Ամսվա հարց. Սամվել Կոսյան

– Հայաստանյան տիպի փոքր հնարավորություններով երկրներում արդյոք մշակութային շուկայի դոնորը պետությո՞ւնն է, եթե ոչ, ի՞նչ միջոցներով է հնարավոր կարգավորել ոլորտը:
Սամվել ԿՈՍՅԱՆ – Մեզանում պետությունն, իհարկե, ինչ-որ չափով նպաստում է գրահրատարակչական ոլորտին (պետաջակցություն, պետպատվեր, թեև վերջին շրջանում այս գործառույթն էլ անհասկանալի փոփոխությունների է ենթարկվել), սակայն գրքերը հրատարակելուց հետո անորոշ է սպառման, իրացման գործընթացը:
Նորվեգիայում պետությունը յուրաքանչյուր անուն նոր գրքից 1000 օրինակ գնում և բաժանում է գրադարաններին: Մեզանում նույնպես ներդրումներ են անհրաժեշտ, և բնականաբար, ոլորտի զարգացման գլխավոր դերակատարն ու դոնորը պետությունը պետք է լինի: Նույն Նորվեգիայում հրատարակվող գրքերի 1/3-ը պետության օժանդակությամբ է: Հայաստանում տպագրվող գրքերը հիմնականում տպագրվում են հեղինակների կամ առանձին բարերարների միջոցներով, և այդ գրքերի մեծ մասը, մեղմ ասած, դժվար է որպես գրականություն որակել: Հրատարակչությունները ինքնագոյության համար ստիպված են նաև «խոտան» հրատարակել, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք` խառնաշփոթ, երբ թացը չորից անհնար է տարբերակել: Սրանով պայմանավորված, պետությունը ոչ միայն ներդրող պիտի լինի, այլև «գրականության շահերը պաշտպանող փաստաբան», կանոնակարգելով և առաջնագիծ բերելով բովանդակությունն ու գեղարվեստական չափանիշները, որի համար ոչ միայն գործող մեխանիզմներ են պետք, այլև որոշակի օրենսդրություն: Եթե պետությունը պատրաստ չէ սրան, գոնե պիտի փորձել մեկենասության մշակույթը զարգացնել, որոշ արտոնություններ տրամադրելով բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան մշակույթին և գրականությանը աջակցող ներդրումներ անել, երևույթ, որ արմատացած է բազմաթիվ երկրներում:
Այսօր Հայաստանում բազմաթիվ հիմնադրամներ են գործում, բայց հազիվ թե մշակույթը հովանավորող որևէ հիմնադրամ հիշես, թեև ճիշտ կլիներ, որ այդպիսիք մի քանիսը լինեին: Մշակութային շուկան կանոնակարգման կարիք ունի, ոլորտի հարցերը շատ են և առկախված: Վիճակը չի փոխվի, եթե պետությունը չփորձի մշակութային քաղաքականության ձևավորման տերն ինքը լինել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.