ՈՎ ՈՎ Է / Անտոնինա ՄԱՀԱՐԻ

Հովհաննես ՇիրազՎերադառնանք այն հեռավոր ժամանակները, երբ Գուրգեն Մահարին ջահել էր ու գեղեցիկ, շքեղ գանգուրներով ու նվաճողի աչքերով: Կանանց սիրելին էր, հմայիչ, ռոմանտիկ ու սրտակեր: Եվ արդեն հայտնի բանաստեղծ: Մահարին ընկերություն էր անում Չարենցի հետ, ով այդ ժամանակ աշխատում էր Պետհրատում և ղեկավարում էր պոեզիայի բաժինը: Մահարին հաճախ էր այնտեղ տանում իր բանաստեղծությունները:
Մի անգամ, երբ Գուրգենը Չարենցի աշխատասենյակում էր, ներս է մտնում վատ հագնված գյուղացի մի պատանի և ամաչելով ասում, որ պոեմ է գրել ու խնդրում է տպագրել: Չարենցը կարդում է:
– Այ քեզ բան… սա դո՞ւ ես գրել:
– Իհարկե, ես, էլ ուրիշ ո՞վ,- պատասխանում է նա:
– Հիմա դա կպարզենք: Նստիր գրասեղանիս մոտ, ահա քեզ թուղթ, գրիչ, թանաք, ու գրիր` ինչ ուզում ես: Ընկերոջս հետ գնում ենք ճաշելու,- ասում է Չարենցն ու դուռը փակելով` Գուրգենի հետ գնում է ռեստորան:
Երբ վերադառնում են, տեսնում են, որ նա հուզված, կարմրած ու քրտնաթոր ետ ու առաջ է անում սենյակում: Իսկ գրասեղանին բանաստեղծությունն է, ստորագրված` Հովհաննես Շիրազ: Չարենցը կարդում ու ասում է. «Հանճարեղ է»:
Այդ օրվանից Շիրազի փառքն սկսեց աճել ոչ թե օրով, այլ ժամով: Նա կախարդի նման գերեց Երևանը, քաղաքն էլ սիրեց նրան ու մեծ հետաքրքրությամբ հետևում էր նրա գործունեությանը: Տեսեք` Շիրազն ինչ է գրել… Շիրազն այսպես ասաց, այնտեղ գնաց… Տեսեք՝ նա քայլում ու երգում է… Զարմանալի՛: Տարօրինա՛կ: Միայն նրա մասին էին խոսում…
Անսովոր պատանին դարձավ գեղեցիկ երիտասարդ: Եվ սիրեց տաղանդավոր բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանին: Նրանք ամուսնացան, ու ծնվեց նրանց որդին:
Մի անգամ Սիլվան ինձ ասաց.
– Մենք սիրում էինք իրար, բայց չորս տարի դիմացանք: Եթե ես մնայի` կամ կխելագարվեի, կամ կմեռնեի: Անտոնինա, դու չես կարող պատկերացնել, թե որքան սարսափելի է խենթի հետ ապրելը:
Փիլիսոփաներն ասում են` բոլոր խելագարները չէ, որ հանճար են, բայց բոլոր հանճարները խելագարներ են:
Գուրգենը հիանում էր Շիրազի պոեզիայով, հաճախ էր գրում նրա մասին ու զարմանում նրա տարօրինակությունների վրա:
Կյանքի վերջին տարին, հիվանդանոցից վերադառնալուց հետո, Գուրգենը ինչ-որ բան գրեց Շիրազի մասին ու զանգեց նրան, որ գա ձեռագիրը վերցնելու: Շիրազը եկավ ու երբ տեսավ, որ ես հայուհի չեմ, շրջվեց, չուզեց խոսել ինձ հետ, թեև ես հաճոյախոսություններ էր, որ անում էի նրա հասցեին: Կարճ ասած` ինձ տեսնել չէր ուզում:
Երբ նա գնաց, Գուրգենն ասաց. «Անտոնինա, մի՛ վիրավորվիր, Շիրազի հայրենասիրությունը սահմաններ չունի: Այդ նա է գրել կոչը` ուղղված ատամնաբույժներին. «Եթե ձեր հիվանդը հայերեն չի խոսի` հանեք նրա առողջ ատամները»: Հենց այդպես: Իսկ եթե կարդաս նրա բանաստեղծությունները` կսիրես նրան: Նրա նման մեծ բանաստեղծ չունենք»:
Անցան տարիներ: Գուրգենը վաղուց չկար: Եվ օրերից մեկն էլ սկսվեց ահազանգով` մահացել է Շիրազը:
Լալիս են, ողբում: Հայաստանում սուգ է: Թաղումից հետո ինձ այցի եկավ երիտասարդ մի բանաստեղծ ու պատմեց. «Անտոնինա Միխայլովնա, թագավորական թաղում էր: Բոլոր շրջաններից ու քաղաքներից երիտասարդներ էին եկել պսակներով ու ծաղիկներով: Ամեն մեկը փորձում էր մոտենալ դագաղին, քիչ մնաց` ինձ ոտնատակ անեին: Լալիս, ողբում էին բարձրաձայն: Մեծ, շատ մեծ կորուստ է, չկա Շիրազը… Հասանք Պանթեոն: Նրան արժանի խոսքեր ասվեցին: Երբ գերեզմանաթումբը ծածկվեց պսակներով ու ծաղիկներով` կանայք ծնկի իջան ու չէին թաքցնում կորստի ցավը… Ամայի է առանց Շիրազի, նա զարդարում էր մեր կյանքը, անբացատրելի կախարդանք ուներ… Մեզ թևեր էր տալիս»:
Շիրազը կյանքի օրոք տեսավ իր փառքը, վայելեց ժողովրդի սերն ու նվիրվածությունը: Ամեն մեկին դա չի տրված: Հետաքրքիր է, իսկ նա երջանի՞կ էր… Ուրախություն պարգևո՞ւմ էին փառքի դափնիները…
Փիլիսոփաներն ասում են, որ հանճարներն ու բանաստեղծները երջանիկ լինել չեն կարող:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.