Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

Մայիսյան պայծառ օրեր են:

Այգում ճերմակ, պուրպուր, դեղին վարդերի տոն է: Անկեղծ խոստովանենք` գրողին համավարակը չի սպառնում. ճերմակ թուղթն ու գրիչը պարտադրում են մնալ տանը, առանձնանալ…

Գրողի ստեղծագործական խոհանոցը անհատական է, սակայն մեկուսացումը պարտադիր պայման է: Բալզակը գրում էր` ամբիոնի մոտ կանգնած, սուրճի անթիվ գավաթներով: Չէ՞ որ պետք է հասցնել բավարարել հրատարակիչների պահանջը…

Այս գարնանն էլ բնորոշ է անկայուն եղանակը: Տեղատարափ անձրևների շնորհիվ ամենուր հուռթի կանաչ է, տոն` այծերի, գառնուկների, ձիերի համար:

Մեր փոքրիկ այգին վկայում է, որ այս տարի առատ բերք կլինի` կեռաս, բալ, ծիրան, թուզ…

Ինչ մնում է համավարակին, գրիպի վիրուսները հայտնի են մարդկությանը դեռ անցյալ դարի սկզբից:

Մանրէաբան գիտնականները վկայում են, որ վիրուսները, մուտացիայի ենթարկվելով, կլինեն մարդկության ուղեկիցը: Պետք է պահպանել համակեցության կանոններն ու հարմարվել:

Մեր կյանքի ընթացքում այնքան դժվար օրեր են եղել, որ, պարզ է, սրանք էլ կհաղթահարենք:

Արցախյան ազատամարտի օրերին ծանր վիճակում էր ողջ հայ ժողովուրդը: Մութ և ցուրտ տարիներին ամերիկյան օգնությունը` աղի կարագ, ձեթ, լոբի, որոշակի փրկություն էր տնտեսական կոլապսի պայմաններում: Փակ սահմաններ, ցուրտ ձմեռներ:

Միակ լույսի շողը մեր բանակի հաղթանակներն էին և են:

ԵՊՀ-ում բուժպատրաստում էինք անցել, և ես շատ էի ցանկանում մեկնել ճակատի առաջին գիծ, լինել բուժքույր: Մեղավոր էի զգում, որ չիրագործեցի այդ ցանկությունը:

Այսօր մենք մենակ չենք այս համավարակի դեմ:

Վախերն ու հուսահատական տրամադրությունները ոչնչով չեն օգնի հաղթահարելու դժվարությունները:

Յուրաքանչյուր օրն ու ժամը մեր կյանքի ժամերն են, և թե ինչով կիմաստավորենք, պատասխանատու ենք ամեն մեկս:

Ես համոզված եմ, որ հետո, որպես հուշ, վարդագույն  կներկենք մեր կյանքի այս հատվածը:

Իսկ համավարակի լավագույն հետևանքը կլինի, որ ազգային պետությունների քայքայումը կանգ կառնի:

Մարդկությունը պետք է պահպանի թե՛ բնության յուրօրինակությունը և թե՛ յուրաքանչյուր ազգի, ժողովրդի անհատական դիմագիծը: Եվ փոքր պետությունները, որոնց թվին է պատկանում Հայաստանը, դուրս կգան ամենափոքր կորուստներով:

Աշխարհի բոլոր անկյուններում բնակվող հայը փորձում է օգնել թե՛ իր հարևանին, թե՛ իր Հայրենիքին:

Եվ դա հիանալի է:


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.