ՈՐԲԵՐԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ցանկացած որբախնամ գործունեություն միաժամանակ աշխարհի մեծ հումանիստների, մարդկության լավագույն սերուցքի, գթասրտության նվիրյալների անձնազոհության պատմությունն է, որի անհրաժեշտությունն ու կարևորությունը մշտապես արդիական է և ուսանելի:
Մեծ եղեռնի տարիներին հայ գաղթականությանն ու հատկապես որբերին օգնության ձեռք մեկնեցին հայ և այլազգի հարյուրավոր գործիչներ, մեծ հումանիստներ Յոհաննես Լեփսիուսը, Օգե Մեյեր Բենեդիքսենը, տասնյակ միսիոներներ՝ Հակոբ Կյունցլերը, Կատրեն Փիթերսոնը, Կարեն Եփփեն և այլք՝ յուրաքանչյուրն իր ֆիզիկական ու նախ և առաջ հոգեկան ուժի սահմաններում: «Թռչնոց բույն» դպրոց-որբանոցի մանուկները դանիացի միսիոներ Մարիային անվանեցին «Մայրիկ Յակոբսոն»: «Մայր» պատվանվանը արժանացան նաև Կատրեն Փիթերսոնը, իշխանուհի Մարիամ Թումանյանը և այլք: Իսկ «հայրիկ» կանչեցին միայն ու միայն Թումանյանին:
Միսիոներները և հայկական որբանոցներում աշխատող յուրաքանչյուր ոք՝ գթության քույր թե դաստիարակ, բժիշկ թե որբանոցի ղեկավար, հաճախ իրենց կյանքի գնով մեծ դեր խաղացին հայ ժողովրդի բազմահազար զավակներին մահից և ուծացումից փրկելու գործում: Նրանցից յուրաքանչյուրը հերոս է. նրանց բոլորին հայ ժողովուրդը պետք է միշտ շնորհակալ լինի, նրանք բոլորն էլ քայքայեցին իրենց առողջությունը, հյուծվեցին ֆիզիկապես և հոգեպես, ուժասպառ եղան այն ամենից, ինչ տեսան ու զգացին: Այնուամենայնիվ, Թումանյանի դերը տարբերվում է, այն շատ ավելի մեծ է, բացառիկ ու եզակի: Բարձր գնահատելով օտարազգի միսիոներների գործունեությունը հայ որբերի փրկության գործում, այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ մարդասիրական մղումներով հանդերձ, նրանք չէին դադարում միսիոներ լինելուց և Եղեռնից փրկված հայ որբերին դավանափոխ էին անում՝ դարձնելով կաթոլիկ կամ բողոքական: Այսինքն, մարդասիրականից բացի, որն անպայման կար և գերա­կշռող էր, ունեին նաև այլ նպատակներ: Իսկ Թումանյանը հայ որբերին ֆիզիկական ոչնչացումից փրկելուց բացի՝ հոգ էր տանում երեխաների հոգևոր ու բարոյական առողջության մասին, պահպանում էր նրանց ազգային ինքնությունը՝ չհեռացնելով հայ առաքելական հավատքից, անկախ ամեն ինչից սերմանում էր բարություն մարդու և աշխարհի հանդեպ: Թումանյանը, Եղեռնին հաջորդող տարիներին մշտապես լինելով Հայաստանի տարբեր վայրերի որբանոցներում, ձգտում էր իր ելույթներով ու դասախոսություններով նրանց մեջ վառ պահել ազգային ինքնության գիտակցությունը, ազգային արժանապատվությունը, համամարդկային ու հումանիստական արժեքները, սովորեցնել նրանց վեր կանգնել վրեժի զգացումից ու անեծքից, հավատով լցվել դեպի սեփական ուժերն ու լավատեսությամբ նայել ապագային:
Երբ Թումանյանը լսեց Վասպուրական աշխարհից համատարած գաղթի լուրը, մի քանի օր էր, ինչ վերադարձել էր Արևմտյան Հայաստան և հենց Վան կատարած ուղևորությունից: Դեռ Եղեռնի ահազարհուր տեսարաններից ուշքի չէր եկել, սակայն անմիջապես ընդհատում է ամառանոցային բուժումը և շտապում օգնել այն հազարավոր գաղթականներին, որոնց մեջ կարող էր լինել նաև ինքը, եթե պատահաբար մի քանի օր շուտ չվերադառնար: Ամիսներ շարունակ Թումանյանն աշխատեց Էջմիածնի որբանոցում. ընդունում էր անխտիր Հայաստան մտած բոլոր որբերին, ապա բաշխում այլ որբանոցների: Նրա ղեկավարած մանկատանը կարելի է որբանոցների որբանոց անունը տալ: Պոետն իր վրա վերցրեց 1915 թ. հունիս-օգոստոս ամիսներին Հայաստան ոտք դրած գրեթե բոլոր որբերի, Եղեռնից մազապուրծ, ցեղասպանություն, եղեռնագործություն, խոշտանգումներ ու գազանային ոճիրներ տեսած ծնողազուրկ, տնավեր ու բնավեր, հոգեպես խեղված ու բարդույթավորված, հաճախ խոսելու և ընկալելու կարողությունը կորցրած հայրենազուրկ մանուկների ցավն ու տառապանքը, դարմանեց նրանց թարմ ու գրեթե անբուժելի վերքերը: Ինչպես ասում էր Լեոն. «Հովհաննես Թումանյանը դժոխքի մեջ էր, գործում էր, բարեբախտաբար չէր գժվում»: Եվ իրոք, գրողն ապրում էր թշվառության ծովում, մղձավանջային իրականության մեջ, ուր համատարած մահ էր, լավագույն դեպքում հիվանդների տնքոցներ, քաղցած ու դժգոհ երեխաների լաց ու աղմուկ, հարազատներին ամեն վայրկյան կորցնող և նրանց մահը սգացողների սրտաճմլիկ տեսարաններ: Որբերը Թումանյանին հայրիկ էին կանչում. «Երեխաներից ոմանք այնպես են սովորել,- գրում է բանաստեղծը,- որ ճաշից հետո էլ փեշերս բռնում են- հայրի՛կ, ես որբ եմ, խեղճ եմ, նա հեր ունի, նա մեր… էստեղից-էնտեղից գլուխ էին բարձրացնում: Հայրի՜կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՜ք»:
Հազարավոր խեղճ ու անօգնական որբուկներ զգացին պոետի հայրական հոգատարությունը, նրա ձեռքի հպումը, որով իր օրհնությունը, թե՞ հոգու ուժն էր բաժանում ոչ միայն ծնողներից, այլև հայրենի տնից ու միջավայրից, ամեն-ամեն ինչից զրկված մանուկներին: Բանաստեղծն անձամբ էր զբաղվում այդ երեխաներին կերակրելու, լողացնելու, հագցնելու, եռացրած ջուրն ապահովելու, նրանց մազերը խուզելու հարցերով: Շատերը աղաչում էին իրենց մայրիկին գտնել և ասում էին. «Հալավս ալ կհանեմ ձեզ կուտամ, թողեք մայրիկիս երթամ»: Աղջիկներից շատերը բանաստեղծին թույլ չէին տալիս մազերը խուզել կամ նույնիսկ կտրել: Նրանք նույնպես պատրաստ էին թողնել որբանոցը, միայն թե չզրկվեին իրենց մազերից. «Ես կերթամ, հալավս ալ կթողնիմ, ծամերսի չեմ տար»:
Հայ որբերի կյանքում առաջինը, իսկ հայոց աշխարհում Որբերի հայրիկ, որբաշխարհի ամենահարազատը անվանեցին միմիայն նրան՝ Ամենայն հայոց բանաստեղծին՝ Հովհաննես Թումանյանին՝ հայ ժողովրդի պատմության մեջ նրան ապահովելով «Որբերի Ամենայն Հայոց Հայրիկի» թեև ողբերգական, բայց պատվավոր դերը:
Էջմիածնում Թումանյանի գործունեությունը նրա կյանքի հերթական սխրանքն էր, որը հայրենասիրության, մարդասիրության ու ազգասիրության բարձրագույն դրսևորում է: Այն պատիվ կբերեր ոչ միայն յուրաքանչյուր ազգի, այլև ողջ մարդկությանը. պոետի սխրանքը ապացույց է «խելագար անձնվիրումով» հանուն մարդկության ու մարդկայնության նահատակության գնացող խոշոր անհատների գոյության:
Էջմիածինը թողնելուց հետո էլ Թումանյանը չդադարեցրեց որբախնամ գործունեությունը, որբեր որդեգրեց. նրանցից մեկն էր Վ. Նորենցը, Ալեքսանդրապոլի և այլ որբանոցների տասնյակ որբերի ապաստան տվեց իր տանը, նրանցից մեկն էր Կարեն Սերոբի Դեմիրճյանի մայրը՝ Եղեռնից մազապուրծ, հոր խոշտանգումն ու յաթաղանի վրա ինքնասպան եղած մորը տեսած, փոքրիկ քրոջ կորստից վշտացած Լուսնթագը: Շատ որբեր խանդով էին վերաբերվում բոլոր այն երեխաներին, ովքեր վայելում էին Թումանյանի ընտանեկան ջերմությունը կամ կրթություն էին ստանում և ապրում բանաստեղծի հայթայթած միջոցներով: Իրենց նամակներով հեղեղում էին Էջմիածնում բազմաթիվ մանուկների մահ տեսած, նրանց թաղման խնդիրներով զբաղված մանկագրին՝ ասելով. «Մեր հույսը ամեն կողմից կտրած՝ Ձեզ ենք դիմում ու խնդրում, որ մեր խնդիրքը չմերժեք և ապրելու հնարավորություն տաք… դիմում ենք ձեզ, որ դուք լինեք մեր բարերարը»:
Խոստովանենք, որ Թումանյանի կյանքի այս ոլորտը բավականաչափ լուսաբանված չէ: Հակառակ դեպքում, ինչո՞ւ աշխարհը գիտի Յանուշ Կորչակի մասին, ֆիլմեր են նկարահանվել նրա զոհաբերության մասին, սակայն չգիտի Թումանյանի մասին, որի զոհաբերությունն անհամեմատ ավելի մեծ էր: Բանաստեղծը միայն իրեն չէր զոհում, այլև իր զավակներին, ինչպես Մովսեսը: Նա վտանգեց նախ դստեր՝ Նվարդի կյանքը՝ նրան իբրև գթության քույր պահելով ամեն օր մահվան հունձք իրականացնող համաճարակի պայմաններում, ապա տասնյակ որբերի համաճարակի տարածման վտանգի պայմաններում պահեց իր տանը, իր բոլոր, այդ թվում անչափահաս զավակների հետ նույն բնակարանում՝ վտանգելով նաև նրանց կյանքն ու առողջությունը:
Թե՛ Թումանյանը, թե՛ Յանուշ Կորչակը մանկատան տնօրեն էին դարձել որբերի համար մահվան անխուսափելի սպառնալիքի պայմաններում, երկուսի փեշերից էլ կախված երեխաները կյանք ու ապագա էին աղերսում՝ Թումանյանից՝ Էջմիածնում, Կորչակից՝ գետտոյից մանուկերին դուրս տանելու օրը, երբ նա ուղեկցում էր որբերին մահվան ճամբարներ: Այդ երթին մասնակցեցին մոտավորապես 200 երեխաներ, իսկ Թումանյանը 100 նորածին, «կրծկեր» և մանկահասակ երեխա միայն դստեր օգնությամբ Էջմիածին-մահաստանից տեղափոխում էր Երևան՝ համաճարակից փրկելու համար, և փրկում է, որովհետև այդ օրերին Էջմիածնից արգելվում էր երեխա տեղափոխելը:
Թե՛ Կորչակը, թե՛ Թումանյանը կարող էին այլ կերպ վարվել և չզոհաբերվել այնպես, ինչպես զոհաբերվեցին, յուրաքանչյուրը յուրովի, սակայն երկուսն էլ ընտրեցին որբ երեխաների համար ան­մնացորդ նվիրումի և նահատակության ուղին: Անխուսափելի մահվան դատապարտված երեխաների կողքին մինչև վերջին ակնթարթը մնալու համար Կորչակը ընտրեց մահը: Թումանյանը նույնպես վտանգեց իր կյանքը և 46-ամյա հասակում դարձավ ալեհեր մի ծերունի:
Իր որբախնամ գործունեությամբ Թումանյանը ողջ աշխարհում կանգնում է մեծագույն հումանիստների կողքին, դառնում համաշխարհային գթասրտության միասնական պատմության ակտիվ մասնակիցը, այն պատմության, որի անունն էր մարդասիրություն, կարեկցություն, հոգու և խղճի համամարդկային բաբախ: Միայն թե տարբեր ազգերի՝ հայ որբերին օգնության ձեռք մեկնած, նրանց փրկությանը նվիրված երախտավորների գործունեության գունապնակում Թումանյանը ազգային գույնն էր, համամարդկային կարեկից սրտի ազգային բաբախը:
Թումանյանի ընկալումներում յուրաքանչյուր հանճար, մանավանդ արվեստում ու գրականության մեջ, մարդկային զոհաբերության ու համամարդկային խղճի խորհուրդն ունի: Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջանում որբաշխարհի հոգսերն իր ուսերին առնելը բանաստեղծի անօրինակ հերոսական սխրանքի դրսևորումն է: Պատմության այդ սև օրերի խավարում նա ոչ թե մի մոմ, այլ մի ամբողջ ջահ վառեց բնավեր դարձած իր ժողովրդի ու նրա անմայր, անտուն ու անհայրենիք մնացած որբուկների համար:
Հովհաննես Թումանյանի անափ ու խոր, ծով վշտի հազարավոր ակունքներից ամենամեծն ու ամենալիքը հայոց որբաշխարհն էր, որի յուրաքանչյուր մանկան մահը թափուր գահ թողեց Ամե­նայն Հայոց Բանաստեղծի սրտում: Մահկանացու Թումանյանը, որը սերում էր երկարակյաց տոհմից, ում պապերը առնվազն 100 տարի էին ապրում, վաղաժամ կնքեց իր մահկանացուն, քանի որ.
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել՝ լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել:
Սակայն անմահ Թումանյանը, Որբերի Ամենայն Հայոց Հայրիկը հայոց մթնած երկնքում դարձավ Լուսավորչի կանթեղը, որ դարերով լույս է տալու, վառվելու է միշտ անշեջ, և ամեն անգամ, երբ խավարը պատի մեր բիբլիական հողը, երբ հանկարծ որևէ մանկան աչքում արցունք և հոգում վիշտ հայտնվի, նա իր չմարող լույսով, իբրև մշտավառ մի ջահ, լուսավորելու է նրա կյանքի ուղին, իսկ փոքրիկը նայելու է վերև, տեսնելու է այն կանթեղը, որին ոչ մի մարդկային ձեռք չի հասնի, որի մեջ յուղի փոխարեն սուրբի արցունքներն են, նայելու է երկինք և կանչելու է՝ Հայրի՜կ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.