ՍԵՐԲԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ (էսսե) / Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ

Այս պատմության հերոսը բարեկիրթ ու լայնախոհ օտարական է՝ հեռավոր քրիստոնյա մի երկրից: Անցյալ դարի 90-ականների սկզբին նա փոխադրվել էր Բելգրադ և որոշել էր իր ճակատագիրը կապել սերբ ժողովրդի հետ: Նրան ճանաչողները պատմում էին, որ շատ էր սիրում Սերբիան ու սերբերին և ցանկանում էր իր կյանքի մի հատվածն անցկացնել բալկանյան այդ երկրում: Սիրում էր սերբական հայրենասիրական ու քնարական երգեր լսել, հաճախ նրան սիրով հրավիրում էին մասնակցելու ազգային ու եկեղեցական տոներին: Ասում են նաև, որ սերբական խոհանոցի մեծ սիրահար էր…
Այսքանը գիտեի հեռավոր օտարականի մասին: Ավելի ուշ առիթ ունեցա ծանոթանալու նրա հետ՝ երբեք չմտածելով, որ բարեկամներ կդառնանք…
…Հետո աշխարհում շա՜տ բան փոխվեց: Այս հին ու փուխր մոլորակը, որ պատմության ընթացքում բազում պատերազմների ու արհավիրքների ականատես է եղել, կրկին հայտնվեց նոր առճակատումների խաչմերուկներում: Գլուխ բարձրացրին ազգամիջյան թշնամանքն ու ատելությունը: Երկրորդ աշխարհամարտի վերքերից դեռ լիովին չապաքինված Բալկանների սրտում՝ Հարավսլավիայում, ազգամիջյան նոր բախումներ խլրտացին: Օրեցօր ահագնացող առճակատումները նոր տարածքներ էր ընդգրկում՝ վերածվելով լայնածավալ և արյունալի պատերազմի: Հրկիզվում և ավերվում էին շեներ ու օջախներ, շատ մարդիկ, ցավոք, նոր հանգրվաններ փնտրելու նպատակով ստիպված լքում էին իրենց տները…
Օտարականի սիրտը ցավում էր այդ ամենից: Նա ուշիուշով հետևում էր սաստկացող պատերազմի դաժանություններին, որոնց զոհ էին դառնում անմեղ ու անպաշտպան մարդիկ: Նա որոշեց մնալ Բելգրադում: Քաղաքական ճգնաժամից զատ, այդ տարիներին երկիրը հայտնվել էր նաև տնտեսական ծանր վիճակում: Օրեցօր թանկացող սննդամթերքն ամենքին չէ, որ հասու էր: Ազգային արժույթը՝ դինարը, ժամ առ ժամ արժեզրկվում էր, իսկ մարդիկ, Աստծուն ապավինած, հույսով ու հավատով սպասում էին, որ գոնե փրկության մի լույս կշողա…
Սննդամթերք գնող մարդկանց հերթերում հաճախ էի նկատում համեստ ու բարեկիրթ օտարականին: Նա սերբերի հետ կիսում էր հանապազօրյա մի պատառ հացը, կիսում էր պատերազմի պատճառած տառապանքներն ու դառնությունները: Սիրտն անափ ցավով էր լցվում այդ ամենի համար…
– Պատերա՜զմ է, շատերը ստիպված հեռանում են երկրից, իսկ դու եկել ու մնացել ես այստեղ,- մի օր դիմեցի օտարականին,- ի՞նչն է քեզ բերել Սերբիա…
– Չե՛մ ցանկանում սերբերին մենակ թողնել,- հաստատակամ պատասխանեց նա:- Ուզում եմ սատարել նրանց այս բախտորոշ պահին, երբ աշխարհաքաղաքական ցնցումների արդյունքում Հարավսլավիան վերածվել է ռազմադաշտի: Չե՛մ կարող նայել, թե ինչպես է փլուզվում այս գեղեցիկ երկիրը, առավել ևս՝ անտարբեր լինել:
Մարմնովս սարսուռ անցավ, անբացատրելի մի զգացում պարուրեց ինձ: Ես կարկամել էի նրա խոսքերից: Նա թողել էր իր հրաշագեղ ու արևաշող երկիրը, եկել էր Բալկանյան աշխարհ՝ սատար լինելու սերբ ժողովրդին: Եկել էր ընդվզելու աշխարհի անարդարության ու սառնասիրտ մարդկության դեմ:
Ես լուռ էի: Փորձում էի հասկանալ նրան, բայց գուցե ժամանակ էր հարկավոր՝ նրան ականջալուր լինելու և ասածներն ավելի խորությամբ ընկալելու համար:
Օտարականը խաղաղ էր ու հանգիստ, բայց և՝ հպարտ ու անկոտրում: Նա հաստատակամ ու արժանապատիվ էր, նրա որոշումները հստակ էին ու անբեկանելի: Երբ հարկ էր լինում ըմբոստանալ ու ընդ­վզել, նա չէր խնայում իր ուղղամիտ և սուր խոսքը: Հասկացել էի, որ նրան ոչինչ ընկճել, առավել ևս ահաբեկել չի կարող՝ ո՛չ աշխարհը կառավարող ռազմատենչ մեծավորների վարած կործանիչ քաղաքականությունը, ո՛չ հրանոթների ոռնացող որոտները, ո՛չ էլ չարանենգ թշնամու դավադիր հարվածները…
– Ես պատրաստվում եմ մեկնել պատերազմական գոտի՝ ականատես լինելու ռազմական գործողություններին, որպեսզի իմ համերաշխությունը հայտնեմ սերբերին,- մի օր ասաց օտարականը:- Ես վկան ու ժամանակագիրն եմ լինելու բալկանյան այս արհավիրքի և հետո տեսածս պատմելու եմ քարսիրտ աշխարհին ու գալիք սերունդներին…
– Խորհուրդ չե՛մ տա մեկնես,- տագնապած միջամտեցի ես,- պատերա՜զմ է, ամեն բան կարող է պատահել:
– Ես կորցնելու ոչինչ չունե՛մ, բարեկա՛մս,- սառնասրտորեն ու վճռական պատասխանեց օտարականը:- Մեկ անգամ չէ, որ նայել եմ մահվան աչքերին, մահն ինձ երբեք չի՛ ահաբեկել, եթե որոշել եմ, ուրեմն պիտի գնա՛մ: Մեկ անգամ եմ աշխարհ եկել, ուրեմն պիտի պատրաստ լինեմ նաև հեռանալուն, ինչ լինելու է՝ թող լինի՛…
Այսպիսին էր օտարականը՝ հպարտ ու անկոտրում, վճռական ու հաղթական կեցվածքով: Նրա հետ քանիցս զրուցելիս հասկացել ու համոզվել եմ, որ իր համար կյանքից ավելի թանկ բան կար աշխարհում՝ հայրենապաշտությունը: Նա հպարտ էր, որ վեհ ու անընկճելի ժողո­վրդի զավակ է: Հպարտ էր, որ բաց ճակատով է նայում մարդկանց ու աշխարհին:
Հետո տեղեկացա, որ շատ մտերիմներ ևս հորդորել են, որպեսզի նա զերծ մնա պատերազմական տաք գոտիներ մեկնելու իր մտադրությունից, բայց՝ ապարդյուն: Դրանից հետո նրան այլևս չտեսա: Մտահոգ էի: Խորհում էի, ո՞ւր է նա, արդյոք կուլ չի՞ գնացել սուրացող արկերի ու չդադարող հրաձգությունների շառաչներին… Աղոթում էի օտարականի համար, որ Աստծո Աջը անպակաս լինի նրանից…
1991-ի դեկտեմբերի 19-ին՝ Սուրբ Նիկոլայի տոնին, որ սերբերն անվանում են Նիկոլդան, մամուլից տեղեկացա, որ բարձրաստիճան զինվորականների հետ մեկնել է Սերբական Կրայինա՝ մասնակցելու այդ երկրամասի ինքնորոշմանը և Հանրապետություն հռչակվելուն նվիրված հանդիսություններին: Մեկ անգամ ևս համոզվեցի, որ նա անդրդվելի է իր որոշումներում: Հետո տեղեկացա, որ ավելի ուշ եղել է նաև Բոսնիա-Հերցեգովինայի կազմում գտնվող Սերբական Հանրապետությունում, ավերված ու խարխլված Վուկովարում, պատերազմի դաժանություններից քարուքանդ եղած սերբաբնակ այլ վայրերում…
Անցան տարիներ: Օտարականին այդպես էլ չտեսա ու նրանից լուր չստացա:
Գուցե վերադարձել է իր լեռնածվար երկիրը,- մտածեցի,- կամ գուցե… Ո՛չ, ո՛չ, ի՞նչ գուցե… նրան բան պատահած լինել չի կարող, նա ուժեղ մարդ է, ամուր կամքի տեր…- ցավախառն մտքերով պարուրված՝ մտմտում էի ես: Թեև Բարձրյալը հաճախ փորձության է ենթարկում հենց ուժեղ ու անկոտրում, պայքարի ամուր ոգի ունեցող մարդկանց: Հիշո՞ւմ եք Նոր Կտակարանի հայտնի տողը՝ «Ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» (Ավետարան ըստ Մատթէոսի, գլուխ 24):
Նա կարողանում է լռել, համբերել ու դիմանալ… Նաև՝ ներել…
Բալկանների սրտում շարունակվում էր արյունալի պատերազմը: Բելգրադյան ցույցերի ժամանակ նրան հաճախ էի տեսնում աշխարհի անարդարության դեմ ընդվզող սերբերի կողքին: Պատերազմին դեմ հանդիման, նա ասես ձեռնոց էր նետել խուլ ու համր միջազգային հանրությանը՝ լսելի դարձնելու իր ցասումն ու բողոքը: Ամենուր ներկայանալի ու սիրելի էր, ամենուր առանձնանում էր իր արժանապատիվ կեցվածքով: Իսկ սերբերն արժևորում էին նրա խոսքը և հարգանքով վերաբերվում նրան…
Մի օր պատահաբար տեսա օտարականին բելգրադյան «Պոլիտիկա» օրաթերթի խմբագրատան հարևանությամբ գտնվող կրպակի առջև: Աչքերիս չհավատացի: «Մի՞թե նա է»,- շշնջացի: Մի պահ ինձ թվաց, թե սխալվել եմ, բայց ո՛չ, չէի՛ սխալվել: Նա էր, այդ տաք ու եռանդուն մարդը՝ թերթերի ու ամսագրերի տրցակը ձեռքին: Երջանկությունս անսահման էր: Ուրախ էի, որ տարիներ անց նորից հանդիպելու առիթ էր եղել: Մոտեցա: Հուզմունքից գրկախառնվեցինք: Երկուսիս համար էլ անակնկալ էր այդ հանդիպումը…
– Գնանք սուրճ խմելու,- առաջարկեցի ես:
– Սուրճ հազվադեպ եմ խմում, սերբերն ինձ ավելի շատ հրավիրում են շլիվովիցա խմելու,- ասաց նա:
– Դե, ուրեմն գնանք հյուրասիրեմ շլիվովիցայով,- անվարան ասացի ես:
– Հիմա մի քիչ շտապում եմ, բարեկա՛մս, ոստիկանություն պիտի գնամ, դիմել եմ քաղաքացիություն ստանալու համար, խոստացել են, որ հարցը արագ կլուծվի,- ասաց օտարականը:- Մեկ ուրիշ առիթով անպայման կհանդիպենք, կգնանք շլիվովիցա խմելու:
Չհակադրվեցի՝ հասկանալով, որ շատ անելիք ունի, առավել ևս սերբերի համար ճգնաժամային ու բախտորոշ այդ պահերին:
Անցան տարիներ… օտարականը կրկին անհետացավ իմ տեսադաշտից: Ես հաճախ էի փնտրում նրան, աչքերիս առջև անընդհատ հառնում էր նրա լուսավոր ու բարի կերպարը: Ծանոթներիս միջոցով հաճախ էի հարցուփորձ անում՝ ցանկանալով կրկին հանդիպել ու զրուցել նրա հետ…
…Կոսովյան ճգնաժամն արդեն խորացել էր ու Կոսովոն Բալկանների համար դարձել էր բռնկվող վառոդի տակառ: Մի նոր առճակատում էր սպասվում Սերբիայի սրտում: Ալբան ծայրահեղականներն ամեն կերպ ջանում էին սերբերից խլել Կոսովոն՝ սերբական միջնադարյան պետության բնօրրանը, սերբերի ոգին ու գոյատևման խորհրդանիշը: Արևմուտքը, ցավոք, հակված էր Կոսովոյի անարդար անկախությանը և սատարում էր ալբան ծայրահեղականներին: Սերբերի համար աննկարագրելի ծանր օրեր էին: Կոսովոյում սերբ-ալբանական բախումները լայն թափ էին ստացել:
Այդ օրերին անսպասելիորեն կրկին հայտնվեց ինձ այնքան սիրելի ու հարազատ օտարականը, ով արդեն օտարական չէր սերբերի համար, այլ մտերիմ դարձած մարդ, հոգեհարազատ եղբայր: Նա բնակվում էր Բելգրադի կենտրոնական թաղամասերից մեկում, ու մեր ճանապարհները ժամանակ առ ժամանակ խաչվում էին:
Դարձյալ հանդիպեցինք բելգրադյան «Պոլիտիկա» թերթի խմբագրատան հարևանությամբ գտնվող կրպակի մոտ: Մի՞թե պատահականություն էր՝ հենց նույն կրպակի մոտ: Ո՛չ, պատահականություններ չե՛ն լինում, ամեն բան Բարձրյալի կամոք է տեղի ունենում, ամեն հարցում Տերն է ուղղորդում մեզ՝ սատար լինելով մեր տաք երազանքների իրականացմանը…
– Դե ի՞նչ, բարեկա՛մս, գնանք շլիվովիցա խմելու, հուսով եմ՝ այս անգամ չե՛ս առարկի,- դիմեցի նրան:
– Իհա՛րկե, չե՛մ առարկի,- հակիրճ պատասխանեց օտարականը:
Բելգրադյան ծանոթ ու հաճելի սրճարաններից մեկում նստած զրուցում ենք օրվա հոգսերից, մեր անելիքներից, ավելի շատ՝ օրեցօր խորացող կոսովյան ճգնաժամից, որը ցավով ու դառնությամբ է լցրել սերբերի սրտերը:
– Դե, պատմի՛ր, ինչպես լուծվեց քո քաղաքացիության հարցը,- հետաքրքրվեցի ես:
– Դեռ ոչ մի նորություն չունե՛մ,- մի տեսակ հուսալքված պատասխանեց նա:- Ի՞նչ ասեմ, գուցե կստացվի, ոստիկանությունից պատասխան դեռ չկա:
– Բայց քեզ խոստացել են սեղմ ժամկետում քաղաքացիություն տրամադրել,- միջամտեցի ես:
– Այո՛, այդպես են ասել, բայց դեռ ամեն բան անորոշ է,- ասաց օտարականը,- այս պահին Կոսովոյի խնդիրն ավելի հրատապ է, պիտի պահպանել սերբերի սրբազան բնօրրանը:
Նրա խոսքերից ցնցվեցի՛: Անցել էին տարիներ, բայց սերբական իշխանությունները նրան դեռ չէին պատասխանել: Եվ, սակայն, նրա համար կոսովյան հարցն առաջնային էր, իսկ քաղաքացիության մասին կարծես թե մոռացել էր և չէր ցանկանում խոսել:
– Դե, եթե չտան քաղաքացիություն, հոգ չէ՛,- ասաց օտարականը՝ կում-կում խմելով շլիվովիցան,- ուզածս մեծ բան չէ, ընդամենը՝ սերբական մի անձնագիր…
– Կտա՛ն, անպայման կտա՛ն,- հուսա­դրելով ասացի նրան,- դու դրան լիովին արժանի ես:
– Ես այստեղ հայրենակիցներ ունեմ, նրանք ևս դեռ չեն ստացել քաղաքացիություն,- շարունակեց օտարականը:- Մի քանի օր առաջ կրկին եղել եմ ոստիկանությունում, ասել են, որ անպայման կլինի, բայց մի քիչ էլ պիտի սպասեմ…
– Լսել եմ, որ ցանկանում ես մեկնել Կոսովո,- հարցրի օտարականին՝ փորձելով շեղել նրան քաղաքացիությանը վերաբերող դեռևս չլուծված հարցից:
– Ես մի քանի անգամ եղել եմ Կոսովոյում, բայց նորից եմ ուզում գնալ,- ասաց ու շարունակեց խմել շլիվովիցայի մնացած մասը:- Լավ պահպանեք Կոսովոն, եթե հանկարծ կորցնեք, երկար եք սպասելու այն վերագտնելուն:
Նրա ալեկոծ ու փոթորկված հոգին ընդվզում էր անհոգի ու անարդար աշխարհի դեմ: Աչքերում փայլում էին արցունքի խոշոր կաթիլները: Հուզմունքը փոխանցվեց նաև ինձ:
– Ասա, թող ևս մի բաժակ շլիվովիցա բերեն,- դիմեց ինձ օտարականը:
– Հիմա՛, իսկո՛ւյն,- ասացի՝ կանչելով սրճարանի մատուցողին:
Քիչ անց մոտեցավ մատուցողը՝ երկու բաժակ շլիվովիցան ձեռքին: Օտարականը շնորհակալությամբ ընդունեց շլիվովիցայով լի երկրորդ բաժակը: Այդ պահին մտքերը նրան գուցե կրկին տանում էին Սերբական Կրայինա, Սերբական Հանրապետություն՝ Բրչկո, Բոսանսկի Բրոդ, Բանյա Լուկա, Կոզարաց, Սանսկի Մոստ, Կլյուչ, Յայցե, նաև՝ ավերված Վուկովար… Աչքերի առջև նրան գուցե պատկերվում էին պատերազմի դաժանություններից քարուքանդ եղած սերբական բնակավայրերն ու օջախները, այն սահմռկեցուցիչ տեսարանները, որոնց ականատեսն է եղել շատ տարիներ առաջ…
Օտարականը դատարկեց շլիվովիցայով լի երկրորդ բաժակն ու ասաց.
– Իրոք, թունդ ու հզոր խմիչք է ու շատ է նման այս ժողովրդի անկոտրում ոգուն…
Ես մի պահ լռեցի, իսկ նա դեռ խորասուզված էր մտքերի մեջ ու շլիվովիցայից մի տեսակ արբած՝ սերբական հանրահայտ խմիչքի փառքն էր գովերգում…
– Գնանք Կալեմեգդան զբոսայգի,- առաջարկեցի ես,- մի քիչ կհանդարտվենք, մոռացության կտանք առօրյա հոգսերն ու կյանքի դառնությունները:
Մութն իր շղարշով ասես բարուրել էր բելգրադյան նշանավոր զբոսայգին: Միայն թռչունների քաղցրահունչ երգն էր ընդհատում զբոսայգու անդորրը: Խաղաղ ու անամպ երեկո էր: Օտարականը լուռ էր: Նա հայացքն ուղղել էր զբոսայգում հառնող «Հաղթողը» հուշարձանին, որի մի ձեռքում խաչ հիշեցնող սուրն է, մյուսում՝ խաղաղություն խորհրդանշող աղավնին: Ո՞վ իմանա, ինչի՞ մասին էր խորհում նա՝ հայացքը սևեռած հուշարձանին:
– Ի՜նչ խորհրդավոր է այս հուշարձանը,- ասաց նա,- փրկության սուր և խաղաղության աղավնի… Իրոք, առանց սրի զորության խաղաղության աղավնին ճախրել չի կարող: Սրով լինի, հրով լինի, վաղ թե ուշ սերբերը պիտի հաղթե՛ն, սերբերը հերոսական ժողովուրդ են, իսկ ես ձեր կողքի՛ն եմ, վստա՛հ եղեք…
Օտարականը մի քանի տարի չէր եղել հայրենի երկրում: Նա կարոտով էր խոսում հայրենիքի մասին, նրան ամեն օր պատկերվում էին իրեն սպասող հարազատները, իր լեռնաշխարհի հիասքանչ պատկերները, իսկ ունկերում արձագանքում էին հայրենի հուզահնչյուն մեղեդիները, որոնք նրան ուժ ու հաղթական շունչ էին ներարկում…
– Շա՜տ եմ կարոտել իմ երկիրը, պիտի վերադառնամ,- թախծոտ ասաց նա,- բայց ինչպե՞ս մենակ թողնեմ սերբերին ու այդքան հարազատ դարձած Սերբիան…
Նրա սիրտը ճմլվում էր ցավից, բայց նա անընկճելի էր ու աներեր: Սերբիան խոր արմատներ էր գցել նրա հոգում, իսկ կրծքի տակ բաբախող սիրտն ասես երկփեղկվել ու նմանվել էր արնածոր նռան…
Կալեմեգդանի բարձունքում, «Հաղթողը» հուշարձանից երևացող Սավա գետի ողորկ ջրերը հանդարտ շարունակում էին իրենց հավերժական երթը՝ լուռ տանելով ու սփռելով օտարականի խռովահույզ մտորումները: Նա այդպես էլ պատասխան չստացավ սերբական իշխանություններից ու դառնացած վերադարձավ իր երկիրը…
…Երբեք չեմ մոռանա նրա բարի ու խորհրդավոր ժպիտը, չեմ մոռանա, թե ի՜նչ սիրով էր նա խոսում տառապած ու պայքարող սերբ ժողովրդի մասին, որի հանդեպ աշխարհն այդքան սառնասիրտ, անարդար ու անողոք գտնվեց…
…Շատ տարիներ անց տեղեկացա, որ ինձ այդքան սիրելի ու հարազատ դարձած ալեհեր օտարականը հեռացել է կյանքից: Անհավատալի լուրը շանթահարեց ինձ: Արտասվաթոր աչքերիս առջև նորից ու նորից նրա կերպարն էր հառնում: Արցունքներս աննկարագրելի խեղդում էին, ու կոկորդս սեղմվում էր հուզմունքից: Ո՜վ արդարություն… մի՞թե արժեր սերբական մի անձնագրի համար ցավ պատճառել նվիրյալ մի մարդու, ով անմնացորդ սիրեց Սերբիան, ով կիսեց սերբերի վիշտն ու ցավը և նրանց կողքին եղավ ամենադժնդակ պահերին: Ի՞նչ էր նրա ուզածը՝ ընդամենը սերբական մի անձնագիր…
Հիշո՞ւմ եք շվեյցարացի անվանի քրեագետ Արչիբալդ Ռայսին, ով Առաջին աշխարհամարտի օրերին սերբերի կողքին էր ու սատար էր լինում նրանց: Ավելի ուշ նա իր խոհերն ու մտորումները պարզ ու շիտակ արտահայտեց «Լսեք, սերբեր» հանրահայտ գրքում: Ռայսը ևս հուսա­լքված հորդորում էր ժամանակի սերբական իշխանություններին զգոն լինել և արժևորել սերբ ժողովրդի բարեկամներին…
Սերբական իշխանություններին ևս հայտնի դարձավ, որ օտարականը հեռացել է կյանքից: Որպես մխիթարություն՝ որոշեցին նրան ետմահու քաղաքացիություն շնորհել՝ փորձելով շտկել իրենց սխալը և գոնե փոքր-ինչ դարմանել նրա անմեռ հոգու ցավը: Ո՞վ գիտե, գուցե զղջացել էին՝ տարիներ առաջ օտարականին անպատասխան թողնելու համար… Բայց ո՜ւշ էր արդեն… Օտարականը բռնել էր հավերժի ճամփան ու Աստծո արքայությունում վայելում էր երանելի ու հավերժական հանգիստը…
…Գարնանային արևոտ մի առավոտ հայրենի քաղաքի գերեզմանատան բարձունքում հանգչող օտարականին այցի եկած սերբերն իրենց հետ բերել էին Սերբիայի Հանրապետության քաղաքացիության անձնագիրը: Ավա՜ղ, ուշացած անձնագիրը… Օտարականի շիրմաքարը հեղեղված էր ձյունաթույր մեխակներով ու քրիզանթեմներով: Շիրմաքարին դաջված նրա պայծառ դեմքից լույս ու բարություն էր ճառագում: Նա նայում էր իրեն այցի եկած սերբերին: Այդ պահին ասես տիեզերական անբացատրելի խաղաղություն էր իջել նրա շիրիմին…
Օտարականին այցի եկածները սերբական եռագույնով զարդարված ծաղկեպսակը դրեցին շիրմաքարին: Ժապավենին գրված էր. «Սերբ ժողովրդի անմնացորդ նվիրյալին, պայծառ մարդուն ու բարեկամին…»:
Այցի եկածներից մեկը հանդարտ մոտեցավ ու շիրմաքարին դրեց անձնագիրը և չզսպելով դառն արցունքներն՝ ասաց.
– Ների՛ր մեզ, ների՛ր, ո՜վ մեծահոգի բարեկամ: Դու օտարական չեղար մեզ համար, դու մեզ եղբայր ու արյունակից եղար, մեր ճակատագրի մասը, նաև բալկանյան արհավիրքների ականատեսն ու ժամանակագիրը եղար, իսկ մենք, ավա՜ղ, չհասկացանք ու չգնահատեցինք քեզ ըստ արժանվույն… Հիմա ենք զգում և հասկանում, թե որքա՜ն մեծ ու կարևոր էր քո ներկայությունը մեզանում, և որքան անսահման էր քո սերը մեր հանդեպ: Քո տաք ու նվիրական սիրտը ներել գիտեր, ուրեմն ների՛ր մեզ, խնդրում ենք, ների՛ր…
…Գերեզմանոցում տիրական խաղաղությո՜ւն էր: Անձնագիրն այդպես էլ մնաց շիրմաքարին մենակ ու անտերունչ: Գարնանային մեղմ հովիկն էր միայն ցավախառն թերթում անձնագրի մաքուր էջերը: Օտարականն այդպես էլ չտեսավ երազած սերբական անձնագիրը, թեև իր ապրած կյանքով ու արածով ինքն իրեն քաղաքացիություն էր շնորհել: Ո՞վ գիտե, գուցե նրան անձնագիր հարկավոր էլ չէր: Նա համայն Սերբիայի քաղաքացի էր՝ առանց անձնագրի…
Նրանք մի բուռ հող վերցրին օտարականի շիրիմից, որ տանեն ու շաղ տան սերբական հողին, որ Սերբիան այդ մի բուռ հողից ուժ առնի ու կրկին հառնի, որ այդ մի բուռ հողի ջերմությունից փշրվեն բոլոր նրանց քար սրտերը, ովքեր այդպես էլ չհասկացան, որ այդ օտարականն Աստծո պարգևն էր Սերբիային ու սերբ ժողո­վրդին… Նման պարգևները հենց այնպես չեն շռայլվում: Նրանք աստվածահաճո և սրբազան պարգևներ են, որ Տիրոջ առատաբաշխ Աջով տրվում են տառապած ու մարտնչող ժողովուրդներին…
Շատերը ցավով կկարդան այս թախծոտ պատմությունը, ոմանք կզղջան ու կափսոսան, բայց, ավա՜ղ, զո՜ւր են բոլոր ափսոսանքներն ու հեղված արցունքները: Նրանք կհիշեն բելգրադաբնակ օտարականին, ով հավերժ աստղացել էր երկնքում՝ ձուլվելով հրաբորբոք ու անմար աստղաբույլերին…
Օտարականն ազգությամբ հայ էր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.