ՇՈՒՇԻ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Շուշիի ազատագրումից 28 տարի է անցել (ի դեպ, 1992-ին էլ մայիսի 8-ը ուրբաթ էր), բայց այսօրվա նման հիշում եմ` ինչպես լուրը` սկզբում անվստահ, ինչ-որ տեղ` զգուշավոր, հետո ավելի ու ավելի ծավալվելով` տարածվեց, թափ առավ, իրենով արեց բոլորիս, պարուրեց հաղթողի անմեկնելի ու անբացատրելի զգացումով` դառնալով մեր էության մշտամնա մասը: Օրեր անց, Օպերայի դահլիճում, Օհան Դուրյանի դիրիժորությամբ «Անուշն» էինք ունկնդրելու: Բայց մինչ այդ բեմ եկան Մշակույթի նախարար, բանաստեղծ Հակոբ Մովսեսն ու արձակագիր Սևդա Սևանը: Այսօր էլ ունկերումս նրանց` հուզմունքից բեկվող, հպարտությունից պայթող խոսքն է. «Վեց հարյուր տարի անց մենք հաղթանակ ենք տարել` քաղաք ենք ազատագրել` մեր Շուշի՛ն»: Դահլիճը ալիքվեց, ոտքի ելավ ու… ես վկան եմ, թե ինչպես է ծափահարում հաղթանակած ժողովուրդը:
Ինչո՞ւ հիշեցի այս դրվագը: 1992-ի մայիսից տասնյակ տարիներ են անցել, և այդ տարիներին մեկ անգամ չէ, որ օդն ու մեր հոգիները թրատվել են «Ղարաբաղը տալիս են… ծախում են…» հայտարարություններով: Ես, որ պերմանենտ ընդդիմադիր եմ եղել և չեմ խնայել (գրչով) իշխանությունների և ոչ մի արատավոր քայլ, երբևէ տուրք չեմ տվել այդ էժանագին հնարքին, նույնիսկ ամենասկզբունքային քաղաքական հակառակորդիս չեմ մեղադրել այդ հանցանքի մեջ: Ինչո՞ւ` կհարցնեք: Որովհետև համոզված եմ` որևէ իշխանավոր` ՀԱՅ, հանձն չի առնի այդ հանցանքի ծանրությունը: Եվ այսօր էլ, երբ ոմանք հերթական անգամ «Արցախը ծախում են, հասե՛ք» են ճչում, ուզում եմ հարցնել նրանց` արժե՞ այսրոպեական ինչ-ինչ քաղաքական կուլիսային գործարքի համար շահարկել ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Բայց հետո ինքս ինձ մխիթարում եմ, որ նման «այսրոպեական ճչացողներ» եղել են ու, ցավոք, դեռ կլինեն, բայց նրանցից առավել զորավոր Շուշին ազատագրած ու հաղթանակած ժողովրդի մասնիկ լինելու արյան հուշն է, որը երկիր ու հող պահելու ամենահզոր զենքն է: Ու որևէ իշխանավոր` ՀԱՅ, հանձն չի առնի ինքնասպանությանը հավասարազոր հանցանքի ծանրությունը:
Հ.Գ. 2000-ականների սկիզբն էր: Իմ մեծ հայրենակցի` ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ ու մեծատառով մարդ Գուրգեն Դալիբալթայանի հետ հերթական հանդիպման ժամանակ, երբ խոսք բացվեց Շուշիի մասին, հարցրի` «Քանի տարի է անցել, հիմա ի՞նչ կասեք այդ օրվա մասին»: Լռեց… հետո` «Էդ օրվա համար արժեր ծնվել ու մեռնել…»:
ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ. 1991-94 թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները: Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.