ԳԹ-ի հարցազրույցը «Ստամբուլի ընկեցիկը» վեպի թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ

Մարո--Մադոյան-ԱլաջաջյանԳ. Թ. – Ո՞րն է վեպի՝ աշխարհին ուղղված գլխավոր ուղերձը:
Մ. Մ. Ա. – Շաֆաքը վեպը գրել է անգլերենով, և դա պատահական չէր: Դա անգլերենով գրված նրա առաջին գիրքն էր: Հեղինակը նպատակաուղղված է ընտրում՝ որ լեզվով գրել: Տիրապետում է 3 լեզվի, թուրքերենը համարում է առաջին լեզուն, իսպաներենը` երկրորդ, անգլերենը` երրորդ: «Ինչպես ճամփորդում եմ երկրների միջով, այնպես էլ ճամփորդում եմ լեզուների միջով և, կախված ասելիքից, ընտրում եմ՝ որ լեզվով գրել»,- ասում է նա: Ընտրել է անգլերենը, քանի որ ասելիքն ուղղում է ողջ մարդկությանը, քանի որ չէր կարող Թուրքիայում ազատ արտահայտել իր մտքերը, քանի որ քննադատում էր իր ժողովրդին, իր երկրին` 1915 թ.-ի համար, որ մինչ օրս չեն ուզում ընդունել: Թուրքերենով չէր կարող արտահայտել այնպիսի բաներ, որ ասել է անգլերենով, Թուրքիայում կդատապարտեին: Թուրքերենով հարմարվում է քաղաքական պահանջներին: Հետևաբար, թուրքերենով վեպի այլ տարբերակն է:

Գ. Թ. – Ի՞նչ է ուզում ասել հեղինակը այս վեպով:
Մ. Մ. Ա. – Ինձ թվում է, կան մարդիկ, ովքեր դրսի ուժերի կողմից են գործում, որպեսզի հայ-թուրքական համաձայնություն տեղի չունենա: Չգիտեմ` ում է դա խանգարում: Ես մտահոգված եմ դրանով: Զարմանում եմ, որ լուրջ մտավորականը մակերեսային վերլուծություն է անում գրքի մասին: Հեղինակի նպատակը ցեղասպանության մասին գրելը չէր: Նա նպատակ ուներ գրել իր երկրի թերությունների մասին, ընդհանրապես մարդկային իրավունքների, ազգային փոքրամասնությունների, կանանց իրավունքների մասին է խոսում: Նրան հուզող խնդիրը կանանց, ազգային փոքրամասնությունների իրավունքներն են: Քանի Թուրքիայում դեռ չեն հասել փոքրամասնությունների իրավունքների ճանաչ­մանը, մտավորականները պայքարելու են: «Եթե Թուրքիան ընդունի մարդու իրավունքները, կճանաչի նաև ցեղասպանությունը»,- ասում էր Հրանտ Դինքը:

Գ. Թ. – Մի առիթով նշել եք, որ «Ստամբուլի ընկեցիկը» մտածելակերպ փոխող գիրք է:
Մ. Մ. Ա. – Թուրքիան, այնուամենայնիվ, փոխում է իր մտածելակերպը: Թուրքը փոխվել է, նա ատելություն չունի մեր հանդեպ` չհաշված ծայրահեղականներին, որ Թուրքիայում փոքրամասնություն են կազմում: Ժողովուրդներն իրար թշնամի չեն լինում, թշնամությունը գալիս է քաղաքականություն անողների միջոցով, նաև նրանց, ովքեր օտար երկրների պատվերն են կատարում: Կարդալով այս գիրքը` թուրք մտավորականը փորձում է կամուրջ լինել երկու ժողովուրդների միջև` նշելով ընդհանրությունները:
Երբեմն գրողներից եմ լսում ժխտողական վերաբերմունք, այն որ «սարքած» է Օրհան Փամուկը գրել հայոց ցեղասպանության մասին:
Մեր գրողները չեն կարողանում ազատագրվել իրենց կաշկանդող կաղապարներից, ճշմարտությունն ասելու համար պիտի ազատ մտածես:
Ցեղասպանության մասին բարձրարժեք գործ ստեղծելու համար պիտի ազատագրվենք բարդույթներից: Մեր գրողներն ավելի տաղանդավոր են, քան իրենց գործերը: Իրենց տաղանդի չափով գրելու համար պիտի ազատագրվեն կաղապարներից:

Հարցազրույցը՝ Շաքե ԵՐԻՑՅԱՆԻ

One thought on “ԳԹ-ի հարցազրույցը «Ստամբուլի ընկեցիկը» վեպի թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.