Օտարի երեխան / Ջալալ ԱԼ ԱՀՄԱԴ

օտար-2Լավ, ես ի՞նչ կարող էի անել, ամուսինս չէր ցանկանում ինձ պահել երեխայի հետ: Ախր, երեխան իրենը չէր: Իմ նախկին ամուսնուց էր, ով ապահարզան էր տվել ու չէր ցանկացել վերցնել նրան: Եթե իմ տեղը մեկ ուրիշը լիներ, ի՞նչ կաներ: Դե լավ, ախր, ես էլ պետք է ապրեի: Եթե սա էլ ապահարզան տար, ի՞նչ էի անելու: Ստիպված պետք է որևէ կերպ ազատվեի երեխայից: Ինձ նման անտեղյակ ու անկիրթ կնոջ խելքին, դրանից բացի, ուրիշ բան չէր հասնի: Ոչ որևէ տեղ գիտեի և ոչ էլ լուծում: Գիտեի, որ կարելի է երեխային հանձնել մանկատուն կամ էլ ուրիշ մի անտերանոց: Բայց հայտնի չէր` կընդունեի՞ն, թե՞ չէ: Որտեղի՞ց պետք համոզված լինեի, որ նրանք, երկար սպասեցնելուց հետո, հազար ու մի պիտակ կպցնելով, ինձ ու երեխայիս չէին խայտառակի: Որտեղի՞ց… Չէի ուզում, որ բանը դրանո՛վ վերջանար: Հենց էդ օրը, երբ գործն ավարտել ու տուն էի վերադարձել, արածս պատմեցի մայրիկիս ու հարևաններին, չգիտեմ նրանցից ո՛վ ասաց.
– Դե լավ, ա՛յ կնիկ, կարող էիր երեխայիդ հանձնել մանկատուն, որբանոց և…- չեմ հիշում, թե էլ ինչ տեղեր թվարկեց:
Մայրիկս անմիջապես վրա բերեց.
– Կարծում ես՝ մոտ կթողնեի՞ն, հա՞:
Չնայած ես էլ էի մտածել, որ տանեմ, հանձնեմ, բայց երբ հարևանի կնիկն էդ մասին ասաց, սիրտս տակնուվրա եղավ, ու մտածեցի. «Այ կնիկ, դու երբևէ գնացե՞լ ես, որ մոտ թողնեն թե չէ»: Հետո մայրիկիս ասացի.
– Երանի չէ՞ր տարած լինեի:
Բայց ես դրանից գլուխ չէի հանում, համոզված չէի, որ կընդունեն: Համ էլ արդեն ուշ էր: Բայց այդ կնոջ խոսքերից հետո կարծես աշխարհի վիշտը լցվեց սիրտս: Քաղցրալեզու էրեխիս ճտպտոցները հիշեցի: Այլևս չկարողացա դիմանալ և դուռ ու դրկիցի ներկայությամբ սկսեցի հոնգուր-հոնգուր լացել: Բայց ավելի վատ էր, երբ լսեցի, որ այդ կանացից մեկը քթի տակ ասաց.
– Չի էլ ամաչում, դեռ լաց էլ է լինում…
Կրկին մայրիկս օգնության հասավ, սփոփեց՝ դե, ճիշտ էլ ասում էր: Ես շատ երիտասարդ եմ, ինչի՞ եմ մի էրեխի համար էսքան գլուխս կորցրել: Էն դեպքում, երբ ամուսինս իմ էրեխին չի ընդունում: Դեռ շատ ժամանակ ունեմ, կարող եմ երեքը, չորսը բերել: Ճիշտ է, որ առաջնեկս էր ու չպետք է նման բան անեի, բայց հիմա արդեն բանը բանից անցել է: Էդ մասին մտածելն ու մտահոգվելն անիմաստ է: Ես հիվանդ չէի, որ ինքնակամ նման բան անեի: Ամուսինս էր պնդում: Ճիշտ էլ ասում էր, չէր ուզում իր սեղանի շուրջ տեսնել օտար որձ էշի ետ գցածին: Ես էլ, եթե ծուռը նստենք, դուզը խոսենք, նրան չէի մեղադրում: Արդյո՞ք կարող էի ամուսնուս երեխաներին սիրել իմոնց նման: Արդյո՞ք նրանց ավելորդ բեռ չէի համարի: Ամուսնուս սեղանի շուրջ նրանց ավելորդ չէի՞ համարի: Դե, ինքն էլ էր էդպես մտածում: Նա էլ իրավունք ուներ, իրա ասելով՝ օտար որձ էշի էրեխին իր սեղանի շուրջը չէր ուզենա տեսնել: Հենց առաջին երկու օրերին, երբ նրա տուն էի գնացել, շարունակ խոսքը էրեխի մասին էր: Վերջին գիշերն էլ շատ խոսեցինք: Այսինքն, ոչ թե շատ խոսեցինք, այլ ինքը խոսեց էրեխի մասին: Ես ականջ դրի, դրի, վերջում հարցրի.
– Լավ, բա ի՞նչ անեմ:
Ամուսինս բան չասաց: Մի քիչ մտածելուց հետո պատասխանեց.
– Ես չգիտեմ՝ ինչ պիտի անես: Ինչ կարող ես, ինչ ուզում ես, էն էլ արա, ես էլ չե՛մ ուզում մի ուրիշ որձ էշի ետ գցածին տեսնել իմ սեղանի շուրջը:
Գոնե մի լուծում չառաջարկեց, ճանապարհ ցույց չտվեց: Էդ գիշեր մոտս չեկավ՝ յանիմ խռովել է: Մեր համատեղ կյանքի երրորդ գիշերն էր, բայց խռովել էր: Գիտեի, որ էդպես ուզում էր ինձ ջղայնացնել, որ օր առաջ երեխայի հարցը լուծեմ: Առավոտն էլ տնից դուրս գալուց ասաց.
– Ճաշին որ էկա, էս էրեխին էստեղ չտեսնեմ:
Իմ անելիքը հենց էդ պահից արդեն գիտեի: Բայց հիմա մտածում, մտածում եմ ու չեմ կարողանում հասկանալ, թե ո՞նց գնացի էդ քայլին… բայց իմ կամքով չէր: Վեր կացա, չադրաս գլխիս գցեցի, էրեխի ձեռքը բռնեցի ու ամուսնուս ետևից տնից դուրս էկա: Էրեխես մոտ երեք տարեկան էր ու սիրուն քայլում էր: Վատն էն էր, որ երեք տարի կյանքս նրան էի նվիրել: Դա շատ վատ էր: Բոլոր դժվարություններն արդեն ետևում էին: Բոլոր անքուն գիշերներն անցյալ էին: Նոր էր սկսվում հանգիստ կյանքը: Բայց ես ստիպված էի ավարտել սկսած գործս: Մինչև կանգառ նրա ոտով գնացի: Կոշիկներն էի հագցրել, լավագույն շորերը՝ երկնագույն կոստյում-շալվարը, որ նախկին ամուսինս վերջերս էր առել: Երբ շորերը հագցնում էի, այն միտքը, թե` ա՛յ կնիկ, ինչի՞ ես նոր շորերը հագցնում, անընդհատ կրծում էր ուղեղս, բայց տեղի չտվեցի՝ ինչի՞ս է պետք: Մարդիս աչքը դուրս գա, եթե նորից էրեխա բերեմ, թող գնա շոր առնի: Շորերը հագցրի, մազերը սանրեցի: Շատ էր սիրունացել: Մի ձեռքով էրեխի ձեռքը բռնեցի, մյուսով էլ չադրաս էի պահում, և այսպես կամաց-կամաց գնում էինք: Այլևս պետք չէր, որ նրան անընդհատ հայհոյեմ, թե արագ քայլի: Վերջին անգամն էր, որ ձեռքը բռնած փողոց էի տանում: Մի երկու-երեք տեղ ուզեց, որ իրան կակա առնեմ, բայց ասացի.
– Նախ նստենք մեքենա, հետո կակա կառնեմ:
Հիշում եմ, այդ օրն էլ մյուս օրերի նման շարունակ հարցեր էր տալիս: Մի ձիու ոտքը մտել էր առվի փոսի մեջ, մարդիկ հավաքվել էին շուրջը: Շատ ստիպեց՝ գրկեմ, որ կարողանա տեսել, թե ինչ է պատահել: Գրկեցի, բարձրացրի, տեսավ, որ ձիու ոտքը քերծվել է, արյուն էր գալիս, երբ իջեցրի` ասաց.
– Մայլի՛կ, ձելքը օֆ էր եղել:
– Հա՛, ջանի՛կս, մամային չի լսել, դրա համար է օֆ եղել:
Դանդաղ գնացինք մինչև կանգառ: Դեռ օրը նոր էր սկսվում, տրանսպորտում ազատ տեղ չկար, կես ժամ ավել սպասեցինք, մինչև կարողացանք նստել: Էրեխես արդեն անհանգստանում էր, ես էլ հոգնում էի: Նրա անընդմեջ հարցերից արդեն համբերու­թյունս հատնում էր, մի երկու-երեք անգամ հարցրեց.
– Մայլի՛կ, բա ի՞նց էղավ, ավտոբուս ցեկա՞վ, դե գնանք կակա ալնենք:
Ես նորից ասացի՝ հիմա կգա, հենց ավտոբուս նստենք, քեզ համար կակա կառնեմ: Վերջապես կարողացանք նստել յոթ համարը և իջանք Շահի հրապարակում, իսկ էրեխես խոսում հա խոսում էր: Հիշում եմ, մի անգամ էլ հարցեց.
– Մայլի՛կ, ո՞ւլ ենք գնում:
Ես, չգիտեմ ինչու, առանց մտածելու պատասխանեցի.
– Գնում ենք հայրիկի մոտ:
Էրեխես զարմացած երեսիս նայեց ու հարցրեց.
– Ո՞լ հայլիկի մոտ:
Իմ համբերությունն արդեն հատել էր, ասացի.
– Ջանի՛կս, շատ ես խոսում, եթե շարունակես խոսել, կակա չեմ առնի:
Հիմա սիրտս շատ է ցավում դրա համար: Էդպիսի բաները շատ-շատ են մարդու սիրտ վառում, ցավացնում: Ինչո՞ւ էն պահին էրեխիս սիրտը կոտրեցի: Տնից որ դուրս էկանք, որոշել էի՝ այդ օրը մինչև վերջ չբարկանամ, չհայհոյեմ ու սիրալիր լինեմ հետը: Բայց հիմա սիրտս ցավում է: Ինչո՞ւ էդպես լռեցրի նրան: Փոքրիկս էլ չխոսեց: Նա դրանից հետո խոսում էր վարորդի օգնականի հետ, ով ծամածռություններ էր անում, և ուրախանում ու ծիծաղում էր: Բայց ես ո՛չ նրան, ո՛չ էլ էրեխիս էի բանի տեղ դնում, որ անընդհատ շրջվում, ինձ էր նայում: Ասացի, որ Շահի հրապարակի կանգառում կանգնի: Երբ իջնում էինք, դեռ ծիծաղում էր: Հրապարակը մարդաշատ էր, ավտոբուսներն էլ շատ էին: Դեռ սարսափում էի որոշումս իրականացնել: Ահագին ժամանակ, երևի կես ժամ, քայլեցի: Ավտոբուսները պակասեցին: Էկա հրապարակի անկյունն ու տասը շահիանոցը1 գրպանիցս հանեցի, տվեցի էրեխիս: Նա զարմացած, շփոթված ինձ էր նայում, դեռ փող վերցնել չէր սովորել: Չգիտեի` ինչպես հասկացնեմ: Հրապարակի մյուս կողմում գոռում էր դդմի կորիզ ծախողը: Մատով ցույց տվի ու ասացի.
– Էն ա, գնա, կակա առ, տեսնեմ ինքնդ կարա՞ս առնես:
Էրեխես փողին նայեց, ինձ նայեց ու ասաց.
– Մայլի՛կ, դու էլ ալի, միասին գնանք:
– Չէ՛, ես էստեղ կմնամ ու քեզ կնայեմ, դու գնա, տեսնեմ կարա՞ս առնես:
Էրեխես մի անգամ էլ նայեց փողին՝ ոնց որ կասկածում էր: Չէր իմանում, թե ոնց պիտի ինչ-որ բան առնի: Մինչ այդ նրան էդպիսի բան չէի սովորեցրել: Շշմած ինձ էր նայում: Վա՜յ, էդ ինչ հայացք էր, հենց էդ պահին սիրտս նեղվեց, վատացա: Շատ վատ զգացի: Քիչ էր մնում` հրաժարվեի մտքիցս: Երբ էրեխես գնաց, ես փախա, բայց մինչև հիմա, նույնիսկ այդ օրը երեկոյան, երբ հարևանների մոտ վշտից լացեցի, երբեք այդքան վատ չեմ զգացել: Էլ չէի դիմանում: Էդ ինչ զարմանալի հայացք էր: էրեխես մոլորվել էր, կարծես էլի ինչ-որ բան էր ուզում հարցնել: Չհասկացա, ինձ ոնց զսպեցի: Նորից դդմի սերմ ծախողին ցույց տվի ու ասացի.
– Գնա, գնա, ջա՛նս, էդ փողը տուր ու ասա սերմ տա, ու վերջ, ապրես, գնա:
Ձագուկս նայեց դդմի սերմ ծախողին ու այն ժամանակների նման, երբ մահանա էր ման գալիս, որ լացեր, ասաց.
– Մայլի՛կ, սելմ ցեմ ուզում, ցամից եմ ուզում:
Անելանելի վիճակում էի հայտնվել, եթե էրեխես մի քիչ էլ հապաղեր, եթե լացեր, հաստատ կհրաժարվեի: Բայց բալիկս չլացեց: Զայրացել էի, համբերությունս հատել էր: Գոռացի վրեն.
– Գնա՛, չամիչ էլ ունի, սերմ էլ, ինչ ուզում ես ա՛ռ, դե գնա՛:
Հետո մայթի մոտի առվից անցկացրի, ձեռքս մեջքին դնելով` կամաց առաջ հրեցի ու ասացի.
– Դե գնա՛, էլի, մի՛ ուշանա:
Փողոցն ազատ էր: Էն ծայրում անգամ մեքենա կամ կառք չէր երևում, որ էրեխես ընկնի տակը: Էրեխես երկու-երեք քայլ անելուց հետո շրջվեց ու հարցրեց.
– Մայլի՛կ, ցամից է՞լ ունի:
– Հա՛, հոգի՛ս, ասա` տասը շահու չամիչ տուր:
Երբ էրեխես հասել էր փողոցի կենտրոն, հանկարծ մի մեքենա ազդանշան տվեց, սարսափից դողացի: Չհասկանալով, թե ինչ եմ անում, ինձ փողոցի մեջ նետեցի, գրկեցի էրեխիս ու մայթի վրա թաքնվեցի մարդկանց մեջ: Քրտինքը մարմնովս հոսում էր, շնչա­կտուր էի լինում: Էրեխես հարցրեց.
– Մայլի՛կ, ի՞նց եղավ:
– Ոչինչ, ձագուկս, փողոցով արագ են անցնում, դու դանդաղ էիր անցնում, քիչ էր մնում` ընկնեիր ավտոյի տակ:
Էս ասելով քիչ էր մնում` լացս բռներ: էրեխես գրկիս մեջ ասաց.
– Լավ, մայլի՛կ, ինձ իջեցլու, էս անգամ ալագ կգնամ:
Եթե էրեխես սա չասեր, ես մոռացել էի, թե ինչի համար եմ եկել: Նրա այս խոսքերն ինձ նորից գլխի գցեցին, թե ինչի համար եմ եկել: Եվ դեռ աչքերիս արտասուքը չէի մաքրել, որ հիշեցի` ինչի համար եմ եկել: Հիշեցի, որ ամուսինս կատաղելու է: Էրեխիս պաչիկ արի, սա իմ վերջին պաչիկն էր: Պաչեցի, նորից իջեցրի ու ակաջին ասացի.
– Հոգի՛ս, արագ գնա, մեքենա կգա:
Փողոցը նորից դատարկ էր, իսկ էրեխես ավելի արագ էր գնում: Փոքրիկ քայլերով շտապում էր: Մի երկու-երեք անգամ վախեցա՝ չլինի հանկարծ ոտքերը ոլորվեն ու ընկնի: Երբ հասավ մյուս մայթին, շրջվեց ու հայացք նետեց վրաս: Ես չադրայիս փեշերը հավաքել, թևիս տակ էի դրել ու ճանապարհ էի ընկնում: Բայց հենց էրեխես շրջվեց ու ինձ նայեց` տեղումս քարացա: Գողի նման, որ գողության ժամանակ ձեռքը բռնել են, տեղումս չորացա-մնացի: Ձեռքերս մնացել էին թևերիս տակ, ճիշտ ու ճիշտ էն ժամանակվա պես, երբ ամուսնուս, էն նախկին ամուսնուս գրպաններն էի խառնում: Ամուսինս ներս մտավ, ու հենց էսպես քարացել-մնացել էի: Նորից ոտից գլուխ քրտինքի մեջ կորել էի, գլուխս կախել, բայց երբ մեծ դժվարությամբ բարձրացրի, տեսա` էրեխես ուր որ է հասնելու էր դդմի սերմ ծախողին: Ես գործս ավարտել էի, էրեխես անվնաս հասել էր փողոցի մյուս մայթը: Հենց էդ պահից` կարծես ընդհանրապես էրեխա չէի ունեցել: Վերջին անգամ, երբ էրեխուս նայեցի, կարծես օտարի էրեխու էի նայում: Ոնց որ օտարի նոր քայլող անուշիկ էրեխու: Ճիշտ էնպես, որ կարող ես օտարի էրեխուն նայելով հաճույք ստանալ: Նրան նայելով հաճույք ստացա: Ապա շտապ մայթով քայլող մարդկանց խառնվեցի: Բայց հանկարծ սարսափեցի, քիչ էր մնում` տեղնուտեղը չորանայի, քարացա, անչափ վախեցած էի: Չլինի՞ հանկարծ մեկն ինձ հետևած լինի: Էդ մտքից փշաքաղվեցի, քայլերս արագացրի: Երկու փողոց էն կողմ մտածեցի` ինձ գցեմ երկրորդական փողոցներն ու փախչեմ: Հազիվ էի հասել փողոցի ծայրը, երբ կողքիս մի տաքսի արգելակեց: Թվաց` ձեռքս բռնելու են: Մինչև ոսկորներս սարսուռ անցավ: Մտածեցի՝ խաչմերուկի ոստիկանն է, որ հետևել ու տաքսիով հասել է ինձ, հիմա իջնում է, որ բռնի: Չգիտեմ` ինչ ձևով շրջվեցի ու տեսա, որ տաքսու ուղևորներն իջել, ուղեվարձը տվել ու գնում էին: Հանգիստ շունչ քաշեցի, և ուրիշ միտք ծագեց գլխիս մեջ: Աչքերս մթնել էին, ոչինչ չէի տեսնում: Առանց հասկանալու, թե ինչ եմ անում, թռա տաքսու մեջ, շրխկոցով փակեցի դուռը: Վարորդը փնթփնթաց ու ճանապարհ ընկավ: Չադրաս մնացել էր դռան արանքում: Երբ տաքսին հեռացել էր էդտեղից, ես ինքնավստահու­թյուն ձեռք բերի, դուռը կամաց բացեցի, չադրաս արանքից հանեցի ու նորից կամաց փակեցի: Հետո հենվեցի թիկնակին ու հանգիստ շունչ քաշեցի:
Գիշերը չկարողացա տաքսու փողն ամուսնուցս պոկել:

———————-
1. Մետաղադրամ. շահի վարչակարգի օրոք՝ կես ռիալ:

Թարգմանությունը պարսկերենից՝ Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆԻ

One thought on “Օտարի երեխան / Ջալալ ԱԼ ԱՀՄԱԴ

  1. Խեղճ երեխային թողեց քուչեքը,ինքը գնաց իր նոր ամուսնու «կական» ուտելու…գետինը մտնես:
    ԵՎ ինչու նմաններին բնությունը երեխա է պարգևում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.