ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ / Գևորգ ԱՏՐՅԱՆ

Ամպերը՝ սառցե, խիտ մամլված, տեղ-տեղ փափուկ՝ ասես շաքարբամբակ, իսկ նրանց վերևում երկինք՝ թափանցիկ կապույտ, շլացուցիչ պայծառ, ինչպես գեղարվեստական նկարագրության չտրվող տեսարան՝ յուղաներկ ֆանտաստիկ կտավի վրա, ինչը երբևէ չեմ տեսել, թեև կյանքիս յոթանասուն տարիների ընթացքում բավականաչափ ճամփորդել եմ նաև ինքնաթիռով: Եվ մեր աստվածային, միակ երկրագունդը, որ լող է տալիս տիեզերական ամայության մեջ՝ խելահեղության չափ ներքևում, ինձ թվում է այնքան փոքր, այնքան անպաշտպան մարդու ձեռքերում, որ ինձ համար էլ անսպասելի հանգում եմ անկասկածելի եզրահանգման, որ իրեն շնորհված տունը իր գործունեությամբ ավերող մարդը արժանի չէ այս մոլորակին:
Համարյա քսան ժամ առաջ կնոջս հետ դուրս եկանք մեր տնից, ու հիմա, վերջապես, ինքնաթիռը իջնում է Խաղաղ օվկիանոսի խաղաղ ալիքների վրայով՝ վայրէջք կատարելով Լոս Անջելեսի օդանավակայանում:
Եվ ժամանելու առաջին պահից մինչև վերջին օրը արևը՝ իրական Աստված, ինչպես այն անվանել է Բայրոնը, անընդմեջ լուսավորում էր՝ նրբին գույնով գեղեցկացնելով հրեշտակների այս քաղաքի մեկ ու երկհարկանի տները:
Ավելի ուշ, բարի ծանոթս՝ գրող ու լուսանկարիչ Վարուժանը, ով տասնհինգ տարի առաջ է եկել Երևանից, նայելով անփոփոխ անամպ երկնքին, կատարելապես մաքուր մայթերին, ասաց ինձ կարոտով.
– Երազում եմ հորդ անձրևի մասին ու որ կոշիկներով կարողանայի չփչփացնել ցեխոտ ջրափոսերում:
Իսկ հիմա ես կպել եմ ինքնաթիռի պատուհանին ու նայում եմ շինություններին, անգարներին, լուսարձակներին, կայմին, թույլ օրորվող հողմացույցին, մի խոսքով, այն ամենին, ինչով հարուստ է ցանկացած օդանավակայան, բայց զգացումը, որ դրանք պարզապես շենքեր ու մարդիկ չեն, այլ մեծ երկրի իրական մարմնավորում,- այդ զգացումն այլևս ինձ չի լքի:
Եվ անգամ թարմությունը վաղուց կորցրած «Բարի ժամանում» ուղերձով կտորե պաստառն իր մաշվածությամբ չի զայրացնում, չէ՞ որ այն ինձ չի հրավիրում Հյուսիսային Կորեա: Իսկ հետո ինձ ցույց էին տալիս փողոցներ ու բուլվարներ, բազմահարկեր ու կինոաստղերի առանձնատներ, ես մտնում էի սուպերմարկետներ, պահեստային շինություններ, որտեղ կարելի էր գնել նորագույն տեխնիկական ապրանքներ, ու ես համոզված կարող եմ ասել, որ տեսածս բացարձակապես ինձ չէր զարմացնում: Համարյա այդ ամենը հիմա կարելի է տեսնել ոչ միայն Մոսկվայում, այլև Երևանում:
Այլ հարց է, թե դրանք ինչ էին խորհրդանշում: Ես երկու անգամ անցա ոչնչով աչքի չընկնող սև բարձրահարկի կողքով: Պարզվեց՝ «Դիսնեյ» ընկերության գրասենյակն է: Սանտա Բարբարայից ոչ հեռու (այս քաղաքի անունը միայն բավական է, որ արցունքակալվեն համանուն սերիալի երկրպագու կանանց աչքերը) մեր ավտոբուսը անցավ աննշան թերակղզու կողքով, որտեղ, պարզվեց, մինչև վերջերս ապրել է աստղային զույգը՝ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը:
Եվ այսպես՝ ամեն անգամ: Ահա կալիֆորնիական փողոց, կինը նստում է տաքսին, և վարորդը՝ իմ նոր ծանոթ Վարդանը, չի համբերում ու ասում է.
– Իսկ դուք գիտե՞ք, որ շատ նման եք Նաստասյա Կինսկուն:
Եվ կինը պատասխանում է.
– Ես Նաստասյա Կինսկին եմ:
Անցնում եմ հոլիվուդյան փողոցի աստղային մայթով ու փոքրիկ կինոթատրոնը տեսնելով՝ նույն պահին էլ հիշում եմ, թե քանի ֆիլմերում եմ տեսել նրա մուտքի շլացուցիչ լուսավորությունը:
Կինոյի ու դերասանների մասին այստեղ կարելի է անվերջ խոսել, չէ՞ որ հենց այստեղ է նկարահանվել ու հիմա էլ է հիմնականում նկարահանվում համաշխարհային դասական կինոն:
Մի հայացք գցելով ինձ ու կնոջս վրա՝ մաքսային աշխատողը, անգլերենով հարց չտալով (իսկ ես լարվել էի՝ անգլերենի իմացությունս ավելի քան վատ է), դնում է անհրաժեշտ կնիքները, իսկ մեր կողքով անցնում է նրա աշխատակցուհին՝ կողքից կախված զենքով, ինչը նշանակում է, որ ի տարբերություն «Վերջին կինոհերոսը» ֆիլմի հերոսի՝ Ա. Շվարցենեգերի, ով էկրանից իջավ կինոդահլիճ, մենք մտնում ենք ամերիկյան կինո: Մենք սլանում ենք խճճված հայվեյով, առաջ ենք անցնում դեղին դպրոցական ավտոբուսից, մեր կողքով անցնում է շերիֆի մեքենան, առջևում փնչում է դժբախտ բենզինատարը, որին, համաձայն հոլիվուդյան սցենարի, պիտի բախվի ու այրվի թմրաբանդիտների մեքենան, աջ կողմում անընդմեջ անցնում են ավտոֆուրերը՝ հիմնականում բաց գույներով ներկված, անխաթար մաքրությամբ փայլող, որոնց վարորդների մասին Քեթրինը շատ լուրջ ասաց, որ նրանք իրենց երկաթե բարեկամի դժվարամատչելի տեղերը մաքրում են ատամի խոզանակով:
Քեթրինը իմ սանուհի Եկատերինան է: Շատերի նման, ստանալով ամերիկյան քաղաքացիություն, անունը փոխել է ավելի հեշտ արտասանվող տարբերակով: Նա է ինձ ու կնոջս հրավիրել ԱՄՆ, որտեղ ապրում է արդեն երեսուն տարի: Անգլերենի ուսուցչուհի, անձնական դժվարին ճակատագիր… մենակ, համառ, երկու տեղում աշխատելով մեծացրել է երկու որդիներին:
Այստեղ Քեթրինը առավել մտերմացել է հայկական չորս ընտանիքների հետ, որոնց հետ ծանոթ էր դեռևս Երևանում: Ես էլ բարեկամացա նրանց հետ, ու մեր զրույցները օգնեցին ինձ՝ բացահայտելու ամերիկյան ապրելակերպի շատ դրսևորումներ:
Քեթրինը ոգով իսկական ամերիկուհի է, ինչն ինձ հատկապես դուր է գալիս, իսկ ամերիկացու տեսանելի-իրական մարմնացումն ինձ համար դարձավ սիգար ծխող ու չափազանց սրամիտ Մելքոնը:
Քեթրինն ապրում է Գլենդելի լավագույն թաղամասերից մեկում, օդանավակայանից մենք ուղևորվում ենք այնտեղ: Եվ հենց այնտեղ էլ ինձ համար անսպասելի բացահայտում արեցի՝ պարզվեց, որ Կալիֆորնիան մե՛կ բլրաշատ, մե՛կ էլ լեռնային տեղանք է: Հետո Քեթրինը արագընթաց, մաքրությունից փայլող հայվեյով մեզ տարավ Լաս Վեգաս, ու մենք հոգնություն չզգացինք, սեփական մաշկի վրա զգալով, թե ինչու ամերիկյան արձակում այդքան շատ տեղ է հատկացված ճանապարհներին. «Լոլիտան», օրինակ, ամերիկյան ավտոճանապարհներին նվիրված համատարած սեր է:
Նևադա նահանգից մեկնեցինք Գրանդ Կանյոն, Արիզոնայի նահանգ: Եվ այս երեք նահանգներում էլ մարդիկ բնակվում են բլուրների լանջերին, ու միայն Լաս Վեգասում դրանք տեղը զիջեցին հարթ մակերևույթին՝ տապ, անջուր անապատին, բայց հենց այստեղ է կառուցվել զվարճանքների համաշխարհային քաղաքը:
Այս երկրային բարձունքները՝ սարերն ու բլուրները, ինձ քիչ էին հետաքրքրում, աչքս սովոր է, հարցն այն էր, թե որքանով են դրանք բնակեցված այստեղ ու իմ երկրում:
Այդ ի՞նչ հրաշագործությամբ է այստեղ ամեն ինչ յուրացված-մշակված, հարմարեցված քաղաքակիրթ կյանքին: Եթե հիմնարար սոցիալական խնդիրները մի կողմ թողնենք, ապա ոչ մի Ամերիկա հայտնագործել պետք չէ, ամեն ինչ ավելի քան պարզ է՝ պետք է աշխատել: Սա առաջին պայմանն է, որ մեզանում ասում են Ամերիկայի մասին, և սա գլխավորն է, ինչի մասին ասում են Ամերիկայում: Աշխատա՛նք: Աշխատա՛նք: Աշխատա՛նք: Քեթրինի եղբայր և իմ պատանեկության տարիների եղբայր Մանուկը, ով արդեն տասը տարի ապրում է Լոս Անջելեսում, դառնությամբ ասում էր ինձ. «Ամերիկայում պետք է ոչ թե շատ աշխատես, այլ եզի պես վարես ու հերկես, մինչև չսատկես»: Բայց նման ծայրահեղ կարծիք էլ ոչ մեկից չեմ լսել, պարզապես ասում էին՝ այստեղ պետք է շատ աշխատես, որ լավ ապրես:
Մեր մայրցամաքային կլիմային կարոտող Վարուժանը, տեղափոխվելով Ամերիկա, հակառակ խորհրդային քարոզչության, չդադարեց ստեղծագործել, իր լավագույն արձակը նա գրել է այստեղ: Սակայն, ինչպես ընդունված է Արևմուտքում, իսկ հիմա նաև մեզանում, քրեական ու ֆանտաստիկ ժանրով մի քանի գրող կարող է ապրել իր հոնորարով: Իսկ Վարուժանը, ով նաև անգլերեն չի գրում, ստիպված է աշխատանք փնտրել՝ սեփական մեքենայով սպասարկում է բժշկական մի հաստատության: Նա ինձ տարավ Գլենդելի կենտրոնական հրապարակը՝ Ամերիկանա: Մեծ երաժշտական շատրվան, խանութներ, որոնցից մեկում վաճառվում էին «Տեսլա» ֆիրմայի էլեկտրամոբիլներ, երեխաներով օկուպացված տոնականորեն նկարազարդված տրամվայ, մի խոսքով, ամեն ինչ հիասքանչ է, գեղատեսիլ, բայց… ինձ թվաց, թե Ամերիկանան շատ բաներով զիջում է երևանյան գլխավոր հրապարակին:
Վարուժանը ցույց տվեց ճապոնական ու չինական ռեստորաններ, ու ես նման դեպքերին հարիր հարցը տվեցի.
– Երևի շա՞տ թանկ են:
Նա մի պահ մտքերի մեջ ընկավ. երևի հերթական անգամ մտածեց, թե նորեկի համար երբեմն հեշտ չէ գլուխ հանել տեղական կյանքի նրբություններից:
– Գիտես, Գևորգ,- ասաց,- ես աշխատում եմ, ահա թե ինչն է կարևորը, իսկ դա նշանակում է, որ ցանկության դեպքում կարող եմ ճաշել ցանկացած ռեստորանում:
Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում երբևէ չեմ լսել ու ոչ միայն բեռնափոխադրումով զբաղվողներից, այլև փոքր բիզնեսի ներկայացուցիչներից այդպիսի, ինձ համար սպանիչ, բանաձևում, թեև այս տեղացիներից պակաս տքնաջան չեն աշխատում:
Իրավացիորեն ասում են, որ կողմնակի խոսակցությունները միշտ չէ, որ վստահություն են ներշնչում, պետք է ինքդ տեսնես կամ զգաս ճիշտ եզրահանգում անելու համար: Ես էլ նույնկերպ վարվեցի, որից հետո մեզանում տարածված որոշ միֆեր բացահայտեցին իրենց լիակատար սնանկությունը:
Ամենատարածված միֆը՝ Գլենդելում կարելի է չիմանալ անգլերեն, բոլորը խոսում են հայերեն: Այո՛, դա այդպես է, եթե դու իննսուն տարեկան ես, իսկ փաստաթղթային ու առևտրական հարաբերություններդ աշխարհի հետ կարգավորում են զավակներդ ու թոռներդ: Ում հետ որ շփվել եմ, բոլորը միաձայն պնդում էին, որ Ամերիկայում առաջին երեք տարիները տրվում են անգլերենի ուսուցմանը: Նույնիսկ Երևանում անգլիական թեքումով դպրոց ավարտած և ինստիտուտում լեզվի իմացությունը խորացրած Քեթրինը սկզբնական շրջանում անզորությունից լալիս էր, չհասկանալով, թե ինչ են փորձում իրեն հասկացնել ամերիկա-անգլիական խառնուրդով:
Այստեղ նշեմ, որ անգլերենի իմացությունը չափազանց կարևոր է, դրա շնորհիվ սկսում ես ընկալել տեղական իրողությունները, որոնք քո սովետական կենսակերպին թվում են իմաստազուրկ ու անհեթեթ: Ինձ հետ կատարվեց նման մի պատմություն: Ցերեկը զբոսանքի ելա ու ապշած էի Գլենդելի փողոցների ամայությամբ: Մոտենալով անցումին՝ կանգնեցի, սպասելով կանաչ լույսին: Րոպեներն անցնում էին, իզուր սպասումից հետո վերջապես հասկացա, որ այս խաղն ընթանում է անսովոր կանոններով: Ուշադիր շուրջս նայելով՝ կողքի սյան վրա տեսա կարմիր կոճակ: Սեղմեցի, ու վայրկյաններ անց վառվեց կանաչը: Փողոցն անցելով՝ խեղդեցի բնական նեղսրտությունս ու փորձեցի սառնասրտորեն ըմբռնել ինձ համար օտար տրամաբանությունը:
Պարզվեց, որ այդ ամենը ավելի քան մտածված է՝ ցերեկը քաղաքացիների մի մասը աշխատում է գրասենյակներում, մյուս մասը տեղաշարժվում է մեքենաներով, և անիմաստ է նրանց կանգ առը կարմիր լույսի տակ: Իսկ հազվադեպ անցորդները կարող են օգտվել կարմիր կոճակից: Հանուն արդարության նկատեմ, որ Երևանում էլ մի քանի խաչմերուկներում կան նման կոճակներ, բայց մեզանում դրանք ավելի շատ բացառություն են, ոչ թե ամենօրյա անհրաժեշտություն:
Եվս մի հորինվածք՝ հայերը շփվում են միայն հայերի հետ և աշխատում են միայն հայկական ֆիրմաներում: Անահիտը, որը Քեթրինին համարում է իր հոգևոր ուսուցիչը, ընտանիքով գալով Ամերիկա, վախվորած էր, որ հարևանուհին զտարյուն սպիտակ ամերիկուհի է: Բայց նրանք այնպես մտերմացան, որ երբ ամերիկուհին տեղափոխվեց նոր թաղամաս, արեց հնարավորը, որպեսզի Անահիտն ընտանիքով բնակվի հարևան տանը:
Իսկ իմ հայրենակիցներն աշխատանքի են ընդունվում այնտեղ, որտեղ միայն հնարավոր է և վաստակաբեր: Քեթրինի որդի Նարեկը բացել է սեփական ատամնաբուժարանը ոչ հայկական թաղամասում, նրա հաճախորդները հիմնականում մեքսիկացիներ են: Վերջիններս թեև հոլիվուդյան ֆիլմերում ավելի հաճախ ներկայացվում են որպես կոպիտ ու ագրեսիվ կերպարներ, իրականում խաղաղ ու խորապես հավատացյալ մարդիկ են:
Հաջորդ ենթադրությունը. ցանկացած ստեղծագործող, հայտնվելով Ամերիկայում, ստիպված է հրաժեշտ տալ իր արվեստում հաջողելու երազանքին և զբաղվել սև ու անշնորհակալ գործով: Չեմ վիճում, մեծ մասամբ այդպես է: Հակառակ օրինակն էլ, ի դեմս Էռնստ Նեիզվեստնու, չեմ բերի, ես կպատմեմ Պոլի (նախկինում՝ Պավել) հետ իմ հանդիպման մասին: Լենինականում ծնված ու մեծացած և իր քանդակներով վաստակող Պոլը Լոս Անջելեսում սկզբնական շրջանում պարզապես գոյատևելու խնդիրն էր լուծում, իսկ հետո վերադարձավ իր կոչմանը: Լաս Վեգասի շենքերից մեկի ճակատին տեսա նրա կոմպոզիցիոն քանդակը՝ արված հին հունական ոճով:
Քեթրինի բարեկամներից Գագիկը հյուրընկալեց մեզ: Պարզվեց, ամեն տարի այդ օրը նա նշում է որպես իր երկրորդ ծննդյան օր. մի քանի տարի առաջ վիրահատել են, հեռացնելով ուղեղի կիստան: Համադասարանցիս՝ Ամերիկային դժվարությամբ համակերպվող Սաշան, խոստովանեց, որ իրեն փրկել են, սրտի բարդ վիրահատությունը արվել է անվճար: Նման, ինձ հայտնի այլ օրինակների փոխարեն, ևս մի փաստի մասին ասեմ: Ինձ վիճակվեց անսովոր, չտեսնված մի տեսարանի վկա լինել՝ պատմելով երկրի մասին, որտեղ ապրում է, մարդն արտասվեց երջանկությունից: Մեզանում շա՞տ եք տեսել նման մարդկանց:
– Եվ ի՞նչ,- կարող են ինձ հարցնել,- մի՞թե այդ ճամփորդությանդ ընթացքում գոնե մեկ հիասթափված հայրենակցի չհանդիպեցիր:
– Հանդիպեցի, շատերին: Նրանք ավագ սերնդին են պատկանում՝ իրենց կորսված կյանքի ժամանակով:
Նրանց անգլերենի չիմացությունը կամ քիչումիչ խոսելը միայն խանութում հաղորդակցվելուն կհերիքի, ինչը միայն խորացնում է այդ երկրի լիիրավ քաղաքացի չզգալու բարդույթը: Ամբողջ կյանքը ապրելով հայրենիքում, անգամ թոշակի անցնելուց հետո շարունակելով աշխատել՝ վաստակելով հեղինակություն ու հարգանք և ճակատագրի կամոք հայտնվելով օտար միջավայրում, որտեղ հարազատ-մտերիմներից բացի ուրիշ մեկը տեղյակ չէ նրանց փառավոր անցյալի մասին, հանկարծ ու անվերադարձ նրանք վերածվում են ոչ մեկի ու ոչնչի:
Նրանց միակ ուրախությունն է դառնում հեռուստացույցը, ու ոչ միայն տեղական հայկական ալիքները, այլ հիմնականում երևանյան հեռուստաալիքները, որոնց շնորհիվ նրանք շարունակում են իրենց մասնակից զգալ հայրենիքում կատարվող անցուդարձին:
Ամերիկա արտագաղթած միջին սերունդը ավագների հետ միայն մեկ հարցում է անվերապահ համաձայնություն հայտնում, բառացի կրկնելով ինքնաոչնչացնող՝ նախադասությունը.
– Մենք այստեղ միայն թրիք ենք:
Հետո, մատնացույց անելով երեխաներին ու թոռներին, եզրափակում են.
– Համենայնդեպս, հույս ունենք, որ այսքան լավ պարարտացված հողում կմեծանան ամուր, ուժեղ ու ինքնավստահ արարածներ:
Մեր ժամանման երրորդ օրը Քեթրինը բարեկամների հետ մեզ տարավ «Սեկվոյա» Ազգային պարկ՝ տեսնելու հազարամյա ծառերը: Ճանապարհին փոքրիկ կանգառ արեցինք, ինչ-որ պահ մի քիչ երկար նայեցի Քեթրինի հմայիչ ընկերուհի Էլիզին: Ու նա ժպտաց: Դա դեռևս քիչ ծանոթ մարդու առաջին ժպիտն էր՝ ուղղված ինձ Ամերիկայում: Ժպիտ, որն իր բարյացակամությամբ ապշեցրեց, և այդ պահից ես պետք է վարժվեի ծանոթ ու անծանոթ մարդկանց սրտաբացությանն ու բարեհաճությանը:
Այդ մասին էր ինձ ասում ընդամենը չորս տարի առաջ այստեղ տեղափոխված Հրաչյան: Հնաոճ իրերի ռեստավրատոր է, նաև վաճառքն է իրացնում, ու սկզբում զարմանում էր, որ գնորդը եթե անգամ ոչինչ չէր գնում, բայց ժպտալով շնորհակալություն էր հայտնում ու միայն դրանից հետո հեռանում: Բայց հիմա ինձ է բացատրում, որ գնորդն այդ կերպ հայտնում է իր շնորհակալությունը, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալ ապրանքի հետ: Եվ Հրաչյան, ոչ պակաս լայն ժպտալով, ավելացրեց, որ ինքն էլ ստիպված էր սովորել ժպտալ ու շնորհակալություն հայտնել:
Բուկինիստական խանութում, մի կերպ անցնելով դարսված գրքերի արանքով, որքան էլ փորձեցի, բայց և այնպես թեթևակի հրեցի ընթերցող տղամարդուն: Չհասցրի մի բառ ասել, իսկ նա արդեն երրորդ անգամ էր ներողություն հայցում մեղավոր ժպիտով: Բավական է մի ակնթարթից ավելի նորեկիդ հայացքը կանգ առնի դիմացի անցորդի վրա, ու նա անմիջապես կժպտա ու կբարևի:
Հենց այս բարյացակամությունն ու միմյանց նկատմամբ բարեհամբույր վերաբերմունքն է հիացրել ու նվաճել ինձ: Ու հենց սա դարձավ ինձ համար այս երկրի ամենանշանակալի առանձնահատկությունը, ի տարբերություն մյուս՝ ավելի լուրջ հասարակության, որն իրավացիորեն, ի դեմս Ամերիկայի, տեսնում է կենսական շահերի մեծ հնարավորություններ:
Երիտասարդ տարիներիս այցելել եմ որոշ եվրոպական երկրներ, և գրավիչ տեսածս խոստանում էր է՛լ ավելի հետաքրքիրն ու գրավիչը: Իսկ հիմա ամենայն դիտարժանը, որի վրա կանգ էր առնում հայացքս, հանրագումարային ինչ-որ դառնություն ուներ:
Ինքնաթիռը բարձրանում է երկինք, ու ես կրկին դուրս եմ նայում պատուհանից, հայացքով ընդմիշտ հրաժեշտ տալիս հեռացող քաղաքին… և հիշում եմ հին անեկդոտը, երբ փողոցով վազում է տղամարդը՝ խոհանոցային դանակով, ու գոռում է.
– Կսպանեմ, աղիքներդ կթափեմ, ո՞ւր է այդ դավաճանը…
– Ո՞ւմ մասին ես ասում,- հարցնում է նրան շուրջկալած ամբոխը:
– Ստոր Հուդայի, որ դավաճանեց իր ուսուցչին,- զայրացած պատասխանում է նա:
– Լսեք, երիտասա՛րդ, այդ պատմությունը եղել է երկու հազար տարի առաջ:
– Հա՞,- ապշում ու տեղում քարանում է տղամարդը,- ես նոր եմ իմացել:
Ես էլ այդ պատմության հերոսի նման եզրահանգումներ եմ արել, որոնք վաղուց հայտնի են շատերին, բայց, ինչ արած, դրանք թանկ են ինձ համար, չէ՞ որ դժվար ևս մեկ անգամ ինձ հաջողվի զգալ ու ապրել նույնքան թարմ, անկրկնելի ու տոնական զգացումներ:
Ռուսերենից թարգմանեց
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.