ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

 

Մարտի 19-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս Սամվել Մարգարյանի «Մայիսյան անձրևներ» գրքի շնորհանդեսը:

Բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը, ով Սամվել Մարգարյանի հետ գրեթե միասին է մտել գրական ասպարեզ, նրան համարեց մեր գրական ընտանիքի այն անդամներից, ովքեր բազմաշնորհ ստեղծագործում են և՛ հրապարակախոսության, և՛ պոեզիայի ոլորտում: «Ե՛վ հայրենասիրական, և՛ քնարական բանաստեղծությունների, և՛ խոհական-փիլիսոփայական շատ հետաքրքիր մտորումների հեղինակ է Սամվել Մարգարյանը»,- վստահեցրեց Լ. Բլբուլյանը:

Բան. գիտ. թեկնածու Վարդան Մելքոնյանը, խոսելով Ս. Մարգարյանի՝ հայրենի Երազգավորս գյուղում ծավալած գործունեության մասին, անդրադարձավ «Մայիսյան անձրևներ» ժողովածուին: «Ընդգրկված շարքերը գրվել են բանաստեղծական թարմ ու գունեղ լեզվաարտահայտչամիջոցներով: Բանաստեղծը փառաբանում է հայրենիքը, հայոց աշխարհը, ոգեկոչում նախնյաց հիշատակը»,- նշեց Վ. Մելքոնյանը՝ հավելելով, որ նա նաև տագնապի ահազանգ է հնչեցնում երկրում մոլեգնող արտագաղթի մասին: «Մայիսյան անձրևները» կարծես լվանում, մաքրում է մարդու հոգին, և մարդ արարածն ակամայից այլ կերպ է նայում աշխարհին, դառնում է բարի, կամեցող, լավատես ու հավատում է, որ պատմական արդարությունը կվերականգնվի»,- ամփոփեց բանախոսը:

«Սահմանապահ մտավորական»,- այսպես բնորոշեց Ս. Մարգարյանին «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը՝ ներկայացնելով նրան որպես իր հող ու ջրին ամուր կապված մտավորականի, հայ քաղաքացու: «Շիրակի արժանի զավակ, ով ապացուցում է, որ մուսան գալիս է նաև հայրենի հողում»,- ընդգծեց նա:

Պատմաբան Արմեն Կարապետյանի կարծիքով՝ շատերն են փորձել մեր պատմությունը ոգեղենացնել, տալ բանաստեղծական շունչ ու ոգի, բայց քչերի մոտ է ստացվել: «Մեր պատմությունը Սամվել Մարգարյանի գրչի ներքո ոգեղենացած դարձել է զտարյուն բանաստեղծական տող, կայացած, ոգեղեն պոեզիա»,- ասաց նա:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, ստեղծագործություններից ոչ պակաս կարևորելով մարդկային արժանիքները, նշեց, որ Ս. Մարգարյանի ստեղծածը մեր արժեքները վեր հանող գրականություն է: «Նա հենվում է այն ամենի վրա, ինչը հային հայ է պահում, բխում է ազգային մտածողությունից: Սամվելի գիրքն իր ոգեղենությամբ բարության շունչ է ավելացնելու, և բարությունը չարին հետ է մղելու»,- վստահեցրեց Խ. Մանուկյանը:

Ելույթ ունեցան նաև բանաստեղծ Վան Արյանը, ազատամարտիկ Ջուլյա Գյունաշյանը և ուրիշներ:

Սամվել Մարգարյանը ներկայացրեց մի քանի բանաստեղծություն՝ իր նախընտրությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.