Անահիտ ԱՐՓԵՆ

 

ԿԳՏՆԵՔ ԿԱՄ ՉԵՔ ԷԼ ԳՏՆԻ
Ինձ մի՛ փնտրեք երկրի վրա,
երկրի մե՛ջ եմ ես ծվարում։
Ինձ մի՛ փնտրեք երկնքի մեջ,
ինքս ամպ չեմ՝
ճերմակ կամ թուխպ,
ծվեն կամ սուրբ։

Շաղի՛կ եմ, ցո՛ղ։

Ինձ փնտրեք ձեր հոգիներում վայրիվերո,
սլացքի մեջ սավառնումի,
օդում ճախրո՛ղ։
Այն ճախրանքի, որ մնում է
անանձնական, անդավաճան ու անհողդո՛ղդ։

Զուր մի՛ փնտրեք ցուցակներում՝
Սև, գունավոր…

Ինձ փնտրեք ձեր դժվար կյանքի ելևէջում։
Եթե անգամ չեմ էլ եղել։
Եթե անգամ չեմ լինելու։

Փնտրեք սրտի ձեր ծալքերում,
արնաքամվող լուրջ վերքերում…
Եվ տուն սարքող պինդ ձեռքերում։

ԷՔՍՊՐՈՄՏ ՔԱՍԱԽԻ ԱՄՐՈՑԻ ԾԱՂԿԻ ԱՌԱՋ
Քարերի միջից բուսնած գիժ ծաղիկ,
Քարերի սրտից բխած մի փունջ դիք
Ապարանի ջուր խմած պինդ քարից
Ելել է տեսնի աշխարհը դրսից:
Ա՜խ, իմ կյանքն այսպես, Ապարա՛ն, իմ սեր,
Բխեց քո գրկից՝ այս ծաղկի պես խենթ:

ԵՐԲ ՈՐ ԵՍ ՄԵՌՆԵՄ
Երբ որ ես մեռնեմ,
իմ սիրտը հանեք, տվեք այն մարդկանց,
որ իրենց կյանքը, շենքուշնորհքը
կտան մեր երկրի արդարությանն ու
միայն ազնիվին:
Երբ որ ես մեռնեմ,
աճյունափոշիս ժեռ քարափներից
շաղ տվեք հայոց անհերկ հողերին:
Երբ որ ես մեռնեմ,
գերեզման պետք չէ. ծառ, այգի տնկեք
օտար ափերից տուն վերադարձող
հայի ճամփեքին:
Երբ որ կմեռնե՛մ:
Իսկ առայժմ ես դեռ պիտի ապրեմ:

ԽՈՍԵՆՔ ՇԻՏԱԿ
Ասում եմ՝
բավ է արդեն զայրացնեք,
ձեր անձնականով մարդկանց զարմացնեք:
Բավ է, եկ նստենք
ու խոսենք շիտակ,
աշխարհին ասենք մեր խոսքը հստակ:
Պետք չէ հոխորտալ և խոսել անճիշտ,
պետք է աշխատել, ազնիվ լինել միշտ.
տիրոջ խոսք ասել հայ մարդուն արագ,
և լինել ազգին լույս տվող ճրագ:
***
Վաճառական էր ազգը իմ հայտնի,
դարձրեցին չարչի:
Գիտնական էր լուրջ, պետականասեր,
տարան աքսորի:
Իսկ մշակույթը՝ հարուստ, հալածված,
վերափոխեցին կամակատարի,
խեղկատակության,
որը չի ստեղծում մշակույթ ոչ մի:

ԱՅՍ ԻՆՉՔԱ՞Ն ԸՆԿԱՆՔ
Այս ինչքա՞ն ընկանք,
որ արդեն թողած մեր պատիվ, անուն՝
թշնամու ձեռքը միմյանց ենք հանձնում:
Հող ու օջախներ՝ անպարտ-հալածյալ,
նրանց զիջեցինք
և մարդկանց կյանքեր գազանի
կամքին հենց այնպես թողինք:
Ախր ո՞նց եղավ,
որ փառքով պահած անառիկ բերդը
սարքինք արյան պատ,
իսկ տարիների քրտինքը հայի
դարձրինք անապատ:

ԻՆՉՔԱ՞Ն ԹՇՆԱՄԻ ԿԱ ՏԱՆԸ ՀԱՅՈՑ
Մեր անձնուրաց պաշտպանը միակ
զինվորն էր… Ինչո՞ւ…
Էլ ուրիշ պաշտպան չունե՞ր
հողն հայոց:
Եվ միակ պաշտպա՛ն
հենց այդ զինվո՛րը
համարվեց պարտված:
Որին դավեցին ռազմից էլ առաջ,
որ հետո ասեն, թե դասալիք էր,
անփորձ կամ զոհված:
Ամեն ինչ այնպես հաշվել էին նախ,
որ կռիվ չանեն դեմ առ դեմ հանկարծ,
այլ զինվորներին պահեն անպաշտպան՝
վերևից թափվող կրակների տակ:
Իսկ զինվորների կյանքն ու արյունը,
չպարտվող կամքն ու սերը աննահանջ
չունենան արդյունք՝ ոչ մի հաղթանակ:
Ինչքա՞ն թշնամի կա տանը հայոց,
որի անձնուրաց պաշտպանը միակ
զինվորն էր… Ինչո՞ւ…

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Քեզնից խլել է քո մեծ հավատը,
քեզ թողել քո իսկ մխի մեջ կորած.
տեղը չտալով ոչինչ ու ոչինչ՝
ասում է. «Ե՜ս եմ թագավոր, Աստվա՜ծ»…

Ասում է՝ «ես եմ թագավորն ապրած»,
բայց թե ինչ է թագ ու գահի պատիվ,
ո՛չ իմացել է, ո՛չ էլ կիմանա,
իսկ դու իր համար՝ կլոր զրո, սա՛րդ:

Զրոն իրենով ինքը քաշ չունի,
բայց իր արժեքն է հարյուրապատկում,
երբ որ դրվում է թվերի կողքին:
Արդ հպատակվիր թագասիրտ մեկին,
պաշտիր արժեքնե՛ր, ոչ թե մարդուկի:
Ետ բեր տան սյունդ՝ ձեռքիցդ խլված,
դիր քարդ անկյան՝ վաղուց օրհնված.
ետ բեր հավատդ քեզնից թալանված,
կառուցիր քեզ կյանք գործո՛վ հաստատված:

ԱԶԳ ԻՄ ԽԵԼԱԳԱՐ
Ազգ իմ խելագար,
հնդրիր գանձերդ որոմից քո սին,
եկ դուռը Արի հավերժ կենսատու:
Մայր իմ Հայաստան,
ինքնաճանաչմամբ մաքրիր ինքդ քեզ՝
դարերով կթվող և միշտ բերքատու:
Երկի՛ր հայրենի,
մաքրվիր չարից, վերցրու դու բարին՝
հազարամյակներ արարած մարդուց:
Ժողովո՛ւրդ հայոց,
թոթափիր քեզնից տարակույս, կասկած,
հավատա ուժիդ, բազկիդ, զինվորիդ,
կառուցիր տունդ քարերիցդ ժեռ՝
քո՛ ծխի համար, քո՛ շահի ոսկուց:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.