ԹՈՒՄԱՆՅԱՆ – 150. ԱԶԳՈՎԻ ՀՈԲԵԼՅԱՆ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ – 150

«Ազգովի հոբելյան ես հասկանում եմ, երբ տոնում են մեկի հոբելյանը, որին պսակելիս՝ ամբողջ ազգը կարող է ասել. թե քեզ պսակելով միևնույն է՝ թե ինձ եմ պսակում: Որ դուրս է եկել ու վեր է բարձրացել իր ժողովրդի մակերևույթից էնքան, որ գլուխը երևում է ամեն երկրից, հարգանք ու հիացում է ազդել ամեն տեղ»:
Հովհաննես Թումանյան

Տոն է, Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանը՝ ազգովի հոբելյան, քանի որ հայ ազգը հոբելյարին պսակելիս կարող է վստահաբար ասել. «Քեզ պսակելով միևնույն է՝ թե պսակում եմ ինձ՝ հայ ազգի ամբողջությունը, քեզ տոնելով՝ հայկական հոգու, հայկական հանճարի հաղթանակն եմ տոնում»: Վիթխարի է այսօրվա խորհուրդը: Ինչպես ասում էր Պարույր Սևակը՝ Թումանյանը անհատականացված ազգ է. հետևաբար թե՛ Թումանյանի բանաձևումով, թե՛ Սևակի, թե՛ մեզնից յուրաքանչյուրի ընկալմամբ Թումանյանի հոբելյանը մեր ազգի հոբելյանն է, հետևաբար և պետք է տոնվի ազգովի:
1869-ը հայ ժողովրդի ծննդյան տարին է, քանի որ Թումանյանը՝ իբրև հայ ազգի լավագույն հատկանիշներն ամբարող էություն, ներկա էր հայության ձևավորման ակունքներում, ներկա էր բազում դարեր առաջ, մասնակիցն ու վկան էր նրա լույս աշխարհ գալուն: Ներկա էր, որպեսզի նրան ուղեկցեր բազում հաղթանակների ու պարտությունների միջով, տառապեր բոլոր ժամանակների յուրաքանչյուր հայի հետ, մաքառեր հայ ժողովրդի արգանդից ծնված յուրաքանչյուր հերոսի, քաջազուն զինվորի, ստեղծող ու արարող յուրաքանչյուր մեծի հետ: Նա մեր բոլոր արքաների կողքին էր՝ Արգիշտիի, Տիգրան Մեծի, Արշակունիների ու Բագրատունիների կողքին, ժողովրդական դյուցազունների՝ Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկի ու Նժդեհի կողքին, ամենամեծերի՝ Մաշտոցի, Խորենացու և Նարեկացու կողքին, մեր իմաստասերների՝ Դավիթ Անհաղթի ու Շիրակացու կողքին, մեր հոգևոր այրերից լավագույնների՝ Ներսես Մեծի, Շնորհալու, Խրիմյան Հայրիկի ու Իզմիրլյանի կողքին, իսկ ամենից շատ իր մտերիմ հոգեղբոր՝ հանճարի ազգային նույն որակն ունեցող Կոմիտասի կողքին. ապրում ու տառապում էր նրանց հետ, նրանց հետ հավասար, նահատակվում ու վերածնվում էր, շռայլում ու բաշխում էր Նուբար Փաշայի ու Մանթաշովի պես, նրանց հետ հավասար ու նաև շատ ավելի, քան նրանք, քանի որ բաշխում էր ոչ միայն իր ունեցածը, այլև չունեցածը, ոչնչից ստեղծում էր ինչ, զարմացնում էր ամենքին՝ թե ինչպես կարելի է ջրի մեջ քարեր գցել և դրանք լոբի դարձնել ու սովից փրկել սովամահ եղող մի ամբողջ ժողովրդի, բժիշկ դառնալ ու համաճարակից փրկել բազում-բազում կյանքեր. իր լույսով ու անսասան հավատով իր «Ղոչաղ կացեքով» և «Էսպես չի մնայով» համազգային սթրեսից (ճգնաժամից) դուրս բերել մի ամբողջ ազգ: Թումանյանը բոլոր նրանց հետ էր, ում անուններն անհնար է թվարկել ոչ միայն մի հոդվածի, այլ նույնիսկ ստվարածավալ հատորների սահմաններում:
Սակայն Թումանյանի մեջ միայն անցյալի պատմությունը, մեծերն ու փառքերը չեն, նրա մեջ մեր ապագան է: Նա պահում է մեր ազգային մշակույթի թիկունքը, նրանից ծնվել և ծնվելու են մեր նոր հանճարները, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ կրելու է Թումանյանի մի մասնիկը, որն իբրև արյունատար անոթ սնունդ է տալու նրանց սրտին: Կխոստովանեն թե ոչ, կգիտակցեն թե ոչ, Թումանյանն՝ իբրև ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, լինելու է յուրաքանչյուր ազգային հանճարի ու նրա արվեստի արյան բաղադրության մեջ, կենսունակություն ու նոր երանգ է տալու ապագա ամեն մի հանճարի ինքնատիպ գույնին:
Թումանյանը, բնորոշելով հանճարի էությունը, բնութագրում է նրա մարդասիրական առաքելությունը, մեծ անհատի ստեղծագործական ոգու աստվածային էությունը: Յուրաքանչյուր հանճար, ըստ բանաստեղծի, «գոյի ոգին» է և անվերջ «մեծ ու սրբազան պատերազմ» է մղում հանուն համամարդկային բարձր իդեալների՝ բարու, գեղեցիկի ու վեհի, ընդդեմ չարության, անարդարության ու մարդկային գազանության: Այդ հավերժական մարտը առանց մեծ զոհաբերությունների անհնար է: Յուրաքանչյուր ազգի հանճարի զոհաբերությունը համահունչ է իր ժողովրդի ճակատագրին և առանձնահատուկ է նույնքան, որքան տվյալ ազգի պատմությունն է:
Թումանյանն աշխարհի այն հանճարներից էր, որ գոյի ոգին էր, նրա հավերժական էությունը, մարդկային սերունդների անվախճան տեսողությունը, տառապանքով պայքարող հավաքական խիղճը: Լ. Տոլստոյի խիղճը ստիպեց նրան հրաժարվել մեծամասնության տառապանքների վրա հիմնված փարթամ կյանքի վայելքներից և հեռացավ Յասնայա Պոլյանայից, ինչպես հրեաները՝ Եգիպտոսից, Չեխովը, վտանգելով իր կյանքն ու առողջությունը, մեկնեց Սախալին, իսկ Թումանյանի զոհաբերությունն այլ էր, հար նման մեր ժողովրդի դարավոր պատմության բազում գոյամարտերում ընկած քաջազուն հերոսների ասպետական ու անձնազոհ վարքագծին: Թումանյան – մեծ անհատի, հանճարեղ մարդու մեջ ամբարվեց հայ ժողովրդի հավաքական խիղճը: Եվ սա պայմանավորված է ոչ միայն բանաստեղծի անհատականությամբ, այլև նրան բաժին հասած ժամանակով, երբ զարհուրանքներն ու կորուստները աննախադեպ էին հայ ժողովրդի ողջ պատմության մեջ:
Գրական հսկայի ճակատագիրը բեկվեց հարազատ ժողովրդի ճակատագրում, և նա դարձավ իր ժողովրդի հոգևոր ուժերի առավել լեցուն ու համապարփակ արտահայտությունը: Բանաստեղծն, իր արվեստում հետամուտ լինելով գեղարվեստական ճշմարտության հայտնաբերմանը, իրացրեց ոչ միայն սոսկ գեղագիտական, այլ նախ և առաջ քաղաքացիական առաքելություն: Թումանյանն է ամենամեծ ազգայինը բոլոր ազգայինների մեջ, սակայն թումանյանական ասպետական օրենսգրքի առաջին հոդվածը մարդասիրությունն է, բարության ուժը ցուցադրելը. ո՞վ է առաջին հայացքից իր երեխային սպանողի զավակին օրհնել, միայն Թումանյանը, բայց միայն առաջին հայացքից, թերևս չի օրհնել, այլ հեգնել է կամ սովորեցրել, որ այդպիսի ցավ չի կարելի պատճառել, գուցե բարությամբ չարությանը հաղթելու ուղի է ցույց տվել, գուցե հազար ու մի բան. չէ՞ որ ինքն էր ասում. «Աչքի պես պարզ, աչքի պես բարդ»….
Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…
Գուցե… ամեն դեպքում մարդկային էությանը օտար մի զգացմունք՝ վերերկրային ու աստվածային, որ այնքան փորձում է հարազատ դարձնել բանաստեղծը՝ դառնալով հոգևոր ու բարոյական արժեքների վիթխարի տիրակալ՝ բարձր անեծքից, վրեժից ու քենից: Նա նույնիսկ 1915-ին չանիծեց մեր դարավոր թշնամուն, ավելին՝ պատգամեց չպղծել մեր շուրթերն անեծքով, սակայն մի բան, այնուամենայնիվ, անիծեց.
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին….
Չարի ու բարու վերջ չունեցող պատերազմում նա շահեց իր ճակատամարտը և հասավ հավիտենական սիմվոլների արվեստի բարձունքին, ստեղծեց քաջնազարների, ձախորդփանոսների, կիկոսների, քեռիխեչանների և բազմաթիվ այլ հասարակ անուն դարձած հերոսների կախարդական մի պատկերասրահ, որից այցելուն դուրս է գալիս ոչ միայն հիացած, այլև մտազբաղ ու մտահոգված, ներսուզված կյանքի գաղտնիքների մեջ՝ տանելով իր հետ դարերով բյուրեղացած իմաստություն:
Թումանյանն ինքը կյանքի ու բնության մի ստեղծագործություն էր կամ գրական հերոս, այնպիսիներից, որ ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած: Նա եկել էր ճիշտ ժամանակին, եկել էր իբրև մի անհանգիստ բնավորություն, որ երբեք չի բավարարվել ունկնդիր ու վկա լինելով, եկել էր իբրև ազգային գործիչ՝ դարմանելու ազգի թիվ ու համար չունեցող ցավերը, եկել էր իբրև բացառիկ ու եզակի, անարատ մի Մարդ մեր մշակույթի բոլոր մեծերի շարքում: Խոստովանենք՝ մեր գրականության մեծերից և ոչ մեկը չի դարձել ժողովրդական առաջնորդ, ոչ մեկը չի կրել իր ուսերին հայոց վշտի այնպիսի բեռ, ինչպես Թումանյանը, ոչ մեկը այնպես չի մղվել դեպի այն վայրերը, ուր ժողովրդի կենաց ու մահու խնդիրներն էին լուծվում, ոչ մեկը չի եղել այնքան հարազատ, որից ավելի հարազատ չի կարող լինել: Դրա վառ վկայությունը ցեղասպանության տարիներին Թումանյանի որբախնամ գործունեությունն էր, երբ նա որբերի համար փոխարինեց նրանց ծնողներին, դարձավ նրանց ամենահարազատը, նրանց միակ «հայրիկը»:

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Ինքնակրթության օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.