ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Ոչ բոլոր գրողներն են խոսքաշեն, ոչ բոլորի բանավոր խոսքն է զարգացած: Ինչ վերաբերում է Թումանյանին՝ նրա բանավոր խոսքը արտակարգ մեծ հմայք ուներ: Պոետի բանավոր խոսքը բնորոշվում էր հակիրճությամբ ու դիպուկությամբ, միշտ նշանակետը թիրախավորելու ունակությամբ: Բանաստեղծը չէր սիրում հապշտապ ու բարձրաձայն խոսքը. «Խոսում էր հանգիստ, դանդաղ, մեղմ ու կամաց»,  հիշում է դուստրը՝ Նվարդը: Թումանյանը հրաշալի գիտեր բառի ու խոսքի արժեքն ու գինը, եթե արվեստում ամեն մի բառ մի աշխարհ է, ապա բանավոր խոսքում հույժ կարևոր է նաև առոգանությունը. «Խոսելիս կարգին կխոսեն, հանգիստ, շեշտով, մարդ իր խոսքին արժեք ու գին պիտի տա»,  ասում էր նա: «Ժամանակակիցները նրան անվանում էին «կենդանի զրույցի սիրահար»: Նրա բոլոր ելույթներն աչքի էին ընկնում աֆորիստիկ մտածողության ու խոսքի ներդաշնակ միասնությամբ: Ստ.Զորյանն ասում է. «Հայ ժողովուրդը իր դարավոր հոգևոր գանձերի շտեմարանի բանալիները և համով պատմելու շնորհքը կտակել էր նրան՝ իր ծոցից ելած արժանավորագույնին… շլացնելով ու հիացնելով ունկնդիրներին… նա իր զրույցների միջոցին խոսքի մարգարիտներ ու գոհարներ էր ցանում ձեր առաջ… խոսքի ու զրույցի այդ կախարդ վարպետը… նուրբ հոգեբան էր ու գիտեր ինչ մոմենտի ինչ կարելի էր ասել, ում հետ ինչպես պիտի խոսել»: Նույն ընկալումն ուներ Ս.Գորոդեցկին. «Հասարակ զրույցի մեջ նա մարգարիտներ է շաղ տալիս մի կախարդի պես, որ չգիտի իր գանձերի արժեքը»: Զ.Եսայանը վկայում է. «Անիկա կսիրեր խոսիլ և կսիրեր լսիլ, անիկա անզուգական է մարդկանց բնութագրելիս. մեկերկու խոսքով նա ներկայացնում էր մարդուն իր հատկանշական գծերով»: Օգսեն Սարյանը, որ չափազանց վատառողջ պոետին լսել էր 1921թ. Պոլսում, վկայում է. «Ամեն տեղ բանաստեղծի խոսքը ունկնդրում էին սրտով և սիրով: Երբ ոտքի կանգնեց իր խոսքն ասելու, ամենքը մագնիսացել էին: Մեծ բանաստեղծը նաև մեծ հռետոր էր: Նրա ոճը որքան որ պարզ, նույնքան կուռ ու կախարդիչ էր… Ես չէի լսել Թումանյանից ավելի պերճախոս մի անձ, որ խոսեր այնքան համոզիչ ու նվաճեր իր ունկնդիրների սիրտն ու միտքը: Նա հմայեց ու կաշկանդեց ամենքին…Նրա խոսքը իր գրչի նման հզոր էր ու գեղեցիկ: Այդ խոսքը ծորում էր մեծ հայերենասերի վեհ ու մաքուր հոգուց»:

Թումանյանի զրույցները թև էին առնում, անցնում բերնեբերան և դրոշմվում լսողների հիշողության մեջ: Հաճախ դրանք ներկայացվում են որոշակի չափազանցությամբ ու գունազարդված: Նրա ամենասովորական սրախոսությունը շրջապատի համար դառնում էր բանահյուսական նյութ և վերադառնում նրան իբրև ժողովրդական կամ մեկ այլ անձի հորինվածք, ինչպես, օրինակ՝ քննիչ Լիժինի «Ի՞նչ է Դաշնակցությունը» հարցին տված մեղադրյալ լեզվաբանի պատասխանը՝ «Գոյական, ուղղական հոլով»: Մի առիթով բանաստեղծի կինը՝ տասը երեխաների մայր Օլգան, գանգատվում է, որ ամուսինն «Իսկի տուն չի գալիս:  Թումանյանը նրան պատասխանել է. Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՜յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տասն անգամ է՞լ չեմ եկել»): Այս ու նաև Օլգայի հնազանդությանը, նրա «դժգոհություններին» ամուսնու կատակով այլ պատասխաններ նույնպես դարձել են լեգենդ: Խնջույքի շուրջ ասված այդ խոսքն իբրև անեկդոտ բերնեբերան է անցել և հասել Վիլյամ Սարոյանին, ով տասն անգամը դարձրել է 11, պարզապես տուն գալը՝ գիշեր և այլն, վերջում էլ հավելել է իր գնահատականը՝ «Աղեկ պատասխան, պատվական պատասխան»:

Իր հրապարակային խոսքում Թումանյանը փայլուն տիրապետում էր բանավիճելու և փաստարկման արվեստին, քաջահմուտ էր խոսքի մշակույթին: Յուրաքանչյուր հարցի շուրջ բանավիճելիս նա միշտ խնդիրը տեղափոխում էր մարդկային հոգեբանական հասկացությունների դաշտ, կարողանում էր կարծիք ձևավորել ի շահ սեփական համոզմունքի: Այստեղ, իհարկե, բացի նրա խոսքի առավելություններից, իր դերն էր խաղում նաև բանաստեղծի հեղինակությունը: Նրա հոդվածները հայ հրապարակախոսական մտքի բազմադարյա պատմության նվաճումներից են: Թումանյանի հրապարակային ու նաև գիտական խոսքը ծայրաստիճան հագեցած են կենսական, գրական և գիտական փաստերով ու փաստարկներով, նյութի հարստությամբ, երկխոսությունների եղանակով առարկայական հարցադրումներով ու գնահատականներով: Թումանյանը տիրապետում էր ընթերցողին համոզելու, իր ասելիքը ապացուցելու արվեստին: Մինչդեռ նրա ընդդիմախոսները, ինչպես գրում է Պ. Սևակը, ջանում էին «հոռի ետամնացության և գեշ պահպանողականության որջ դարձնել Թումանյանի դասական ապարանքը… Սրանց երևի խանգարում էր Թումանյանի դասականությունը»: Ռազմիկ Դավոյանի խոսքերով, բանաստեղծի անարժան ընդդիմախոսները «ճչում էին, թե թռիչքը իրենց նման սողալն է, մինչդեռ Թումանյանն ուղղակի քայլում էր, և նրանց գարշելիությունից աղավաղվում էր դեմքը», և նա «Լուսավոր, պայծառ ու տխուր… անզոր ու զորավոր, բայց երբեք չընկրկող» անհատականություն էր:

Իր պատկերավոր խոսքով, տրամաբանության ուժով բանաստեղծն անխոցելի էր հակառակորդների համար: Սեփական տեսակետը հիմնավորելիս նա հաճախ էր օգտվում համեմատությունների փաստարկային ներուժից՝ հենվելով ռուս և համաշխարհային գրականության պատմության իր փայլուն իմացության վրա: Սակայն ավելի հաճախ սեփական դատողությունները խրատական առակների, առածների ու ասացվածքների միջոցով էր լուսաբանում, ինչի շնորհիվ ոչ այնքան ապացուցում, որքան ավելի հասկանալի էր դարձնում ասելիքը:

Բանաստեղծ լինելու հանգամանքը ոչ թե խանգարել, այլ օգնել է Թումանյանհրապարակախոսին՝ դառնալով նրա ոչ թե թուլությունը, այլ ուժը: Լայնորեն օգտվելով պատրաստի, թևավոր խոսքերից, պատկերավոր ու գեղարվեստական ոճի գեղագիտական հնարանքներից՝ բանաստեղծը է՛լ ավելի համոզիչ, մատչելի ու պարզ էր դարձնում իր ասելիքը և երբեք, ոչ մի դեպքում փաստերը չէր հարմարեցնում իր ցանկություններին. ընդհակառակը, միշտ գնում էր կենսական փաստերի հետքերով, հսկայական ժամանակ հատկացնում դրանց ձեռքբերմանը, որպեսզի մշտապես հեռու լիներ վերացականությունից, ինչը նա միշտ մերժում էր բոլոր ասպարեզներում:

Ամենուր Թումանյանը ժողովրդի ձայնն էր, նրա մոլի պաշտպանը՝ ժողովրդի անունից խոսող, այն անվերջ շահարկող ու ժողովրդի շահերը ոտնահարող քաղաքական բոլոր ուժերի դեմ: Իսկ ժողովրդի ձայնը միշտ էլ ստեղծում է մնայուն արժեքներ, լինի այն գեղարվեստական խոսքում, բանահյուսության մեջ թե մամուլի էջերում:

Ամենուր Թումանյանի ստեղծած մնայուն արժեքները անշրջանցելի են հայ մշակույթի բազմադարյա պատմության մեջ: Նրա հրապարակախոսական ժառանգությունը մի անսպառ գանձարան է, որին միշտ կարող է դիմել ցանկացած մարդ՝ անկախ ազգային պատկանելությունից՝ քաղելով նրանից անձնական և մարդկային վարքագծի դասեր: Թումանյանի խոսքն այսօր էլ օգնում է՝ կողմնորոշվելու ոչ միայն անցյալի, այլև ներկայի հուզող բազում հարցերի մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.