ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հովհաննես Թումանյան, բանաստեղծ՝ առանց որակումների: Ածականը այստեղ կարող է նսեմացնել, այլ ոչ թե բարձրացնել… Ազգային քանքար իր ողջ էությամբ: Հովհ. Թումանյանը գերազանցապես ժողովրդական բանաստեղծ է:
Զորավար Անդրանիկ

Թումանյանը դարագլուխ է մեր գրական կուլտուրայի մեջ: Նա բարձրացնում է մեր կուլտուրայի արժեքը, բարձրացնում է նրա տեսակարար կշիռը:
Դերենիկ Դեմիրճյան

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Զապել Եսայան

Եթե մի օր աշխարհի բոլոր ժողովուրդների բանաստեղծությունների ցուցահանդես լինի, հայ ժողովուրդը ուրիշ ոչ ոքի չի կարող ուղարկել, բացի Թումանյանից՝ իբր օրինակ զտարյուն հայ բանաստեղծի, այնպես, ինչպես Ռուսաստանը ներկայացնողը կարող է լինել միմիայն Պուշկինը:
Ստեփան Զորյան

Հեղեղի պես եկավ նա առասպելական Լոռվա վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի և բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ, իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ… Պղտոր էր սկզբում այս տարերային հեղեղը, բայց ժամանակի մեջ զտվելով ու մաքրվելով՝ բյուրեղացավ ու ոճավորվեց այն սքանչելի, աննման լեգենդների ու պոեմների մեջ, որ կազմում են մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձունքը, որից այն կողմ չի անցել մեր թռիչքը:
Ավետիք Իսահակյան

Կարդալով Թումանյանին՝ ժողովուրդը ճանաչեց ինքն իրեն: Եվ ժողովուրդը սիրեց նրան անսահման սիրով:
Վիկտոր Համբարձումյան

Թումանյանով մենք կանք: Առանց Թումանյանի մենք չկանք… Այդպես միայն զորավար արքաներն են լինում… Իր կատարելությունը կատարյալ դառնալու կարիք չի զգում… Նա իր ժողովրդի կատարելության խորհրդանիշն է:
Հրանտ Մաթևոսյան

Հովհաննես Թումանյան՝ հոյակապ կոթողը մեր գրականության, ցեղի արգանդից ծնված հանճար, մանուկ հոգվով, հոգով սուրբ, այն ամուր, շքեղ սյունը, որին ապահով կռթնած է հայ գրականության գեղեցիկ, հոյակապ շենքը…
Լևոն Շանթ

Թումանյան… նաիրյան խոսքի նահապետ, կախարդ, հրաշք, անկրկնելի հանճար, զարմանալի զարմանք:
Եղիշե Չարենց

Այսօր Թումանյանն իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որ մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:
Վահան Տերյան

Ան (Թումանյան) անհամեմատ բարձր է իր ժամանակէն ու անոր մէջէն կու գան մեզի խօսելու կարգ մը ձայներ, անոնցմէ, որոնք վարէն, շատ խորերէն կու գան երբեմն:
Իր ամբողջ գործին նկարագիրն է ազնուական բարութիւն մը, մաքուր՝ մեր ցեղին հոգիին նման:
Հակոբ Օշական

Ժողովրդի ձայնը կրկին լսվում և երևում է նրա ստեղծագործության մեջ: Նրա փայլուն բանաստեղծությունների մեջ հանդես է գալիս ինքը՝ հայ ժողովուրդը՝ իր հույզերով և իմաստությամբ: Թումանյանը մի վեպ է, ազգային էպոպեա:
Վալերի Բրյուսով

Այդ օրը՝ Փետրվարի 19-ը, պետք է որ տոն եղած լիներ, եթե տակավին ոչ բոլոր մարդկանց, ապա բնության համար. չէ՞ որ նա գիտեր, թե ով է ծնվել… Հովհաննես Թումանյանը իր ամբողջ երգով, իր ողջ գործով քարոզել է համամարդկային գաղափարների առաջնությունը ազգայինի հանդեպ:
Սերգեյ Գորոդեցկի

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»՝ իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների շարքը չդասել:
Կորնեյ Չուկովսկի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.