ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ  ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿԱՊՈՂ ԵՎՍ ՄԻ ԿԱՄՈՒՐՋ

 

 

 

2019 թ. Ղազախստանում հրատարակված «Արարատի շնչառությունը» խորագրով հայկական պոեզիայի ղազախերեն անթոլոգիան վկայությունն է երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի զարգացման, միմյանց առավել համակողմանի ճանաչելու ձգտումների: Հրատարակությունն իրականացվել է Ղազախստանի Ակտյուբինսկի մարզում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, հայկական «Ուրարտու» համայնքի նախագահ  Հայկ Տերտերյանի հովանավորությամբ, Ղազախստանում Հայաստանի դեսպանության, ինչպես նաև Ղազախստանի գրողների միության Ակտյուբինսկի մարզային բաժանմունքի համագործակցության արդյունքում: Ինչպես անթոլոգիայում տեղ գտած ուղեկցող խոսքում նշել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. «Հրաշալի է, որ Ակտոբե քաղաքի հայ համայնքը ցանկություն է հայտնել հայ պոեզիան ղազախերեն հրատարակել: Այդպիսով ղազախ ընթերցողը հնարավորություն է ստացել հաղորդակցվելու հայ բազմադարյա պոեզիային, ծանոթանալու նրա մի քանի նմուշներին: Դրանք ընդամենը մեր գրականության գանձարանի առանձին մարգարիտներն են, բայց պատկերացում են տալիս հայի աշխարհընկալման առանձնահատկության, նրա կենսասիրության, մարդասիրության, մարդկային մնայուն արժեքների նկատմամբ նրա նվիրվածության մասին: Ներկա գիրքը երկու ժողովուրդների մշակույթը կապող ևս մի կամուրջ է»:

Ղազախստանի գրողների միության նախագահ Ուլիկբեկ Էսդալուետն էլ նշել է, որ «Գեղարվեստական թարգմանությունն այն հիմնական միջոցներից է, որը նպաստում է ազգերի և ազգային մշակույթների մերձեցմանը»: Ըստ նրա. «Ղազախ ընթերցողը նախկինում էլ ծանոթ էր հայ բանաստեղծների և գրողների ստեղծագործություններին, անթոլոգիան կնպաստի առավել խորքով ուսումնասիրել և ջերմորեն ընդունել բազմաթիվ դարեր հաղթահարած և ազգային արժեքի վերածված հայ պոեզիան: Վստահ եմ, որ այս հրատարակությունը կծառայի երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդմանը և շարունակություն կունենա»:

Անթոլոգիայում ընդգրկվել են Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Պարույր Սևակի ստեղծագործությունները` միջազգային գրական «Ալաշ» մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Էրտայ Աշիկբաևի թարգմանությամբ: Բանաստեղծությունների ընտրությունը կատարել են Հարություն Միքայելյանը, Էդվարդ Միլիտոնյանն ու Ալբերտ Նալբանդյանը: Ժողովածուն եզրափակվում է բանաստեղծ, Ղազախստանի գրողների միության Ակտյուբինսկի մարզային բաժանմունքի տնօրեն Բայիրժան Բաբաջանուլիի` հայ պոեզիան բնութագրող համառոտ հոդվածով, Բայիրժան Կուրմանկուլովի և Բեկառիս Բեգիմբաևի անթոլոգիայի թարգմանության խնդիրները մեկնաբանող գրախոսությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.