուտի մեջ, թևաբախյունը
ապտակ էր ծխամած օդին,
կախման կետ մարդիկ, վհատ լույսեր,
ավտոներ` իծաշարով կայանած…
Անձրևի փորձ երկնքի կողմից, այնքան անվարժ,
որ ասես առաջին անգամ լինի…
Ինձ ուզում եմ դնել ցանկալի մի տեղ,
անորոշությունից դուրս, նպատակի սլաքի վրա,
վերընթաց շարժման մեջ, որտեղից գուցե
կերևա մի բան… Մտնում եմ պարտեզ կիրակիս
չեմ գտնում, մտնում եմ սրճարան, սուրճը
փրփուր է անհաճո և այլն…

***

Օ, դաշտեր, դաշտեր
հուլիսի եռեփ արևի տակ
դուրս են ժայթքել կանաչ մարգերը
Հեկզամետրի նման երկար ու հյութեղ:

Կքամենք գինին ոսկեհուր,
կմոխրանանք սիրուց վաղահաս…
մրգերի կողքին մենք էլ միրգ ենք`
եթե մեկը մեզ վերևից նայի հանկարծ…

Օ˜, հուլիսի դաշտեր,
ինչ լավ է, որ շողում եք հիմա…
երբ ձմեռը գա ու խցվեն բքով
ճանապարհները հարավ տանող,

Եվ եթե Աստված տա,
հյուրընկալվեմ մի դռան ետևում երբևէ,
պատմելու բան կունենամ գթառատ սիրուց,
օ˜, դաշտեր, դաշտեր…

Սերունդներ
Առավոտյան մի մրջյուն շալակած
Տարավ աշխարհը –
երեկոյան մրջյունի հայրը բերեց,
Տեղը դրեց աշխարհը:
Ոչ բան էր ավելացել, ոչ՝ բան պակասել…
Նույն աշխարհն էր` մի մրջյունի բեռ…

Քաղաքային շներ

Փողոցում, զբոսայգու մոտ ահա
հանդիպել ու կցվել են իրար
խորքը անդունդի և կատարը լեռան,
նազանքը իգական և թալկությունը որձի.
դաշտ-տիեզերքը և հատիկը սերմի,
բռնկումը հույզի և հրդեհը երկնահաս,
կամքը վերևի և հնազանդությունը ցածի,
շուրթերը լույսի և պարանոցը մթան
նետը և թիրախը բաց հաշտությամբ հին`
թավալգլոր, խելակորույս, ինքնիշխան
փողոցում, զբոսայգու մոտ ահա
կլանչը փարվել է թառանչին
երկրագունդը սաստկացրել է պտույտը,
արևը ամառնավարի թափվել է ցած,
սառնամանիքը վեհորեն քաշվել մի կողմ…
Եվ այս ամենը նրա համար, նրա համար,
որ այս քաղաքում, հալածանքների տարափի տակ
մի քանի շուն էլ ավելանա…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.