Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ / ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՐԵՇԸ՝ ԿՈՉՎԱԾ ԺԱՀՐ

Համավարակը, որը ճարակել է երկրագունդը, հիշեցնում է հրաշապատում հեքիաթների անտեսանելի հրեշին:
Բոլոր հրաշապատում հեքիաթներն անպայմանորեն ունեն բարու հաղթանակն ու հրեշի պարտությունը: Մենք էլ դուրս կգանք հաղթանակով:
Սակայն առայժմ կյանքը լիովին փոխվել է ամեն մարդու համար՝ արդեն գիտակցող երեխայից մինչև 100-ամյա ծերը: Մարդը սիրում է հետաքրքրություններով լի իրական կյանքը:
Ինչը որ պատմում եմ, իրական է: Երեք տարեկան և մեկ ամսական աղջիկը, որը ծնողների հետ փակված է տանը, ձանձրացած միօրինակ կյանքից՝ խաղալիք հեռախոսով զանգում է Միկի Մաուսին ու գանգատվում, թե շատ վատ է զգում, չի գնում մանկապարտեզ, չի խաղում ընկերների հետ: Հետո փոխելով ձայնը՝ տալիս է Միկի Մաուսի պատասխանը, որը խորհուրդ է տալիս ինքն իր հետ խաղալ, ուտել և նման բաներ:
Համավարակի օրերին եռանդուն մարդը, որը նախապես է կազմում իր ծրագրերը, դրանք կորցրեց: Մեր ամբիոնը, բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանի աջակցությամբ, 2020-ի ապրիլի վերջին 2 օրով միացյալ գիտաժողով ուներ Արցախի համալսարանի հետ՝ Գանձասարում: Այն նվիրված էր հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյա հոբելյանին: «Ղևոնդ Ալիշանը՝ հանրագիտակ» ժողովածուն՝ երկու համալսարանների դասախոսների հոդվածներով, արդեն լույս է տեսել: Սակայն, ավաղ, այնքան ցանկալի գիտաժողովը չկայացավ:
Շնորհիվ մեր բուհի ղեկավարության հեռատեսության՝ բանասիրական ֆակուլտետում և բուհում ուսումնական գործընթացը չտուժեց: Արդեն չորս տարի է, ինչ բուհում գործում է ուսանողներին և դասախոսներին միմյանց կապող classroom ծրագիրը, որի շնորհիվ մեկ դասաժամ անգամ պարապուրդ չունեցանք: Նույն ձևով անցկացրինք ընթացիկ ու ամփոփիչ քննությունները: Պետական որակավորման քննության հանձնաժողովի նախագահ Վարդան Դևրիկյանը, հրավիրված անդամներ գրականագետ Սիրանուշ Մարգարյանն ու Պեյո Յավորովի հիանալի դպրոցի տնօրեն Սուսաննա Դավթյանը համոզվեցին, թե որքան հմուտ են տիրապետում մեր ուսանողները հեռավար ուսուցմանը: Սակայն, ինչ խոսք, առանձնահատուկ հաճույք է ուսանողին անձամբ և ոչ թե էկրանից հանդիպելը:
Համավարակը փոխեց մեր առօրյան. որոշ մոռացված հմտություններ դարձան կարևոր: Օրինակ, ինքդ կտրիր քո մազերը, դարձիր քո մատնահարդարը, հիշիր երիտասարդ տարիներին թխած թխվածքների բաղադրատոմսերն ու ինքդ թխիր և գյուտ արածի նման հասկացիր, որ քո պատրաստածն անհամեմատ համեղ է: Ուրախացիր, որ ունես հսկա բաց պատշգամբ ու շաբաթը մեկ անգամ օճառաջրով այն լվանալը համարիր ոչ թե ավելորդ հոգս, այլ՝ ֆիտնես ակումբ հաճախել: Քույրս, որն ապրում է Երևանում, և որին երեք ամիս է՝ չեմ տեսել, ասում է, թե զգում է որպես երկարաժամկետ թռիչքի դուրս եկած տիեզերագնաց: Անկեղծ ասած՝ երբ գնում եմ բանկոմատից դրամ հանելու, դեղատուն կամ խանութ, ինձ թվում է, թե ռմբակոծության տակ եմ, մանավանդ՝ ես դիմակով ու ձեռնոցով եմ, իսկ ոմանք՝ ոչ:
Շատ եմ կարոտում մեր սքանչելի Երևանի առօրյան, հատկապես, որ չեմ կարողանում գնալ ինձ այնքան հարազատ համալսարան, Մատենադարան, ակադեմիա, Գրողների միություն, հանդիպել ինձ սիրելի մարդկանց, անչափ կարոտում եմ ընկերուհուս՝ Լաուրա Մուրադյանի կամ ընկերոջս՝ Նորայր Ադալյանի հետ պարբերաբար Երևանի հիանալի սրճարաններում մեր հանդիպումներն ու մտերմիկ զրույցները: Մեզ մնում է մեծն Հովհաննես Թումանյանի նման երազել.
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.