Աստվածները և ամբոխը / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հովիկ-ՎարդումյանՁայնը ճեղքեց ամբոխի ոռնոցը և դուրս թռչելով՝ տկար ու քաղցած շնիկի ծմրոցից դարձավ ավետիսի հզոր աղաղակ:
-Աստվածնե՜րը, աստվածնե՜րը,- կանչում էր ձայնը:
Մի պահ խորհրդավոր լռություն տիրեց. հոգևոր ստրկության ծննդի պահն էր: Ապա, երբ աստվածները բարձրացան բեմահարթակ և ձեռքերը վեր պարզեցին, ոռնոցը բազմապատկվեց:
Ամբոխը երկար ժամանակ ոռնում էր, և համախումբ ոռնոցի հզորացմանը համընթաց աստվածները հաստատվում ու հզորանում էին:
Աստվածներն ամեն օր բեմահարթակ էին բարձրանում, սուտ ճշմարտություններ հորինում, լցնում ամբոխի գլխին, մտնում նրանց բաց հոգիները, և նրանք երջանիկ ու հնազանդ պառկում էին սեփական ուղեղներից ծնված աստվածների ոտքերի տակ: Աստվածները կարող էին ձեռքի մի շարժումով ամբոխին մղել ցանկացած խենթության, անգամ ինքնազոհաբերության, որովհետև առաջին աղաղակից ծնված ստրուկն անընդհատ ստրկանում էր:
Մի ժամանակ հետո արդեն ամբոխը չէր հիշում, որ մի ժամանակ այդ աստվածներից յուրաքանչյուրն իրենցից մեկն էր: Չէին հիշում, թե ինչպես առանձնացան ամբոխից, գրավեցին բեմահարթակը և դարձան իրենց ճշմարտություններ և օրենքներ սահմանող տերերը:
Զարմանալիորեն կարգապահ ու հնազանդ դարձած ամբոխը միայն մի դեպքում էր խախտում ընդունված կանոնները և դառնում անհնազանդ: Երբ աստվածներից մեկն ու մեկը հիշում էր, կամ ցույց տալու համար, թե հիշում է անցյալը, իջնում էր հարթակից, խառնվում նրան: Միմյանց ոտնատակ տալով, միմյանց վրա բարձրանալով՝ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր մոտենալ բեմահարթակից իջած աստծուն, խոսել նրա հետ, ձեռք տալ և հետո իր նման ստրուկին պատմել այդ երանելի պահի մասին:
Ամեն անգամ, երբ աստվածները խոնարհված, գետնաքարշ, ստրուկ ամբոխի շարքերի միջով բարձրանում էին բեմահարթակ, նրանք ոռնում էին.
-Աստվածնե՜րը, աստվածնե՜րը…
Աստվածներն արդեն ամբոխի տերն էին. օրենքներ էին ստեղծում, ապրելու իրավունք տալիս կամ զրկում, սահմանում աշխատելու և աշխատանքի դիմաց ստանալու, սեփական կանանց հետ քնելու, ուտելու, ոտքի կանգնելու և նստելու չափն ու ժամանակը:
Ամենազոր աստվածները, բացի պաշտելի լինելուց, շուտով դարձան նաև սարսափելի: Եվ երբ բարձրանում էին բեմահարթակ, ամբոխի ոռնոցը ոչ այնքան սիրուց էր, որքան վախից:
Ամբոխը սեփական կամքով ամեն ինչ տվել էր աստվածներին և դարձել նրանց երկրպագող ստրուկը: Առաջին օրերին սիրո և պաշտամունքի ստրուկն էին, չէին նկատում, որ աստվածներն իրենց նման մարդիկ են, որ իրենք են իրենց ոռնոցով ու ստրկամտությամբ նրանց աստվածներ դարձրել: Չէին նկատում, որ աստվածները շների նման գզում են միմյանց, զեխությունից գարշահոտում: Այդպես էին անում անգամ իրենց աչքի առջև, բեմահարթակի վրա: Իսկ հետո, երբ սկսեցին հասկանալ, լռում էին վախից, և աստվածները նրանց ղեկավարում էին այդ վախով:
Սակայն ամբոխի սերն ու պաշտամունքն օրեցօր պակասում էր: Աստվածները բեմահարթակ էին բարձրանում ոչ թե ամբոխի միջով, այլ՝ ետնամուտքից: Եվ շատ քչերն էին կանչում ու փառք տալիս աստվածներին: Նրանք, ովքեր դեռ խաբեության մեջ էին: Ամբոխի հավատի, սիրո ու պաշտամունքի պակասելու հետ պակասում էր աստվածների զորությունը, մինչև բոլորովին դարձան անզոր, և նրանց փոխարինելու եկան նոր աստվածներ:
Եվ երբ նոր աստվածները, խիտ շարքերի միջանցքով բարձրանում էին բեմահարթակ, ամբոխը նորից, նոր ուժգնությամբ ոռնում էր.
– Աստվածնե՜րը, աստվածնե՜րը…
Հին աստվածներն իջան բեմահարթակից, խառնվեցին ներքևում ոռնացող ամբոխին: Նրանք այնքան թույլ ու անզոր էին, որ ամեն մեկը կարող էր ոտքի տակ տալ ու անցնել: Ամբոխը չէր հասկանում, որ բեմահարթակում նոր հայտնված աստվածները նույնպես կարող են մի օր իջնել, խառնվել իրեն և իր հետ միասին ոռնալ.
– Աստվածնե՜րը, աստվածնե՜րը…
Ամբոխն առանց աստվածների չի կարող գոյություն ունենալ: Նրանց ստեղծում է իր համար, որ կարողանա ապրել:
1990-2013 թթ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.