Սարգիս ԿԱՐԵՅԱՆ

ՄԵԾ-ՄԵԾ ՔԱՐԵՐ
Ամեն մեծ-փոքր գյուղում
մեծ-մեծ քարեր կան,
այդ մեծ-մեծ քարերին
գյուղի մեծերն են նստում:
Ծնվել են,
դրանք մեծ են եղել,
մեծացել են,
դրանք մեծ են նորից:
Նրանց մեծ-մեծ խոհերը
միայն այդ մեծ-մեծ
քարերը կարող են
պահել:
Կպառկեն այդ մեծ-մեծ
քարերի տակ
և կապրեն հավիտյան
թեթև:
Մեր պապերն են նրանք,
նրանց պապերն այդ քարերի տակ են,
իսկ մեր պապերի պապերը
այդ մեծ-մեծ քարերն են…

ԱՐԱՔՍ
Արաքսը հոսում է
մեր բոլորի դռներից,
պատուհաններից ներս,
գիշեր-ցերեկ,
բաց են թե փակ,
Արաքսը հոսում է ներս:
Մեր աչքերը նրա համար ջրհոր են,
մեր սրտերը նրա համար` ջրավազան,
նա խաղ է բռնում մեր ձեռքերի հետ,
մեր մազերի հետ, մեր
մանկիկների թաթերի,-
և մեր ազապ աղջիկները
ննջարանում ջրահարս են:
Մեր սենյակը հապա ինչ է` ակվարիում է,
մեր կերածը հապա ինչ է` ջրիմուռ,
Արաքսի բերած մանրիկ ավազ,
և մեր գլխի տակ
Արաքսի բերած փափուկ քար է.
– Մեր սրտերի մոտ, արդեն, Արաքս,
խռիկներ են առաջացել…
– Արաքս, արդեն վաղուց փոխվել,
երկկենցաղ ենք դարձել:

ԶՐՈՒՅՑ ՍԱՐԻ ՀԵՏ
Որտեղից էլ իջնում`
Քանաքեռից թե Նորքից,
ուղիղ քեզ ենք գալիս,
ուղիղ քեզ ենք գալիս`
մի քայլ էլ անենք
քո լանջերին ենք:
Քո լանջերին ենք
Պարրոտի հետ, պատանի Խաչատուրի,
և Նոյը այստեղ է իջել,
և Նոյը այստեղ է իջել,
և հետո դարձել
լեգենդ:
Բայց դու սա՞ր ես, թե՞ վերք,
մշուշը վիրակա՞պն է մեր.
երբ որ օրը պարզ է`
բաց ես ու ցավալի,
որքան գեղեցիկ,
այնքան ցավալի…

ԱՐԱՐԱՏ
(Մշո բաց ցուցադրած Ճառընտիր)
Դու բաց գրքի ելևէջ,
ելևէջից ելևէջ.

թերթած էջերդ դեռ շա՜տ քիչ,
չթերթածդ` դեռ շա՜տ, դեռ շա՜տ.

քամի՞ն պիտի թերթի,
թե՞ իմ թրջած ցուցամատը`
իմ լեզվով.-

գիրքը թերթելու խշշոց կլսվի…

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՈՐՍ
Կանաչ տափարակում
մենք էլի խաղում ենք ձիով,
որսի բազեներ տանում
մեր ձեռքերի վրա
և Արաքսի ափին,
ավազուտների մեջ
փո՜ղ ենք փչում,
եղջերվին կանչում
ջրի ափ:
Եղջերուն ի՜նչ, պայազատնե՛ր,
քշենք գնանք աղջիկ փախցնենք,
և տեսեք իմ շիկափոկ պարանն
ինչպե՜ս եմ նետում,
գցում օրիորդի մեջքը
և փափուկ ցավեցնելով՝
թռցնում-բերում
քաղաքը իմ`
Վանա լճի ափից,
Մասիսի կողերով,
Էրեբունի բլրով`
Կոնդ,
Էկմալյան փողոց,
թիվ 1:

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ
Առավոտ է էլի Վարդավառի,
ծխանի ծուխ է ելնում,
եղջերուն է հանգիստ
եղեգնի տերև ուտում
Արաքսի ափին,
շամբուտում:
Պայազատներ, չխփեք,
իմ արևը թաղեք, չխփեք,
ձեր նետերը դրեք
ձեր կապարճները,
այսօր կարմիր եմ հագել,
խփված եղջերվի տեղ
կարմիր եմ հագել,
տեսեք նորափեսա
թագավո՜ր եմ արդեն:

Ճերմակ նժույգով եկել եմ,
ահա եկել եմ, դարպասեցիներ,
համարձակ եկել եմ
կռելու- կոփելու ձեր դուռը,
հյուսն Հրանտից
աղջիկ ուզելու,-
ահա գուսաններ եմ կարգել,
որ զիլ ձայնով երգեն
գյուղի ամեն տանիքից,
ահա թռչուններ եմ արձակել,
որ առատություն եղջյուրները բռնեն,
որ ոսկու և մարգարտի անձրև տեղա
հարսնության ժամանակ քո,
փեսայության ժամանակ իմ…

ԴԵՊԻ ԳԻՇԵՐԸ ԴՐԱԽՏԻ
Դեռ քեզ պիտի տեսնեմ
զրո ժամում`
ամենամաքուր ժամում…
Մազերդ կաճեն
ծաղիկների հետ,
կոպերդ կճռան
ծղրիդների պես,
խոտերի համար
գառնուկ կբերեմ,
ճամփաների համար`
գուսաններ:

Կապույտ ծաղկաթերթեր
կթափվեն,
ձիերը դարձյալ
թևեր կունենան:
Արծաթե սմբակներում
ցլիկներ կտեսնենք,
ճամփան հանող
ձայներ կլսենք
սմբակների միջից,
ոչ մի կարկանդակ
համեղ չի լինի
ճանապարհի փոշուց…
Մի սիրտը բավական է,
քոնը կտանենք մեզ հետ,
իմը կթողենք
մայրամուտում:

ԱՂԻ
Անալի արցունք ցող,
եկ աչքս աղի անեմ,
որ թռնես` հետքդ մնա
այտիս…

Լավ, կդնեմ քեզ ծաղկին,
որ թռնես` հուշ թողնես
ծաղկին,
թե չէ այդպես հազար անգամ
վերուվար անես,
հետք չես թողնի ծաղկին,
գոնե աղի
հուշ:

– Գիտե՞ս, ծաղիկ, հուշերի աղին է լավը,
որ չի փտում, չի նեխում,
որ կա որպես ծփուն ծովի
հեռավոր քույրիկ…

ՀԱՑՔԻ ՓՈՒՆՋ
Մայրանալուց հետո,
հայրանալուց հետո
տեսնում ես հոգիդ
պատկեր դարձած.
նախնական շունչ,
նախնական ձայն`
տաք ծխի նման
տանիքից ելնող:
Ծուխ` դա եղեգան փողն է,
բոց` դա եղեգան փողն է-
տանիքից վերև`
կապույտ երկինք,
տանիքի տակ`
փափուկ մանկություն:
Օրորոցի շուրջ
հայր-մայր` խնկի ծառ,
ջուր լցրու, լողացրու
երազիդ մեջ նաև-
բույր ամենամաքուր,
բույր սուրբ-սուրբ,
կաթի համ,
սիրո համ…

ԱՅՍՏԵՂ ԱՊՐԵՆՔ ԵՐԿԱՐ
Նստում ենք կարմիր
գետաքարերին,
ջուր ցանում
իրար վրա,
գույնզգույն քարեր
նշմարում
ջրի մեջ:
Գեղեցիկ թռչնակը
ջուր է խմում,
սպասում, նորից խմում.
տղայիս և աղջկաս
վազող աչքերն են
ջրի մեջ,
ձկների փոխարեն…
Գնչուների
վրանները ո՞ւր են,
գետի ափին էին,
թթու աղբյուրի մոտ,
ուռենիների տակ,
և ինչ գեղեցի՜կն էին,
և երեխաները`
ինչ առո՜ղջ…
Գետի խշշոցի մեջ,
խոտերի, ծաղիկների,
թիթեռների պարի –
քար կա, ջուր կա,
ավազ կա,
տուն չունենք,
տուն կառուցենք,
ապրենք այստեղ`
դուռը դեպի
հարավի քամին…

ԿԱՐՈՏ
Ափեր իմ, թռեք,
ինչպես մանուկ օրերին
աղավնիներ էիք թռցնում,
անձրևից մաքրված հորիզոնը
թափանցիկ տանիք է:
Ծովը կտցելուց
կապույտ են ճայերի
կտուցները: Անձրևի
կաթիլները պատուհանի
ապակի են որոնում…
Ձեր դեղին կտուցներով, ափեր,
խմեք անձրևը,
վայրէջքի համար
տեղ չունեն նրանք,
ձեր մտքում պահեցեք
սերը…

ԵՐԿՐԱՅԻՆ ՀՐԱՎԵՐՔ
Ո՜վ երանելի երեխաներ,
ո՜վ երկրի նոր զավակներ,
եկեք էլի գնանք Թթու աղբյուր,
ձեր ճռվողյունով, գեղգեղանքով եկեք,
ձեր հարցերի զամբյուղներով, սիրո
դույլերով եկեք,
և ո՜վ մարգագետնի ծաղիկ,
դե կապտիր ու կարմրիր ավելի ու ավելի,
դե բա՜ց քո թևերը ավելի ու ավելի:
Երեխաներ, երկաթգծերի ճամփեքով
չգնանք,
երեխաներ, ասֆալտով էլ չգնանք,
գնանք գետի ափով,
խոտերի ու թփերի միջով,
ցատկոտելով ու ոստոստելով գնանք
և երգով ասելով գորտերին.
– Ո՜վ չքնաղագեղներ…
Այնտեղ հորթուկն է և գառը,
կարմիր գետաքարն ու ավազ-շաքարը,
Փոքրիկ Գոռին էլ տանենք,
Տաթևիկին էլ տանենք,
նրանք կբլբլան,
և առվակը կհասկանա նրանց
փափուկ լեզուն,
և հորթուկն ու գառը
իրենց մենակ չեն զգա:
Հաց ու պանիր էլ տանենք,
ո՜վ երեխաներ, հաց ու պանիր էլ
տանենք,
ջուրն էլ թթու է,
Օդն էլ` բույրերով լի,-
ո՜վ երեխաներ, տանենք,
կտեսնեք, որ հաց ու պանիրը
միայն այնտեղ է հաց ու պանիր
և համով այնպես,
կարծես հենց նոր ենք քաղել
ծառ ու թփից
կամ գուցե թափվե՜լ են հենց երկնքից,
ո՜վ երանելի երեխաներ…

ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Լուցկու տուփեր`
թիթեռի մահիճ,
թիթեռի բակ,
թիթեռի տուն,
հետո` բուրգեր,
ուր թիթեռն է մեռած`
ոսկեգույն փարավոն:
Հետո փոշոտ ձեռքեր,
ցեխոտ վարտիք,
ապտակ հետույքին,
մերկություն,
թլոլ հայհոյանք,
պառավի այծերը`
իմ գլխում:
Կոնֆետի լաց,
հոր խստություն,
տատի շոյանք,
կրակի սեր,
ձիու սեր,
անհայտացում անկյուններում`
ծխախոտով:
Հոր բազուկները
ծառ` մագլցելու,
պապի ծնկները` ձի,
և լա՜ց, լա՜ց, լա՜ց
գրպանով տաբատի համար,
ծնողների տաք անկողին,
պապիկ-տատիկի ծոցիկ
և հեքիա՜թ, հեքիա՜թ, հեքիա՜թ
քնելու համար…

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԵՍԱՐԱՆ
Քարե ցանկապատի ներսում,
ուր շան հաչոց է
ծամում քամին,
և աքլորի կանչն է գունավոր,
բարձրացող դեզի վրա
տղամարդն է: Մի քանի կին`
կարմիր, կապույտ գլխաշորով,
եղաններով խոտ են
հանում երկինք,
դարձնում խաղաղ ամպ:

Քարե ցանկապատին
կանգնած երեխաները`
աղավնի թռցնող,
արդեն նախնիներ են:
Հազար տարի առաջ,
Հազար տարի հետո`
այս քարերի մեջ են:
Այստեղ խոսում են մեզ հետ
առասպելների հերոսները
մեր հին լեզվով:
Հիմա
մի քիչ ուշ է,
և եղյամը ցող է դառնում:
Սագերի գունավոր
կտուցները
այգաբացի շողերի մեջ են:
Այստեղից երևում է
ծեր կինը` գերանի վրա
գունավոր կարպետը
թափ տվող: Պահը շատ հին է`
հրեշտակները կապույտից
մեզ են նայում`
թևերը ծածանելով
և փետուրները շաղ տալով
հնձած արտերի վրա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.