ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ / Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

ՎԻԼՅԱՄ  ՍԱՐՈՅԱՆ
Ուշ գի­շե­րով ­Ռու­սաս­տա­նի ­Ռոս­տով քա­ղա­քում մի գա­րեջ­րա­տան մո­տով անց­նում էի, երբ սպի­տակ վեր­նազ­գես­տով մի սպա­սա­վո­րի տե­սա, որն ան­պայ­ման հայ էր, և, ու­րեմն, մո­տե­ցա, հարց­րի.
– Ի­մա՞լ ես, տնա­վե՛ր, ի­մա՞լ ես:
Չ­գի­տեմ` ին­չից հաս­կա­ցա, որ հայ է, բայց հաս­կա­ցա: ­Պատ­ճա­ռը միայն թուխ դեմ­քը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քի­թը, ոչ էլ թանձր ու խիտ գան­գուրն ու խո­րա­դիր աչ­քե­րը: ­Բարձր ու ծուռ քիթ, խո­րա­դիր աչք, խիտ գան­գուր­ներ շա­տերն ու­նեն, բայց հայ չեն: ­Մեր ցե­ղը զար­մա­նա­լի մի ցեղ է, և­ ես ճամ­փա եմ ըն­կել ­Հա­յաս­տա­նը գտնե­լու: ­Ցա­վում եմ, ձեզ տխրեց­նե­լու եմ, պա­րո­նա՛յք, բայց պի­տի ա­սեմ, որ ­Հա­յաս­տան չկա:
­Փոքր Ա­սիա­յում կա մի փոքր հո­ղա­­կտոր, այն­տեղ հո­վիտ­ներ են, լեռ­ներ, լճեր ու քա­ղաք­ներ են, աշ­խար­հի ու­րիշ վայ­րե­րից պա­կաս չեն, բայց ­Հա­յաս­տանն այդ չէ, պա­րո­նա՛յք: Ես կսկի­ծով եմ ա­սում, բայց չկա ­Հա­յաս­տան, պա­րո­նա՛յք, կան միայն մար­դիկ, որ այս աշ­խար­հում ապ­րում են որ­պես ի­րենց երկ­րում: Եվ Ա­մե­րի­կա էլ չկա, պա­րո­նա՛յք, Անգ­լիա էլ չկա, Ֆ­րան­սիա էլ չկա, Ի­տա­լիա էլ չկա, միայն մարդ­կանց եր­կի­րը կա, պա­րո­նա՛յք:
Ոտք դրի, ու­րեմն, գա­րեջ­րա­տուն` բարև տա­լու ինձ նման մե­կին` օ­տար աշ­խար­հի մեջ մի օ­տա­րա­կա­նի:
– ­Վա՜յ,- ա­սավ զար­ման­քի այն շեշ­տով, որ մեր լե­զուն ու խոս­քը հա­մակ ու­րա­խութ­յուն է դարձ­նում:- ­Դո՞ւ:
Եվ այդ դուն ճիշտ ես էի` իմ հա­գուս­տը, կո­շիկ­նե­րը, իմ գլխար­կը ու, թերևս, իմ դեմ­քի ամ­բողջ Ա­մե­րի­կան:
– Ինչ­պե՞ս հոս ին­կար:
– ­Գաղ­տուկ,- ա­սա­ցի խան­դա­ղա­տան­քով,- կքա­լեի: Ո՞րն է քու քա­ղաքդ, ո՞ւր ծնած ես: (­Հա­յե­րեն ա­սում է` որ­տե՞ղ ես աշ­խարհ ե­կել):
– ­Մուշ,- ա­սաց:- Ո՞ւր կեր­թաս, հոս ի՞նչ կը­նես, դուն ա­մե­րի­կա­ցի ես, քու հա­գուստդ ա­մե­րի­կա­ցու է:
­Մուշ:
Ես սի­րում եմ այդ քա­ղա­քը: Ես կա­րող եմ սի­րել որ­ևէ վայր, ո­րը եր­բեք չեմ տե­սել, վայր, որ այլևս գո­յութ­յուն չու­նի, ո­րի բնա­կիչ­նե­րը սպան­ված են: ­Մուշ… քա­ղաք է, ուր հայրս իր ե­րի­տա­սար­դութ­յա­նը ե­ղել է:
­Տե՛ր Աստ­ված, ի՜նչ լավ էր մշե­ցի այդ թուխ հա­յին հան­դի­պե­լը: ­Դուք ան­գամ չեք պատ­կե­րաց­նի, որ­քան լավ է հա­յի հա­մար հան­դի­պու­մը մի ու­րիշ հա­յի` աշ­խար­հի կո­րած-մո­լո­րած մի անկ­յու­նում, այն էլ գա­րեջ­րա­տա­նը, մի տեղ, ուր մար­դիկ խմում են: ­Մե՜զ ինչ, թե գա­րե­ջուրն ան­համ է, և ­մե՜զ ինչ ան­գամ բռնա­պե­տութ­յուն­նե­րը: Դ­րանք այդ­պես են ու այդ­պես էլ պի­տի լի­նեն: Աշ­խար­հում կան բա­ներ, որ փո­խելն ան­կա­րե­լի է:
– ­Վա՜յ,- ա­սավ կա­մաց ու մեղմ ու­րա­խութ­յամբ: – Ու լե­զուն կխո­սիս, չես մոռ­ցած:
Ու եր­կու գա­վաթ տե­ղա­կան ան­համ գա­րե­ջուր բե­րեց:
Եվ հա­յոց մեր շար­ժուձ­ևը, որ այն­քան բան է ա­սում, ծնկնե­րին խփելն ու պայ­թուն ծի­ծա­ղը: Եվ կյան­քի ու մեծ-մեծ գա­ղա­փար­նե­րի ծաղ­րը: Եվ հա­յե­րեն բա­ռը, նայ­ված­քը, ժպի­տը, և­ այս ա­մե­նի մի­ջից զար­մա­նա­լի հառ­նու­մը ցե­ղի` ու­շա­ցած, բայց դարձ­յալ զո­րա­վոր, թեև տա­րի­ներ են թա­վալ­վել, թեև քա­ղաք­նե­րը կոր­ծան­վել, հայ­րե­րը, եղ­բայր­ներն ու զա­վակ­նե­րը սպան­վել, վայ­րե­րը մո­ռաց­վել, ե­րազ­նե­րը փշրվել, և ­հո­գի­նե­րը ո­խից սևա­ցել են:
­Կու­զե­նա­յի աշ­խար­հիս ե­րե­սին տես­նել այն ու­ժը, որ խա­թա­րել կա­րե­նար այս ցե­ղը, կո­դակ ու հպարտ մարդ­կանց այս ցե­ղը, ո­րի պատ­մութ­յու­նը պատմ­ված, բո­լոր կռիվ­նե­րը մղված ու տա­նուլ են տրված, ո­րի շի­նութ­յուն­նե­րը խոր­տակ­ված, գրքե­րը չըն­թերց­ված ու եր­գե­րը լռած են:
­Փոր­ձե՛ք կոր­ծա­նել այս ցե­ղը, ա­սա­ցե՛ք` դարձ­յալ 1915 է, ու աշ­խար­հի աչ­քը` պա­տե­րազ­մի ծխով բռնված: ­Կոր­ծա­նե­ցե՛ք ­Հա­յաս­տա­նը, տե­սե՛ք` կկա­րո­ղա­նա՞ք: Ի­րենց տնե­րից քշե­ցե՛ք ա­նա­պատ, մի՛ մո­ռա­ցեք ձեռք­նե­րից խլել ճամ­փի հացն ու ջրի վեր­ջին ում­պը, կրա­կի՛ տվեք ի­րենց ու ի­րենց Աստ­ծու տնե­րը: ­Տե­սե՛ք` նրանք դարձ­յալ պի­տի չապ­րե՞ն: ­Տե­սե՛ք` ցե­ղը դարձ­յալ պի­տի չհառ­նի՞, երբ նրան­ցից եր­կու­սը քսան տա­րի հե­տո հան­դի­պեն ու ծի­ծա­ղեն ի­րենց մայ­րե­նի լեզ­վով:
­Ջա­նա­ցեք, տե­սե՛ք` կա­րո­ղա­նա՞ք պի­տի, շուն­շա­նոր­դի­նե՛ր, նրանց ար­գե­լել, որ չծաղ­րեն ձեր մեծ-մեծ գա­ղա­փար­նե­րը, որ աշ­խար­հում եր­կու հայ չխո­սեն ի­րար հետ, փոր­ձե՛ք ջնջել նրանց:


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Մեկ մեկնաբանություն

  1. Գերազանց էսսե և միշտ ակտուալ Հայության համար… Հանճարեղ Սարոյանը հայի սիրտը տակնուվրա է անում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.