Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ

 

– Համակարծի՞ք եք, որ ժամանակակից գրականությունն ամեն օր պարտվում է քաղաքականությանն ու մեդիային:

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ – Իհարկե, ո՛չ: Մեդիան ու քաղաքականությունը զվարթախոս ծաղրածուի պես կարող են ամեն ինչ անել` իրենց վրա ուշադրություն գրավելու համար, իսկ գրականությունը, լուռ ու առանց բռնկուն թամաշաների, քայլում է առաջ: Գրականությունը պարտվում է, երբ չի կարողանում իր լավ գրողներին մատուցել աշխարհին, բայց գրականությունը հաղթում է, երբ  ուժեղ գործ է ծնվում, գրականությունը պարտվում է, երբ հանձնաժողովական դոկտորը տկար երկ ստեղծողին դափնեպսակ է ընծայում` արժեք-չափանիշ նահատակելով, բայց գրականությունը հաղթում է, երբ գրողի շնորհիվ տասը անընթերցասեր սկսում են ստատուսի փոխարեն գիրք կարդալ: Անմեռ գրականության քունքին կրակում ենք, երբ չենք էլ հասցնում ծանոթանալ ծնված հանճարեղ երկին և հեղինակի մասին կարծիք ենք կազմում ըստ անձնական հարաբերության, և գրականությունը թռիչք է ապրում, երբ բուռն քննարկումների արժանացած ու անտարբերությունը սասանող երկի հետ ես առնչվում: Գրականությունը պարտվում է, երբ գրողը կուսակցությունն ավելի հաճախ է փոխում, քան ներքնաշորը, բայց գրականությունը հաղթում է, երբ օտարերկրացին հիանում է քո արդի  գրողներով: Գրականությունը պարտվում է, երբ արհեստականորեն գերեզմանաքար ես դնում կյանքը սիրողի գլխի տակ, բայց գրականությունը հաղթում է, երբ գնահատման կուլտուրա  ես նկատում: Մեդիան ու քաղաքականությունն ինչքան էլ լիցքաթափման ու զվարճանքի աղբյուր դառնան, չեն հասնի այն բերկրանքին, երբ սեփական պիեսներդ բեմադրվում են իրար հետևից, ու հանդիսատեսի մեջ կենսասիրության տրոփ ես զգում. դրանից մեծ հաճո՞ւյք այդ պահին:

Մեդիան ու քաղաքականությունը տաղանդավոր ու անտաղանդ շոումենների պես հրապարակ են ելել` անգիտակցաբար զվարճանքի հաբեր մատակարարելով ժողովրդին ու ֆեյսբուքյան քֆուրչի-անիծողների սեռաքաղց ամբոխին: Իսկ գրականությունն անգույն խաղերանգներ ունեցող դերասանի պես հաճախ չի նկատվում` տեխնիկապես հետ մնալով ժամանակից: Եթե ընտանիքում գիրքը արժևորվի, եթե դպրոցում ուսուցիչը գրականությունը գրավիչ մատուցի` ժամանակի խաղին համահունչ, ապա առողջ հասարակությունը գրքին չի նայի այնպես, ինչպես «քյառթու իմաստուն ֆեյսբուքահայը». «Լա՞վ չես, ախպե՜ր, ինշշշ  գիրք, կարող ա էդքան պարապ ենք. էդ գիրքը մեզ նման մարդ չի՞ գրել. կյանքն ա գիրք»:

Գրականությունը ծնկում է, բայց չի ընկնում, երբ ձուն ուտում ես մազափունջ գտնելու նպատակով, բայց գրականությունը մեդիայի ու քաղաքականության զազրախոսությունը կարող է կտրուկ դադարեցնել և իր վրա բևեռել ուշադրությունը, երբ խստապահանջ ընթերցողը, ժամանակն ու արժեք գնահատողն ուրախությունից ցնցում են շատերի ուսերը. «Մաթևոսյանից հետո էլի են կարգին գրողներ գալիս: Ջա՜ն, էս ի՜նչ հրավառություն է. մեկը մեկից լավը, մեկը մեկից հետաքրքիր ու տարբեր, ինքնատեսակ ու ճակատներս աշխարհի առաջ պարզ անող»:

Մեդիային` ողջախոհություն, քաղաքականությանը` իմաստնություն, իսկ գրականությանը` շարունակական թռիչքներ, անգամ եթե ժամանակավոր կախվեն նրա ոտքերից, խանգարեն թռիչքին: Ի վերջո ամեն ինչ ժամանակավոր է, անցողիկ ու երջանիկ ժպիտի պես տխուր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.