Մանվել ՄԻԿՈՅԱՆ

 

 

Լույսի ցնծություն

Հրաշափառ հայտնությունից

ծնված լույսի ցնծություն,

որ ալիքվում է ամենուր՝

երկրի վրա ու երկնում,

ընդգրկում է Տիեզերքը

անսովոր իր ջերմությամբ,

ապրում փխրուն հոգիներում՝

տեսանող ու թափանցիկ,

կրում վերին Քո ժպիտի

ճառագայթներն ամոքիչ,

որ հագեցնում են ծարավը

անապատում անաղբյուր,

դառնում նշխար

բազմապատկվող,

սովյալներին հագեցնում,

փշաքաղվում են ծառերը

ու ծաղիկներն այլաբույր,

իրենց անվան հնչողությամբ

մոլախոտերը նույնիսկ

կարկամում են ու ամոթի

բոցերի մեջ հրկիզվում…

Չես լքում, Տե՛ր, քո մոլորյալ

զավակներին խոտորվող,

ովքեր շրջվում են ի վերջո,

փնտրում դեմքդ երկնքում:

Չես լքում մեզ, միշտ ավիշ ես

դու ներարկում կենարար

մեր հղացման հուսաշերտին՝

ճյուղավորվող բազմերանգ:

 

* * *

Երբ ալիքվում են հուշերը կապարե,

հետո հավաքվում ու ծանրանում են

հոգնած իմ ուսերին ու հոգուս մեջ,

կորուստների ցավից

փակում եմ աչքերս

ու փնտրում եմ երկրորդ՝

մաքուր տեսողությամբ

լուսավոր քո դեմքն ու քո

աչքերը, հայր իմ:

Դու ժպտում ես դարձյալ ու քո դեմքից

ճառագում են բազում հուսաշերտեր

և աչքերիս միջով լցվում

հոգուս խորքը:

Հալվում է կապարը,

լցվում ոտքերիս տակ,

դառնում նոր ճանապարհ՝

անսայթաք ու ամուր,

ես քայլում եմ հանգիստ ու անշտապ,

ու թեթև են ուսերս,

խայտում է ավյունը

երակներիս ներսում,

բջիջներում հոգուս,

ես թռչում եմ հեռու,

մտնում տեսիլքների

թմրանյութով օծուն

խորքը մոլախաղի,

ուր բառերը կրկին կարկամում են

պատկերների գերխիտ

հորձանուտում,

հետո հնչում որպես մի այլանուն,

այլահնչյուն ու

երկնառաք լույս մեղեդի…

Դու լսում ես համակ ու

գոհունակ ժպտում,

իմ ունկերն են լցվում

զարկերը քո սրտի,

վայրկյաններն են ապշում

հաշտ բաբախումից

մեր սրտերից հնչող նույն ռիթմերի…

 

* * *

Հավաքում եմ ներկա և ապառնի

կարոտիս հապաղած ու

չարձակված լույսերը

ապահով տիրույթում վերերկրային:

Այնքան բազմագույն ու

տաք են դրանք,

որ կարկամում են

սուլոցները քամիների,

կակազում են թռչունները երգելիս,

սակայն ժպտում է Տերը՝

հավաստելով, որ

անխաթար կմնան լույսերը,

և երբ ես նույնպես

լինեմ տիրույթներում այդ երանելի,

բույլ առ բույր

կփոխանցվեն սիրելիներս,

որոնց հանդեպ

այդպես էլ անհագ է մնալու

կարոտն իմ անչափելի…

 

* * *

Երևակայության ու բանականության

սահմանն անհետանում է

հղացման թռիչքի բարձրությունից,

երբ թռիչքի արագությունը

գերազանցում է լույսի արագությանը,

երբ կորչում է հաշվարկը

բոլոր գույների անթիվ երանգների…

Ու հոգնում ես

երանգների առատությունից

և նիրհում նրանցից երկուսի

եզրաշերտերին:

Երազում շարունակում ես

ճամփորդությունն

այլմոլորակային գունաշխարհներում,

մինչև այնտեղ էլ հոգնում ես

և միաձուլվում գույներից մեկին:

Երևակայության ու բանականության

սահմանն անհետանում է

հայացքի ներթափանցման

արագությունից,

որից զուգավորվում են

բոլոր լույսերն ու գույները

ցնորամիտ, վերացարկումների:

– Չվատնե՛ս հղացման բերկրանքը

ինքնահիացմունքի խաղատներում…

 

Ուշ աշուն

Դեմքին՝ եղյամե սարսուռ,

հանդերձանքով դեղնած ու հնամաշ,

ինչպես պոեզիայի դասականի

գերօգտագործված ու հոգնած

պատկերների մի հավաքածու,

իբրև կանխված ձայնարկում

մայրամուտի պաղաշունչ կարմիրում,

սիրո ուշացած խոստովանություն,

երբ բառերը փոխարինում են

կոնկրետ գործողությանը…

Ուշ աշուն…

Ես զգույշ եմ քայլում,

որպեսզի անցած օրերիս՝

տերևների տեսքով,

շատ ցավ չպատճառեմ…

Կարծես այդ օրերն են

քայլում իմ վրայով,

իսկ ես ծանրության փոխարեն

թեթևություն եմ զգում՝

լուսավոր ակնթարթներով

պարուրված…

Չեմ նայում արհեստական լճի մեջ,

որպեսզի չտեսնեմ

բնական թախիծը՝

մայրամուտից ընծայված,

քանզի գնում եմ դեպի Մայրամուտ

և ստիպված եմ լինելու

նայել Նրա տխուր աչքերին…

 

Իմ դեմքը

Ներսուզումների հաճախության մեջ

գունազրկվում է լույսերի պարսը,

երկինք եմ նայում՝ տեսնելու հույսով,

չափավորելու կոդանիշերը:

Երևում է պարզ, հետո մեծանում,

ու նշմարվում է ժպիտը Նրա,

բոլորակվում է ներսուզման Ծեսը,

գունավորվում են անթիվ լույսերը,

հետո խտանում, դառնում են հսկա,

գերտեսանելի, գերիմանալի

մի նոր հայելի, որի մեջ արդեն

ես տեսնում եմ պարզ իրական դեմքս:

 

* * *

Լույսը չի հանդուրժում

համառությունը ստվերի,

որ ուղեկցում է մեզ ամենուր,

որ պտտվում է շուրջը

տների, ծառերի ու ծաղիկների:

Ստվերը գիտի, որ անմեղ է,

որ լոկ ընդգծում է

լույսի առավելությունը

և սփոփում հաճախ

լույսի ու տապի ծանրությունից

հոգնածներին:

Լույսն ու ստվերը միասին

արդեն չեն հանդուրժում մեզ,

որ միշտ փնտրում ենք

հակադրություններ իրենց միջև…

Երևի նրանք սիրում են վաղուց

իրենց անհաշտ մտերմությունը:

 

* * *

Եթե չես ստում,

մի՛ ասա, թե գիտես ճշմարտությունը,

եթե շատ ես խոսում,

մի՛ ասա, թե գիտես խոսքի արժեքը,

եթե շատ ես լռում,

մի՛ ասա, թե լսում ես լռության ձայնը,

եթե տեսնում ես ծառը,

մի՛ ասա, թե նաև լսում ես

սոսափյունի անկրկնելի մեղեդին,

եթե չես դավում,

մի՛ ասա, թե բարի ես,

եթե չես ատում որևէ մեկի,

մի՛ ասա, թե գիտես՝ ինչ է սերը…

Եթե չես լսում Տիրոջ ձայնը,

մի՛ ասա, թե դու խուլ չես:

 

Բառեր

Բառերն են հառնում

իբրև հաշտություն

լռության, խոհի, հնչյունի միջև…

Բառեր կան՝ խորքում

ճիչեր ամբարած՝

տառերի անհաշտ դասավորությամբ,

որ հնչում են լոկ իբրև մարտակոչ

ոգու ընդվզման, միաբանության:

Բառեր կան՝

փութով հանդերձավորված,

խայտանկարված պաճուճանքներով,

շպարազեղծված կեղծ նոտաներով,

որոնք հնչելիս արձագանք ունեն

միայն գետնաքարշ

տիրույթներում գորշ:

Բառեր կան՝ դիպուկ, ճշգրիտ անչափ՝

փայլող մերկությամբ շքեղ ու հզոր,

որոնք ժայռեր են փշրում հնչելիս:

Բառեր կան՝ ծնված լույս հոգիներից,

որոնք անհնչյուն, աչքերի միջով

թափանցում են մեր հոգիների մեջ՝

գունեղ, ամոթխած ջերմ թրթիռներով

դառնալով հուսո երաժշտություն:

Վերջապես բառեր սիրազեղության,

որոնք երկինք են տանում նրբասահ

և մեզ պարուրում կապույտ հրաշքով,

որոնք ծաղկաշատ

դրախտ են երկնում

անապատների անհույս խորքերում,

որոնք չասվեն էլ, կենսունակ են հար,

հնչում են հավետ մեր հոգիներում:

 

* * *

Դու իմաստավորում ես գարունը`

ծառերի պայթող բողբոջները

լիցքավորելով քո շշունջներով,

ծաղիկների նորաբույր առէջներին

ընծայելով քո բազմապատկվող

կարոտն ու հղացումները,

որ բացվելուց հետո ընդօրինակեն

քո մաշկի անկրկնելի բույրը:

Դու իմաստավորում ես ամառը՝

քո մարմնի հասունացող

հյութալիությունից ամոթխած

շրջազգեստիդ թրթիռներով,

որոնք ալիքվում են՝

հասնելով և խառնվելով

ծովերի ու օվկիանոսների

մակերևույթներին թաքնված

հպումների գաղտնիքներին:

Դու իմաստավորում ես աշունը՝

հույս ներշնչելով

ծառերի դեղնող տերևներին,

որոնք պահպանում են

ավիշով լցվելու հիշողությունը,

քո չխամրող թարմությամբ

քաջալերելով պտուղների

հասունության վայելքը:

Դու իմաստավորում ես ձմեռը՝

ձյան փաթիլների մեջ

թաքցնելով քո համբույրների

սթափազերծ սարսուռները…

Դու իմաստավորում ես կյանքը՝

տարվա բոլոր 365 օրերին

փոխներհյուսված հրաշքով:

 

* * *

Լույսերի մանրամաղ փոշու մեջ

բեկվում են գույները հրճվանքի,

բոցերդ կլանում են իսկույն

մերձեցման մղումն իմ անհագուրդ,

մոռանում ենք սկիզբն ու վերջը

պահերի խտացված պոռթկումի,

լույսերը բեկվում են գերարագ,

փոշու մեջ թրթռում գույները,

դառնում են կաթիլներ ու մաղվում

հղացման ավիշով երկնամած…

Մենք ոչինչ չենք տեսնում մեր շուրջը,

լսում ենք բաբախյունը լույսի

և խշշոցը մեղմ ալիքների…

Ու երբ սթափվում ենք մենք հետո,

լողում ենք ափերից շա՜տ հեռու,

տեսնում ենք ծովի հատակը,

փայլում է ժպիտը ձկների…

 

* * *

Հիշողության և ներկայի միջև

կարկամում են բառերը,

հրաժարվում լույսից ինքնացայտ,

հագնում են անջրանցիկ թիկնոցներ՝

զսպելու զուգավորումը

ծովի ալիքների հետ…

Ես սրբում եմ

հրճվանքի արցունքները ջրահարսի,

որի շուրթերն աղահամ չեն

ու հպումից առաջ

մանանայով են օծվել:

Ես զգում եմ

նրբաբյուրեղ համը նրա շուրթերի,

ու ալիքները մնում են ներքևում…

Հիշողության և ներկայի միջև

կարկամում են բառերը՝

համբույրի մեջ զուգավորված:

 

* * *

Մտահղացումը փրկելու համար

անշարժացնում եմ

լույսերի ու գույների փախուստը

մայրամուտի

եթերային օվկիանոսից:

Շարունակվում է թավշյա

հիշողության երանելի հոսքը,

պտտվում է ժապավենը,

հասնում եմ այն կադրերին,

որոնք պատկերում են

մեր հանդիպումը:

Դարձյալ համոզվում եմ,

որ զգացմունքների

հորդառատ հոսքը

մնացել է այդ կադրերում՝

իբրև «անմոռանալի» դրվագ

հիշողության ալբոմում:

Հանում եմ «կախարդանքը»,

անշարժ պատկերները շարժվում են,

երեկոն տանում է

գիշերվա խորքը,

գիտեմ, որ վաղուց ես փակել

հիշողության ալբոմը:

Հիմա դու քնած ես

և երազում ինձ ես տեսնում:

 

Դու խանդում ես

Դու խանդում ես այն մայթերին,

որոնցով քայլելիս

ներբաններս հպվում են գետնին,

խանդում ես դռան բռնակին,

որին ձեռք եմ տալիս տուն մտնելիս,

խանդում ես այն բազմոցին,

որին նստում եմ, որին պառկում եմ,

խանդում ես պատերին

ու լուսամուտներին,

որոնք տեսնում են ինձ

հանված վիճակում,

խանդում ես անկողնուս,

սպիտակեղենիս,

որոնք հպվում են ամեն օր իմ մարմնին,

խանդում ես իմ զգեստներին,

որոնք ամեն օր գրկում են ինձ

ու «բաց չեն թողնում» մինչև երեկո,

խանդում ես նույնիսկ շնչածս օդին,

այն փոշուն, որ նստում է կոշիկներիս,

խանդում ես այն կանանց,

ովքեր փողոցում նայում են ինձ,

որոնց ես եմ նայում

«առանց ետին մտքի»,

խանդում ես արևի լույսին,

որը թափանցում է աչքերիս մեջ

և հասնում հոգուս քո պատկերով,

խանդում ես նույնիսկ ինքդ քեզ,

որ քեզնից թաքուն, աներևույթ,

երբ դու քնած ես,

մշտարթուն հսկում է ինձ,

թափանցում հոգուս խորքերը

և քեզնից բացի ոչ ոքի չի գտնում:

 

* * *

Ես դաշնամուր եմ,

իմ ստեղները կարոտում են

քո նուրբ մատների հպումներին,

որ հնչի երաժշտությունը՝

մեր հոգիներում զսպանակված,

մեզ տանի անդարձ հեռուներ,

որպեսզի տարածվի երաժշտությունը

Վերին ոլորտներում,

ուր մենք կտեսնենք դարձյալ

Տիեզերքի փշաքաղված մաշկը՝

թափանցիկ ու հանգաթրթռուն…

Կբացվեն լռության վարագույրները,

և մոլորակներից մեկը՝

գունազեղ լույսերով կհուշի

տեղը մեր մոլորակի,

որտեղ մեզ տեսնողները

երբեք չեն իմանա,

որ ես դաշնամուր եմ,

և իմ ստեղները մշտապես

կարոտում են

քո նուրբ մատների հպումներին:

 

* * *

Ես հպվում եմ քո դեմքին

ծառի տերևից ընկած ցողի տեսքով,

թափանցում եմ քո աչքերի մեջ՝

արևի շողերի բջիջներում թաքնված,

սահում եմ հոգուդ թրթիռների մեջ,

դառնում նախահնչյուններ

նուրբ տավղաշուրթերին ծնվող

երկձայն երաժշտության…

Երբ ես խոսում եմ,

դու երկնքին ես նայում,

օդը լցվում է փափուկ հնչյուններով,

միայն դու գիտես, որ միասին ենք,

որ ես արդեն քո ներսում եմ,

իսկ իմ կրկնօրինակը

թևեր է հորինում մեզ համար,

որ միասին թռչենք

հեռուներում անտեսանելի ու անծայր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.