ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է

53111177_2037331326302743_1477967159303864320_n

Մարտի 1-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի «Էության խորքում նվիրականի» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Շանթ Մկրտչյանին ներկայացնելով որպես արվեստով ապրող գրողի, նշեց, որ այս գիրքը տրամադրում է խոսել գրականության, մշակույթի, այսինքն՝ խղճի, կարեկցանքի, հոգու մասին: Ըստ նրա՝ Շ. Մկրտչյանը հաստատում է ավանդականի, քեզնից առաջ եկածի գնահատականի, իմացության, ճանաչողության և, ըստ այդմ, շարունակելիության գաղափարները ոչ միայն համաշխարհային պոեզիայի թարգմանություններով, այլև սեփական ստեղծագործություններով: «Պոեզիայի այս գրքում կտեսնեք և՛ նկարիչների, և՛ կոմպոզիտորների, և՛ տարբեր կրոնական ուսմունքների հիշատակումներ: Դրանք պարզ թվարկումներ չեն, հոգու խորքերից եկող հաստատումներ են, որոնք նաև այժմեական հրատապություն ունեն»,- վստահեցրեց նա և արժևորեց նաև Շ. Մկրտչյանի վարպետությունը թարգմանության ասպարեզում: Անդրադառնալով 60-70-ականների մշակութային կյանքին, որը հզոր ալիք էր մշակույթի ողջ դաշտով, Էդ. Միլիտոնյանը հորդորեց ժամանակին նվաճածը, արվեստի մեջ ձեռքբերումը թեթևորեն չիջեցնել, դարձնել իբրև թե հանուն ընթերցողի, ապա Շ. Մկրտչյանին պարգևատրեց «Գրական վաստակի համար» մեդալով:
Բանաստեղծ, ՀԳՄ Արարատի մասնաճյուղի ղեկավար Մանասէն, անդրադառնալով Շ. Մկրտչյանի գրքում նկատելի ժամանակների փոխներթափանցմանը, մշակույթների չկտրվածությանը, ասաց. «Աստվածաշնչյան սաղմոսներով սկսելը հենց պատճառաբանված է նրանով, որ դրանից սկսում է նաև պոռթկումը դեպի հունական մշակույթ, հետո՝ վերածնունդ, հետո՝ նոր ժամանակներ: Բայց այստեղ միևնույն ռիթմերը ուղղակի կապ են բոլոր մշակույթների մեջ»: Նրա հավաստմամբ՝ եթե գրողը մի մշակույթից որևէ տարր է վերցնում, դա չի նշանակում, որ այն հատուկ է միայն այդ մշակույթին, դա կարող է նաև փոխանցված լինել:
Բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանի կարծիքով՝ այս նոր էջը Շ. Մկրտչյանի գեղարվեստական կենսագրության մեջ ցույց է տալիս, որ նա ավելի է մոտեցել սեփական սրտի ճանաչողությանը: «Ինձ համար՝ որպես Շանթի ընկեր և ուշադիր հայացքով նայող մարդ, շատ հաճելի է այդ ճշմարտությունն արձանագրելը: Երբ գեղարվեստը գտնելու աչքով ես կարդում, նկատում ես բացառիկ անհատական փոխաբերություններ, համեմատություններ, որոնք նույնպես հաճելի են»,- ընդգծեց նա:
«35 տարիների հեռվից գալիս եմ, անընդհատ թարմ, անընդհատ նոր, անընդհատ լուսավոր, անընդհատ լիքը»,- այսպես բնութագրեց Շ. Մկրտչյանին բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը և անդրադառնալով գրքին՝ ասաց. «Երկիրը ոգեղենություն է առաջին հերթին, և այդ ոգեղենությունը եթե չկա, մնացած ամեն ինչ սուտ է: Շանթը բերել է մի գիրք, որն իսկապես մեր ոգեղեն դաշտը հարստացրեց»: Ապա գնահատելով ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանի դերը ներկայանալի գրականություն տպագրելու գործում՝ նա շեշտեց, որ գրականությունը կյանքից անջատ չէ, և Շ. Մկրտչյանը ինչպես ապրում, այդպես էլ գրում է: «Այս գիրքը գալիս է ասելու, որ գրականությունը կա, շարունակվելու է և ապրելու է»,- ամփոփեց Խ. Մանուկյանը:
Ելույթ ունեցան նաև նկարիչ Հաղթանակ Շահումյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, բանաստեղծ, թարգմանիչ Մերուժան Հարությունյանը և ուրիշներ:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Շանթ Մկրտչյանը:
Ասմունքող Աիդա Ասատուրյանը, դերասանուհի Գայանե Սամվելյանը կարդացին Շանթ Մկրտչյանի բանաստեղծություններից:
Հանդիսությունը վարում էր Գայանե Սամվելյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.