Մելս ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԹԵ ԻՐԱՎ ԿԱ
Թե իրավ կա երազիս
աղջիկն աշխարհում՝
Չթե շոր հագած,
Վարսերը թափվող ջրվեժի նման,
Եվ կրծքի վրա շորը ճաք տված,
Ճաքի արանքից ինձ աչքով անող
Աղավնիները` սև շորով բանտված,
Որ իմ շուրթերով իրենց
ազատման կարոտն են քաշում՝
Նա է իմ սերը:

Նա թող ինձ երբե՛ք-երբե՛ք չսիրի՝
Մերժված մնամ,
Միայն նա լինի սեգ երազիս մեջ,
Թող ոչ մի անգամ արթմնի չգա,
Միշտ մնա անհաս,
Միշտ մնա ցնորք,
Միայն թե տարին մի գիշեր գոնե
Երազանքներիս տիրություն անի,
Որ չթափառեն անտուն, անհասցե
Ու ինձ չտանեն մեղսագործության՝
Նա է իմ սերը…

ԼԵԶՈՒՍ ԲԱՐԲԱՋՈՒՄ Է
Սրտիցդ առաջ ընկած՝
Լեզուդ բարբաջում է
Սուտ ու աղքատ բաներ,
Ու ցավում է սիրտդ,
Որ անզոր է խելքի բերել
լեզվիդ՝ փչոցաշատ,
լեզվիդ՝ ձանձաղ…
Հապա խելքդ` այդ հիմարը,
Որ մնում է լեզվիդ գերին,
Ու նա դառնում է
տիրակալը ախմախ գլխիդ…
Օ՜, քո լեզուն,
Եվ ինչո՞ւ չէ,
Այս մեր լեզուն
Մկանը փիղ կդարձնի,
Առյուծին՝ մուկ,
Թագավորին՝ կատարածու,
Իսկ գիտունին՝ խեղճ ու անճար –
Ինքը իրեն չի մոռանա
կարգել հանճար,
Խաղաղ կյանքդ կդարձնի մահ ու կռիվ,
Ազնիվ սերըդ՝ խանդի կսկիծ,
Բարությունըդ՝ իր ուզածով
Կդարձնի չար ու թախիծ
Ու կխնդա ցինիկաբար…
Թե ուզենա՝
Հորը՝ որդուն,
Որդին՝ հորը,
Եղբայրը եղբորը կխենթացնի
Ու դժոխքի բոցերի մեջ նրանց կայրի.
Օ՜, մեր լեզուն
Օձին անգամ իր
խայթոցով կըսատկացնի
Ու կարիճի թույնը նույնիսկ
մեղրահացի տեղ կծախի,
Համբույրը՝ թույն,
Թույնը համբույր կդարձնի,
Օ՜, մեր լեզուն
և՛ սատանա,
և՛ Աստված է,
այդ անպետքը,
այդ դահիճը,
այդ քաղցրը,
սև ու սուգը,
Օ՜, մեր լեզուն…

ՈՐ ՔԱՐԻՆ ԷԼ ԳԼՈՒԽԴ ՏԱՍ
Որ քարին էլ գլուխդ տաս,
Ջարդվողը քարն է,
Որ պատին էլ գլուխդ տաս,
Քանդվողը պատն է,
Որ ծովն էլ որ գնաս-ընկնես,
Խեղդվողը… ջո՜ւրն է…

Դու քեզանից պրծում չունես-
Արևըդ անգամ վարքիդ համար
Դարձյալ մութ է…

ԵՐԱԶԻՍ ՄԵՋ
Երազիս մեջ դու իմն էիր,
Իմ պաշտելի՜ն, իմ լա՜վը,
Բայց զարթնեցի, ու դու կրկին
Դարձար էլի իմ ցավը:

Հեռացումըդ խոցեց սիրտս,
Ա՜խ, գնացիր անհասցե,
Կրկին դատարկ մնաց գիրկս,
Ու խաթարվեց սեր-կյանքս…

Ա՜խ, երազս ի՜նչ անուշ էր,
Մի վայրկյանը ծով էր խոր,
Բայց ինչ օգուտ, որ այդ ծովում
Խեղդեցիր իմ երազանքները բոլոր…
ՄՏՔԵՐԻ ԾՈՎՈՒՄ
Իրար հակասող մտքերի ծովում
Դարձել եմ անուժ մի թիապարտ.
Մե՛րթ՝ իբր մարդիկ,
Թողել են իրենց բանն ու գործն անտեր
Ու ինձ են գովում,
Մե՛րթ էլ նույն մարդիկ փնովում են ինձ:
Մե՛րթ ես հզորն եմ հզորների մեջ
Ու անում եմ այն, ինչ ցանկանում եմ,
Մե՛րթ էլ ցավաշատ լուռ տառապում եմ,
անօգնակա՜ն եմ…
Մե՛րթ սեր եմ անում Շամիրամի հետ,
Մե՛րթ էլ դառնում եմ ես գերին նրա,
Մե՛րթ ինձ կարգում են
աշխարհի տերը,
Մե՛րթ էլ աշխարհն է չոքում ինձ վրա:
Իրար հակասող մտքերի ծովում
Չարին բարի՜ եմ դարձնում հաճախ
Ու ինքս ինձնից կարծես գոհ մնում,
Որ վատի՛ մեջ անվերջ
լա՛վ բան եմ տեսնում…

ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ
Ափսոսում եմ նախ և առաջ
Այս օրերի արագ երթի
Ու կորստի համար անդարձ,
Որ տանում է լուռ ու անտեր
Ամենայն ինչ
Ու մեզ մի օր կանգնեցնում է
Անցանկալի փաստի առաջ…

Ափսոսում եմ վարդի համար,
ծաղկի համար,
Որ բիրտ ձեռքը
Չի խնայում անգամ նրանց:
Անիծում եմ ես այդ ձեռքը,
Եվ ա՜յն ձեռքը,
Որ փոխանակ բուժի վերքը,
Աղ է ցանում բացված վերքին:

Ափսոսում եմ և այն կանանց,
Որ մի կտոր հացի համար
Մուրացկան են դառնում հանկարծ
Եվ մինչև իսկ մարմնավաճառ…

Ափսոսում եմ այն մոր համար,
Որ տառապանքն անտեսելով,
Անգամ հաճույք ստանալով՝
Իր մեջ կյանք է տալիս որդուն,
Բայց որդին այդ աշխարհ գալով՝
Ավազակ է դառնում մի օր…

Ափսոսում եմ նոր կազմվող ընտանիքի
Ջահելներին,
Որ սիրալիք երազներով
Փթթում են ծիրանի պես
Ու վարդի պես բո՜ւյր են տալիս,
Բայց և մի օր,
Սեր ու գգվանք մոռանալով,
Բաժանվում են
Ու անեծք են իրար տալիս:
Ափսոսում եմ,
Ափսոսում եմ,
Ափսոսում եմ…

ԴՈՒ ՑՆՈՐՔ ԵՂԱՐ
Դու ցնորք եղար՝ ինչպես երազը,
Որ քեզ նախապես չի ասում երբեք
իր գալու մասին:
Ու երբ գալի է, ինչպես ուզենա
կվարվի քեզ հետ…
Իսկ դու՝ անուժ երեխայի պես
Հլու-հնազանդ կտրվես նրան…

Մի պահ բարի է
Ու կտանի քեզ սիրո, գգվանքի
գիրկը փառահեղ,
Մի պահ կդառնա դաժա՛ն, չարակա՛մ
Ու կնետի քեզ անդունդը անել…

Հիմա դու կյա՞նք ես, թե՞
ցնո՜րք, երա՜զ,
Որ քո գոյությամբ իմ գիշերները
անում ես քեզնով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.