Էդուարդաս Մեժելայտիս (1919-1997)

Լիտվայի ժողովրդական բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ե. Չարենցի, Ջ. Ներուի, Ն. Վապցարովի անվան մրցանակների դափնեկիր Էդուարդաս Մեժելայտիսի համար Հայաստանը դարձել է բանաստեղծական երկրորդ հայրենիք: Դա ոչ թե կույր, չգիտակցված սեր է, այլ վեհ զգացում` բխած հայոց պատմության և մշակույթի խոր իմացությունից:
Էդուարդաս Մեժելայտիսը Հայաստան այցելել է երեք անգամ (1969, 1979 և 1982 թվականներին) և բանաստեղծությունների երեք շարք է նվիրել մեր երկրին, որոնք աչքի են ընկնում իրատեսության, զգոն բարյացակամության և բարձր, զրնգուն խորհրդանշապաշտության յուրօրինակ ու լարված ներդաշնակությամբ, դրսից ընդգրկելու և ներս թափանցելու համակցությամբ:
Հսկայական տարբերություն կա 1969 և 1979 թվականների այցելություններից հետո գրված առաջին և երկրորդ շարքերի միջև: Դա վկայում է թեմայի նկատմամբ բանաստեղծի հետաքրքրության լարված զարգացման և ընկալման մասին. բանաստեղծ, որի ստեղծագործություններն ընդհանրապես մարդասիրության կրքոտ շիկացմամբ հանդերձ, աչքի են ընկնում իրենց որոնող, մասշտաբային ինտելեկտուալությամբ:
Վերը նշված բանաստեղծական 3 շարքերը ամփոփվել են Հայաստանին նվիրված «Քարե գինի» (1982 թ.) գրքում:
Մեժելայտիսի 100-ամյակի առթիվ մի քանի ստեղծագործություն ենք ներկայացնում «Մարդը» (Պարույր Սևակի թարգմանությամբ) և «Քարե գինի» (Վահագն Դավթյանի թարգմանությամբ) բանաստեղծությունների գրքերից:
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳԱԼԱԿՏԻԿԱՆ
Բենիկ Մարգարյանը` աստղագետն այդ հմուտ,
Բյուրականի այգում, ցողերի մեջ գարնան,
Ծաղիկներ է քաղում սպիտակ ու կապույտ
Եվ կնոջս մեկնում Դոն-Ժուանի նման:

Հրանոթից սերած աստղադիտակն հիմա
Հակաստղային ժամի իր հանգիստն է առել,
Հանգստանում է նա այն կիկլոպի նման,
Որ գիշերը աստղոտ խրախճանք է արել:

Բայց երբ մութը նորից վարագույրը կախի,
Այս ճերմակած մարդը` Շոպենի պես արդար,
Պիտի իր մատները հուր աստղերին բախի,
Պիտի աստեղնային նոտաները կարդա:

Կարդացել է որքան և նվագել որքան,
Ստեղ-ստեղ սեղմել աստղահույլերը վառ,
Գիշերային մթնում անեզրական
Տիեզերքն է շրջել որպես դրախտավայր:

Եվ այնտեղ, ուր աչքը սահմանին է հասել,
Ու սկսվել ինքը` անսահմանը,
Մոմի լույսի նման մի հրաշք է տեսել,
Իր աշխարհն է տեսել Մարգարյանը:

Եվ մկրտվել է նա Մարգարյանի անվամբ,
Գալակտիկան ինքն է այդ անունը խնդրել…
Եվ մտքերը նրա իբրև ոսկե մի ամպ
Թափառել են այնտեղ ու ծաղիկներ փնտրել:

– Այդ Մարգարյան կոչվող գալակտիկան,-
Հարցնում եմ ես իրեն` Մարգարյանին,-
Այս ծայրի՞նն է արդյոք… Եվ արդյոք կա՞ն
Ինչ-որ ուրիշ բաներ այդ աստղերից անդին…

Մարգարյանը ժպտում ու ասում է կամաց.
– Այս Մարգարյան կոչվող աստղերից դեն
Բյուր աստղեր կան և՛ վառ, և՛ միգամած,
Մի օր այդ բոլորը պիտի դիտեմ:

– Բայց տիեզերքն ինքը,- հարց եմ տալիս նրան,-
Ի՞նչ է տիեզերքը…
Նա թե`
– Ես չգիտեմ…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . .
Իսկ այս հողագնդում չկա ոչ մի նոր բան,
Այս բալենին է լոկ, որ ծաղկել է իմ դեմ…

ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾԱՂԻԿ
Շքեղ ծաղկի պես Անդրոմետան է շողշողում վերում,
Իր գեղեցկությամբ նա տիեզերքին է պատիվ բերում:

Պատիվ չի բերում այս հողե գունդը, ուր ապրում եմ ես,
Նա տիեզերքում կախվել է ահա չար ուռուցքի պես:

Կախվել է իբրև արցունքի կաթիլ` խոշոր ու աղի,
Եվ սլանում է, դեպի անդունդ է գնում կատաղի:

Ծաղկի ցողի պես կախվել է ահա արևի հյուսից
Եվ դողդողում է, առկայծում հազիվ իր մարող հույսից:

Նա տիեզերքում կախվել է որպես կաթիլը արյան,
Իր մեջ երկրներ և արարչություն մի բազմադարյան:

Տիեզերական այս ծառի ճյուղի մի խնձորն է նա,
Իսկ շուրջը կետեր, կետեր անհամար ու հեռագնա:

Տիեզերքը` մի հսկա բազմակետ… Բայց Անդրոմետան
Գեղեցիկ է, քան ծաղկունքը Երկրի` հինավուրց մեր տան:

Կատարելություն կա՞ արդյոք այդ բյուր կետերից մեկում…
Այս մոլորակը տագնապում է ինձ ու ահաբեկում…

Թարգմանությունը` Վահագն ԴԱՎԹՅԱՆԻ

ՔՆԱՐԸ
Ես քնար չունեմ:
Սակայն արտույտը զվարթ ու անքուն`
Վաղ առավոտյան երկնքում կյանքը փառաբանելով,
Մի ծայրն արևին
Ցնծությունների ու տառապանքի իր լարն է սարքում`
Ու երկրորդ ծայրը երկրին տանելով:

Թրթռալու չափ ձգված ուղղաձիգ`
Հավերժ երգեցիկ, հար հնչուն է նա:
Բարձրացնելով երկիրը դեպի արևն ուղղակի`
Հազար կերպերով ղողանջում է նա:

Եվ հավատում ես, որ առավոտվա այդ թռչունը դեռ
Չի վերջացրել իր սավառնումը ցնծուն օրհներգով:
Իսկ երբ երկընքի գավաթը հանկարծ թեքվի մի թեթև`
Անձրևի լարը պիտի զնգզնգա մատների ներքո:

Ես քնար չունեմ,
Սակայն անտառի կանաչում անծիր
Կա սոճու բնի ճերմակ լարը թավ.
Բարձր երկընքի
Ու երկրի միջև
Նա օրորվում է զնգոցով իր ձիգ`
Արմատները խոր հողի մեջ խրած
Ու սլաքվելով երկինքը մինչև:
Եվ քաղցր է զգալ, որ մի առանձին
Բախտ է կտակել ինձ լարն այդ սոճու.
Քամին է զարկում զնգուն պղնձին,
Եվ անտառի մեջ նորից է հնչում
Մեր Չյուրլյոնիսի «Անտառն» անդադար,
Անտես մի ձեռքով, նոտա առ նոտա:

Ես արտ եմ տեսնում:
Եկել է արդեն ժամը բաղձալի,
Հանճարն է հասել և իր ձուլածո լեցուն լարերով
Վաղորդյան մուժում հնչում է խոր ու մտորումնալի
Այս գյուղամիջյան ճանապարհների երկու ծայրերով:

Ես քնար չունեմ:
Սակայն ի վերուստ ինձ մի սրբազան վիճակ է ընկել.
Անդաստաններում,
Ուր շաղը թարմ է և այնպես շռայլ,
Հանապազօրյա մեր հացի մասին հղանալ երգեր
Հասուն հանճարի անընդգրկելի լարերի վրա:

Ես քնար չունեմ:
Սակայն երկնամուխ ծխնելույզները գործարանների
Քարե լարերին իրենց բամբ ձայնն են
տարածում նորեն,
Երկինք են փնչում իրենց տոթը շեկ և անտանելի,
Ծանրորեն այնպես, այնպես կոպտորեն:

Այնտեղ աղավնին թևաբախումով ճերմակ թևերի
Գործարանային այս ծխնելույզն է տանում ու կապում
Անընդգրկելի և անապական երկընքին կապույտ`
Լարը ձգելով մինչև երկընքի կամարը վերին:

Թևս թափ տալով`
Ես այս վայրկյանին լարին կզարկեմ,
Գործարանային` քար ու մետաղից
սարքված այս լարին,
Եվ միասնական մի մեղեդու մեջ իրար կգրկեն
Ձայները բոլոր ծխնելույզների,
Արտ ու անտառի:

Ես քնար չունեմ:
Սակայն լարերը քնքուշ ձեռքերի, որ հեռվից-հեռու
Միշտ դեպի ինձ են երկարվում անվերջ,
Ղողանջում են հար թե՛ քաղաքային քուլաների մեջ,
Թե՛ դաշտերի մեջ, թե՛ բիլ գետերի ոլորաններում:

Սոճի և հանճար,
Մի հսկա թավուտ ծխնելույզների ու բյուր ձեռքերի,
Եվ արտույտների զըրնգուն դայլայլ ամենահնար…
Ձուլվում են իմ մեջ
Ցնծագին ձայներն անթիվ երգերի…
Ես ունեմ քնար:

ՄԱՐԴԸ
Երկու ոտքով ամուր հենված հողագնդին`
Ես արևի գունդն եմ պահում իմ ձեռքերով:

Ու կանգնած եմ, այսպես, երկու գնդի միջև`
Երկրի միջև և արևի:
Իսկ ուղեղի ընդերքը և շերտերն անտակ
Խոր ու խորունկ են ընդերքի հանքի նման,
Եվ այնտեղից կտրում եմ ես, քարածխի պես,
Եվ այնտեղից ես հալում եմ, իբրև երկաթ,
Նավեր, որոնք օվկիանոսներ են ակոսում,
Ու գնացքներ` երկրագունդը գոտևորող,
Թռչուններին շարունակող ինքնաթիռներ
Ու հրթիռներ, որ զարգացումն են կայծակի:
Այս ամենը ես կերտել եմ ու ստեղծել
Երկրագնդի նման կլոր իմ այս գլխով:
Իմ գլուխը արեգակի գունդ է խարտյաշ.
Լույս է ցրում, ճառագայթում երջանկություն,
Կենդանության շունչ է փչում երկրայինին,
Երկրագունդը բնակեցնում մարդ էակով:
Եվ առանց ինձ երկիրն ինչ է.
Մի անկենդան,
Տափակեցված ու կնճռապատ մի գունդ է լոկ,
Որ մոլորվել անծայրածիր միջոցի մեջ
Ու լուսնյակի պաղ հայելում տեսնում է պարզ,
Թե որքան է ինքը մեռյալ,
Նաև տգեղ:

Ես ծնվել եմ հողից` նրա խոր կարոտից:
Իսկ տրտմության իր մութ պահին այդ հողը նույն
Ինձ պարգևեց իմ գլուխը` գունդն այս փոքրիկ,
Որ արևին ու երկրին է այնքան նման:
Եվ իմ փոքրիկ այս գլխային գունդն ի վերջո
Գերազանցեց վիթխարիին` երկրագնդին:

Հողը տրվեց-հանձնվեց ինձ, և իմ կողմից
Ես էլ նրան ընծայեցի գեղեցկություն:
Եվ հողն էր, որ ինձ ստեղծեց: Ես էլ սակայն
Ջանք դրեցի ինքս նրան վերստեղծել,
Ու նորացավ, ու լավացավ, գեղեցկացավ.
Երբևիցե չէր էլ եղել նա այդպիսին:

Երկու ոտքով ամուր հենված հողագնդին`
Ես արևի գունդն եմ պահում իմ ձեռքերով:
Ես կամուրջն եմ արևի և երկրի միջև.
Իմ վրայով արևն իջնում է դեպի երկիր,
Իսկ երկիրը դեպի արև է բարձրանում:
Իմ շուրջ, իբրև խայտաբղետ մի կարուսել,
Պտտվում են
Իմ կերտվածքներն ու երկերը`
Ինչ արարել ու կերտել են իմ ձեռքերը.
Իմ շուրջբոլոր պտտվում են բյուր քաղաքներ,
Հսկա շենքեր,
Հրապարակներ ասֆալտապատ
Եվ կամուրջներ` լեցուն մարդ ու մեքենայով:
Ինքնաթիռներ, օդանավեր` իմ շուրջբոլոր,
Եվ հրթիռներ են պտտվում իմ շուրջբոլոր:

Ու կանգնած եմ այսպես`
Հաստատ,
Ե՛վ գեղեցիկ,
Ե՛վ իմաստուն, և՛ մկանուտ, և՛ թիկնավետ:
Ես աճում եմ ու բարձրանում հողից արև
Եվ արևի ժպիտներն եմ ցրում հողին.
Արևելքին, արևմուտքին,
Դեպի հյուսիս, դեպի հարավ:
Ես կանգնած եմ ահա այսպես.
Ես, որ մարդ եմ…

Թարգմանությունը` Պարույր ՍԵՎԱԿԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.