Միջազգային «քառասունքավորի» նոթերից / Արծուի Բախչինեան

Կարանտին բառի հիմքը քառասուն բառն է. այդքան օր էին հնում մեկուսացնում հիվանդներին: Ասել է թե` օտարաշունչ կարանտինն ու հայաշունչ քառասունքը նույնն են: Չնայած` միջազգային «քառասունքի» այս օրերին, ազգային օլիգարխներից մեկի շնորհիվ, երևույթի համար ունեցանք նաև մի նոր բառ…
Կառանծյա ջան, կառանծյա,
Տուր մեզ մի քիչ գառանծյա,
Որ չես ստիպի մեզ անվերջ
Վախով դուրս գալ մարդամեջ:
(Վահագն Վարդումյան)
Իմ սերնդին սա էր պակասում, սա՛ էլ ճաշակեցինք: Առանց խուճապի: Առանց վախի: Ամեն ինչի մեջ միշտ փնտրելով դրականը: Ակտիվ դրսային կյանք ապրողս էլ, քանի որ ներսի գործերս շատ ավելին են…
– Ես կարող եմ անսահմանափակ ժամանակով մնալ տանը,- ասաց 62-ամյա մի ընկերուհի (որը հավատում է այս համավարակի լրջությանը):
– Ես կարող եմ ամիսներով տնից դուրս չգալ,- ասաց 66-ամյա մի ուրիշ ընկերուհի, արվեստաբան (որը չի հավատում այս համավարակի լրջությանը):
– Ո՞վ ասաց, որ պասիվ կյանքն առողջությանը վնաս է, ես ողջ կյանքս «դոմոսեդկա» եմ եղել,- ասաց 82-ամյա մի ընկերուհի, նույնպես արվեստաբան:
Ահա այս երեք ընկերուհիների օրինակն աչքի առաջ` ես էլ միացա «քառասունքավորների» (թարգմանում եմ` «կարանտիննիկը») բանակին` ափսոսալով, սակայն, որ առժամանակ ընդհատվում են մի շատ հետաքրքիր ֆիլմի նկարահանումները, որին մասնակցում էի…
Բայց եթե էությամբ անտարբեր մարդ չես, ջայլամություն չես անում ու, այսպես թե այնպես, ազդվում ես երկրիդ ու ընկեր-ծանոթներիդ մասին վատ լուրերից ու կամա-ակամա քիչ ես շարժվում, մի գեղեցիկ օր գլուխ են բարձրացնում թաքնված հիվանդությունները: Ու հասկանում ես, որ 82-ամյա արվեստաբան ընկերուհու վիճակում բոլորը չեն կարող լինել…
Լավ, հասկացանք, միշտ գրելիքներ կան, ընթերցում ու վերընթերցում ենք լավ-լավ գրքեր, դիտում ու վերադիտում ենք լավ-լավ ֆիլմեր, կապի գերնորագույն միջոցներով շփվում ենք աշխարհացրիվ ընկեր-բարեկամների հետ… բա հետո՞… էլի՞ ինչ…
Ընկերներս հիշեցրին իմ պատանեկության «նկարչական» շրջանը` հորդորելով ֆեյսբուքում դնել նկարներս: Սկսեցի դնել ու ի զարմանս ինձ` գովեստներ լսել նաև մասնագետներից, որոնք կոչ էին անում վերադառնալ նկարչությանը: Ի՞նչ անեմ, երբ գրելիքներս վերջանան (հա՞ որ), նորից վրձի՞ն առնեմ ձեռքս…
Ոմանք փորձարարություններ են կատարում սեփական արտաքինի հետ:
– Պապա՜, մորուք պահիր,- ծնգլահան են անում զավակներս կյանքում մորուք չպահածիս:
Որոշ տղամարդիկ գլուխները խուզեցին, ավելին` ճպլացրին:
Որոշ կանայք անցան դիետայի:
Բայց շատերը, փոխանակ ավելի շատ ժամանակ տրամադրելու մարզանքին, տրվում են խոհանոցին…
Ինչպես մի ընկերուհի գրեց. «Կարանտինից դուրս կգանք չաղ ու բախտավոր…»:
Չաղ` հաստատ, բայց բախտավո՞ր…
Ինչքան էլ փորձես սևեռվել դրականի վրա, բացասականն էլ հաճախ իրեն հիշեցնել է տալիս, նույնիսկ եթե ժամերով չես լռվում դիմագրքի մեջ, որտեղ ավելի մոլեգին, քան երբևէ, ֆեյսբուքահայությունը շարունակում է ավանդական կռիվ-կռիվը` իր հեղինակավոր կարծիքը հայտնելով յուրաքանչյուր երևույթի մասին` լինի համաճարակաբանություն, քաղաքագիտություն, իրավաբանություն, արվեստաբանություն, մի զգալի մասով` դավադրաբանություն…
Թերևս ամենաարտոնյալ վիճակում հայտնվեցին սեփական տուն ու տնամերձ հողամաս ունեցողները… Իսկ ամենից դժվարին վիճակում` թերևս, ուսուցիչներն ու դասախոսները: Ամեն օր ժամերով էկրանին սոսնձվելն ու վիրտուալ դասեր անցկացնելը պիտի որ գլխացավանք լինեն… Մի դասախոս ընկեր գրեց. «Ո՞նց ես… Ասում ա, եթե ինձնից ես ուզում իմանալ, ավելի լավ է` չհարցնես: Մի ահավոր հիմար շրջան է` զումային, ինտերնետային, էլ չգիտեմ ինչ գրողուցավային: Գժանոց… Համբուրում եմ` շրջանցելով կորոնավիրուսային բոլոր սպառնալիքներն ու արգելքները»:
Բայց այդ գժանոցը բոլորիս մոտ տարբեր կերպ արտահայտվեց…
Առաջին մեկ ամիսը շատ լուրջ ընդունեցի, դուրս եկա չորս-հինգ անգամ` կաշկանդված ձեռքերով, հիանալով օդի ու շրջակայքի մաքրությամբ, հեռու մնալով մարդկանցից` փռշտացող թե չփռշտացող: Ծիծեռանակաբերդը մեր տանը մոտ է. վայրի կանաչեղենը, գժված էկոլոգիայի մաքրությունից, բռնել է շուրջբոլորը, ուստի և` մի քանի անգամ գնացի ժենգյալով հացի հումք հավաքելու, իսկ «արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման պարտադիր թերթիկի» վրա «այցելության նպատակը» կետի դիմաց գրել էի «սնձի», համ էլ մտածում էի, որ տնից, այնուամենայնիվ, 500 մետր հեռացել եմ, ուստի և` ինձ կարող են տուգանել, նույնիսկ երկտող ծնվեց`
Գնացի սարը` սնձի,
Մենթը տուգանեց ընձի…
Բայց ոչ մի անգամ օրենքի հլու պաշտպանները չկանգնեցրին ինձ (դե հո ես միայնակ ճեմող ջահել աղջի՞կ չեմ): Միայն մի անգամ, երբ անտառակի խորքում մկրատում էի ճռճռուկ-կնձմնձուկ-սինձը, լսում էի, թե ինչպես են ոստիկանները տուն քշում պուրակում զբոսնող կամ խոտերին մեկնված մարդկանց: Ընդ որում, նոր սերնդի (անփոր) ոստիկաններից մեկը մարդկանց վրա ոչ թե գոռգոռում էր, այլ մեղմաձայն ասում. «Ժողովո՛ւրդ ջան, խնդրում եմ, տուն գնացեք, հոգնել եմ արդեն…»:
Ժենգյալ ավարս առած` Ծիծեռնակաբերդից իջա մոտի Թումանյանի այգին, որտեղ ի՞նչ կառանծյա. կանգնած ու նստոտած մարդիկ պարզապես վխտում են: Առհասարակ, կարգի պահպանության սկզբունքն այդպես էլ չհասկացանք (ի թիվս բազմաթիվ այլ բաների): Զատիկի նախօրեին մերոնց ոստիկանները ետ ուղարկեցին Թումանյանի այգու մոտից, իսկ մի քանի մետր այն կողմ` Շինարարների փողոցում, կիսաբացօթյա առևտուրը եռում էր, անդիմակ ու անձեռնոց մարդիկ էլ` միմյանց քիթ մտած… «Ո՞ւր եք դուք, մենթե՛ր, որ ելած մարտի…»:
Ասում են` լավ հա՛, ոչ մեկի էլ չեն տուգանել: Իսկ ընկերներիցս մեկին, որ վազում էր, ոստիկանները լավ էլ տուգանել են` հաշվի չառնելով ո՛չ թույլատրելի մարզվելը, ո՛չ տնից 500 մետրի վրա լինելը: Մեջբերեմ նրա գրառումը. «Ֆրանսիայի նման երկրում, որտեղ կորոնավիրուսը, ասում են, հազարավոր կյանքեր է խլել, արտակարգ դրության ռեժիմի խախտումը տուգանվում է 135 եվրոյով, այն էլ` միայն 2-րդ կամ 3-րդ խախտման դեպքում: Մեզ մոտ` 100 հազար դրամով!!! «Ոստիկաններն անթաքույց հրճվանքով ակտ են գրում քաղաքացու վրա, որը կիսադատարկ երեկոյան ժամը 6-ի կողմերը, ամպամած ու կիսանձրևային մի օր վազում է փողոցում, քանի որ մոտակա մարզադաշտը փակ էր: Քրտնած մարզվող քաղաքացուն կես ժամ շարունակ կանգնած սպասեցնում են, մինչև իրենց «իրավախախտման ակտը» գրեն, որից հետո ես մի շաբաթ ջերմությամբ անկողին եմ ընկնում: Հետո, մոտ մեկուկես ամիս անց, մի գեղեցիկ մայիսյան օր գալիս է ահա նամակ` տուգանք վճարելու պարտադրանքով… »:
Ինչևէ, երանի նրանց, ում չեն տուգանել 100 հազար կամ ավելի ու պակաս դրամ…
Միջազգային «քառասունքը» վաղուց արդեն վերածվել է «հիսունքի», «վաթսունքի»… տեսնենք` քանիսունքի՛ կհասնենք…
– Կյանքում չէի մտածի, որ մի օր կկարոտեմ դպրոցը,- մի օր ասաց միջնեկ տղաս:
Ես էլ չէի մտածի, որ, ապրելով Երևանում, երկու անգամ գունավոր երազ կտեսնեմ, որ, իբր, քայլում եմ քաղաքի կենտրոնում, հիանում եմ տեսարաններով, ողջունում ծանոթներիս… Նման երազներ տեսնում էի ԱՄՆ-ում` եռամսյա «խոպանիս» ժամանակ…
Շատ եմ ուզում հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ ազատ-համարձակ կգնանք ողջագուրվելու մեր այն հարազատ հոգիների հետ, որոնցից հարկադրաբար հեռացել էինք մեր կյանքի այս փուլում, որ կհանդիպենք օզոնի շերտը վերստացած երկնքի ներքո, օդի աղտոտվածության նվազում գրանցած և ավելի կանաչ դարձած մեր երկրի սիրելի վայրերում` ավելի արժևորելով մարդկային հարաբերությունների ջերմությունն ու անփոխարինելիությունը…


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.