Ա­րմե­նու­հի ՍԻՍՅԱՆ / Covid-19 vs Աշխարհ -20

Ա­րմե­նու­հի ՍԻՍՅԱՆCovid-19-ը պատերազմ է հայտարարել Աշխարհ-20-ին: Փաստորեն, ավելի շուտ էր սկսել, միամիտ էինք, չհասկացանք, առաջը չառանք: Այժմ ճակատամարտի մեջ է Աշխարհ 20-ը: Ավելին հայտնի չէ, բացի այն, որ հաղթում է նա, ով չի հանձնվում:
Ես ընդունել եմ մարտահրավերը: Արի տեսնեմ, անտեսանելի՛ թշնամի, ո՞վ ես դու: Սպառնում ես մարդու անլվա լինելո՞վ: Չի՛ ստացվի: Միշտ եմ մաքրակենցաղ եղել: Դուրսուներսից հետո ձեռքեր լվանալը եղել է չգրված կարծրատիպ, հաճախ՝ մանիակալ միտք: Դրա համար մեկ անգամ չէ, որ արժանացել եմ տան անդամներիս դիտողությանը, թե՝ ի՞նչ կարիք կա սեղան նստելուց առաջ հյուրերին ասել՝ «դե, գնացե՛ք, լվացվե՛ք, որ սեղան նստեք», նրանք հո քո երեխաները չե՞ն: Եվ իսկապես, կարծես այնքան էլ նրբանկատ չէ հասուն մարդկանց ուղղորդել, թե ուտելուց առաջ լվացվում են… Հիմա կարող եմ հանգիստ շունչ քաշել. իմ կպչուն միտքը լեգիտիմ է դարձել, օրվա հրամայական: Շնորհակալ եմ, Covid-19:
Սպառնում ես միջանձնային հեռավորությա՞մբ: Միշտ եմ ատել, երբ խոսելիս քիթդ են մտնում՝ լինի ուսանող, աշխատակից, հարևան, վաճառող թե մտերիմ: Մոտ հեռավորությունը ինտիմ, անձնական դաշտ է, ու չի կարելի խցկվել անձնական տարածք, եթե ձեզ չեն հրավիրել այնտեղ: Ես զգում եմ ձեր աուրան, գունային երանգը, և միշտ չէ՝ հաճո է իմ քիմքին, ու մի՛ տեղավորեք ձեզ այնտեղ, որովհետև ես չեմ կամենում ընդունել ձեզնից բխող էներգետիկ ճառագումները: Ինձ մի՛ ձեզնոտեք, ինչպես որ ես չեմ պարտադրում իմ էներգետիկ դաշտը ձեզ: Այժմ «միջանձնային հեռավորությունն» օրինական ուժ ձեռք բերեց՝ «սոցիալական հեռավորություն» սխալ ձևակերպմամբ: Դրա համար ևս շնորհակալ եմ քեզ, Covid-19:
Վախեցնում ես մարդկանց իրարից կտրելո՞վ…
Ֆիզիկական շփումների նվազումը մարդկությանը գցեց խուճապի ու դեպրեսիայի մեջ: Կա դրանում վտանգ ու սպառնալիք: Մարդն առանց մարդու անմարդկային է: Բայց դա հավիտենական վճիռ չէ: Իսկ գուցե պարզապես հարկ է օգտվե՞լ հնարավորությունից՝ հեռվից զննելու, արժևորելու, իմաստավորելու այն ամենն, ինչ ունեինք ու չէինք գիտակցում դրա դերն ու արժեքը ամենօրյա վազքի մեջ: Միշտ եմ փնտրել ներհայեցման հնարավորություն. լռություն փնտրողներից եմ: Եթե եղել է ընտրության հնարավորություն ակտիվ շփման ու առանձնության միջև, ընտրել եմ երկրորդը: Դա փախուստ չէ, ընդհակառակը, հնարավորություն՝ շփվելու ամենի հետ միաժամանակ, երբ ընդգրկում ես բոլորին ու զննում ես կողքից: Երբ լռության մեջ լսում ես աշխարհի կարևոր ասելիքը: Այն, որ սպանվում է գոռգոռոցի մեջ ու խլացվում ամենօրյա վազքում: Գուցե աշխարհը մի փոքր լռությո՞ւն է ուզում, պետք է փոքր-ինչ դադա՞ր տալ… Ամեն բան, ի վերջո, փոխարկվում է լռության… Աստվածային է լռությունը, որովհետև Աստված ձայնով երբեք չի խոսում…
Ձանձրանա՞լ մենակությունից, ինչո՞ւ: Ես լիուլի ինքս ինձ հերիքում եմ չձանձրանալու համար: Վերջին 10-15 տարին հայացքս պարբերաբար դեպի մեկուսացման է հառված եղել: Այդ ժամանակ ես գրում եմ: Այդ ժամանակ եմ ես ապրում: Հազար ողորմի, Ցվետա՛ևա Մարինա, երբ ասում էիր՝ «հանդիպել հարկավոր է միայն սիրո համար, մնացած ամեն ինչի համար գրքեր կան»: Թույլ տուր մի փոքր ավելացում. սերը ևս կարելի է մեկուսացնել. դրանից նա կաճի, կհասունանա դեռահաս խմորի պես: Ուզում եք ունկնդրե՞լ աշխարհին, ընդունե՛ք մեկուսացումը, բայց բարեհաճորեն, մի փոքր սիրով, սերն ամենալավ ներ­դրումն է, ներդրեցիր, նրանից կստանաս փոխարենը, չափի խնդիր է… Շնորհակալ եմ քեզ, Covid-19, նաև մեկուսացման հնարավորության համար:
Դու՝ Covid-19, աշխարհին լիուլի բավարարեցիր քեզանով: Ով հասկացավ, օգտվեց, մնացածին պետք չես: Ժամանակին հեռանալը մեծագույն իմաստություն է: Եղի՛ր իմաստուն, հրաժեշտ տուր հիմա, քանի մենք էլ իմաստնացած ենք քո տվածից, իսկ իմաստնությունից հիմարություն մեկ քայլ է: Կարճ ասած՝ երեսդ չտեսնե՛մ 2021-ին:


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.