Մանկապատանեկան գրքի շաբաթ

Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ

ԿԵՑՑԵ ՄՈՒԿԸ, ԿԵՑՑԵ ԿԱՏՈՒՆ
Եթե մարդը չլիներ,
մթերք չէր լինի:
Եթե մթերք չլիներ,
մառան չէր լինի:

Եթե մառան չլիներ,
մուկը չէր լինի,
Եթե մուկը չլիներ,
կատու չէր լինի:

Եթե կատու չլիներ,
մթերք չէր մնա,
Եթե մթերք չմնար,
մարդ կմահանար…

Այս ինչ բան է, այս ինչ բան է,
Այս ինչ բան է, այ քեզ բա՛ն…
Երբվանի՞ց են մուկն ու կատուն
Եղել այսքան միաբան…

Կեցցե՛ մուկը, կեցցե՛ կատուն,
Կեցցե՛ մառանը առատ,
Որովհետև մուկը` կատու,
Իսկ կատուն փրկում է մարդ:

ԵՐԵՔ ՓՉԱԿ,
ԵՐԵՔ ԲՈՒ…
Երեք փչակ, երեք բույն,
Երեք բնում` երեք բու:
Ամեն բնում` ձու, ձու, ձու,
Ամեն բնում` բու, բու, բու:

Առաջինում` բվաձու,
Երկրորդում էլ` բվաձու,
Երրորդի մեջ` բվաձու…
Չորորդը չկա՛:

Ի՛նչ երջանիկ բվեր են,
Ի՛նչ սիրունիկ ձվեր են,
Ձվից կելնեն ու կերգեն
Բվիկները բվերեն…

Հենրիկ ՍԵՎԱՆ

ՏՂԱՆԵՐԻ ՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անգլիական)
Գիտե՞ք
ինչից են պատրաստված
Տղաները երեսառած.
Ծույլ խխունջից,
Գորտից կանաչ,
Ու շլդիկից երկարականջ…
Ա՛յ, թե ինչից են պատրաստված
Տղաները երեսառած:

Գիտե՞ք ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած,
Կարկանդակից, մեղրից անուշ,
Ծաղիկներից, վարդից քնքուշ…
Ա՛յ, թե ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած:

Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԽԱՂ ՈՒ ՊԱՐ

Բառերով խաղ խաղանք,
Խաղանք բառախաղ.
Ես «խաղ» ասեմ,
Դու ասես,
ասենք, «աքաղաղ»:

Հետո էլ դու բառ ասես,
Դե, ասենք, թե` «պար»,
Ես էլ բառին այդ հարմար
Ասեմ «ճանապարհ»:

Այսպես, օրը մի անգամ,
Հավեսի համար,
Այնքան խաղանք,
Որ խաղն այդ
Թվա խաղ ու պար:

ԳԱՐՈՒՆ
Հետո ի՞նչ, որ դեռ
Դրսում շատ ձյուն կա,
Ծառը չի ծաղկել,
Ծիծեռնակ չկա:

Գարունն եկել է,
Դուք չեք հավատում,
Ճնճղուկներն արդեն
Հացս չեն ուտում:

Էլ մոտ չեն գալիս
Մեր պատշգամբին,
Իջնում են դեմի
Թաց հողաթմբին:

Ուրախությունից
Իրար համբուրում,
Զիլ ճլվլում են`
– Գարո՛ւն է, գարո՛ւն:

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԻՆՉՈ՞Ւ ԵՐԿՈՒ, ԻՆՉՈ՞Ւ ՄԵԿ
Աչքերը զույգ են,
Որ շատ բան տեսնեն,
Ականջները` զույգ,
Որ շատ բան լսեն:
Ձեռքերը զույգ են,
Որ շատ աշխատեն,
Ոտքերը զույգ են,
Որ շրջեն ամեն տեղ:
Բերանը մեկն է,
Որ չբամբասի,
Որ միայն բարի,
Լավ խոսքեր ասի:

ՍՈՒՏԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՄԻՆ
Սուտը թևերով,
Հազար ձևերով
Տեղ հասավ արագ,
Պարանի չափ էր,
Թել դարձավ բարակ,
Քամին վերցրեց,
Անհետ կորցրեց:

Ճշմարտությունը
Ոտքերով գնաց`
Իր ամբողջ ուժով
Հողին պինդ հենված:

Կատաղած քամին
Որքան էլ ոռնաց,
Ճշմարտությունը
Անսասան մնաց:

Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

ԳԱՐՈՒՆ
Շողն արևի խլվլաց
Երկնքում հեռու,
Ճնճղուկն ուրախ ծլվլաց
Ճյուղին տանձենու:

Բացվեց լեզուն առվակի`
Մանկան պես թոթով,
Թնդաց հանկարծ երկնքի
Սիրտը որոտով…

Աչքը բացեց թփի տակ
Մանուշակը հեզ
Եվ երկնքին կապուտակ
Նայեց ժպտերես:

ԾԻՏԻԿՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ
Ծիտիկները իջել գետնին,
Երգ են ասում` ճի՛կ-ճի՛կ,
Այսինքն թե` արի խաղանք
Ու թռչկոտենք, Վաչիկ:

Սակայն բակ եմ վազում թե չէ,
Մեծ ծառին են թռչում,
Ճռվողում են, չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛,
Իբր` քեզ չենք կանչում:

Չեմ հասկանում` ի՞նչ են ուզում
Ծիտիկներն ինձանից,
Թե քաղցած են, նրանց կտամ
Ես ցորեն ու բրինձ…

Ես փշուրներ կտամ հացի,
Եթե այդ են ուզում,
Բայց դե արի ու հասկացիր
Ծիտիկների լեզուն:

Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

ՀԵՔԻԱԹԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ
Լինում է, չի լինում,
մի թագավոր է լինում,
որի մի ականջը
սուտն է լսում,
մյուսը`
ճշմարտությունը:

Մի ուրիշ թագավոր է
լինում,
որի մի աչքը
լույսն է տեսնում,
իսկ մյուս աչքը
տեսնում է խավարը:

Մի ուրիշ թագավոր
կաղ է լինում
և, բնականաբար,
մի ոտքը
ուղիղ է դնում,
մյուսը` ծուռ:

Թագավորներից մեկը
մի ձեռքով բարիք է
գործում,
մյուս ձեռքով չարիք է
տարածում ողջ
աշխարհում:

Աշխարհում բազում
թագավորներ
կան,
որոնք թեև
հեքիաթներում են
ապրում,
բայց շատ են ազդում
կյանքի
իրական ընթացքի
վրա:

Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

ԻՄ ԹՈՌՆԻԿ ԱՆԻԻՆ
Իմ երազի երազ Անի,
Քնքուշ աղջիկ, վարդի նուրբ թերթ,
Դու իմ քաղաք հնամենի,
Իմ քաղաքին շունչ տվող ձեռք:

Պատգամս է` Անի գնաս,
Պեղես Անին մեր ավերակ,
Մեր վերքերին բժիշկ դառնաս,
Դու` նոր սերունդ, իմ նոր երակ:

Գուցե պապիդ ձեռքն էլ մի օր
Բռնած տանես նորոգ Անին,
Ես քեզ կանչեմ, ու սար ու ձոր
Արձագանքեն` Անի՛, Անի՛…

Գառնիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԳԱՐՈՒՆ
Ծերուկ ձմեռը
Շալակեց բեռը,
Թողեց ու գնաց:

Արթնացավ հողը`
Հրճվանքի դողը
Աչիկներում թաց:

Հառաչեց թեթև
Եվ գլուխը սև
Բարձրացրեց վեր:

Արփին գուրգուրեց
Եվ գլխին շարեց
Կանաչ ասեղներ:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԳԱՐՈՒՆ
Ձկնկուլներն իջան լիճ,
Լսվեց զվարթ երգ ու ճիչ:

Եվ գյուղացիք հասկացան`
Եկավ գարուն հերթական:

Առան կարթեր և ուռկան,
Հեռակա լիճը հասան:

Բայց ի՞նչ տեսան` լճում ողջ
Ձուկ չկա, կա ձկան պոչ:

Հե՛յ, ձկնկուլ անբաններ,
Ձեր արածը հեչ բան էր:

ԶԱՏԿԻ ՁՎԱԿՌԻՎԸ
Երբ գալիս է
Զատիկը,
Ձու է ներկում
Տատիկը:

Եվ ձվերով
Այդ կարմիր
Մենք կռվում ենք
Ուշադիր:

Եվ մատներով
Պինդ բռնած`
Թոռը զարկեց
Գերազանց:

Շատ է ամուր
Նրա ձուն,
Հարվածներից
Չի ճաքում:

Տղան հաղթեց
Պապիկին,
Ապա` հորն ու
Մայրիկին

Եվ քույրիկին,
Տատիկին,
Նաև Բարբի
Տիկնիկին:
Ով պարտվեց,
Ձուն կերավ,
Միայն Բարբին
Լուրջ ասաց.

– Շահած տղան
Թող ուտի,
Ձվակռվում
Միշտ հաղթի:

ԿՈՎԸ
Քայլում էինք
Երեքով,
Երբ տեսանք մի
Սիրուն կով:

Ասաց մեկը
Զարմանքով,
Սա ընձուղտ է
Եվ ոչ` կով:

Եվ երկրորդը
Զարմանքով
Ասաց` ձի է
Եվ ոչ կով:

Կով է, կով է,-
գոչեցի,-
ոչ ընձուղտ է
և ոչ ձի:

Կովը շարժեց
Իր պոչը`
Հավանելով
Իմ գոչը:

ԿԱՐԱՊԸ
Ջրի մեջ սահող
Ամեն մի կարապ
Ասես ապրում է
Պարապ-սարապ:

Բայց, հավատացեք,
Նա էլ ունի հոգս,
Անձայն փնտրում է
Ցանկալի որս:

Նրան մենք նետենք
Հացի չոր փշրանք,
Գուցե նրա հետ
Շուտ ընկերանանք:

Օ՛, այդքան սիրուն,
Մեղմ սահքը նրա
Լավ նվեր է մեզ,
Աստված վկա:

ՈՎ ԻՆՉ ԱՐԺԵ
Մի շունն արժե
Տասը կատու,
Երբ հսկում է
Պարտեզ ու տուն:

Կատուն արժե
Շուն տասնմեկ,
Երբ բռնում է
Մուկ ու առնետ:

Օգտակար են
Շունն ու կատուն,
Ամեն մեկն իր
Ուրույն տեղում:

Պետք է միայն
Իրար հարգեն,
Գործը թողած`
Բեղ չպոկեն:

ՏԱԹԵՎԻԿԻ ԼԱՑԸ
Լաց է լինում ամեն օր,
Ո՞վ է արդյոք մեղավոր`
Բոյ է քաշում ժամ առ ժամ,
Փոքրացավ նոր շորն անգամ:

Փոքրանում են չստերը,
Ո՞ւր է հիմա հին տերը,
Եվ կոշիկն է փոքրանում,
Հիմա տիկնիկն է հագնում:

Նա լալիս է ամեն օր.
Ասում.- Ես չեմ մեղավոր,
Ոչ թե ես եմ մեծանում,
Այլ նրանք են փոքրանում:

Շորեր առեք նորից նոր
Եվ կոշիկներ ամեն օր,
Որ լացի տեղ միշտ ժպտամ,
Մաշված չստերն էլ ձեզ տամ:

ԾԻԱԾԱՆ
Ծիածանը ունի յոթ գույն,
Ուզես` յոթն էլ կգան ձեր տուն:

Եթե տան մեջ լինեն ամպեր
Եվ ամպերն էլ` անձրևաբեր:

Ո՞վ չի ուզի վառ ծիածան,
Թող ձեր տանն էլ
անձրևներ գան:

ԼԻԼԻՊՈՒՏ ՇՈՒՆ ՍԻՐՈՂՆԵՐԻՆ
Շունը շուն է,
Փոքր, թե մեծ,
Նա կհաչի
Իրենից մեծ:

Չփորձեք, հա՛,
Վիրավորել,
Նա կարող է
Շատ խիստ կծել:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅՐՍ

Ինձ վեր հանեց
Հայրս հզոր իր ձեռքերով,
Ես հասակով
Ասես Մասիս սարին հասա,
Տաք շունչն առա
Արևախանձ նրա սիրո,
Եվ էլ չկար
Շուրջը ոչ ոք մեզ հավասար:
Ու երգեցինք,
Թռչունները մեզ միացան,
Մեր կարոտի եզերքներով
Սավառնեցինք:
Դարձանք զվարթ գույների խաղ
Ու ծիածան,
Ու երկնքի կապույտի մեջ
Ծավալվեցինք…
Հզո՛ր, ինչպես
Իր պապերը որոտաձայն,
Զինվորի պես
Կանգնած է նա մեր սահմանին,
Կայծակնազարկ ինչքա՛ն ամպեր
Եկան-անցան,
Հայրս անհաղթ
Բազուկն է
Մայր Հայաստանի:

ՓՈՔՐԻԿ ԶՈՐԱՎԱՐԸ
Թուրս առնեմ
Ու դուրս թռնեմ,
Զորավա՛ր եմ ես,
Թշնամու դեմ
Պիտի կռվեմ
Անդրանիկի պես:
Պապիկները ասում են, թե`
Մեր հույսը դուք եք,
Դե, ես էլ իմ սուրը կապել,
Ասում եմ` եկե՛ք…
Վրնջո՛ւմ է չարերի դեմ
Հրեղեն իմ ձին,
Ինձ չի կարող
Երբեք հաղթել
Ո՛չ մի դրացի:

Սերգեյ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ձիերը

Ձիերը վրնջում ու դոփում են ձիանոցում…
Ցանկապատի մասրենու վրայից ձյունը հալվում է` հուլունք դարձած կաթելով բնի մաղված հողի վրա, գլորվելով, իր հետևից թողնելով փոքրիկ առվակ:
Գարուն է…
Ձիերը վրնջում ու դոփում են` ռունգներից գարուն արտաշնչելով: Ձյունը հալվելով` հովտից նահանջում է լեռներն ի վեր` իր հետևից թողնելով կանաչ թավիշ: Ձիերը կանաչների հետքերով հետապնդում են ձյանը` տանելով դեպի լեռները: Լեռներում ձյունը նահանջել է մինչև գագաթը: Ձիերը վրնջում են ու դոփում` պահելով ձյունը լեռան գագաթին:
Ամառ է…
Ձիերը վրնջալով պտտվում են գագաթի շուրջը` հսկելով կանաչի ու ձյան սահմանը: Լեռան գագաթի վրա կռունկների երամը, պտույտ գործելով, գնում է դեպի հարավ: Ձիերը կամա՛ց-կամա՛ց իջնում են դեպի հովիտը` վրնջալով դոփում լեռան փեշերին:
Աշուն է…
Ձիերը վրնջում ու դոփում են աշնան թավշե կանաչին:
Ձիերն իջել են հովիտ` բաշերին եղյամ:
Նորից վրնջում են ձիանոցում:
Ձմեռ է…
Ձիերը գարունը տարան լեռան գագաթ, պահեցին ձյունը և ձմեռը վերադարձրին: Ձիերը դոփում ու վրնջում են. նրանք երազներիս պես հրեղեն են, գնացին ու վերադարձան…

Օլգա ԴԱՐՅԱՆ

ԲԿԼԻԿ ԱՐՋԸ
Պատկերացրեք,
որ արջն անբան
արոսենու փչակի մեջ
…մեղր գտնի`
այնքան ծորուն
ու քաղցրահամ,
բայց… անաման`
շատ անհարմար,
որ վերցնի ու որջը տանի:
Խեղճն ի՞նչ անի…
Բույրն էլ այնքան
հոգի հանի,
որ նա թաթով
մեղրը հանի,
չռչռացնի ու լպստի,
ուտի՛, ուտի՛, չհագենա
ու… վերջը տա…
Բա՞…

ԵՐԿՆՔԻ ԾԱՂԻԿԸ
Եվ աստղիկ եմ, և ծաղի՛կ…
Բացվում եմ մութ երկնքում.
շողշողուն եմ, գեղեցիկ,
տո՛ն եմ` հրավառություն…
«Հուր» բառից եմ,
«վառել» բառից,
մեկ էլ` մանկան զարմանքից,
ես երկնքում պիտ բազմանամ`
դուք ներքևից նայեք ինձ…
Վայր եմ ընկնում հռհռալով,
կայծկլտալով երկնքից.
դեռ չե՛մ հանգել,
դեռ չե՛մ հանգել,
ապա փորձեք բռնել ինձ…

Հակոբ ՄՈՒՇ
ԽՌՈՎԱԾ ՓՇԱՏԵՆԻՆ

Ջրափի գյուղի ծայրին փշատենիների մի խումբ էր աճել: Այնպես եղավ, որ նրանց հարևանությամբ երկաթուղի կառուցեցին: Փշատենիներից մեկը անչափ սիրում էր իր մոտով անցնող գնացքները: Նա անգիր գիտեր, թե որ շոգեքարշը քանի վագոն է տանում իր ետևից: Շոգեքարշերի արձակած ծխի գույնը հեռվից տեսնելով` անսխալ իմանում էր, թե մոտեցողն ինչ գնացք է: Ամեն անգամ, երբ շնչակտուր վազքով հայտնվում էին գնացքները, ծառը մեղմորեն թեքվում էր առաջ ու կանաչ ճյուղերով սիրագորով փաղաքշում մետաղակուռ վագոնների շարասյունը: Փշատենին այնպես քնքշորեն էր փաղաքշում, որ գնացքները հաճույքից սուլում էին: Նրանց սուլոցները թռչում-հասնում էին մինչև թագավորական պալատ:
– Ինչո՞ւ են գնացքները երկար-բարակ անտեղի սուլում,- մի օր հետաքրքրվեց թագավորը,- նրանք միայն մեկնելուց առաջ` կայարանապետի պարզած նարնջագույն դրոշակը տեսնելուց պետք է սուլեն: Կայարանից դուրս սուլելու որոշում չկա: Տեսնես` ի՞նչ արտաքին ազդեցություն կա նրանց վրա:
Եվ որպեսզի պատճառն իմանա, ցանկացավ գնացքով ճանապարհորդել:
Նույն օրը կայարանապետը թագավորի համար գնացք առանձնացրեց: Գնացքը զարդարեցին թագավորական դրոշներով ու գույնզգույն ժապավեններով:
Որպեսզի գնացքի հետ ոչինչ չպատահի ու թագավորը գոհ մնա ճանապարհորդությունից, կայարանապետը կարգադրեց, որ երկաթուղայինները աչալրջորեն ստուգեն բոլոր գծամասերը: Ստուգումից հետո երկաթուղու աշխատակիցներից մեկը կայարանապետին զեկուցեց, որ սաղարթախիտ փշատենին գգվանքով փաղաքշում է իր մոտով անցնող գնացքները, իսկ ճյուղերն իրենց բոլորովին լավ չեն պահում: Նրանք պատուհանների մոտ կանգնած ուղևորների գլուխներից թռցնում են գլխարկներ, կեպիներ ու կեղծամներ:
– Ահա թե ինչ,- մտախոհ գլուխը տարուբերեց կայարանապետը,- եթե արքան ցանկանա վագոնի պատուհանից գլուխը դուրս հանել, գուցե այդ պահին մի անկարգ ճյուղ արքայի գլխից թագը թռցնի: Գրողը տանի, վտանգի տակ է արքայի թագը: Ա՛յ, թե երկրում ինչ աղմուկ կլինի, եթե թագը թռցնեն:
Նա, անհանգստացած այս սարսափազդու մտքերից, շտապ իր մոտ կանչեց փայտահատների մի մեծ բրիգադ: Կայարանապետի հանձնարարությամբ փայտահատները սուր գործիքներով, սղոցներով ու լայնաբերան կացիններով անխնա կտրատեցին այն ծառերի ճյուղերը, որոնք երկաթգծին շատ մոտ էին գտնվում:
Կայարանապետը, որ արտակարգ գործնական միտք ուներ, ասաց.
– Թագավորական գնացքը նոր շուք կստանա, եթե հատած կանաչավուն ճյուղերը ամրացվեն դրոշների կողքին:
Հաջորդ առավոտ, երբ փշատենիները հեռվից տեսան թագավորական դրոշներով, ժապավեններով ու կանաչ ճյուղերով զարդարուն գնացքը, մտածեցին, որ կոտորածի նախորդ օրվան տոնական օր է հաջորդել:
– Տեսնես տոներով կավարտվի՞ վայրագ կոտորածը,- ցավագալար հառաչեց մայր փշատենին:
Շքեղաշուք գնացքը, թխկթխկացնելով ռելսերը, հավասարվեց փշատենիներին, մի փոքր դանդաղեցրեց ընթացքը, որպեսզի ծանոթ փշատենին փաղաքշի իրեն: Այդ ժամանակ վագոնների տանիքներին ու պատուհանների եզրերին ամրացված ճյուղերը օրորվելով շրշացին.
– Ահա մեր մայրիկները:
Դալար ճյուղերը ճիգով ձգվեցին, նրանք ցանկանում էին թռչել դեպի փշատենիները, բայց շատ ամուր էին կապված սառը մետաղե վագոններից:
Մի քանիսը կարոտով ճչացին.
– Մայրի՛կ…
– Մայրի՛կ…
– Ուրեմն, մեր կանաչ ճյուղերը կտրել են, որ զարդարեն գնա՞ցքը,- տխուր հառաչեց փշատենիներից մեկը,- մենք մեր արմատներով գիշեր-ցերեկ սնուցեցինք նրանց:
– Վա՛խ, նրանք թույլ են, առանց մեզ կչորանան, հիմա ձմեռ չէ, բայց կչորանան,- փշաքաղված սրտով հեկեկաց մայր փշատենին:
– Օ՛, դժբախտ են նրանք, մի գարուն էլ չապրեցին:
Գնացքը փշատենիների մոտից քիչ հեռանալով` ծխախառն փնչացրեց.
– Ինչո՞ւ փշատենին ինձ չփաղաքշեց, չէ՞ որ ես այսօր ավելի շքեղ տեսք ունեի:
Ամբողջ ճանապարհին գնացքը մտածում էր այդ մասին, դրա համար ոչ մի անգամ չսուլեց:
Թեպետ գնացքը վաղուց ոլորաններով անցել էր բլուրների հետևը, բայց փշատենիները քարացած հայացքով, տրտմած նայում էին հորիզոնին ու չափազանց հուզված շշնջում.
– Տեսնես ի՞նչ ուղղությամբ տարան մեր շիվերին:
Հետո թովիչ գարունը վրա հասավ, փշատենիները նորանոր զմայլուն ընձյուղներ ծլարձակեցին, սակայն ցավով ու սրտնեղությամբ մտածում էին կտրված ճյուղերի մասին:
Ամեն անգամ, երբ գնացքները սուրալով անցնում էին փշատենիների մոտով, մտածում էին, թե ինչո՞ւ է փշատենին խռովել, չի փաղաքշում:
Իսկ թագավորը երկար, շատ երկար ճանապարհորդեց: Մինչև այսօր էլ նա ճանապարհորդում է, որպեսզի պարզի, թե գնացքներն ինչո՞ւ էին սուլում:
Մի անվանի գրող փշատենու չոր ճյուղից իր համար գրիչ սարքեց ու երկար-բարակ պոեմներ գրեց սուլոցների մասին: Նա ամեն առավոտ իր գրած երգերը նամակ-ծրարով փոստարկղի մեջ էր գցում, որ թագավորին հասնի: Նամակները թագավորին չէին հասնում:
– Դե, ո՞վ կարող է նամակ հասցնել ճանապարհորդող թագավորին, թեկուզ կաշվից դուրս գաս, նրան չես կարող մոտենալ, նա զինված թիկնազոր ունի,- ասում էին փոստատարները,- նրա միակ հասցեն պալատն է, ամեն տեսակ գրություն ու նամակ-բացիկ արքունիք է տարվում: Երբ արքան մի օր պարզի, թե գնացքներն ինչո՞ւ էին սուլում, այն ժամանակ կվերադառնա գահին և գուցե նամակներն ընթերցելու ցանկություն ունենա:

Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՇՆԱՁՈՒԿԸ, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՔՆԵԼ

Սիրելի՛ ընթերցողներ, իսկ դուք գիտեք, որ շնաձկները չեն կարող… քնել: Նրանց խռիկները անընդհատ պիտի թթվածին արտադրեն: Եթե նրանք քնեն, թթվածին չի ստեղծվի, և շնաձուկը կսատկի:
Երբ դա իմացա, շատ ցավեցի այդ գիշատիչ ձկների համար:
Ահա թե ինչու են նրանք կատաղի լողում` կտրելով օվկիանի ջրերը:
Նրանք շատ զայրացած են, մշտապես, մշտապես:
Սիրելի՛ բալիկներ, քունն անհրաժեշտ է:
Երբ քնում եք, նյարդերը հանգստանում են, և առավոտյան դուք արթնանում եք զվարթ ու բարի:
Իսկ շնաձկները զայրացած լողում են մուգ կապույտ ջրերում և երբեք չեն քնում, երբեք չեն հանգստանում:
Օվկիանոսի ջրերը վստահ թրատում էին հայրիկ շնաձուկը, մայրիկ շնաձուկը և Չալպուտուրիկը: Այդպես անվանեցին շնաձկանն իր մեծ, շագանակագույն պուտերի համար: Անսովոր գունավորումը միակն էր ու անկրկնելի: Ծնողները հպարտ էին իրենց ձագուկով:
Չալպուտուրիկը մեծացավ և մի օր լողաց հեռու-հեռո՛ւ, անծանոթ ջրերի մեջ:
Նա հանդիպեց անծանոթ ձկների, որոնք դուրս էին թռչում: Դելֆինները` այդ անհայտ ձկները, բարեհամբույր դիմավորեցին Չալպուտուրիկ շնա-ձկանը, իսկ մեկն անգամ ընկերացավ նրա հետ: Շնաձուկը զարմացավ, երբ դելֆինն ասաց, որ քնելու ժամն է:
– Ի՞նչ է քունը,- հարցրեց նա:
– Օրվա մի մասը մենք փակում ենք աչքերը և քնում:
– Իսկ դա լա՞վ է,- հարցրեց Չալպուտուրիկը:
– Օ՛, գիտե՞ս ինչ գունավոր երազներ եմ տեսնում:
– Ես երբեք չեմ քնել և չգիտեմ, թե ինչ է երազը:
Դելֆինը տխրեց, հետո բացականչեց.
– Ես քեզ անպայման կօգնեմ, փակիր աչքերդ:
Շնաձուկը փակեց աչքերը, իսկ Դելֆինը սկսեց պոչի լողակը թափահարել և օդի հոսանքն ուղղել դեպի շնաձկան խռիկները:
Չալպուտուրիկը խոր քնեց և երազում տեսավ մարջանե գույնզգույն ծաղիկներ, մարգարտե խեցիներ…
Ճիշտ է, դա տևեց ընդամենը տասը րոպե, որովհետև Դելֆինը հոգնեց ու դադարեց թափահարել պոչը:
Չալպուտուրիկ շնաձուկը շնորհակալ հայացքով նայեց իր բարեհոգի ընկեր դելֆինին:
Այժմ նրանք մտածում էին նույն կերպ. «Երազները հրաշալի են»:

Ալվարդ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բ Զ Ե Զ Ը
Կապտակարմիր մի բզեզ
Պատուհանից մտավ ներս,
Օդում գծեց շրջանակ,
Շուքով բազմեց քթիս տակ:
Գործ եմ անում ես էլ լուրջ.
Նկարում եմ ծաղկեփունջ,
Իսկ բզեզը տզտզում,
Հոտոտել է այն ուզում:
Երկար քիթն է իր մեկնել,
Ջրաներկի մեջ ընկել,
Ներկոտել է դունչ ու չանչ,
Դարձել լրիվ անճանաչ:
– Զուր ես ոտ-ոտ գալիս մոտ,
Նկար է սա, չունի հոտ,
Ոնց եկել ես, դարձիր ետ.
Ծաղիկները բուրավետ,
Աճում են մեր պարտեզում,
Ի՛նչ ես այդքան տզտզում:
Գնա՛, դրսում համերգ տո՛ւր,
Ես չեմ սիրում անկոչ հյուր:

Անահիտ ԹԱՐՅԱՆ

ԹԹԵՆԻՆ
Մայրիկս` ինչպես հսկա թթենին,
Միշտ շեն է պահում
օջախը մեր հին,
Իր արմատներով` առողջ ու հզոր,
Կյանք է ներարկում մեզ
գիշեր ու զօր,
Իսկ իր սաղարթով`
կանաչ ու փարթամ,
Նա հովանի է մեծ ու փոքրին տան…
Իր ամբողջ կյանքում
ճյուղերով բարձր
Սփռում է նա իր բարիքը քաղցր.
Իր անուշ թութը` սեր ու բարություն,
Նա մեզ` մարդկանց է
շռայլ մատուցում…
Եվ այնքա՛ն շատ է այդ
սերն անապակ,
Որ շա՛ղ է տալիս մեր ոտքերի տակ…

Նունե ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԻԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ
Նիկը տատիկի հետ գնաց տիկնիկային թատրոն: Առաջին անգամ:
Այդ տիկնիկային թատրոնի դահլիճը նկուղում էր: Դա մի փոքրիկ սենյակ էր, որտեղ առջևում շարված էին փոքրիկ, գույնզգույն ներկած նստարաններ` փոքրերի համար, իսկ ետևում ծնողների համար աթոռներ էին շարված:
Տատը Նիկին նստեցրեց կարմիր նստարանին, իսկ ինքը տեղավորվեց մոտակա աթոռին` պատի տակ:
Նիկը չորս կողմը նայեց: Դահլիճը նրա դուրը եկավ: Հետո նայեց նստարաններին, որոնք ներկված էին տարբեր գույներով` կարմիր, դեղին, կանաչ, կապույտ…
Մեկ էլ Նիկը իջավ կարմիր նստարանից և ասաց.
– Տատ, ես ուզում եմ նստել կարմիր նստարանին, իմ դուրը կարմիրն է գալիս,- և ուղղվեց դեպի կապույտ նստարանը:
Դահլիճում գտնվողները ծիծաղեցին: Նիկը զարմացած նայեց չորս կողմը.
– Ինչո՞ւ ծիծաղեցին:

Սուսաննա
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽԱՏՈՒՏԻԿ ԱՂՋԻԿԸ

Խատուտիկ, կամ ինչպես հաճախ նրան անվանում են` խտուտ, խտուտիկ, կռաբանջար, վստահ եմ, բոլորդ էլ տեսել եք այգիներում, ցանքերում, արոտավայրերում, մարգագետիններում, գազոններում:
Իսկ գիտե՞ք, թե ինչպես են նրանք առաջացել: Եթե ոչ, ապա լսեք իմ պատմությունը:
Անտառի բացատում, փոքրիկ մի տնակում, աղջնակ էր ապրում: Շատ բարի, քնքուշ, ժպտերես ու թռվռան: Նա կարողանում էր իր բարի, մեղմ, քնքուշ ձայնով, անգամ ձեռքի մի հպումով հանգստացնել մարդկանց: Նա ուներ դեղին, երկար մազեր, որ միշտ հավաքում էր ծաղկազարդ գլխաշորի տակ:
Նա շրջում էր անտառի մոտակա գյուղերով, և ով իր կարիքն ուներ, օգնում էր: Մարդիկ նրան շատ էին սիրում և անվանում էին Խատուտիկ, որը նշանակում էր հանգստացնող:
Խատուտիկը շատ էր սիրում սոխակների անուշ երգը: Նա առավոտն սկսում էր սոխակներին կերակրելով, նրանց հետ երգում էր ու պարում:
Մի անգամ պատուհանից նկատեց` ինչպես է արծիվը վերևից, ոսոխի թռիչքով, մոտենում բացատում անուշ դայլայլող սոխակներին:
Խատուտիկը հապճեպ վազեց դեպի սոխակները` նրանց փրկելու արծվի ճանկերից: Ոտքը դիպավ քարին, նա վայր ընկավ: Նրա դեղին, երկար մազերը փռվեցին կանաչներին, և այդ տեղերում սկսեցին աճել արևի նման վառ դեղին ծաղիկներ: Իսկ քամու միջոցով նրա թխավուն, սպիտակ, թափանցիկ ու եթերային փոքրիկ սերմերը օդապարիկի նման թռչում, տարածվում էին, և ծնվում էին հազարավոր այլ խատուտիկներ: Այդ ծաղիկ-բույսը մարդիկ անվանեցին աղջկա անունով` խատուտիկ:
Մարդիկ սկսեցին այն օգտագործել որպես բուժիչ բույս. անգամ նրա արմատները բուժիչ հատկություն ունեն, իսկ խատուտիկով թեյը հանգստացնում է, ցրում մարդկանց չար մտքերը` պարուրելով բարությամբ ու քնքշությամբ:
Պատկերացրեք, եթե խատուտիկի բոլոր սերմերն աճեին, ապա կարճ ժամանակում կծածկեին գրեթե ողջ երկրագունդը: Եվ ամենուր կտիրեր բարության մթնոլորտ, մարդիկ ավելի հանգիստ կլինեին, բարյացակամ, հոգատար:
Այնպես որ, եթե ձեր շուրջը տեսնում եք դեղնավուն ծաղկին` խատուտիկին, մի փունջ հավաքեք այդ բարությունից և տարեք տուն: Ձեր տունը կլցվի անսահման բարությամբ:

Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՆՏԱՌԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆ

(Ծաղկաձորյան հեքիաթ)

Մի անգամ անտառում որոշեցին խոհարարական փառատոն կազմակերպել: Այդ միտքը տվել էր կաչաղակը: Նա թռչում էր բացատից բացատ և չրթչրթացնելով աղմկում: Որտեղ որևէ հետաքրքիր բան էր տեսնում, միանգամից մտապահում էր և պատմում իրեն հանդիպող կենդանիներին: Նա նաև կտուցով հավաքում էր փայլփլող ու տարօրինակ իրեր և բերում-լցնում էր իր բույնը: Այդպես նաև մի սրինգ էր բերել: Փառատոնը որոշվեց սկսել սնկերի բացատում. կաչաղակը շտապեց իր բույն և բնում եղած փայլող իրերը նետեց բացատ:
Սունկ աղջնակն իր դեղնեզր գլխարկով արագ կապեց ճերմակ գոգնոցն ու համաձայնեց ապուր եփել: Այդ ժամանակ մոտ վազեց նաև սպիտակ գլխարկ դրած սունկ աղջնակը: Նա համառեց այնքան, մինչև համոզեց, որ մյուս ապուր եփողն ինքը լինի:
Եվ այսպես, հավաքվեցին թռչունները, կենդանիները ու նայեցին, թե ինչպես են սունկ աղջնակները ապուր եփում:
Փայտփորիկը կտցահարեց, նապաստակը վազքի մրցման հաղթող դարձավ, դեղձանիկները երգեցին, իսկ գայլերն ու արջերը կռփամարտի անկրկնելի խաղ ցուցադրեցին: Այդ ընթացքում ապուրները եփվեցին: Սունկ աղջնակները ապուրը լցրեցին տերևների մեջ, որոնք թասանման թեքված էին, և տվեցին համտեսի: Բայց, ա՛յ քեզ բան, ոչ ոք չէր ցանկանում համտեսել դեղնեզր գլխարկով գեղեցկուհու եփած ապուրից, իսկ սպիտակ գլխարկով աղջկա եփած ապուրը կերել էին և խնդրում էին, սպասում, որ էլի եփի:
Դեղնեզր գլխարկով գեղեցկուհին բարկացել ու լաց էր լինում: Ահա մոտեցավ իշայծյամը, լուռ խոնարհեց գլուխն ու կերավ դեղնեզր գլխարկով սունկ աղջկա եփած թունավոր սնկերով ապուրը և հեռացավ: Բոլորը միաբերան ու վախեցած բացականչեցին. «Թունավո՛ր է», իսկ կաչաղակը, որն ամեն ինչ գիտեր անտառի կենդանիների մասին, կչկչալով բացատրեց, որ իշայծյամները թունավոր սունկ են ուտում, երբ հիվանդանում են: Այդ լսելով` անտառի բնակիչները ծափահարեցին դեղնեզր գլխարկով աղջկան: Եվ այսպես, փառատոնն ունեցավ երկու հաղթող, որովհետև մեկի եփածը շատ համեղ էր, իսկ մյուսինը` օգտակար:

Ժաննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՓՈՔՐԻԿ ՈՒՍՈՒՑԻՉԸ
– Գիտե՞ս, փոքրիկ իմ եղբայր,
Ո՛վ է Հայկը աժդահա,
Բելին հաղթող քաջ մի այր,
Հայ էր ազնիվ ու հսկա:

Իսկ Դավիթը Սասունցի,
Հայորդի էր դյուցազուն,
Ահն էր Մսրա Մելիքի,
Հայոց բերդ էր, ամուր սյուն:

Անդրանիկն էլ զորավար,
Մեծ Վարդանի հետնորդն էր,
Իսկ ես ու դու, իմ եղբայր,
Տիգրան Մեծի ժառանգներ:

Սոնա ԽԱՉԱՏՐՅԱՆ-ՍՏՐԱԼԵՑԿԻԵՆԵ

***
Տի՛կ, տա՛կ, տի՛կ, տա՛կ,
Ալարկոտ Արտակ,
Վեր կա՛ց, կուշանաս
Դպրոցից, տի՛կ-տա՛կ:
Գնա՛, լվացվի՛ր,
Ալարկոտ Արտակ,
Դպրոց շտապի՛ր,
Տի՛կ, տա՛կ, տի՛կ, տա՛կ:
– Մեր ժամացույցը
Բոլոր թվերը
Դեռ չի ճանաչում,
Շուտ է ինձ ձայնում…
Արտակը նորից
Քնել է ուզում,
Չի լսում մորը,
Չի լսում տատին:
Բայց ժամացույցը
Այնպես է ճչում`
Տի՛կ, տա՛կ, տի՛կ, տա՛կ,
Որ չի դիմանա
Եվ ոչ մի Արտակ,
Դպրոց կգնա:

Զեմֆիրա ԵՆՈՔՅԱՆ

ՊԱՊՍ
Պապս առավ բահն ուսին
Ու մտավ մեր այգին.
Այնքան գործ կար անելու…
Որ մեկն աներ խեղճ պապս,
Դեռ բոստան էր փորելու
Փուշ ու տատասկ մաքրելու,
Տատս այդ որ նկատեց,
Գործը թողեց, դուրս վազեց:
Քիչ անց զարկեց ծնկներին.
– Ճաշը մնաց կրակին:
Վառած ճաշի ծուխն ու հոտը
Բռնել էր ողջ տունն ու բակը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.