Գրողները գրողների մասին / Պատմում է Ալեքսանդր Թոփչյանը

Գրող

Մանկագիր Վիկտոր Վարդանյանը նաև ատամնաբույժ էր, և գրողներից շատերը գերադասում էին նրա մոտ բուժվել: Նրա մշտական այցելուն էր նաև Նաիրի Զարյանը, որ ապրում էր հարևանությամբ՝ նախկին Մարքսի փողոցում, կողքի շենքում: Վ. Վարդանյանը, իր գրչակից ընկերներին մինչև ատամնաբույժի բազկաթոռին նստեցնելը, կոնյակ էր հյուրասիրում: Ն. Զարյանն էլ՝ պատրաստված պրոտեզը չափելուց առաջ, մասնակցում է այդ ծեսին, սովորականից մի քիչ ավելի են խմում և անցնում բուն գործին: Վ. Վարդանյանը մեծ դժվարությամբ հագցնում է պրոտեզը և ավելի մեծ դժվարությամբ հանում: Պարզվում է, որ սխալվել է և միջակ մի բանաստեղծի համար պատրաստվածն է հագցրել: Ն. Զարյանը սաստիկ զայրանում է ոչ թե որ այդ սխալմունքի պատճառով լնդերն են վնասվել, այլ որ հատկապես այդ բանաստեղծի պրոտեզն էր հագցվել.
– Եղբայր, գոնե տաղանդավոր մեկինը լիներ,- իրեն բնորոշ կրքոտությամբ դժգոհում է նա:

***
Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող, ներկայիս «SAS» սուպերմարկետի տեղում, 1964 թ. կառուցվեց «Էստոնիա» սրճարանը, որի պատերը ծանր ու հաստ ապակիներ էին, և ներսում նստածին թվում էր, թե բաց տարածքում է: Այդ օրերին ես աշխատում էի «Հայպետհրատ»-ում և պատրաստում էի «Պոեզիա» թարգմանական մատենաշարը, որտեղ ի թիվս աշխարհահռչակ անունների՝ նաև ճապոնական հոքքուների ու թանկաների մի ծաղկաքաղ կար՝ Նաիրի Զարյանի թարգմանությամբ: Մի քանի հարցեր կային նրա հետ ճշտելու: Զանգեցի տուն և խնդրեցի, որ գա հրատարակչություն: Ասաց, որ առանձնապես լավ չի զգում, բայց խոստացավ օրվա վերջում անցնել:
Եվ, իսկապես, աշխատանքային օրվա ավարտից մի կես ժամ առաջ մեր սենյակի դուռը բացվեց և ներս մտավ Նաիրի Զարյանը՝ ճակատն ու ձեռքերը վիրակապված, ձեռնափայտին հենված:
– Ի՞նչ է պատահել, ընկեր Զարյան,- անհանգիստ հարցրին ներկաները:
– Տո, էդ սրիկաները վերցրել, ապակուց պատ են սարքել, ես էլ կարծեցի՝ բաց է, միջով անցա…
Զարմանալի զուգադիպությամբ, այդ օրերին Երևանի կինոթատրոններում ցուցադրվում էր ֆրանսիական մի ֆիլմ, որի վերնագիրն էր. «Պատի միջով անցնող մարդը»…

***
70-ականների սկզբին էր, ես և Արևշատ Ավագյանը «հայկական համար» էինք պատրաստում Կաունասում լույս տեսնող «Նյամունաս» երիտասարդական ամսագրի համար: Բոլորի գործերն արդեն հավաքված էին, սակայն ուշացնում էինք ուղարկելը, որովհետև ոչ մի կերպ չէինք կարողանում ճարել Հենրիկ Էդոյանի լուսանկարը, ով այդ օրերին Մոսկվայում էր, ուսանում էր ասպիրանտուրայում: «Գարուն»-ի խմբագրությունում, իմ դարակներում բազմաթիվ լուսանկարներ կային: Արևշատի հետ որոշեցինք մի վերջին անգամ մանրամասն փնտրել, գուցե գտնվի: Բայց՝ ապարդյուն: Հանկարծ ճապոնացի գրողի մի լուսանկար գրավեց մեր ուշադրությունը, որը, չգիտես ինչու, հայտնվել էր այդտեղ: «Լսիր, – հարցրի ես Արևշատին,- Հենրիկին նման չէ՞»: «Որ չասեիր՝ ճապոնացի է, պիտի կարծեի, թե Հենրիկն է», – պատասխանեց Արևշատը:
Առանց երկար-բարակ մտածելու, նկարը կցեցինք նյութերին և ուղարկեցինք: Անցավ մեկ տարի, Հենրիկն արդեն Երևանում էր և մեր խմբագրությունում նստած լիտվական ամսագիրն էր թերթում՝ իր բանաստեղծություններով և «իր» լուսանկարով: Հանկարծ նա ոգևորված դիմեց մեզ.
– Արա, էս նկարը որտեղի՞ց եք ճարել, լավն ա, չէ՞, մի տասը տարի առաջ եմ նկարվել, մոտս ոչ մի հատ չէր մնացել, ման էի գալիս՝ չէի գտնում, դու մի ասա էստեղ էր:
Ես և Արևշատը լուռ նայեցինք իրար…

***
«Գարուն» ամսագրում արդեն ավանդույթ էր դարձել՝ Սփյուռքից եկող մշակույթի ճանաչված գործիչների հետ հանդիպում կազմակերպել խմբագրությունում և հարցազրույց անել: Իմացանք, որ Երևանում է եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ, երգիծաբան, «Փանջունու» հոյակապ նկարազարդումների հեղինակ Ալեքսանդր Սարուխանը: Վարդգես Պետրոսյանի հանձնարարությամբ զանգեցի նրան՝ «Արմենիա»՝ ներկայիս «Mariott» հյուրանոց, և խնդրեցի այցելել խմբագրություն: Ասացի նաև, որ մեքենայով կարող եմ գալ իր ետևից, որպեսզի ավելի արագ և դյուրին լինի: Նա ուրախությամբ ընդունեց հրավերը, սակայն հրաժարվեց մեքենայից, ասելով, թե՝ «կը սիրեմ Երևանին մեջ ոտքով պտտիլ»: «Բայց ոտքով երկար կտևի, Վարպետ»,- ասացի ես: «Հոգ մ’ըներ, քառասուն վայրկյանեն հոդ կ’ըլլամ»:
Վարդգես Պետրոսյանը յուրովի ընդունեց այս «քառասուն վայրկյանը».
– Երգիծաբան է, կատակ է անում,- ասաց նա: -Համենայնդեպս, բոլորդ մնացեք խմբագրությունում, ուր որ է կգա, պատրաստ լինենք դիմավորելու:
Քառասուն վայրկյան հետո, իհարկե, նա չեկավ, այլ եկավ կես ժամ հետո: Վարդգես Պետրոսյանը, կատակի տալով, ասաց.
– Վարպետ, արդեն կատարյալ երևանցի եք դարձել, կես ժամ ուշացումով եկաք:
– Ի՜նչ կ’ըսեք, պարոն Պետրոսյան, ես տասը վայրկյան ավելի կանուխ եկա:
– Խոստացել էիք քառասուն վայրկյանում այստեղ լինել, այսինքն՝ գրեթե անմիջապես, բայց եկաք երեսուն րոպե հետո:
«Րոպե» բառը լսելով՝ Ալեքսանդր Սարուխանը վերջապես հասկացավ, որ թյուրիմացության պատճառը «վայրկյան» բառի արևմտահայերեն և արևելահայերեն տարբերություններն են. արևմտահայերը «վայրկյան» ասելով «րոպե» են հասկանում, մինչդեռ արևելահայերը՝ րոպեի վաթսուներորդական մասը: Իսկ մեր «վայրկյանն» ասելու համար գործածում են «երկվայրկյանը»:
– Եղբայր, ես վայրկյան ըսի, երկվայրկյան չ’ըսի,- արդարացավ Սարուխանը:

Մեկ մեկնաբանություն

  1. Հրաշալի է:Հաճույքով ընթերցվում է՝ մոռացության տալով մյուս կայքերի տափակություններն ու բամբասանքները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.