Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոմանը» պարսկերեն

Bank Osmani (final) 001

 

Հայ ժողովրդի պատմության 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին տեղի ունեցած մի շարք կարևորագույն իրադարձություններ արգելյալ նյութեր էին Խորհրդային Հայաստանի գրեթե ամբողջ գոյության ընթացքում: Օրինակ` Կ. Պոլսի Օսմանյան Բանկի գրավման և դրան հաջորդող՝ քաղաքում տեղի ունեցած հազարավոր հայերի ջարդի պատմությունը, հասկանալի պատճառներով, չարտացոլվեց խորհրդահայ գրողների երկերում: Անկախությունից հետո էլ կարծես չէին շտապում խախտել այդ պարտադրված լռությունը: Ալեքսանդր Թոփչյանն էր միայն, որ 2008 թ. լույս տեսած իր «Բանկ Օտոման» վեպով վերջապես անդրադարձավ մեր պատմության այդ կարևոր էջերից մեկին: Հայաստանի և Սփյուռքի մամուլը բարձր գնահատեց այդ երկը` մասնավորապես նշելով, որ դա նոր խոսք է հայ պատմավիպասանության մեջ: Մեկ տարի չանցած, 2009 թ. վեպը` դասական ուղղագրությամբ, վերա­հրատարակվեց Բեյրութի «Արծիվ» հրատարակչության կողմից, միաժամանակ, 2010 թ. հունվար-մարտ ամիսներին, ամբողջությամբ, շարունակելի լույս տեսավ նաև «Երկիր» թերթում: Քիչ ավելի ուշ, դարձյալ 2010 թ., թարգմանվեց ռումիներեն, այնուհետև՝ ֆրանսերեն և ռուսերեն: Ըստ որում, ռուսերեն լույս տեսավ երկու անգամ (Հայաստանում՝ ամբողջությամբ «Լիտերատուրնայա Արմենիա», թիվ 3-4, 2010 թ., և 2012 թ. «Յունիպրես» հրատարակչությունը տպագրեց Մոսկվայում): Սրանց ավելացավ չորրորդ թարգմանությունը` պարսկերեն, որը լույս տեսավ բոլորովին վերջերս Թեհրանում:

Ալ. Թոփչյանը մեզ պատմեց, որ թարգմանչի` դոկտոր Գավամեդդին Ռազավիզադեհի հետ ծանոթացել է 2016 թ. աշնանը, Երևանում: Դրդապատճառը եղել է Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզի մեջ»` ցեղա­սպանությանը նվիրված ծավալուն վեպը, որն իրանցի հյուրը թարգմանել էր պարսկերեն և ցանկություն հայտնել գրքի ընծայագրված օրինակը նվիրելու իր հայ գործընկերոջը, որը նույնպես այդ վեպը թարգմանել էր հայերեն և լույս ընծայել Երևանում` 1999 թ.:

«Բանկ Օտոմանի պատմությունը նրան ծանոթ էր, – ասում է Ալ. Թոփչյանը: – Չէ՞ որ Վահե Քաչայի վեպում ընդարձակ մի գլուխ կա, որտեղ նկարագրվում են այդ դեպքերը: Ուստի, իմանալով, որ ես մի ամբողջ վեպ եմ գրել` նվիրված այդ իրադարձություններին, ինձնից խնդրեց ֆրանսերեն և ռուսերեն թարգմանությունները: Պարզվեց, որ նա ոչ միայն ֆրանսերենից, այլև ռուսերենից է թարգմանում և արդեն ռուս մի շարք դասականների գործեր է թարգմանել»:

Դոկտոր Ռազավիզադեհը Թեհրան վերադառնալով, մի քանի օր անց, համացանցով հեղինակից արտոնություն է խնդրել «Բանկ Օտոմանը» թարգմանելու պարսկերեն, և ահա, վեպի չորրորդ թարգմանությունն արդեն սեղանին է:

Հեղինակը մեզ հայտնեց, որ սպասվում են նաև երկու նոր թարգմանություններ, որոնցից մեկն, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի մինչև ամռան սկիզբը: Այսպիսով, «Բանկ Օտոմանը» դարձավ անկախությունից հետո գրված ստեղծագործություններից, թերևս, ամենաշատ տարածվածը և թարգմանվածը: Այս տարի լրանում է Ալ. Թոփչյանի ծննդյան 80 և գրական գործունեության 60-ամյակները: Նա ասաց, որ իր վեպի պարսկերեն թարգմանությունը համարում է իր տարեդարձների լավագույն նվերը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.