Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / ՍԻՆԹԱԴԵ

 

(Զորայր Խալափյանին նվիրված  խոհապատումների շարքից)

Կենտրոնական այս կերպարը «Միջնաշեն» վեպում մեր էպոսի անտիհերոս Մսրա Մելիքի նման որքան ավելի մեծ տեղ է զբաղեցնում իրադարձությունների մեջ, այնքան ավելի է ընդ-գծում ժողովրդի հերոսական ոգին: Այս առումով գուցեև սխալ չէ սույն ասք-վեպի մասին մտորումները Սինթադեով սկսելը:

Զորայր Խալափյանի «Միջնաշեն» վեպում Սինթադեի կերպարը մեր գրականության խոշոր նվաճումներից է հենց միայն այն պատճառով, որ գրոտեսկային թվացող նրա կերպարը իր ժամանակի տիպական արտահայտությունն է: Գրողը նպատակ էլ չի ունեցել թաքցնելու Սինթադեի «գրական ծնողի» ով լինելը: Եթե մեր երգիծական գրականության գլուխգործոցում «Փանջունի» անունը նրա համար է, որ ընդգծվի հերոսի ուրիշ բանուգործ չունենալը, ապա Սինթադե անունը դարձյալ բացահայտելու է գալիս Թադեի (որ նշանակում է «քաջ սիրտ») սին էություն լինելը: Նույնիսկ Միջնաշենի մեծահարուստի անունը Սերգի աղա, Սերգի բեկ է, ինչպես որ Ծապլվարի «քապիտալիստը» կոչվում էր Րես Սերգո:

Ընկեր Փանջունու ծնողները հայտնի են. «Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալու սնուցանել իր երեխան, զօր մեծցուցած են այծի կաթով»: Հայրն էլ կրակն էր ընկել նրա շատախոսությունից և մեռավ, չտեսնելով, թե որքան է ինքը սխալվել՝ իր որդին ոչ թե «փորձանք» պիտի դառնար, «այլ՝ հեղափոխական գործիչ»: Ուրեմն, Խալափյանը կարծես նույնիսկ դիտավորություն է հանդես բերում: Նախ՝ այլ իրավիճակների մեջ դնելով այս տխրահռչակ սոցիոպատին, շեշտում է, որ բոլոր ժամանակներն էլ ունեցել են և կունենան իրենց փանջունիները, սինթադեները, որդիորոտմանները, մազութիհամոները… Ապա՝ տվյալ հոգեբանական տիպը կոնկրետ ժամանակի, տարածքի, հանգամանքների մեջ ու ավելի հզոր լուսարձակների տակ դնելով, ուզում է հասկանալ, թե որպես մարդկային տեսակ՝ ժամանակը կարողանո՞ւմ է փոխել նրան: Եվ համոզում է՝ ո՛չ, այս տեսակը փոփոխության ենթակա չէ: Կարծր է չեչաքարի պես:

Սինթադեի ծնողների մասին կոնկրետ չի խոսում Զ. Խալափյանը. անհայտ է մնում, թե ով էր նրա հայրը, ո՞վ էր այն կինը, որ իր նման երրորդ շուրթ ուներ: «Ինքը մշտական փախուստի մեջ էր իր մանկությունից, ուր ոչ թե պայծառ հուշեր էին, անմեղ պատկերներ, մեծերի փաղաքշանք ու խանդաղատանք, այլ անորոշ տագնապներ մշտական և սոսկումով սպասումներ ինչ-որ բանի»:

Հիշյալ երկերի բոլոր պատկերներում ականատեսն ենք, որ այս հերոսները զուրկ են մարդկային զգացումից: Սրան ի հակակշիռ՝ Սինթադեին ասես ճակատագրի պես հետապնդում է միջնաշենցիների կարեկից, հոգատար, երբեմն միամտության հասնող ներողամտությունը: Եվ Զ. Խալափյանը, մի միջնաշենցի էլ ինքը լինելով, խղճում է և փորձում է վերծանել մարդկային այս խեղված տեսակի պատճառահետևանքային պատկերը: Իսկ հոգեբանների եզրակացությունն այս տիպի մասին միաբերան վկայում է, որ նա պետք է դաժան մանկություն ունեցած լիներ, ինչպես Իոսիֆ Ստալինը:

Փանջունին, ի տարբերություն Սինթադեի, ավելի շատ արկածամոլ է, քան գաղափարագար (Լևոն Հախվերդյան): Նրա, ինչպես և Օտյանի մյուս «հեղափոխության մակաբույծների» նպատակը հանգամանքներից ամեն միջոցով օգուտ քաղելն է: Նրանք չեն խորշում բացահայտ մուրացկանությունից, «ազգի փրկության» սուրբ զգացումների վրա խաղալով փող կամ անգամ մի բաժակ օղի, սուրճ շորթելուց: Փանջունու համար էական չէ, թե ով է գալիս իր ետևից: Նա հենց միայն Խև Ավոյի նման բարոյազուրկ, գյուղում չսիրված մեկի հետ կարող է իրականացնել մտքին դրած բոլոր ավերածությունները:

Այլ է Սինթադեն: Նա ամենաազնիվ մարդկանց մոլորեցնելու, դեպի ինքը գրավելու ինչ-որ դիվային ուժ ունի: Երևի հենց այստեղ պետք է փնտրել նրա «հաջողությունների» գաղտնիքը: Որոշ առումով հանելուկային այս կերպարը իր անձի համար կարծես թե որևէ բան չի խնդրում, չի պահանջում, բայց կարողանում է իրեն այնպես պահել, որ մարդիկ երբեմն կարեկցանքից, երբեմն մեծահոգությունից, երբեմն էլ պարզ մարդկայնությունից ելնելով՝ երբեք նրան չեն թողնում վատ կացության մեջ: Հենց այն նույն մարդիկ, որոնց ինքը մեծագույն չարիքներ է պատճառել կամ դեռ պատճառելու է:

Սինթադեն, ինչպես և Փանջունին, ուրիշի խոսքերի, էության, վիճակի մեջ խորանալու խնդիր չունի. տրամաբանականությունը ի ծնե խորթ է հոգեբանական այս տիպին, քանի որ սա ընդունակ չէ, հետևաբար՝ պարտավոր էլ չէ իր պատահականորեն գրպանած «ճշմարտությունները» մարդկանց աչքը խոթելիս հաշվի առնել դրանց համակարգային լինելը: Ժամանակի սոցիոպատներից մեծ մասի հենց այս կաղապարված ցինիզմի վրա էին կարողանում մեծ հաջողությամբ խաղալ դարաշրջանի մեծագույն աճպարարները՝ Հիտլերն ու Ստալինը: Եվ մեր գրականության հիշյալ անտիհերոսներն էլ սերիական մարդասպանի սառնասրտությամբ ու հետևողականությամբ անում էին իրենց սև գործը: Զ. Խալափյանը գիտե հերոսի և անտիհերոսի դերն ազգի պատմության մեջ՝ առաջինի հարատևությունը, երկրորդի անցողիկությունը: Սինթադեի անշուք թաղման մասնակիցներից մեկն ասում է. «Տե՛ղն էլ չի երևալու, անունն էլ չի՛ հիշվելու… Աստված ողորմի անհիշատակ մարդկանց»:

Այժմ արդեն խոսում են ռոբոտներից սպասվող վտանգների մասին: Ֆանտաստ գրող Պիեռ Բուլը դա ցույց էր տվել վարժեցրած-ծրագրավորված կապիկների օրինակով («Կապիկների մոլորակը»), իսկ Սինթադեն և հիշյալ մյուս «հերոսները» մարդկության համար այդ խիստ վտանգավոր ռոբոտի նախատիպերն են: Նրանց մեջ սոցիոպատի ծրագիրը գործում է անխափան և կարողանում է աջ ու ձախ անհամար ավերներ գործել: Այս նույնը գրեթե կանխատեսել էր Բակունցը դեռևս 1932 թ.- ին: «Նրա գլխի մեջ (Պեդեյանի՝ «Որդի որոտմանից») պտտվում էր «միջոցառումների» մի չարխ, որ կառուցել էր ինքը մասերի դաժան միօրինակությամբ: Եվ այդ զարմանալի մի չարխ էր: …Նրա յուրաքանչյուր ձողիկը կարթ ուներ, որ կարող էր միայն մի երևույթ կամ մի խնդիր դուրս հանել կյանքի աղմկոտ ծովից»: (Ինչպես ծրագրավորված ռոբոտի դեպքում է):

Թե ինչպես միաժամանակ մի քանի հոգեկան ծանր հիվանդություններ ունեցող Ստալինը և Հիտլերը տասնամյակներ շարունակ կարողացան մնալ երկու հսկա պետությունների ղեկին ու մարդկային մեծագույն ոճիրներ գործել, դեռ չի գտել իր բացատրությունը: Իսկ Զ. Խալափյանն ասում է. «Դա իրարից վարակվելու նման էր: Սկզբում վախենում ես այդ մտքերի թաքուն իմաստից, հետո մտածում ես՝ իսկ գուցե ճի՞շտ է, գուցե պե՞տք է: Այդպես իրարից վարակվելով, ծնունդ է առնում մարդկային ինչ-որ մի տեսակ»:

Սոցիոպատը չի հասկանում մարդկանց փոխադարձ հոգեկան կապերը և սա մեկնաբանում է որպես աճպարարություն: Այստեղ ամբողջությամբ տեղավորվում է վեպից մի տեսարան, որում Սինթադեն փորձում է արգելել Սարդարապատի հերոս Արշակի թաղումը իր պապի ու բոլշևիկ եղբոր աճյունների կողքին: «Ի՜նչ նշանակություն ունի, որ հարազատ եղբայրներ են, նրանց միջև անդունդ կա: …Դա հին աշխարհի հիմարություններից է: Գաղափարն է, որ մարդկանց հարազատացնում է և ոչ թե արյունը: …Ազգայնամոլ Արշակ Չալյանին մեր սիրելի ընկեր Օսիպ Չալյանի կողքին դնել նշանակում է… Նշանակում է վիրավորել հանգուցյալի ինտերնացիոնալ զգացումները»:

Ուրիշի կարիքները, տանջանքը սոցիոպատի համար որևէ արժեք չունեն, նա գործում է միայն համաձայն իր ես-ի, որ հարկ եղած դեպքում դիմայլակորեն դառնում է մենք: Իր անվտանգ համակեցությունը հասարակության հետ ապահովելու միակ ծրագիրը, որ կարող է կազմել, դա ստիպելն է, որ ամեն հարցում բոլորը իրեն ենթարկվեն: Նրա համար աչքը թարթելու պես հեշտ է ոչնչացնելը այն վերադասներին, ում որոշումները կատարում էր անմռունչ, քանի դեռ նրանք ուժեղի դիրքում էին: «Սինթադեին ոչնչություն էին թվում բոլորը, նախ և առաջ իր ծանոթները: Նա դեռ չէր հանդիպել մեկին, որ ոչնչություն չլիներ, բայց այժմ ժամանակներն այնպես էին փոխվել, որ ոմանցից ինքն էր վախենում, մյուսները իրենից էին վախենում»:

Սոցիոպատը առանց տատանվելու խաբում է և հակաօրինական գործողություններ է կատարում՝ համոզված, որ ճշմարտության քողի տակ հանդես եկող ցինիզմը խաբեության հակոտնյան է: Ծանր է տանում իր ցանկությունների սահմանափակումը, աշխատում է դրան խոչընդոտել իրեն հասանելի բոլոր միջոցներով, հիմնականում՝ սպառնալիքի և ֆիզիկական ուժի գործադրման: Բռնություն չկիրառելը դիտում է որպես թուլություն: Այս բոլոր հոգեբանական ախտանիշները նստած են Սինթադեի և Փանջունու էության մեջ, և նրանք միշտ կարողանում են բնազդորեն օգտվել դրանցից, ինչպես կույրն` իր զարգացած լսողությունից կամ հոտառությունից: Սոցիոպատը աշխատել չգիտի, նա ուզում է ամեն ինչ և հենց այս րոպեին ստանալ,- ասում են հոգեբանները: Սրա օրինակը Փանջունուց հետո, բայց նրանից էլ վառ, Սինթադեն է: Նա իր լոզունգներում գրում էր. «Ուժերը չխնայել սոցիալիզմի համար» կամ «Աշխատանքը փառք ու պատիվ է» և «միաժամանակ զարմանում էր, որ մարդիկ կարող են ամբողջ կյանքում դրանով զբաղվել: Նրանք, ովքեր ստիպված են ֆիզիկական աշխատանքով վաստակել իրենց հացը, նրա համար աշխարհի ամենադժբախտ մարդիկ էին: Դրա մասին նա որևէ մեկի հետ չէր խոսում, դա գաղտնիք էր, որ աշխատավոր մարդը չպետք է իմանար»: Նա երբեք չի ափսոսում գյուղացու քրտինքով ստեղծված բարիքը: Առանց ամոթի Արշակին պատմում է, որ որպես տանու մարդ գիտեր նրանց տան գաղտնիքները, և ինքն է ցուցմունք տվել, թե որտեղ պետք էր փորել ու հանել հացահատիկը (փույթ չէ, թե դա այնուհետև անձրևի տակ էր մնալու, փչանալու էր). «Բա ո՜նց: Բանվորագյուղացիական պետության լինել-չլինելու հարցն էր… Կարո՞ղ էի ես անձնական երախտագիտության գերին դառնալ ու չբացահայտել հացի գաղտնի պահեստների տեղերը, երբ քաղաքներում ամեն օր քաղցից մեռնում էր պրոլետարիատը: Որպես իսկական մարքսիստ, ես գիտակցում էի, որ պարտավոր եմ հասարակական շահը գերադասել իմ անձնականից»:

Հիշենք կյանքում Սինթադեի կատարած միակ լավ գործը: Սիբիր աքսորվելուց մեկ օր առաջ կոլխոզի այգում դպրոցականների կես կատակ-կես լուրջ առաջարկով մի կերպ մի ծիրանի ծառ էր տնկել հենց այն տարածքում, որտեղից ժամանակին՝ որպես անցյալի մնացուկ, վերացրել էր հարյուրավոր պտղատու ծառեր: Վերջին անգամ Միջնաշեն վերադառնալով՝ ինքն իրեն համոզել էր, թե գտել է իր կյանքում տնկած միակ ծառը՝ ծիրանին. գնում, նստում էր դրա ստվերում: Մինչդեռ դա ոչ թե ծիրանի էր, այլ սալորենի, որն, իհարկե, ուրիշն էր տնկել: Գուցե հրա՞շք էր պատահել, և նա գիտակցե՞լ էր, որ եթե կյանքում մի լավ գործ է արել, դա իր ձեռքով մեկ հատիկ ծիրանի տնկելն է եղել: Եվ սակայն ի՜նչ պտուղ պիտի բերեր չարագործի տնկած ծառը, եթե անգամ չորացած չլիներ:

Քանի որ սոցիոպատը զուրկ է կարեկցանքի զգացումից, նա մշտապես մի հարմարավետ վիճակում է, երբ այլոց ցավերը, վշտերը չեն գումարվում իր անձնական տառապանքներին, որոնք իրականում բացակայում են այս տիպի մեջ: Բացի այդ, իր իշխանության ողջ դաժանությամբ ուրիշներին ցավ պատճառելը նրա հաճույքի միակ աղբյուրն է: (Սրա ցնցող օրինակը Գյոտ Ամոնն է Ստ. Սփիլբերգի «Շինդլերի ցուցակից»): Սինթադեն անկեղծորեն զարմանում է, նույնիսկ բացահայտ ափսոսանք է ապրում. «…քառասուն միլիոն մարդ փոխանակ Սիբիրում փտեցնելու, Ստալինը կարող էր նրանց ձեռքը զենք տալ և ուղարկել համաշխարհային կապիտալիզմի դեմ: Սիրո՜վ կգնային բոլորը, սիրո՜վ: Այնպես հարթեցնեինք, որ տեղը հազար տարի կանաչ խոտ չբուսներ»:

Սինթադեի կերպարը կարելի է դնել մեր գրականության ամենանողկալի կերպարների շարքում: Գրողի, ինչպես և ընթերցողի համար ծանր ու ցավոտ է մարդկային հասարակության մեջ այս չարորակ գոյացության սրընթաց ճյուղավորումներին հետևելը: Թեև այս առումով Ընկեր Փանջունին ոչնչով չի զիջում նրան, բայց Միջնաշենը Ծապլվար չէ: Ի վերջո Փանջունուն հաջողվեց հիմնահատակ ավերել գյուղը միայն այն պատճառով, որ թե՛ գյուղը և թե՛ հերոսը գրոտեսկային են այնքան, որ նշանների են վերածվում: Իսկ Միջնաշենը հազար ու մի մսաղացով անցնելուց հետո էլ կարողանում է վերագտնել իր դեմքը, ոտքի կանգնել, շտկվել: Այստեղ ապրող ու աշխատող մարդիկ ոչ միայն միմյանց են կապված սիրո, ներողա-մտության, փոխօգնության, ինքնազոհության աստվածաշնչյան օրենքներով, այլև օտարների հետ են այդպես վարվում:

Սինթադեն ծառացած է գյուղի նահապետական առաքինությունների դեմ: Սիբիրը մազաչափ անգամ չփոխեց Սինթադեին, ոչ էլ Փանջունուն՝ քրդերի հարձակումից մազապուրծ լինելը: Նրանց հոգեխանգարումները ոչ թե խորանում են, քանի որ այլևս խորանալու տեղ չունեն, այլ բացահայտվում են մինչև վերջ: Նրանց էության մեջ թույն, ագրեսիա, նենգություն և շատ այլ բաներ այնքան խորթ ու օտար են մարդկային նորմերին, որ դրանց հետ առերեսվելիս մարդը, չհասցնելով հասկանալ իր անելիքը, հաճախ անզեն է ու անպաշտպան, ինչպես հանկարծահաս աղետի դեպքում: Այս անտիհերոսը շարժվում, տեղավորվում է վեպի բոլոր բուռն իրադարձությունների մեջ, սակայն վտանգավոր պահերին միշտ կարողանում է ճողոպրել: Հիշենք Փանջունուն վիպակի վերջին դրվագում, երբ գյուղ էին ներխուժել քրդերը. նա պահ էր մտել եկեղեցու խորանի ետևում: Իսկ Սինթադեն շատ հաճախ գլուխ էր պահում հիվանդ ձևանալով կամ այնպես կարևորելով իր դերը, որ մարդիկ ակամա փրկեն թե՛ իրեն, թե՛ իր «մեծ գաղափարները»: Ահա նրա ցնցող մտորումներից մեկը, երբ նա հենց տակիչքի կարգավիճակից վերջին անգամ նետվում է Միջնաշեն՝ իր փրկության ափը, ու մարդիկ իրենց ցավերի հիմնական մեղավորին էլի տեղ են տալիս նեղություններից հալումաշ եղած գյուղում. «Ապա թե համոզված էր, որ ինքը դեռ պետք է, դեռ բարի գործեր շատ կարող է մատուցել այս ժողովրդին: Զորօրինակ, առաջին հերթին, մտածում էր, ինչպես ձեռք գցել կաշեկազմ այդ Ավետարանն ու հրդեհի մատնել, Քրիստոսի այդ անիծված ուսմունքն է մեղավոր բոլոր դժբախտությունների մեջ, քարոզելով եղբայրություն մարդկանց մեջ, դրանով իսկ հաշտեցնելով դասակարգերը, արգելք է հանդիսանում դասակարգային պայքարի լուծմանն ահա համարյա երկու հազարամյակ: Ո՞նց չի իմացել, որ Միջնաշենում մագաղաթյա Ավետարան կա տասնմեկերորդ դարու, Տեր-հայրն անազնվաբար թաքցրել է նրանից: Ժամանակին բոլոր մատյանները, աղոթագրքերը, ճառոցներն ու մաշտոցները վառեցին գյուղի երիտասարդ ակտիվիստների հետ, եկեղեցին փակեցին, ժողովուրդն ազատվեց այդ դատարկ աղոթքներից, պատարագներից, եկեղեցական պսակներից և այլ ավելորդ բաներից: Բայց չե՜ն գնահատում: Ոչի՜նչ, հետո ամեն ինչ կհասկանան ու կարդարացնեն… Ափսոս, չհաջողվեց եկեղեցին պայթեցնել, պարզապես պայթուցիկ չկար, իսկ քանդելն ահագին չարչարանք էր»:

«Հեղափոխության մակաբույծներում» Օտյանը Վարդհոգյանի փառատենչությունն ամփոփում է հետևյալ կերպ. «- Բայց մեծը հրաշալի բան է, ճիշտ ինծի կնմանի»: «- Ուրեմն ափսոս, ապագա սերունդն ալ իրեն Վարդհոգյանը պիտի ունենա»:

Մեր Թավշյա հեղափոխությունից հետո սպասում էի, և՝ ինձ նման երևի շատերը, թե ո՞ր պահին է ծլելու սինթադեն կամ փանջունին: Եվ ահա ծլեց… Սա բոլոր չափանիշներով համապատասխանում է սոցիոպատի և պսիխոպատի կամ գաղափարագարի (Լ.Հ.) հոգեխանգարումներն ունեցողի բնութագրին: Նա չուշացավ՝ որպես անտիհերոս (կասեի նույնիսկ՝ կեղծ անտիհերոս) իր նմանների հետ ծառանալու հերոսի դեմ, ում ժողովուրդը սիրում ու հավատում է: Ու քանի դեռ սոցիոպատը վախ չունի ու համոզված է, թե իրեն վտանգ չի սպառնում, նա, ինչպես և նույն ախտորոշումն ունեցող սինթադեն, փանջունին, թուրյանը (Ն. Պեշիկթաշլյանի «Տանկ» վեպի հերոսը), պոռոտախոսում ու հորդում է առանց ստորակետի ու վերջակետի, առանց հասկանալու, թե ինչ է խոսում: Երևացողը միայն նրա հարձակողականությունն է, ագրեսիվությունը: Զուր չէ, որ երբ խոսում է նախկին իշխանությունների «մեծագործությունների» մասին, գլխավոր տեղում դնում է ծխախոտագործությունը, գինեգործությունը, կոնյակագործությունը (բոլորը՝ էյֆորիկ), իսկ երբ խոսում է Լիսկայի տան մոտ կատարված սպանության մասին, մոռանում է, որ դրա մանրամասները հեռուստացույց չունեցող հոմլեզներն անգամ գիտեն: Չմոռանանք նաև, որ մինչև բսնելը նա հաշվարկել է իր ողջ ու առողջ մնալու հավանականությունը: Դարձյալ հիշենք, թե ինչպես էր Սինթադեն աջ ու ձախ ոտնահարում, խոյահարում միջնաշենցու համերաշխության, սիրո, մարդասիրության բոլոր նորմերը, որոնց ինքը պարտական էր իր կյանքով: Նույն սոցիոպատն ու պսիխոպատն է, որի գոյության նպատակը չարի հետ գործակցելն է, նույն նկարագիրը՝ սիրում է պահվել որևէ դիմակի տակ (նա տարօրինակ ակնոցների սիրահար է, մտքով անցել է ձիավորի իր կերպարով համեմատվել ոչ ավել, ոչ պակաս, քան Դավիթ Բեկի հետ): Փանջունին «գործունեության» ասպարեզ իջնելուց առաջ անմիջապես գլխին քաշեց լայնեզր գլխարկը, որ հայկական հետամնաց գյուղերում արտառոց երևա: Հայկազ Թուրյանը, որի ֆետիշներն էին Հիտլերը, Մուսոլինին, Ստալինը, դիմակահանդեսային հանդերձանքով՝ փափախով, զենք ու զրահով իր լուսանկարը կախել էր Անդրանիկի նկարի կողքին: Նրան երևակայության թռիչքը հասցրեց այնտեղ, որ սկսեց մտածել քուրդ «հերոսական ցեղերին» միավորող զորավարի իր ցնցող կերպարի մասին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.