Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է գրականագետ, գրաքննադատ
Դա­վիթ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամ­յա­կի
առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

ԴԵՊԻ ՉԱՐԵՆՑ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

 

Ա­մեն ինչ սկսվեց 1970 թվա­կա­նի հուն­վա­րին, երբ ինձ՝ Եր­ևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան բա­ժան­մուն­քի 5-րդ կուր­սի ու­սա­նո­ղիս, բա­ժին ըն­կավ կուր­սա­յին աշ­խա­տան­քի մի այն­պի­սի թե­մա, ո­րից բո­լո­րը հրա­ժար­վել էին: Եվ քա­նի որ թե­մա­նե­րի բաշխ­ման ժա­մա­նակ ես բա­ցա­կա­յել էի, ստիպ­ված էի հա­մա­ձայ­նել: Իսկ թե­ման սար­սափ էր՝ «Ե­ղի­շե Չա­րեն­ցի «­Գիրք ճա­նա­պար­հի» ժո­ղո­վա­ծուի տա­ղա­չա­փութ­յու­նը»: «­Գիրք ճա­նա­պար­հին»՝ հայ պոե­զիա­յի ա­մե­նա­բարդ գիր­քը, տա­ղա­չա­փութ­յու­նը՝ գրա­կա­նութ­յան տե­սութ­յան ա­մե­նա­բարդ բնա­գա­վա­ռը: Դե՛, ա­րի, գլուխ հա­նիր… Հան­դի­պե­ցի գի­տա­կան ղե­կա­վար Էդ­վարդ Ջր­բաշ­յա­նին, ստա­ցա հանձ­նա­րա­րա­կան­ներ և­ ան­ցա գոր­ծի:
Եվ սկսվեց… Չա­րեն­ցի «Եր­կե­րի ժո­ղո­վա­ծո­ւի» վեց­հա­տոր­յա­կը (1962-1968) և հատ­կա­պես IV հա­տո­րը, ո­րի մեջ նաև «­Գիրք ճա­նա­պար­հին» էր, դար­ձան իմ սե­ղա­նի գրքե­րը: Սկ­սե­ցի պար­զել Չա­րեն­ցի խոս­քի ռիթ­մի­կա­յի գաղտ­նի­քը, այ­սինքն՝ տո­ղի ու կշռույ­թի հա­մա­պա­տաս­խա­նութ­յան մի­միկ­րիան, որ նրա այդ վեր­ջին գրքում իր ար­դիա­կան բազ­մա­շերտ ո­րո­նում­նե­րի և միջ­նա­դար­յան տա­ղեր­գութ­յան ա­վան­դույթ­նե­րի հա­մադ­րութ­յուն էր: Կար­դա­ցի տե­սա­կան-տա­ղա­չա­փա­գի­տա­կան հսկա­յա­կան գրա­կա­նութ­յուն՝ Մ­խի­թար­յան­ներ Է­դո­ւարդ Հ­յուրմ­յուզ­յա­նից ու Ար­սեն Բագ­րա­տու­նուց սկսած մինչև Ա­վե­տիք Բա­հաթր­յա­նի «­Հին հա­յոց տա­ղա­չա­փա­կան ար­վես­տը» (­Շու­շի, 1892), Մա­նուկ Ա­բեղ­յա­նի «­Հա­յոց լեզ­վի տա­ղա­չա­փութ­յուն (­Մետ­րի­կա)» (Եր­ևան, 1933): Տա­նը ու­նեինք շատ հա­րուստ գրա­դա­րան, բայց տան գրա­դա­րա­նը ար­դեն չէր բա­վա­րա­րում: Օգտ­վում էի հա­մալ­սա­րա­նի և հան­րա­յին գրա­դա­րա­նի ու­նեց­ված­քից: Գր­քե­րը կու­տա­կում էի և­ օ­րե­րով տնից դուրս չէի գա­լիս: Չէի էլ սափր­վում: Հայրս կա­տա­կի էր տա­լիս՝ «­Հոգ­ևո­րա­կան ես դար­ձել», տատս ա­վե­լաց­նում էր՝ «Աչ­քե­րիդ լույսն ափ­սոս է, այդ­քան չեն կար­դա»:
Հին­գե­րորդ կուր­սի երկ­րորդ կի­սամ­յա­կին դա­սեր չկա­յին. ժա­մա­նա­կը հատ­կաց­ված էր պե­տա­կան քննութ­յուն­նե­րին նա­խա­պատ­րաստ­վե­լու և դիպ­լո­մա­յին աշ­խա­տանք­նե­րը գրե­լու հա­մար: Գ­րե­ցի՛: Պատ­րաստ­վե­ցի՛: Ե­կան դիպ­լո­մա­յի­նի պաշտ­պա­նութ­յան և պե­տա­կան քննութ­յուն­ներ հանձ­նե­լու օ­րե­րը: Պաշտ­պա­նե­ցի՛: Հանձ­նե­ցի՛: Թե ինչ­պես ե­ղավ, ինչ կա­տար­վեց՝ ա­ռան­ձին խո­սակ­ցութ­յան նյութ է:
Ա­հա՛ «գե­րա­զանց» գնա­հա­տա­կա­նի ար­ժա­նա­ցած այդ դիպ­լո­մա­յին աշ­խա­տան­քից էլ սկսվեց իմ չա­րեն­ցա­պա­տու­մը:
1971 թ. հուն­վա­րից աշ­խա­տան­քի ան­ցա ԳԱ գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տում: Թեկ­նա­ծո­ւա­կան ա­տե­նա­խո­սութ­յունս՝ «1940-1970-ա­կան թթ. խորհր­դա­յին պոե­զիա­յի տա­ղա­չա­փութ­յու­նը»: Գ­րե­ցի՛: Պաշտ­պա­նե­ցի՛: Նոր թե­ման՝ «1920-1930-ա­կան թթ. խորհր­դա­յին պոե­զիա­յի տա­ղա­չա­փութ­յու­նը»: Գ­րե­ցի՛: Հանձ­նե­ցի՛: Այս­տեղ ան­փո­փոխ օգ­տա­գոր­ծե­ցի նաև իմ դիպ­լո­մա­յին աշ­խա­տան­քը: Աշ­խա­տան­քի եր­կու մա­սե­րը՝ 20-30-ա­կան և 40-70-ա­կան թվա­կան­նե­րը միա­վոր­վե­ցին, դար­ձան ամ­բող­ջա­կան մե­նագ­րութ­յուն, և «­Սո­վե­տա­հայ պոե­զիա­յի տա­ղա­չա­փութ­յու­նը» վեր­նագ­րով ԳԱ հրա­տա­րակ­չութ­յու­նը հրա­տա­րա­կեց 1979 թվա­կա­նին: Խմ­բա­գի­րը ա­կա­դե­մի­կոս Էդ­վարդ Ջր­բաշ­յանն էր: Ի­րեն իմ մա­կագ­րած գիր­քը հան­գիստ թեր­թե­լով՝ ա­սաց. «Ոչ ոք այս­պի­սի մուտք չի ու­նե­ցել, ապ­րե՛ս»: Վազ­գեն Մ­նա­ցա­կան­յա­նը, որ այդ ժա­մա­նակ փոխտ­նօ­րենն էր, գիր­քը վերց­րեց, նա­յեց, տնտղեց և­ ա­սաց. «­Կա­րող ես ներ­կա­յաց­նել դոկ­տո­րա­կան ա­տե­նա­խո­սութ­յան»: Պա­տաս­խա­նե­ցի. «­Չէ՛, նոր բան կգրեմ»: Ե­ղան բազ­մա­թիվ գրա­խո­սութ­յուն­ներ: Ռա­ֆա­յել Պա­պա­յա­նը գիր­քը գրա­խո­սեց Մոսկ­վա­յի «Вопросы литературы» հան­դե­սում. չու­շա­ցավ նաև մի­ջազ­գա­յին համ­բա­վի լեզ­վա­բան, պոե­տի­կա­յի տե­սա­բան, ստրուկ­տու­րա­լիստ Ռո­ման Յա­կոբ­սո­նի դրա­կան ար­ձա­գան­քը՝ կար­դա­ցել էր գրա­խո­սութ­յու­նը և­ ին­ձա­նից խնդրել ա­տե­նա­խո­սութ­յան ռու­սե­րեն սեղ­մա­գի­րը: Գր­քում ամ­բողջ խորհր­դա­յին պոե­զիա­յի տա­ղա­չա­փութ­յան վեր­լու­ծութ­յունն էր, բայց բո­լո­րը հատ­կա­պես անդ­րա­դառ­նում էին Չա­րեն­ցի «­Գիրք ճա­նա­պար­հիի» տա­ղա­չա­փութ­յան ա­ռեղծ­վա­ծի բա­ցա­հայտ­մա­նը, որ ներ­կա­յաց­րել էի ճշգրիտ հաշ­վարկ­նե­րով, աղ­յու­սակ­նե­րով ու գծա­պատ­կեր­նե­րով:
Չա­րեն­ցի հետ հա­ջորդ հան­դի­պու­մը նո­րա­գույն շրջա­նի պոե­զիա­յի պատ­մութ­յուն գրե­լու ա­ռիթն էր: Աշ­խա­տում էի մի բաժ­նում, որ­տեղ և՛ խորհր­դա­յին շրջա­նի, և՛ Չա­րեն­ցի ժա­ռան­գութ­յամբ զբաղ­վող լա­վա­գույն մաս­նա­գետ­ներն էին՝ բաժ­նի վա­րիչ Սու­րեն Ա­ղա­բաբ­յա­նը, Ալ­մաստ Զա­քար­յա­նը: Ընդգրկ­ված էի հե­ղի­նա­կա­յին խմբում. ես գրե­ցի 1920-ա­կան թվա­կան­նե­րի և 1954-1970 թվե­րի պոե­զիա­յի պատ­մութ­յու­նը: «­Հայ սո­վե­տա­կան պոե­զիա­յի պատ­մութ­յուն» (1987) վեր­նագ­րով և­ իմ խմբագ­րութ­յամբ գիր­քը լույս ըն­ծա­յեց ա­կա­դե­միա­յի հրա­տա­րակ­չութ­յու­նը: Այս աշ­խա­տան­քի հետ մեկ­տեղ ձևա­վոր­վեց նաև իմ դոկ­տո­րա­կան ա­տե­նա­խո­սութ­յու­նը՝ «Ե­ղի­շե Չա­րեն­ցը և 1920-ա­կան թվա­կան­նե­րի սո­վե­տա­հայ պոե­զիան», որ դարձ­յալ ա­կա­դե­միա­յի հրա­տա­րակ­չութ­յամբ լույս տե­սավ 1983 թվա­կա­նին: Խմ­բա­գի­րը Սու­րեն Ա­ղա­բաբ­յանն էր: Գր­քի ուղղ­վա­ծութ­յու­նը հնա­րա­վո­րութ­յուն տվեց Չա­րեն­ցին դի­տե­լու ժա­մա­նա­կի հայ, ռուս, միու­թե­նա­կան և­ արև­մտա­եվ­րո­պա­կան պոե­զիա­յի ու գե­ղար­վես­տա­կան բուռն ո­րո­նում­նե­րի հա­մա­պատ­կե­րում: Պաշտ­պա­նե­ցի 1984-ին: Դ­րա­նից հե­տո Չա­րեն­ցի շնոր­հիվ և հա­նուն նրա 1920-1930-ա­կան­նե­րը դար­ձան իմ հե­տաքրք­րութ­յուն­նե­րի շրջա­նը: Կար­ևոր դար­ձան Չա­րեն­ցի ժա­մա­նակն ու ժա­մա­նա­կա­կից­նե­րը:
Եվ 1985-ից, երբ կյան­քը փոխ­վեց, ա­ռա­ջի­նը ես էի, որ հանդգ­նե­ցի ար­խիվ­նե­րում ու­սում­նա­սի­րել մեր գրող­նե­րի հետ կապ­ված ի­րո­ղութ­յուն­նե­րը: Ար­դեն կա­րե­լի էր. փակ դռնե­րը դան­դաղ, բայց աս­տի­ճա­նա­բար բաց­վում էին: Մա­մու­լում հրա­պա­րա­կե­ցի ոչ թե բազ­մա­թիվ, այլ հար­յու­րա­վոր վա­վե­րագ­րեր, ճշտե­ցի, բա­ցա­հայ­տե­ցի գրող­նե­րի կեն­սագ­րա­կան շատ տվյալ­ներ, հայտ­նա­բե­րե­ցի ու տպագ­րե­ցի գե­ղար­վես­տա­կան նո­րա­նոր է­ջեր:
Այդ ո­րո­նում­նե­րի ա­ռաջ­նե­կը իմ «Ող­բեր­գա­կան Չա­րեն­ցը» (1990) գիրքն էր, ո­րը լույս տե­սավ 15.000 տպա­քա­նա­կով և ս­պառ­վեց օ­րե­րի ըն­թաց­քում: Ժո­ղո­վուր­դը դեռևս հե­տաքրքր­վում էր գրա­կա­նութ­յամբ:
Այդ հե­տաքրք­րութ­յու­նից ծնվե­ցին նաև իմ «­Փակ դռնե­րի գաղտ­նի­քը: Չա­րեն­ցը, Բա­կուն­ցը և մ­յուս­նե­րը…» (1994) աշ­խա­տութ­յու­նը:
Ա­մեն ինչ պտտվում էր ժա­մա­նա­կի գլխա­վոր գոր­ծող ան­ձի՝ Չա­րեն­ցի ան­վան ու գոր­ծի շուրջ: Հե­ռա­խո­սա­զան­գե­րը, նա­մակ­նե­րը, հան­դի­պում­ներն ու քննար­կում­ներն ան­պա­կաս էին: «Ար­մե­նիա» հե­ռուս­տա­տե­սութ­յամբ սկսե­ցի վա­րել «­Փակ դռնե­րի գաղտ­նի­քը» հա­ղոր­դա­շա­րը: Կեն­դա­նի ե­թեր էր: Հա­ղոր­դու­մից վե­րա­դառ­նա­լիս մեր բա­կի ժո­ղո­վուր­դը, հա­ղոր­դու­մը ու­շա­դիր դի­տած, ինձ էր սպա­սում, հա­վաք­վում էինք բա­կի տա­ղա­վա­րում: Աս­տի­ճա­նա­բար նոր դեմ­քեր էին ա­վե­լա­նում: Եվ սկսվում էին հար­ցե­րը՝ հե­տո ի՞նչ ե­ղավ, ինչ­պե՞ս ե­ղավ, ո՞վ ի­րեն ինչ­պես դրսևո­րեց: Հատ­կա­պես Չա­րեն­ցի կյանքն ու գոր­ծը բո­լո­րի ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում էր: Այդ զրույց­նե­րը տևում էին մինչև ուշ գի­շեր: Եվ այդ­պես՝ յու­րա­քանչ­յուր հա­ղոր­դու­մից հե­տո, որ տևեց մի քա­նի ա­միս: Ժո­ղովր­դի պատ­կե­րա­ցում­նե­րի մեջ Չա­րեն­ցը եր­ևում էր հե­րո­սի կեր­պա­րան­քով, ինչն էլ հե­տաքրք­րա­սեր հան­րութ­յա­նը մղում էր կար­դա­լու և՛ նրա գոր­ծե­րը, և՛ նրա մա­սին թարմ գրա­կա­նութ­յուն:
Չա­րենց­յան ո­րո­նում­նե­րը շա­րու­նակ­վե­ցին և պ­սակ­վե­ցին նոր ձեռք­բե­րում­նե­րով՝ իմ աշ­խա­տա­սի­րութ­յամբ հրա­տա­րա­կե­ցի Չա­րեն­ցի ան­տիպ­նե­րի եր­կու գիրք՝ «­Նո­րա­հայտ է­ջեր» (1996), «­Գիրք մնա­ցոր­դաց» (2012, 2017), Չա­րեն­ցին նվիր­ված հու­շե­րի եր­կու հրա­տա­րա­կութ­յուն­նե­րին (1961, 1986) ա­վե­լաց­րե­ցի ևս­ եր­կու­սը՝ «­Չա­րեն­ցի հետ: Հու­շեր» (1997, 2008): Իմ չա­րենց­յան հե­տա­զո­տութ­յուն­ներն ի մի բե­րե­ցի «Ե­ղի­շե Չա­րենց: Հա­յոց բա­նաս­տեղ­ծութ­յան մայ­րա­քա­ղա­քը» գրքում (1996):
Չա­րենց­յան ի­մաս­տա­խո­սութ­յուն­նե­րից ծնունդ ա­ռավ իմ «­Չա­րենց­յան ա­սույթ­ներ» (­Բեյ­րութ, 1997) գիր­քը, որ հրա­տա­րա­կութ­յու­նից ա­ռաջ մի ամ­բողջ տա­րի տպագր­վում էր «­Կանչ» թեր­թի է­ջե­րում:
Ա­զատ Գաս­պար­յա­նի ա­ռա­ջար­կութ­յամբ (ու­զում էր թատ­րո­նում Չա­րենց խա­ղալ)՝ փաս­տա­կան նյու­թի հի­ման վրա գրե­ցի մի շատ ի­րա­կան, ի­րա­տե­սա­կան ու վա­վե­րա­կան ող­բեր­գութ­յուն՝ «Ե­ղի­շե Չա­րեն­ցի հա­վա­տաքն­նութ­յու­նը կամ Բա­նաս­տեղ­ծի վեր­ջին ա­ղոթ­քը», տպագր­վեց 2003-ին: Հար­ցաքն­նութ­յուն­նե­րի դա­տա­պարտ­ված Չա­րենցն է, հա­վա­տաքն­նիչ­ներն են, բանտն է, ա­մեն ին­չին անն­կատ հետ­ևող պատ­մութ­յան վկան է: Վա­հե Շահ­վերդ­յա­նը, որ այն ժա­մա­նակ Սուն­դուկ­յա­նի ան­վան պե­տա­կան ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի գլխա­վոր բե­մադ­րիչն էր, ծա­նո­թա­ցավ գոր­ծին և­ ինձ ու Ա­զա­տին ա­սաց. «Պայ­մա­նա­կան ներ­կա­յա­ցում կա­նեմ՝ ես Ս­տա­լի­նի, Բե­րիա­յի, Մուղ­դու­սու կեր­պար­ներն ինչ­պե՞ս բեմ հա­նեմ, ո՞ւր են այդ դե­րա­սան­նե­րը»: Պայ­մա­նա­կան բե­մադ­րութ­յուն չէր լի­նի, ա­ռար­կե­ցինք, նոր ձև գտ­նե­լու հույ­սով հրա­ժեշտ տվե­ցինք, այդ­պես էլ մնաց:
Կազ­մե­ցի և հ­րա­տա­րա­կե­ցի Չա­րեն­ցի քա­ռա­հա­տոր ժո­ղո­վա­ծուն՝ նաև վեր­ջին շրջա­նի գոր­ծե­րի զե­տե­ղու­մով ու ար­ձակ եր­կե­րով («Ան­տա­րես», 2012-2015):
Չա­րենց­յան ներշն­չան­քով է տո­գոր­ված և պայ­մա­նա­վոր­ված իմ «­Հայ­կա­կան ա­պա­գա­յա­պաշ­տութ­յուն» (2009) մե­նագ­րութ­յու­նը: Տ­պագր­վեց գրա­կան այդ ուղ­ղութ­յան ստեղծ­ման 100-ամ­յա­կի կա­պակ­ցութ­յամբ և Չա­րեն­ցի ան­վան շուրջ ի մի բեր­վեց ի­տա­լա­կան և ռու­սա­կան ֆու­տու­րիզ­մի հա­մաշ­խար­հա­յին փոր­ձը:
Չա­րեն­ցը ա­մե­նուր է իմ գրքե­րում, այդ թվում «­Հայ գրա­կա­նութ­յուն» մա­տե­նա­շա­րի վեց հա­տոր­նե­րում (2000-2017), «Երկ­նա­յին շու­շան» (2004) ժո­ղո­վա­ծո­ւի մեջ, ո­րոն­ցում հրա­պա­րա­կել եմ ոչ միայն վեր­լու­ծա­կան­ներ, այլև բնագ­րեր:
Հա­նուն Չա­րեն­ցի ու­սում­նա­սի­րե­ցի նաև նրա գրա­կան շրջա­նա­կի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը և միան­գա­մայն նոր փաս­տե­րով հրա­տա­րա­կե­ցի «Ակ­սել Բա­կունց: Կ­յան­քը և ս­տեղ­ծա­գոր­ծութ­յու­նը» (2009), «­Գուր­գեն Մա­հա­րի: Կ­յան­քը և ս­տեղ­ծա­գոր­ծութ­յու­նը» (2013) մե­նագ­րութ­յուն­նե­րը, այլ­ևայլ գրքեր: Այդ­պե՛ս, ո­րով­հետև Չա­րեն­ցը ժա­մա­նա­կի շար­ժիչ ուժն է:
Այժմ տպագ­րութ­յան եմ պատ­րաս­տում «Ե­ղի­շե Չա­րենց» մե­նագ­րութ­յու­նը ե­րեք հա­տո­րով. ա­ռա­ջի­նը՝ կյան­քը և ժա­մա­նա­կը, երկ­րոր­դը՝ ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը, եր­րոր­դը՝ ար­վես­տը: Այ­սինքն՝ Ին­քը, Ին­չը, Ինչ­պե­սը: Ա­ռա­ջին հա­տո­րը ա­վարտ­վել է և պատ­րաստ է տպագ­րութ­յան (անհ­րա­ժեշտ է հո­վա­նա­վոր):
Չա­րեն­ցի ձե­ռագ­րե­րը կար­դա­լը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, երբ պարզ ու հան­գիստ է գրել: Դժվար է, երբ հո­գե­կան խռովքն ու լար­վա­ծութ­յունն ան­ցել է ձե­ռագ­րե­րին կամ գրա­ծի վրա, գրա­ծի կող­քե­րին, թղթի պա­տա­ռի­կի դար­ձե­րե­սին նո­րից գրել, ջնջել ու խմբագ­րել է: Ե­ղել է, որ ձե­ռագ­րե­րի վեր­ծան­ման դժվա­րութ­յուն­ներ եմ ու­նե­ցել ան­գամ խո­շո­րա­ցույ­ցով տա­ռե­րը մե­կիկ-մե­կիկ կար­դա­լիս: Չճշգրտ­ված բա­ռեր էին մնում հե­տա­գա վեր­ծան­ման հա­մար. մի տա­ռը եր­բեմն փո­խում էր շա­րադ­րան­քի ի­մաս­տը կամ են­թի­մաս­տը: Եվ կա­տար­վեց հրաշ­քը. այն­քան էի տար­ված իմ աշ­խա­տան­քով, որ գի­շե­րը այդ է­ջե­րը տես­նում էի ե­րա­զում՝ ա­սես էկ­րա­նի վրա խո­շո­րաց­ված գա­լիս էր բա­ռը, և հս­տակ եր­ևում էր տա­ռի գծա­գի­րը՝ տ­ է թե դ, բ­ է թե գ, բա­ռը հստակ ըն­թերց­վում էր. ա­ռա­վոտ­յան գնում էի Գ­րա­կա­նութ­յան և­ ար­վես­տի թան­գա­րան, բա­ցում ե­րեկ­վա թղթե­րը և վա­յե­լում բնագ­րին ե­րա­զում տե­սա­ծի հա­մա­պա­տաս­խա­նութ­յան բերկ­րան­քը: Այդ հրաշ­քը այդ օ­րե­րին հա­ճա­խա­կի է ինձ ու­ղեկ­ցել…
Այդ­պի­սի մի բան էլ ե­ղավ «Ե­ղի­շե Չա­րեն­ցը և 1920-ա­կան թվա­կան­նե­րի սո­վե­տա­հայ պոե­զիան» գիր­քը գրե­լիս: Պ­լա­նա­յին աշ­խա­տանք էր, հատ­կաց­ված էր ե­րեք տա­րի: Եր­կու տա­րին նվի­րե­ցի նյու­թե­րի հա­վաք­մա­նը: Ա­մեն օր գրա­դա­րան­նե­րում էի, ար­խիվ­նե­րում, թան­գա­րան­նե­րում, տար­բեր ֆոն­դե­րում: Հա­վա­քե­ցի մի քա­նի թղթա­պա­նակ ար­ժե­քա­վոր նյութ: Հի­մա պետք է շա­րադ­րեմ, բայց շա­րադ­րան­քի ձևը, այ­սինքն՝ գրքի կա­ռուց­ված­քը չեմ գտնում: Ժա­մա­նակն անց­նում էր: Մանր հոդ­ված­ներ էի գրում, բայց միտքս զբաղ­ված էր դրա­նով: Ան­ցավ վեց ա­միս: Տագ­նա­պի մեջ էի: Եվ հան­կարծ մի գե­ղե­ցիկ օր հրաշ­քը կա­տար­վեց: Բազ­մո­ցին պառ­կած՝ այդ գրքի նյու­թե­րի հետ էի: Մեկ էլ միտքս պայ­ծա­ռա­ցավ՝ շատ հստակ տե­սա շա­րադ­րան­քի՝ ա­պա­գա գրքի կա­ռուց­ված­քը՝ նե­րա­ծութ­յու­նը, գլուխ­նե­րի դա­սա­վո­րութ­յու­նը… Այդ­քան պարզ ու միան­գա­մից: Այդ էր ու այդ: Վեց ամ­սում շա­րադ­րե­ցի: Մի­ջանկ­յալ ա­սեմ՝ ինձ հա­մար աշ­խա­տան­քի դժվար մա­սը նյու­թեր հա­վա­քելն է: Շա­րադ­րե­լը ան­հա­մե­մատ հա­ճե­լի պահ է, ե­թե բա­վա­կա­նութ­յուն ես զգում քո ա­րած գոր­ծից: Ա­սածս ինչ է՝ ա՛յն, որ հրաշք­նե­րը ան­պա­կաս են ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քից՝ լի­նի գի­տա­կան թե գրա­կան:
Այ­ցե­լում էի Ռե­գի­նա Ղա­զար­յա­նին: Պատ­մում էր ու պատ­մում: Խմ­բագ­րե­ցի նրա «­Հու­շեր Չա­րեն­ցի մա­սին» գիր­քը, գրե­ցի ա­ռա­ջա­բան, ա­ռան­ձին գրքով լույս տե­սավ 1995-ին: Գր­քում տպագր­վեց այն, ինչ ըն­դուն­ված չա­փով կա­րե­լի էր տպագ­րել, շատ կարևոր բա­ներ մնա­ցին բա­նա­վոր: Հեր­թը հաս­նում էր Չա­րեն­ցի ձե­ռագ­րե­րով լի ճամպ­րու­կին: Իր հետ ապ­րող կնոջն ա­սում էր՝ «­Սե­դա՛, բե՛ր ճամպ­րու­կը»: Սե­դան բե­րում էր: Մե­ջը Ռե­գի­նա­յի փրկած ձե­ռա­գրե­րի մնա­ցորդ­ներն էին: Ա­մեն մի շար­ժու­մից, ա­մեն մի հպու­մից հո­ղի տակ ած­խա­ցած թղթի նուրբ թեր­թե­րից միշտ կտոր­ներ էին պոկ­վում-ընկ­նում, ա­սես թուղ­թը կոտր­վում-ջարդ­վում էր: Ծ­րար­ներ տա­րա, էջ առ էջ դա­սա­վո­րե­ցինք ծրար­նե­րում: Պահ­պան­վել էր Չա­րեն­ցի «­Հիմ­նա­կա­նից հիմ­նա­կա­նը» ան­տիպ գրա­ռու­մը, ո­րը իր գի­տութ­յամբ ու­սում­նա­սի­րե­ցի ու հրա­պա­րա­կե­ցի: Վեր­ջին հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ մտո­րում էր՝ ո՞ւմ նվի­րել ճամպ­րու­կի ձե­ռագ­րե­րը՝ ԳԱԹ-ի՞ն, թե՞ տուն-թան­գա­րա­նին: Ա­մե­նա­վեր­ջում ո­րո­շեց նվի­րել տուն-թան­գա­րա­նին, այն տա­նը, որ­տեղ գրվել են այդ է­ջե­րը:
Կար Հե­ղի­նե Մու­րադ­յան ա­նու­նով մի տի­կին՝ Գ­ևորգ Է­մի­նի քույ­րը: Ինձ զան­գա­հա­րեց, հրա­վի­րեց հան­դիպ­ման: Գ­նա­ցի: Ապ­րում էր Գ­րող­նե­րի տան դի­մա­ցի շեն­քում: Հս­կա­յա­կան բնա­կա­րա­նում ինքն ու ա­մու­սինն էին՝ տա­րիքն ա­ռած մար­դիկ: Ա­մու­սի­նը ե­րե­րուն ստվե­րի պես անց­նում էր դե­պի խո­հա­նոց տա­նող մի­ջանցք­նե­րով: Հե­ղի­նե Մու­րադ­յանն ու­ներ իր սեն­յակն ու իր նիս­տու­կա­ցը: Պատ­մեց, որ երբ Ռե­գի­նա Ղա­զար­յա­նը հո­ղի տա­կից հա­նել է Չա­րեն­ցի ձե­ռագ­րե­րը և ն­վի­րել բա­նաս­տեղ­ծի դուստ­րե­րին, նրանք այդ ձե­ռագ­րե­րը բե­րել են իր տուն, հա­վաք­վել են, կար­դա­ցել, ու­սում­նա­սի­րել և մե­կիկ-մե­կիկ ար­տագ­րել տետ­րե­րի մեջ: Ցույց տվեց այդ տետ­րե­րի ո­րոշ է­ջեր, ո­րոն­ցում դեռևս կա­յին ան­տիպ պա­տա­ռիկ­ներ, ան­գամ Չա­րեն­ցի ինք­նագ­րեր: Այդ ան­տիպ պա­տա­ռիկ­նե­րից մի քա­նի­սը իր գի­տութ­յամբ զե­տե­ղել եմ «­Նո­րա­հայտ է­ջեր» (1996) գրքում: Չու­զեց իր ա­նու­նը հնչեր. պայ­մա­նա­վոր­վե­ցինք՝ կգրեմ, որ բնագ­րե­րը պահ­վում են չա­րեն­ցա­սեր­նե­րից մե­կի մոտ:
Չա­րեն­ցի հետ կապ­ված կար­ևոր էր հան­դի­պու­մը Ե­ղի­շե Հով­հան­նիս­յա­նի հետ: Կազ­մում էի Չա­րեն­ցի մա­սին հու­շե­րի գիրք: Այդ մա­սին հայ­տա­րա­րութ­յուն էր տպագր­վել «Գ­րա­կան թեր­թում»: Զան­գա­հա­րեց, հրա­վի­րեց հան­դիպ­ման: Գ­նա­ցի: Ապ­րում էր ա­կա­դե­միա­յի վեր­ևի փո­ղո­ցում: Հի­վանդ էր: Դո­ղաց­նում էր: 20 է­ջա­նոց մե­քե­նագ­րած գրութ­յու­նը կող­քի սե­ղա­նից վերց­րեց, որ ինձ տա, կար­ծես տա­լիս էր, երբ ու­զում էի վերց­նել, ետ էր քա­շում, չէր տա­լիս: Այդ­պես մի քա­նի ան­գամ: Խո­սեց նաև Չա­րեն­ցի գե­րեզ­մա­նի տե­ղի մա­սին: Ա­սա­ցի՝ տե­ղը գի­տենք, և­ իր խոս­քին զու­գա­հեռ պատ­մե­ցի ներ­քին գոր­ծե­րի պան­սիո­նա­տի տա­րած­քում մեր ի­մա­ցած տե­ղի ու ո­րո­նում­նե­րի մա­սին: Ա­սում էր՝ հա՛, հա՛, և մի այն­պի­սի հնչե­րան­գով, որ կար­ծես ամ­բողջ կյան­քում մի գաղտ­նիք է պա­հել, կար­ծել է այդ գաղտ­նի­քը միայն ին­քը գի­տի, և հի­մա, ի­րե­նից բա­ցի ի­մա­ցող կա: Ի վեր­ջո, գրա­ծը տվեց: Մեր հան­դի­պու­մից չորս օր անց մա­հա­ցավ: Գ­րութ­յու­նը տպագ­րե­ցի «­Չա­րեն­ցի հետ: Հու­շեր» գրքի ա­ռա­ջին մա­սում (1997): Հով­հան­նիս­յա­նի մա­հից հե­տո ինձ դի­մե­ցին նրա կի­նը՝ Ցո­ղի­կը և­ որ­դին՝ Տիգ­րա­նը, թե՝ թղթե­րի մեջ հայտ­նա­բե­րել են չա­րենց­յան ձե­ռագ­րեր: Ոչ թե Չա­րեն­ցի ինք­նագ­րեր էին, այլ՝ Չա­րեն­ցի ան­տիպ, բայց ար­դեն հայտ­նի գոր­ծե­րի ար­տագ­րութ­յուն­ներ: Ե­ղի­շե Հով­հան­նիս­յա­նը իր հետ շատ գաղտ­նիք­ներ տա­րավ, ին­չի վկա­յութ­յուն է նաև նրա հիշ­յալ գրութ­յու­նը:
Շատ կար­ևո­րում եմ Չա­րեն­ցի նշա­նա­կութ­յան գի­տակ­ցու­մը, ո­րով­հետև առ այ­սօր, ան­գամ լուրջ թվա­ցող շրջա­նակ­նե­րում, Չա­րեն­ցը հիշ­վում է դպրո­ցա­կան դա­սագր­քե­րի նյու­թե­րի շրջա­նա­կում՝ «Ամ­բոխ­նե­րը խե­լա­գար­ված», «Ես իմ ա­նուշ Հա­յաս­տա­նի ար­ևա­համ բառն եմ սի­րում» և ևս մի քա­նի գործ «­Տա­ղա­րան»-ից ու վաղ շրջա­նի գոր­ծե­րից: Ան­գամ չեն հաս­նում «Է­պի­քա­կան լու­սա­բաց»-ին ու «­Գիրք ճա­նա­պար­հի»-ին, էլ ո՞ւր մնաց հաս­նեն ան­տիպ ժա­ռան­գութ­յա­նը: Ի­հար­կե, Չա­րեն­ցը յու­րա­քանչ­յուր գոր­ծում Չա­րենց է, բայց նրան պետք է հա­մե­մա­տա­բար ամ­բող­ջա­կան ճա­նա­չել:
Հաս­կա­նա­լի է, որ կա չա­րեն­ցա­սի­րութ­յուն, և կա չա­րեն­ցա­գի­տութ­յուն: Բայց բո­լորն անխ­տիր պետք է ու­նե­նան մի բարձր գի­տակ­ցութ­յուն, որ գործ ու­նեն ոչ միայն հայ դա­սա­կան գրա­կա­նութ­յան ե­զա­կի մե­ծութ­յուն­նե­րից մե­կի հետ, այլև XX դա­րի հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նութ­յան ա­ռաջ­նա­կարգ ա­նուն­նե­րից մե­կի: Չա­րեն­ցին պետք է մո­տե­նալ ա­զատ, ան­կաշ­կանդ, նրա առջև նրա նման պետք է բաց ու ան­կեղծ լի­նել: Ան­կեղ­ծութ­յուն կա, որ տա­նում է դե­պի վեր, դե­պի ի­մաս­տութ­յուն, և կա պար­զու­նակ ան­կեղ­ծութ­յուն, որն, ի վեր­ջո, հաս­նում է հի­մա­րութ­յան: Չա­րեն­ցի­նը ի­մաս­տուն խոր ան­կեղ­ծութ­յունն է, մի բարձ­րա­գույն ար­ժեք, ին­չի հա­մար նա պայ­քա­րել է: Ուս­տի նրան պետք է մո­տե­նալ հա­սուն զգա­ցո­ղութ­յուն­նե­րով՝ ա­ռանց քաղ­քե­նիա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րի՝ սա կա­րե­լի՛ է, սա՝ չէ՛: Չա­րեն­ցի դեպ­քում մար­դու բարդ ու բազ­մա­շերտ կեր­պարն է, ին­չով էլ պայ­մա­նա­վոր­ված է նրա գրա­կան հե­րո­սի կեր­պա­րի հարս­տութ­յու­նը: Այդ գրա­կան հե­րո­սը ինքն է՝ իր մարդ­կա­յին ճա­կա­տագ­րով:
Նա այն Գեր­մարդն է, այն Homo Sapiens-ը, որ, հատ­կա­պես 1930-ա­կան­նե­րին սաստ­կա­ցած քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի ժա­մա­նակ, հա­կադր­վեց ար­դեն ձևա­վոր­ված և կեր­պա­վոր­վող մար­դու նոր ու վտան­գա­վոր տե­սա­կին՝ Homo Sovetikus-ին. նրա՛ն, ով պետք է ու­րա­նար մո­տիկ անց­յա­լը՝ պատ­մա­կան հայ­րե­նիք ու ծննդա­վայր, և մատ­ներ ծնո­ղին, ով պետք է լրտե­սեր և լու­րը տեղ հասց­ներ ուր որ հարկն է, ով պետք է բազ­մա­զե­ղուն կյան­քին հա­կադ­րեր կու­սակ­ցա­կան սխե­մա­տիզ­մը և հայ­տա­րա­րեր՝ «­Նախ՝ կու­սակ­ցա­կան, ա­պա՝ բա­նաս­տեղծ», ու հա­մա­ռեր՝ «­Թե­կուզ ե­րեք փսլնքոտ, բայց մե­րը»:
Ա­յո՛, Չա­րեն­ցը, ի­րոք, Գեր­մարդ էր հու­նից սայ­թա­քած իր ժա­մա­նա­կի մեջ, և­ այդ կեր­պա­րը, ինչ­պես կյան­քում, այն­պես էլ գրա­կա­նութ­յան մեջ, պահ­պա­նե­լու հա­մար հա­տու­ցեց կյան­քով, նա­հա­տակ­վեց՝ հա­նուն մարդ­կա­յին ու գրա­կան բարձր ար­ժեք­նե­րի, և­ իր լու­սա­վոր ճա­կա­տին կրեց նա­հա­տա­կի սուրբ պսա­կը:
1980-ա­կան թվա­կան­նե­րին ԳԱԹ-ում Չա­րեն­ցի ֆոն­դի նյու­թերն ու­սում­նա­սի­րե­լիս 126 հա­մա­րա­նի­շով հան­դի­պե­ցի մի փոքր տոպ­րա­կի, ո­րի մեջ Չա­րեն­ցի ձե­ռագ­րե­րի փշրանք­ներն էին, ինչ­պես աճ­յու­նա­փո­շի… Զ­գա­ցա­կան մի պա­հի ինձ թվաց, թե դա ոչ թե ձե­ռա­գիր թղթե­րի մնա­ցորդ է, այլ իր՝ Չա­րեն­ցի աճ­յունն է: Մի ու­րիշ աշ­խար­հում հայտն­վա­ծի պես եր­կար նա­յում էի այդ տոպ­րա­կի պա­րու­նա­կութ­յա­նը: Եվ միտք հղա­ցավ, որ ձե­ռագ­րե­րի այդ աճ­յու­նա­փո­շին՝ որ­պես Չա­րեն­ցի աճ­յուն, պետք է պան­թեո­նում հանձ­նել հո­ղին, Կո­մի­տա­սի կող­քին տեղ տալ Ե­ղի­շե Չա­րեն­ցի գե­րեզ­մա­նին: …Եվ մի բուռ հող բե­րել ու շաղ տալ գե­րեզ­մա­նա­փո­սի մեջ՝ են­թադր­վող թաղ­ման տե­ղից:
Օ­րեն­բուր­գի գե­րեզ­մա­նից բե­րած մի բուռ հո­ղով այդ­պես Եր­ևա­նի պան­թեո­նում իր տեղն ու հի­շա­տա­կի անկ­յունն ու­նե­ցավ Վա­հան Տեր­յա­նը:
Կո­մի­տաս, Տեր­յան, Չա­րենց, նաև Ա­րամ Խա­չատր­յան, Վիլ­յամ Սա­րո­յան, նաև մյուս­նե­րը… Այդ­պե՛ս, մի­միայն այդ­պե՛ս՝
Քան­զի մեռ­յալ­նե­րի մո­խի՛րն է ա­մե­նա­պինդ կի­րը,
Ա­մե­նա­պինդ կի­րը և­ առ­հա­վատչ­յան,-
Եվ դրա­նով է դառ­նում եր­կի­րը -­ եր­կիր
Եվ ժո­ղո­վուր­դը – ժո­ղո­վուրդ, և գա­լի­քը – գա­լիք ան­հող­դողդ ու ան­ճառ (ԵԺ, IV, էջ 391):

 


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Մեկ մեկնաբանություն

  1. Սրտանց շնոր­հա­վո­րում եմ հոբելյանի առ­թիվ Դա­վիթին՝ վաղեմի բարեկամիս, գործընկերոջս և հասակակցիս: Մաղթում եմ լավագույնը կյանքում, նորանոր ստեղծագործական հաջողություններ և արևշատություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.